Փնտրվում է ավտոմեքենայից պայուսակ գողացած և գողացված բանկային քարտով դրամ կանխիկացնել փորձած տղամարդը:
Քննչական կոմիտեից հայտնում են, որ 2018թ. հունվարի 5-ին՝ ժամը 18:00-22:00-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը վնասել է Արշակունյանց պողոտայում կայանված «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի աջ կողմի հետևի դռան ապակին և սրահից գողացել ավտոմեքենայի սեփականատիրոջ պայուսակը, որի մեջ եղել են անձը հաստատող և այլ փաստաթղթեր, բանկային քարտ, ձայնարկիչ, կանխիկ գումար:
Հանցագործը փորձել է գողացված բանկային քարտով գումար կանխիկացնել: Բանկոմատի անվտանգության տեսախցիկների տեսագրությունում երևում է, թե ինչպես է գլխարկով մի տղամարդ փորձում գործարք կատարել այլ քաղաքացու բանկային քարտով:
Միջոցներ են ձեռնարկվում տեսանյութում պատկերված անձին հայտնաբերելու ուղղությամբ։
Քննչական կոմիտեից հորդորում են նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին:
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։