ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, դաշինքի և Մոսկվայի միջև բարդ հարաբերությունների համատեքստում հատկապես կարևոր է համարել Ռուսաստանի հետ երկխոսության պահպանումը: Այս մասին նա հայտարարել է բրիտանական Times Radio ռադիոկայանին տված հարցազրույցում:
«Մենք պետք է անենք հնարավորինս, որպեսզի խուսափենք միջադեպերից, պատահականություններից և սխալ հաշվարկներից, ինչը միշտ էլ կարևոր է, բայց հատկապես հիմա, երբ ՆԱՏՕ-Ռուսաստան հարաբերությունները բարդ են: Սա պատճառներից մեկն է, ինչու է ՆԱՏՕ-ն հավատում Ռուսաստանի հետ հարաբերություններում այսպես կոչված երկկողմանի մոտեցմանը, երբ Ռուսաստանի հետ երկխոսության ընթացքում համատեղվում է պաշտպանությունն ու զսպումը: Մասամբ մենք ձգտում ենք բարելավել հարաբերությունները Ռուսաստանի հետ, բայց դրա պատճառը նաև նրա հետ բարդ հարաբերությունները կարգավորելու անհրաժեշտությունն է», – ասել է Ստոլտենբերգը:
Նա Ռուսաստանի հետ երկխոսության կարևորությունը բացատրել է զենքի վերահսկման ապահովման, թափանցիկության բարձրացման և կողմերի միջև հարաբերություններում ռիսկերը նվազեցնելու անհրաժեշտությամբ: Գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ այն պայմաններում, երբ Ռուսաստանը մեծացրել է իր ռազմական ներկայությունը ՆԱՏՕ-ի սահմաններին, հատկապես կարևոր է կապը Մոսկվայի հետ: