17:10 03.10.2017
Ռուսական «Յարոսլավլյան ռադիոգործարան» ընկերությունը Հայաստանին է մատակարարել ռազմական կրովի ռադիոկայանների առաջին խմբաքանակը, որի վերաբերյալ պայմանավորվել էր Հայաստանի պաշտպանության նախարարության հետ։
Խմբաքանակի մեջ մտնում են Р168-100КАЕ և Р168-5КНЕ կարճալիք ռադիոկայանները։ Սեպտեմբերին Հայաստանի ՊՆ ներկայացուցիչները եղել են գործարանում, ստուգել են ռադիոկայանների աշխատունակությունն ու ապահովվող կապի հեռավորությունը, ինչից հետո էլ կատարվել է մատակարարումը։
Ընկերության հաղորդագրության համաձայն՝ գործող պայմանագիրը կնքվել է 2017 թվականի գարնանը, ներկայում ընթացքի մեջ են բանակցությունները ևս մեկ նման պայմանագրի կնքման վերաբերյալ։
Նշված ռադիոկայանների գնումը նախատեսված էր 2015 թվականին Ռուսաստանի հետ կքնված վարկային համաձայնագրով։ 200 մլն դոլար վարկով նախատեսվում էր գնել խոշոր զինտեխնիկա, ինչպես նաև կապի և այլ համակարգեր։
17:00 03.10.2017
Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Հայաստանի գործարար միջավայրի բարելավման (Doing Business) 2017 թվականի միջոցառումների իրականացման ընթացքը:
16:56 03.10.2017
2017թ. նոյեմբերի 1-ին Իրաքի Քրդստանում տեղի կունենան նախագահի եւ խորևհրդարանի ընտրություններ: Քրդական Rudaw պետական հեռուստաընկերությունը հայտնում է, որ սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած անկախության հանրաքվեից հետո տրամաբանական է, որ կազմակերպվեն համապետական ընտրություններ:
Առայժմ նախագահի միակ թեկնածուն գործող նախագահ Մասուդ Բարզանին է:
16:28 03.10.2017
Երկու զորավարժությունների դեպքում էլ գործողություններն իրականացվում են սահմանին այնքան մոտ հատվածում, որ Իրաքյան Քրդստանի տարածքից տեսանելի է նույնիսկ տեխնիկայի տեղաշարժը։
16:23 03.10.2017
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ պարզելու 2017թ. հոկտեմբերի 2-ին «Արմենիա բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից դատապարտյալի փախուստը կազմակերպելու դեպքի բոլոր հանգամանքները։
16:16 03.10.2017
Ֆեյսբուք սոցիալական ցանցը փորձարկել է մի նորամուծություն, որի շնորհիվ կայքի օգտատերերը իրենց էջ կարող են մուտք գործել Face ID-ով: Ձեր էջը կճանաչի ձեր դեմքը և անհրաժեշտ չի լինի ամեն անգամ մուտքագրել գաղտնաբառը: Այս մասին գրել է Techcrunch կայքը:
«Մենք փորձարկում են նոր հնարավորություն, որով մարդիկ կկարողանան արագ և հեշտությամբ մուտք գործել իրենց էջերը: Օգտատերերը կհաստատեն հիմնական միջոցները՝ համակարգիչ, պլանշետ, հեռախոս, որոնցով նրանք սովորաբար մուտք են գործում իրենց անձնական էջ և միայն իրենց հաստատած հեռախոսից կամ պլանշետից հնարավոր կլինի ճանաչել օգտատիրոջ դեմքը: Նման կերպ մենք նաև հոգում ենք մեր օգատերերի անվտանգության մասին»,- հայտնել են ֆեյսբուքի ադմինիստրացիայից:
Եթե դեմքի ճանաչման գործառույթը հուսալի դառնա և էջերը պաշտպանի հաքերային հարձակումներից, ապա Ֆեյսբուքը պատրաստ է այն պաշտոնապես հաստատել և մատչելի դարձնել բոլոր օգտատերերի համար:
16:10 03.10.2017
Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության միջնորդությամբ ձերբակալվել է Ավշար գյուղի բնակիչ՝ 33-ամյա Խ.Տ-ն՝ Չինաստանի քաղաքացի՝ 30-ամյա Յու Լուն Չունին Խոր Վիրապում բռնաբարելու կասկածանքով։
Ոստիկանության Արարատի մարզային վարչության և Ոստիկանության Արարատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հոկտեմբերի 1-ին տղամարդը Փոքր Վեդի գյուղի տարածքում գտնվող Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մոտից Երևան տանելու պատրվակով ВАЗ 2106 մակնիշի ավտոմեքենայով Յու Լուն Չունին տարել է Ուրցաձոր գյուղի վարչական տարածքում գտնվող «Վայրի կենդանիների փրկարարական կենտրոն» կոչվող տարածք, որտեղ էլ փորձել է բռնի ուժով, հակառակ Յու Լուն Չունի կամքին սեռական հարաբերություններ ունենալ։
Չինաստանի քաղաքացուհին հոկտեմբերի 2-ին դիմել է «Արմենիա» բժշկական կենտրոն և բժիշկներին հայտնել է, որ իրեն բռնաբարել են։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
16:01 03.10.2017
Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին անդրադարձել է երեկ Թբիլիսիի քաղաքապետարանի մոտ կուսակցության բողոքի ակցիային և դրա հետևանքներին: Ընդդիմությունը երեկ քաղաքապետարանի մոտ բողոքի ակցիա էր կազմակերպել՝ ընդդեմ քաղաքապետարանի 4 օր առաջ ընդունած որոշման: Ըստ այդմ, նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին խորհրդանշական մեկ լարիի դիմաց Թբիլիսիի Ազատության հրապարակի մերձակա տարածքում և Բուսաբանական այգու տարածքում մոտ 2 հազար քառ մետր տարածքներ էին տրամադրվելու: Ակցիայի մասնակիցները քաղաքապետից պահանջել էին չեղյալ համարել քաղաքապետարանի որոշումը և հետաձգել հողերի օտարումը: Մի քանի ժամ տևած ակցիայից հետո մասնակիցները փորձել էին կենտրանական, ապա նաև հետնամուտքով ներխուժել քաղաքապետարան: Բախում էր տեղի ունեցել ոստիկանների և ցուցարարների միջև, 3 մարդ ձերբակալվել էր: Վարչապետ Կվիրիկաշվիլին դրական է գնահատել իշխանությունների` Իվանիշվիլիին հողերի օտարման գործընթացը՝ պարզաբանելով, որ Թբիլիսիին այդքան անհրաժեշտ կայանտեղեր կառուցելու և քաղաքը բարեկարգելու դիմաց Իվանիշվիլին պատրաստ է մեկ միլիարդի ներդրում անել, իսկ Սաակաշվիլիի նախկին կուսակիցներին համարել սնանակացած կուսակցության սնանկացած առաջնորդի հետևորդներ:
15:26 03.10.2017
Ֆիզիկայի բնագավառում 2017 թ. Նոբելյան մրցանակակիրներն են գիտնականներ Քիփ Թորնը, Ռայներ Ուայսը և Բերրի Բերիշը: Նոբելյան հանձնաժողովի համոզմամբ՝ այս 3 ամերիկացի պրոֆեսորները որոշիչ ներդրում են կատարել Գրավիտացիոն ալիքների լազերային ինտերֆերոմետրային աստղադիտարանի (LIGO – Laser Interferometer Gravitational-Wave Observatory) նախագծում: LIGO նախագծում համագործակցում էին ավելի քան հազար գիտնական շուրջ 20 երկրից:
15:18 03.10.2017
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հոկտեմբերի 3-ին ընդունեց Երևանում անցկացված հայ-կանադական ՏՀՏ համաժողովի պատվիրակությանը՝ Մոսկվայում Կանադայի դեսպանատան տնտեսական և առևտրային հարցերով նախարար-խորհրդական Անիկ Գուլեի գլխավորությամբ։
15:11 03.10.2017
Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին դիմել է Ուկրաինայի իշխանությանը՝ քաղաքական ապաստան տրամադրելու խնդրանքով: Ըստ ուկրաինական Украинские новости լրատվական գործակալության, Սաակաշվիլին ապաստան է խնդրում վրացական իշխանության հետապնդումից խուսափելու համար:
Ուկրաինայի պետական միգրացիոն գործակալությունն առայժմ չի շտապում պատասխանել Սաակաշվիլիի խնդրանքին, մինչդեռ ըստ ուկրաինական օրենսդրության, պատասխանը պետք է լինի մեկ օրվա ընթացքում:
Հատկանշական է, որ Միխայիլ Սաակաշվիլին իր խնդրանքում նշել է, որ ինքը խնդիրներ ունի նաև Ուկրաինայի իշխանության հետ, սակայն գերադասում է ապրել այդ երկրում, քան դատապարտվել Վրաստանում:
Հիշեցնենք, որ Վրաստանը հետախուզում է հայտարարել Միխայիլ Սաակաշվիլիին՝ նախագահության տարիներին մի շարք անօրինականություններ թույլ տալու և պաշտոնական դիրքի չարաշահման մեղադրանքով:
15:06 03.10.2017
Երևանի «Արարատ» հոկեյի ակումբը, չնայած ֆինանսական եւ կազմակերպչական բոլոր դժվարություններին, այս մրցաշրջանում կրկին ներկայացնում է Հայաստանը Բելառուսի բարձրագույն խմբի բաց առաջնությունում: Արտակ Խուլյան
14:56 03.10.2017
Հայաստանի Հանրապետության երկու օդանավակայանների ուղևորահոսքը 2017 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին կազմել է 1 922 183 մարդ, որը 24 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը:
14:50 03.10.2017
Մադագասկար կղզում ժանտախտով հիվանդների թիվը հասել է 133-ի: Այս մասին հաղորդում է Ria Novosti-ն՝ վկայակոչելով Համաշխարհային առողջապահության կազմակերպության ներկայացուցիչ Քրիստիան Լինդմայերին։
Հայտնի է, որ վարակվածներից 73-ի մոտ ախտորոշվել է ծանր տեսակի՝ թոքային ժանտախտ։
Լինդմայերիի խոսքով՝ ներկա պահին հիվանդության դեպքեր են արձանագրվել խոշոր քաղաքներում, ինչը ենթադրում է, որ համաճարակ է սկսվում և վտանգի աստիճանը բավականին բարձր է։ Մահացածների թիվն արդեն հասել է 24-ի:
14:42 03.10.2017
Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի հրավերով Զարգացող երկրներից ներմուծման խթանման կենտրոնի (CBI) աջակցությամբ քառօրյա այցով Հայաստան էին ժամանել գինու խոշոր գնորդներ աշխարհի 6 երկրներից:
14:35 03.10.2017
«Գազպրոմ նավթ» ընկերությունը Իրաքյան Քրդստանի տարածքում նավթի արդյունահանման 3 ծրագիր է իրականացնում
14:23 03.10.2017
Այսօր իր ծննդյան 82-ամյակն է նշում ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, խորհրդային կինոյի լեգենդ Արմեն Ջիգարխանյանը: Ջիգարխանյանը նույն հաջողությամբ մարմնավորել է ևՙ կոմիկական, ևՙ դրամատիկ կերպարների:
14:16 03.10.2017
Մեքսիկայի հյուսիսարևելքում՝ Տամաուլիպասի նահանգում, բնության անսովոր երեւույթ է գրանցվել։ Այնտեղ անձրևի հետ երկնքից ձուկ է թափվել, հայտնում է The Washington Post–ը։ Տեղական իշխանությունների տվյալներով՝ «ձկան անձրեւը» տեղացել է Լոմաս դե Ռոսալեսի շրջանում։
Թերթը հաղորդում է, որ դա հնարավոր է այն դեպքում, եթե ամպերը կուտակվեն օքսիդացման ցածր մակարդակով ջրամբարների վրա։ Ամպերն այդ ժամանակ ներծծում են ամեն բան, ինչ ջրի մակերեւույթին է լինում։ Տեղումների ժամանակ էլ ջրի մակերևույթից հավաքած կողմնակի առարկաները ցած են թափվում։ Եվս մեկ վարկածով Ատլանտյան օվկիանոսի փոթորիկները ջրի հետ օդ են «քաշում» նաև ձկներին, որոնք հետագայում անձրևի հետ ընկնում են գետնին: Բայց, թե ինչու է սա կրկնվում յուրաքանչյուր տարի և գրեթե նույն ժամանակահատվածում, ոչ ոք չի կարող բացատրել:
14:04 03.10.2017
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, ով որպես դիտորդ մասնակցում էր Քրդստանի հանրաքվեին, մի շարք հանդիպումներ է ունեցել նաև պաշտոնյաների հետ և առաջարկներ բերել Հայաստան:
«Իհարկե ես չէի ներկայացնում պաշտոնական Երևանը և չէի էլ պատրաստվում նրա կողմց որևէ հարց բարձրացնել, բայց նրանք նաև առաջարկություններ են արել տնտեսական գործունեություն իրականացնել Հայաստանի հետ», – հավաստիացնում է Արամ Սարգսյանը:
«Հայերի նկատմամբ վերաբերմունքը շատ լավն է: Խորհրդարանում մեկ պատգամավոր ունենք:Բարզանին իր ելույթում ասաց, որ այս հողը ոչ միայն քրդերինն է, արաբներինն է, այլ նաև հայերինը: Էդպիսի ռեվերանսներ են անում: Դրա տակ, պարզ է, որոշակի բաներ կան: Պետք է ուղղակի ճիշտ օգտվել այդ ամենից և փորձել իրականացնել այն, ինչը մեզ է անհրաժեշտ»:
13:56 03.10.2017
Ռուսաստանի ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնին դատապարտվել է 20 օրվա ազատազրկման: Նույն ժամկետով ազատազրկման է դատապարտվել նաև նրա նախընտրական շտաբի ղեկավար Լեոնիդ Վոլկովը: Նախքան ձերբակալվելը Վոլկովը գրառում էր կատարել իր թվիթերյան էջում. «20 օր: Շուտով ինձ համար էլ նման մի բան կձևակերպեն: Որքան են վախեցել»:
20 суток.
Ну скоро и мне что-то такое оформят.
Как они испугались.
— Leonid Volkov (@leonidvolkov) 2 октября 2017 г.
Ե՛վ Նավալնին, և՛ Վոլկովը մեղավոր են ճանաչվել «չարտոնված հանրահավաքների մասնակցության կոչ անելու համար»: Նրանց ձերբակալել էին սեպտեմբերի 29-ին՝ Նիժնի Նովգորոդում կազմակերպված հանրահավաքից առաջ: Նավալնին այս ձերբակալության մասին գրել էր, որ դրա միջոցով Վլադիմիր Պուտինն իր ծննդյան օրվա կապակցությամբ ինքն իրեն նվեր է մատուցել:
20 суток ареста. Старик Путин так испугался наших митингов в регионах, что решил себя порадовать к юбилею небольшим подарком. Так спокойнее.
— Alexey Navalny (@navalny) 2 октября 2017 г.
Նավալնին նաև հայտարարել է, որ իր մեղքը չի ընդունում, իսկ իր հետապնդումները համարում է իր քաղաքական գործունեությանը խոչընդոտելու փորձ: Ընդդիմադիր քաղաքական գործիչը դատարանում ևս մեկ անգամ նշել է, որ Նիժնի Նովգորոդում կազմակերպված միջոցառումը համաձայնեցված է եղել:
Կոռուպցիայի դեմ պայքարի ֆոնդի հիմնադիր Ալեքսեյ Նավալնին մտադիր է առաջադրվել 2018թ. Ռուսաստանում կայանալիք նախագահական ընտրություններին: Վերջին շաբաթների ընթացքում նա ողջ երկրի տարածքում նախընտրական հանրահավաքներ էր անցկացնում:
13:04 03.10.2017
Հայաստանում կարագի գների բարձրացումը պայմանավորված է միջազգային շուկայում տեղի ունեցող գնային փոփոխություններով: Այսօր այս մասին ասել է ՏՄՊՊՀ վերլուծության վարչության պետ Գնել Ալավերդյանը: Հանձնաժողովը դիտարկումներ է իրականցրել Զելանդական կարագի շուկայում և արձանագրել, որ 2016թ-ի սեպտեմբերից սկսած մեր երկրում կարագի գներն աճել են:
12:21 03.10.2017
Ժանդարմերիայում նախօրոք գիտեին, որ Դինքին սպանելու են: Այս մասին երեկ կայացած Հրանտ Դինքի սպանության գործով դատավարության նիստին գործով կասկածյալ, Տրապիզոնի նահանգային ոստիկանության հետախուզական վարչության նախկին սպա Թևհիք Ջանթյուրքն է ասել: Ջանթյուրքն պատմել է, որ Դինքի սպանության մասին իմացել է հեռուստատեսային լուրերից, երբ 2 ծառայակիցների հետ դուրս էր եկել ընդմիջման:
«Այդ ժամանակ իմ կողքի 2 ծառայակից ընկերներս ասացին. «Գիտեինք, որ սպանելու են: Մի մարդու չկարողացան պաշտպանել»:Ես էլ զանգահարեցի Էրջան Դեմիրին և տեղեկացրեցի նրան կատարվածի մասին: Վերջինս ինձ պատասխանեց, որ իրենք գիտեին սպանության նախապատրաստության մասին ու դրա վերաբերյալ գրություն էին ուղարկել Ստամբուլ»
Դատական հաջորդ նիստերը տեղի կունենան հոկտեմբերի 3-ին, 5-ին և 6-ին: Ստամբուլի ծանր հանցագործությունների 14-րդ դատարանում սկսված այնուհետև սպանության հիմնական գործին միացված դատավարության շրջանակներում որպես կասկածյալներ անցնում են Դինքի սպանության ժամանակահատվածում ոստիկանությունում, հետախուզական վարչություններում ու ժանդարմերիայում պաշտոններ զբաղեցրած անձիք: