14:04 27.08.2021
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նախքան օրակարգի քննարկումը, վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Կառավարության գործունեության միջոցառումների 5-ամյա ծրագրի հետ կապված անելիքներին և կորոնավիրուսային իրավիճակի կառավարելիության հարցին:
Ստորև ներկայացվում է կառավարության նիստի նախաբանի սղագրությունը.
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Կառավարության հարգելի անդամներ, կառավարության նիստի հարգելի մասնակիցներ, սիրելի ժողովուրդ, երեկ Ազգային ժողովը հավանություն տվեց Կառավարության 2021-2026թթ. գործունեության ծրագրին: Հիմա մենք պետք է կենտրոնանանք կառավարության գործունեության միջոցառումների 5-ամյա ծրագիրը կազմելու և հաստատելու վրա: Օրենսդրությունը սրա համար սահմանում է եռամսյա ժամկետ: Իհարկե, մենք արդեն բավական երկար ժամանակ աշխատում ենք միջոցառումների ծրագրի նախագծի վրա, բայց ես հույս ունեմ, որ արդյունքում կունենանք մի փաստաթուղթ, որը մեր ամենօրյա գործունեության և անելիքների պլանը կդառնա:
Ինչպես արդեն պայմանավորվել ենք, միջոցառումների ծրագիրը պիտի բխի կառավարության ծրագրից, իսկ կառավարության որոշումները՝ միջոցառումների ծրագրից: Բացի, Աստված մի արասցե, արտակարգ դեպքերից, կառավարության որևէ որոշում պետք է բխի կառավարության գործունեության միջոցառումների ծրագրից, վերջինս էլ իր հերթին՝ կառավարության ծրագրից:
Ուզում եմ հիշեցնել, որ Կառավարության ծրագրի նախաբանում հստակ արձանագրված է, որ ծրագիրը հենված է նաև քարոզարշավի ընթացքում քաղաքացիներին տրված նախընտրական խոստումների վրա: Խոսքը տվյալ դեպքում նաև բանավոր խոստումների մասին է: Ըստ այդմ՝ կառավարության գործունեության միջոցառումների ծրագիրն ամբողջացնելուց առաջ անհրաժեշտ է նորից դիտել նախընտրական քարոզարշավի ժամանակ քաղաքացիների հետ նախատեսված և չնախատեսված հանդիպումների տեսանյութերը և համապատասխան պայմանավորվածությունների հետ կապված անելիքները ներառել միջոցառումների ծրագրի մեջ: Մի տեղ մարդիկ ճանապարհի հարց են բարձրացրել, մյուս տեղում՝ դպրոցի կամ մարզագույքի, երրորդ տեղում՝ երիտասարդական կենտրոնի: Ամեն ինչ պետք է ներառված լինի միջոցառումների ծրագրում:
Պիտի ասեմ, որ 2021թ. հունիսի նախընտրական քարոզարշավի առանցքային և շրջադարձային կետն այն էր, երբ մենք, անցնելով 2018թ., այսինքն՝ նախորդ նախընտրական քարոզարշավի կանգառի կետերով, տեսանք, որ 2018թ. տրված տեղային խոստումները շատ արագ իրագործվել են: Ընդ որում՝ կատարված աշխատանքը կարևոր էր նրանով, որ դրանց իրագործումն սկսվել էր 2018թ. դեկտեմբերի ընտրություններից անմիջապես հետո՝ 2019-2020թթ., մի ժամանակահատվածում, որ որևէ մեկի մտքով էլ չէր անցնում, որ 2021թ. արտահերթ ընտրություններ են լինելու: Նկատի ունեմ՝ այդ աշխատանքներն ակնհայտորեն ձայն հավաքելու տրամաբանության մեջ չէին իրականացվել: Ընդ որում՝ ես խոսում եմ հաճախ ոչ մեծամասշտաբ նախագծերի մասին: Մի տեղ մի գյուղական նշանակության 1-2 կիլոմետրանոց ճանապարհ է կառուցվել, մի տեղ՝ մի քանի 100 մետրանոց ջրագիծ, մի տեղ՝ մի փոքր մասնաշենք, մյուս տեղում՝ մի փոքր մանկապարտեզ: Բայց այս աշխատանքի քաղաքական էֆեկտը հսկայական էր երկու պատճառով: Առաջինը՝ ի ցույց է դնում մեր հարգանքն ու ծառայությունը մարդու, քաղաքացու նկատմամբ: Եվ երկրորդը՝ նման նախագծերն իրականացվել են համատարած, և մարդիկ դա տեսել են ոչ թե հեռուստաէկրաններից, այլ իրենց պատուհաններից:
Այնպես որ, 2021թ. մեր նախընտրական քարոզարշավի ընթացքում նույնիսկ քայլելիս հընթացս մարդկանց ասած ամեն խոսք ու խոստում պիտի տեղ գտնի կառավարության գործունեության միջոցառումների ծրագրում: Եվ սրա համար անհրաժեշտ է, որ կոնկրետ խումբ ձևավորվի, որը այս հայացքով ևս մեկ անգամ կդիտի նախընտրական քարոզարշավի տասնյակ ժամեր տևող տեսանյութերը և կառանձնացնի մեր անելիքները՝ ըստ խմբերի և ոլորտների: Իսկ ռազմավարական այն ծրագրերը, որոնք եղել են նախընտրական քարոզարշավի առանցքը և այսօր կազմում են կառավարության ծրագրի առանցքը, պիտի դառնան նաև միջոցառումների ծրագրի առանցքը:
Հարգելի գործընկերներ,
Ազգային ժողովում կառավարության ծրագրի իմ ներկայացման հիմնական ասելիքը տարածաշրջանի և Հայաստանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու օրակարգն էր, և սրանից հետո առաջացավ արդեն հայտնի իրադրությունը, երբ Ադրբեջանը Էյվազլի և Չայզամի հատվածներում փակել է Սյունիքի մարզի հարավային հատվածներ տանող հիմնական ճանապարհը: Այս գործողությունը հակասում է 2020թ. դեկտեմբերին ձեռք բերված պայմանավորվածություններին, և ես հույս ունեմ, որ իրավիճակը րոպե առաջ կկարգավորվի:
Քաղաքական առումով ինձ համար միանշանակ է, որ այդ ակցիան արվել է մեր առաջ քաշած խաղաղության օրակարգին հարվածելու, այդ օրակարգը վարկաբեկելու համար: Ադրբեջանի պահվածքը վկայում է, որ նման միջադեպեր էլի կարող են լինել: Մեր ծառայությունները, իհարկե, պետք է զգոն լինեն և ուշադիր, բայց, մյուս կողմից, մեզ ամուր նյարդեր են պետք, և մենք մեր ռազմավարական գիծը՝ խաղաղության օրակարգը, պիտի զարգացնենք, առաջ տանենք:
Սյունիքի ճանապարհների հետ կապված իրադրության ստեղծումը մեզ համար անկանխատեսելի չէր, և մենք այս ընթացքում աշխատել ենք նոր ենթակառուցվածքների ձևավորման ուղղությամբ ու շարունակելու ենք աշխատել: Սակայն Էյվազլի և Չայզամի հատվածներում ճանապարհի վերաբացումը տարածաշրջանային կայունության շատ լավ խորհրդանիշ կարող է դառնալ: Ադրբեջանական կողմը պնդում է, որ ստեղծված իրադրությունը կապվում է նախորդ օրը տեղի ունեցած միջադեպի հետ, երբ դանակահարվել է Ադրբեջանի սահմանապահ զորքերի ծառայող: Մեր նախնական ստուգումները ցույց են տվել, որ հայկական կողմը որևէ առնչություն չունի ենթադրվող միջադեպի հետ: Նաև Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել եմ, որ եթե ադրբեջանական կողմն ունի կոնկրետ տվյալները, ցանկալի կլինի, որ մեզ փոխանցի: Պատրաստ ենք նաև համատեղ հետաքննության՝ Հայաստանի, Ռուստատանի, Ադրբեջանի ներկայացուցիչների մասնակցությամբ:
Ամեն դեպքում, պարոն Պապիկյան, պարոն Սանոսյան, միջհամայնքային և հանրապետական նշանակության ճանապարհների նորոգման, հիմնանորոգման մեր ծրագրերը, մասնավորապես՝ Սյունիքի մարզում, պիտի իրականացնենք մինչև տարվերեջ. Տաթև-Աղվանի ճանապարհի հիմնանորոգումը պիտի ավարտվի, նախանշված մյուս հատվածների ճանապարհաշինական ծրագրերը նույնպես պիտի ավարտենք, համայնքների անխափան կապը մարզկենտրոնի, միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհների հետ ավելի որակյալ դարձնելու համար:
Վերադառնալով տարածաշրջանային խաղաղության թեմային՝ պիտի ասեմ, որ որոշակի դրական հրապարակային ազդակներ կան Թուրքիայի կողմից: Մենք այդ ազդակները կգնահատենք և դրական ազդակներին դրական ազդակով կպատասխանենք:
Հարգելի գործընկերներ,
ամփոփելով ասելիքս՝ կրկին խնդրում եմ ուշադրություն դարձնել կառավարության գործունեության միջոցառումների հնգամյա ծրագրի որակի վրա: Ծրագիրը պետք է ներառի կառավարության, յուրաքանչյուր նախարարության կամ գերատեսչության ամենօրյա անելիքը, կառավարության որոշումները պետք է բխեն այդ ծրագրից: Ըստ այդմ՝ առաջարկվող և հաստատվելիք միջոցառումները պետք է լինեն չափելի, իրականացման արագ տեմպի սկզբունքի վրա հիմնված, բազային, միջանկյալ և վերջնական ցուցիչների գնահատականներով, միջոլորտային սինխրոնիզացված և ֆինանսավորման արդյունավետ մոդելի նկարագրությամբ: Ու սա, իմիջիայլոց, ռազմավարական կառավարման անցնելու մեր տեսլականն իրագործելու շրջադարձային պահ է, և պլանավորման որակը շատ բանով կանխորոշելու է մեր հաջողությունը մեր երկիրը զարգացնելու և շենացնելու գործում:
Շնորհակալ եմ:
Մինչ կառավարության հերթական նիստի օրակարգին անցնելը, կուզենայի իմանալ, թե մենք ինչ իրադրություն ունենք կորոնավիրուսի համավարակի կառավարման տեսակետից: Տիկին Ավանեսյան, նախ խնդրում եմ ներկայացրեք մեր պատվաստումների դինամիկայի հետ կապված ցուցանիշները և հիվանդության ախտորոշման թվերի աճի հետ կապված տեղեկությունները:
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյան – Շնորհակալություն, մեծարգո պարոն վարչապետ: Հարգելի գործընկերներ, թույլ տվեք ներկայացնել, թե ինչ իրավիճակ ունենք այս պահին հիվանդացության առումով. մենք երեկ գրանցել ենք 522 դրական դեպք, իրականացրել ենք 6383 թեստավորում, ցավոք, գրանցվել է 11 մահ: Այս պահին ունենք 14 ծավալված բժշկական կենտրոններ, որոնք սպասարկում են COVID պացիենտներին: Ծավալել ենք 1500 մահճակալ, որից այս պահին զբաղված է 1143-ը: Պետք է ասեմ, որ ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվում է մոտ 700 պացիենտ, և, ինչպես տեսնում եք, ընդհանուր հոսպիտալացված պացիենտների թվի և ծանր պացիենտների թվի համամասնությունը բավական մտահոգիչ է:
Մենք գիտենք, որ Հայաստանում, ինչպես այլ երկրներում էլ, այս պահին ակտիվ կերպով շրջանառվում է դելտա շտամը, որն աչքի է ընկնում ինչպես բարձր վարակելիության աստիճան ունենալով, այնպես էլ հիվանդացության ավելի ծանր ընթացքով: Ես արդեն իսկ հրապարակել եմ, որ ունենք երիտասարդ պացիենտներ, ովքեր որևէ ուղեկցող հիվանդություն չունենալու պարագայում ներկայում գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում, և մեր բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար:
Ի՞նչ ունենք պատվաստումային գործընթացի առումով: Պարոն վարչապետ, թույլ տվեք զեկուցել, որ մենք երեկ իրականացրել ենք 7114 պատվաստում: Ընդհանուր առմամբ, արդեն 267 504 պատվաստում ենք իրականացրել: Եթե նկատում եք, օրական պատվաստման թվով մենք արդեն հատեցինք 7000-ը, և տենդենցը, տեսնում ենք, որ բավական ակտիվություն ունենք: Որոշ պոլիկլինիկաներում անգամ հերթեր են գոյանում: Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի օր օրի ավելացնենք մեր հզորությունները՝ պատվաստումային գործընթացը հնարավորինս հեշտ և առանց հերթերի կազմակերպելու համար:
Առաջիկայում էլ, քանի որ գիտենք, որ հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտնում բոլոր տնտեսվարողների համար իրենց աշխատակիցների կողմից երկու շաբաթը մեկ անգամ ՊՇՌ թեստի բացասական պատասխանի ներկայացման պահանջը: Իհարկե, բացառություն են կազմում այն դեպքերը, երբ աշխատակիցը, քաղաքացին պատվաստված է, հղի է կամ ունի հստակ հակացուցումներ՝ պատվաստումն իրականացնելու: Մենք ակնկալում ենք պատվաստվել ցանկացողների մեծ հոսք և պատրաստ կլինենք նրանց սպասարկելու:
Իհարկե, վերջին մեկ շաբաթվա ընթացքում ունենք դիմակների կրման ռեժիմի ավելի ակնհայտ պահպանում, բայց այս առումով, դեռ որոշակի աշխատանքեր կան: Ես նորից կրկնում, հորդորում եմ մեր քաղաքացիներին՝ զգոն լինել, պաշտպանել իրենց: Այս պարզ միջոցառումն իսկապես օգնում է ժամանակի ընթացքում արագ ազդել հիվանդացության տեմպի վրա: Եթե պատվաստումը՝ որպես կանխարգելիչ միջոցառում, որոշակի ժամանակ է պահանջում՝ առաջին, երկրորդ դեղաչափն ընդունելու առումով, ապա դիմակները այս պահին շատ մատչելի և գործուն մեխանիզմ են, որպեսզի մենք հնարավորինս զսպենք հիվանդացության աճը:
Պարոն վարչապետ, թույլ տվեք նաև ներկայացնել, որ մենք կապի մեջ ենք նաև մեր հարևան Վրաստանի հետ և պլանավորում ենք մասնագիտական կոնսուլտացիաներ իրականացնել: Միանշանակ բոլոր երկրները փորձում են այս նոր իրավիճակում, այս ագրեսիվ շտամի պարագայում նորանոր միջոցներ կիրառել հիվանդության բուժման ընթացքում: Շնորհակալություն: Այսքանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Տիկին Ավանեսյան, իսկ մեր հիվանդանոցային հզորութուններն այս առումով ի՞նչ վիճակում են:
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյան – Պարոն վարչապետ, մենք պատրաստ ենք ծավալելու մինչև 2600, 2700 մահճակալ: Բայց սա, իհարկե, շատ մեծ լարվածություն է առաջացնում, ընդհանուր առմամբ, առողջապահական համակարգում, որովհետև առաջիկայում աշնան սեզոնն է, որն աչքի է ընկնում հիվանդացության աճով, և այս պահին էլ մեր բոլոր բժշկական կենտրոնների վերակենդանացման բաժանմունքները շատ խիստ, լարված վիճակում են աշխատում: Այս պարագան էլ պիտի խնդրեմ, որ մեր քաղաքացիները հաշվի առնեն: Այո, պետությունն ամեն ինչ անում է, որպեսզի կորոնավարակի դեմ պայքարի շրջանակում համալրվեն մահճակալները, բայց, ինչպես գիտենք, մասնագետները սահմանափակ են, և այլ հիվանդություններով տառապող քաղաքացիներին էլ ճիշտ ժամանակին բժշկական օգնություն ցույց տալու համար շատ կարևոր է կառավարելիի շրջանակում պահել այս թվերը:
Պարոն վարչապետ, մենք հընթացս ծավալվելու ենք մեր մարզային կենտրոններում, Երևան քաղաքում: Ունենք հստակ գծագրած պլանը: Որպեսզի խնայենք նաև հանրային միջոցները, վերապրոֆիլավորում ենք՝ ըստ անհրաժեշտության և, երբ թվերն իջնում են, դրանք նորից կոնսերվացնում ենք: Պատրաստ ենք ևս 1200, 1300 մահճակալ ծավալելու և սպասարկելու մեր քաղաքացիներին: Մենք նաև աշխատանք ենք տարել մեր ամբուլատոր օղակի ակտիվացման և նրանց մոբիլիզացման առումով, քանի որ եթե թվերն ավելանան, ապա ստիպված կլինենք որոշ քաղաքացիների ամբուլատոր բժշկական օգնության շրջանակում աջակցել:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Շատ լավ: Փաստորեն հիմա մենք տեմպի աճի փուլում ենք գտնվում և արդեն քանի օր է՝ 600-ը փաստորեն անցնում ենք:
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյան – Երեկ 683 ենք ունեցել: Այսօր մի փոքր նվազ է թիվը, բայց այդ 600-ի շեմն արդեն հատել ենք:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Կհիշեցնե՞ք այսօրվա թիվը:
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյան – Այսօր՝ 522:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Բայց, այնուամենայնիվ, 2 օր է՝ մենք 600-ից ավելի թիվ ունեցանք, չէ՞: 2 օր՝ 600:
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյան – Այո:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ակնհայտ է, որ շաբաթական միջինով էական աճ է արձանագրվում, և պետք է բոլորս այս իրավիճակի նկատմամբ հատուկ ուշադրություն դարձնենք: Ոստիկանությունը, տեսչական մարմինները պետք է վերահսկողական աշխատանքները շարունակեն, խստացնեն: Ինչքան էլ դա մեր քաղաքացիների համար հասկանալիորեն այդքան էլ հաճելի չէ, բայց, կարծում եմ, շատ ավելի հաճելի է, քան վերակենդանացման բաժնում հայտնվելը: Այնպես որ, ոստիկանությունը և տեսչական մարմինները պետք է շատ լուրջ ուշադրության կենտրոնում պահեն խնդիրը: Նաև պատվաստումների տեմպը պետք է շարունակվի, և մենք հիմա մեր նախնական պլանավորածից շատ ավելի մեծ ծավալներով ենք իրականացնում պատվաստումը: Պատվաստանյութերի հետ կապված խնդիրներ ունե՞նք, թե՞ չունենք:
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյան – Պարոն վարչապետ, թույլ տվեք ասել, որ 2 պատվաստանյութի հետ կապված՝ չինականի և AstraZeneca-ի որևէ խնդիր չունենք, պաշարները համալրված են: Спутник V-ի արտադրական գործընթացների հետ կապված՝ մատակարարման որոշակի հապաղումներ կային, բայց հուսով ենք, որ հաջորդ շաբաթ կստանանք երկրորդ խմբաքանակը: Երկրորդ դեղաչափն արդեն քաղաքացիները կարող են ստանալ, և հաջորդիվ կհամալրվեն: Բայց, նորից եմ կրկնում, չկա որևէ պոլիկլինիկա, որ գոնե 2 պատվաստանյութ իր մոտ առկա չունենա:
21:50 25.11.2024
ՀՀ տարածքում փակ ավտոճանապարհ կա20:55 25.11.2024
Քեյնը գերազանցել է Հոլանդի ռեկորդը19:55 25.11.2024
Օլիմպիական չեմպիոնուհի Ելենա Վեսնինան ավարտել է կարիերան19:44 25.11.2024
Ձյուն, մառախուղ, ձնախառն անձրև. իրավիճակը Հայաստանի ճանապարհներին17:11 25.11.2024
Ալեքսանդր Օվեչկինը ծանր վնասվածք է ստացել16:58 25.11.2024
Իսրայելի օդուժը հարվածներ է հասցրել Բեյրութի հարավային արվարձաններին16:41 25.11.2024
Ճամբարակում, Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում16:00 25.11.2024
Տիգրան Բարսեղյանի հերթական գոլը15:34 25.11.2024
DHL ինքնաթիռի օդաչուները որևէ խնդրի մասին չեն հայտնել․ Reuters15:05 25.11.2024
Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը նոյեմբերի 18-24-ը15:00 25.11.2024
SHANTNEWS13:38 25.11.2024
Նեթանյահուն պետք է մահապատժի դատապարտվի. Իրանի հոգևոր առաջնորդ00:00 26.11.2024
Նավթի գները կտրուկ նվազել են՝ Իսրայելի և Լիբանանի միջև մոտալուտ զինադադարի մասին լուրերի ֆոնինԵրկուշաբթի երեկոյան նավթի գները կտրուկ իջել են՝ Իսրայելի և Լիբանանի միջև մոտալուտ զինադադարի մասին մամուլում հայտնված տեղեկություններից հետո: Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի հունվարյան ֆյուչերսների գնանշումները ժամը 19:25-ին նվազել են 1,62 դոլարով (2,16%)՝ հասնելով 73,55 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։ WTI նավթի հունվարյան ֆյուչերսների գինը Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) նվազել է 1,61 դոլարով (2,26%)՝ […] ...
23:52 25.11.2024
ՆԱՏՕ-ն կուժեղացնի Բալթյան ծովի ստորջրյա ենթակառուցվածքների պաշտպանությունըՆԱՏՕ-ն այս տարվա վերջից կուժեղացնի Բալթիկ ծովում կարևոր ստորջրյա ենթակառուցվածքների պաշտպանությունը՝ հնարավոր դիվերսիաները կանխելու համար, երկուշաբթի հաղորդել է PAP գործակալությունը։ Նշվում է, որ այս մասին հայտարարվել է Տուրեկում (Լեհաստան) Դաշինքի ռազմածովային հրամանատարության համաժողովում։ «Հիմնական տարածքների ավելի լայն և հստակ հսկողություն, այդ թվում հակաականային նավերի միջոցով, որոնք հագեցած են ռոբոտներով և ստորջրյա աշխատանքի համար սենսորներով, նախատեսված […] ...
23:44 25.11.2024
Բորելը ԵՄ-ին կոչ է արել ապահովել սեփական անվտանգությունը՝ ԱՄՆ-ի ծրագրերի անորոշության պայմաններումԵՄ արտաքին գործերի գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել ուժեղացնել ԵՄ անվտանգությունը, որպեսզի այն ավելի քիչ կախված լինի ԱՄՆ-ից։ Այս մասին նա գրել է հոդվածում, որտեղ ամփոփում է իր գործունեությունը որպես ԵՄ դիվանագիտության ղեկավար։ «Մենք այլընտրանք չունենք. հրամայական է, որ մենք կարողանանք ապահովել մեր անվտանգությունը: Մեր բարեկեցությունն ու ապագան չեն կարող շարունակել կախված լինել […] ...
23:36 25.11.2024
Սոցիալ-դեմոկրատները 2025 թվականի փետրվարի ընտրություններում կանցլերի պաշտոնում կառաջադրեն ՇոլցինԳերմանիայի իշխող Սոցիալ-դեմոկրատական կուսակցության (SPD) ղեկավարությունը որոշել է 2025 թվականի փետրվարի 23-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում այս պաշտոնում առաջադրել կանցլեր Օլաֆ Շոլցին, հայտնում է TagesSpiegel-ը։ Այս որոշումը պետք է հաստատի կուսակցության համագումարը 2025 թվականի հունվարի 11-ին, հավելում է թերթը և պարզաբանում, որ դա ընդամենը ձևականություն է լինելու։ Նախկինում SPD-ում բանավեճ էր ընթանում այն մասին, թե արդյոք […] ...
23:28 25.11.2024
Սերբիայի խորհրդարանում կռվել են իշխող կուսակցության եւ ընդդիմության անդամներըՍերբիայի Ժողովրդական ժողովում (խորհրդարանում) իշխող կուսակցության և ընդդիմության խորհրդարանականները ծեծկռտուք են կազմակերպել, երկուշաբթի հաղորդում է Associated Press-ը: Կռիվը ծագել է նոյեմբերի սկզբին Նովի Սադ քաղաքի կայարանի շենքի հովանոցի փլուզման հետ կապված վեճից։ Փլուզման հետևանքով մարդիկ էին զոհվել։ Գործակալության տվյալներով՝ ընդդիմության ներկայացուցիչները հանդիպման ժամանակ, որտեղ քննարկվում էր բյուջեի օրինագիծը, պաստառ են կախել՝ «Ձեռքերդ արյունոտ է» մակագրությամբ։ […] ...
23:20 25.11.2024
Ո՞վ է լինելու Վրաստանի ապագա նախագահըԱյսօր գումարվել է Վրաստանի նորընտիր խորհրդարանի առաջին նիստը: Այն անցել է բացառիկ պայմաններում, քանի որ խորհդարան անցած բոլոր 4 ընդդիմադիր խմբակցությունները հրաժարվել են օրենսդիր մարմնում աշխատելուց՝ հայտարարելով, որ ընտրությունները կեղծվել են: Չնայած ընդդիմության բողոքներին, Վրաստանում գործի է անցնում ոչ միայն օրենսդիր, այլ արդեն նաև գործադիր իշխանությունը: Կառավարությունում լուրջ փոփոխություններ կլինե՞ն, որոնք կազդեն Հայաստանի հետ հարաբերությունների […] ...