08:22 28.01.2022
Մեծ պատմության մեր փոքրիկ պատառը
… 1992-ի գարնանային այդ օրը սովորականի նման առավոտյան դասի գնացինք: Բայց դպրոց մտնելուն պես մեզ՝ մի 10-15 հոգուս, ովքեր դպրոցական փոքրիկ երգչախմբի անդամներն էին, մի տեղ հավաքեցին ու ասացին.«Երեխե՛ք, տեղ ենք գնում»: Դեռ նախորդ օրը եկած անձրևից գետինը ցեխոտ էր, օրը՝ ամպամած: Ոտքով քայլեցինք մի քանի հարյուր մետր. հասկացանք՝ զինկոմիսարիատ էինք գնում: Տեղ հասնելուն պես՝ երգչախմբի մեր ղեկավարն ասաց, որ գնում ենք նորակոչիկներին ճանապարհելու: Հետերկրաշարժյան Սպիտակին բնորոշ տնակներից մեկն էր: Կանաչավուն տնակի մոտ շատ մարդ կար, մի կողմում շարքով կանգնած էին տղաները, մյուս մասում՝ ծնողներն ու էլի շատ մարդիկ:
Մեզ համար նախատեսված վայրում շարք կանգնեցինք ու սկսեցինք երգել: Գրեթե մինչև ծնկները ցեխ էինք եղել, երգելիս նույնիսկ թեթև անձրև սկսեց, բայց դա չէր խանգարում. ոգևորված էինք: Հայրենասիրական երգեր էին, երգեր, որոնք պարզապես արգելված էին խորհրդային տարիներին, և միայն անկախությունն էր հնարավորություն տվել առաջ բերելու դրանք: Հիշում եմ, թե ինչ ոգևորություն եղավ, երբ Նժդեհի մասին հայտնի երգը երգեցինք:
Առաջին զորահանդեսը Հանրապետության հրապարակում
Այդ ժամանակ առանձնապես չէինք գիտակցում, թե ում և ուր ենք ճանապարհում: Բանակ հասկացությունը շատերիս տանը պահվող նկարազարդ ալբոմներում հայր-ծնողներիս բանակային լուսանկարներով էր սահմանափակվում:
Բայց ստացվել էր այնպես, որ մենք մասնակից էինք Հայոց երրորդ հանրապետության ամենակարևոր ձեռքբերման՝ բանակի առաջին զորակոչիկների ճանապարհմանը: 1992-ի գարնանը Հայաստանում մեկնարկեց առաջին զորակոչը:
Այդ պահին պարզապես ոգևորություն էինք ապրում: Տարիներ հետո հայկական բանակը ոչ միայն որպես մարդ, այլև որպես լրագրող արժևորելու հնարավորություն ունեցա:
Ապրիլյան մարտահրավերը
…2016-ի ապրիլի 2–ը շաբաթ էր: Ինչպես սովորաբար այդ օրերին է լինում, լուրերի թողարկումը ես պիտի վարեի: Պատերազմի ու խաղաղության փխրուն սահմանագծի մասին գրեթե ամեն օր էինք պատմում, սակայն այդ օրը առավոտյան լուրերի թողարկումը բոլորովին այլ ստացվեց: Անգամ ամեն առավոտ սահմանի մասին պատմող լրագրողներիս համար Արցախից ստացված լուրի էությունը իսկապես անհնար էր միանգամից պատկերացնել: Սովորական մարդկային գիտակցության առաջին ռեակցիան զարմանքն էր, անորոշությունը, հետո շուտ տեղ հասնելու ցանկությունը:
Թե ինչ էր կատարվել այդ օրերին, հետադարձ հայացքի հնարավորություն ունեցանք մի քանի օր անց՝ կրակի դադարեցումից հետո:
Առաջնագծում զինվորականներին տեսնելիս ինձ ուղղակի զարմացնում էին հանդարտությունն ու մարդկային ժպիտը: Թվում էր՝ անհավատալի է, որ այդ հանդարտությունն ունեցող տղաները ընդամենը մեկ-երկու օր առաջ կռիվ էին տվել, ինչպես իրենք էին պատմում՝ ժամանակի մեջ չէին տեղավորվում:
Առաջնագծի զինվորը
Հիմա առանձնահատուկ ջերմությամբ լցնում էին սրճեփը, համոզում, որ ամենահամեղ սուրճը հենց իրենք են պատրաստում, պահարանից հանում կոնֆետների տոպրակը ու սեղանին շարում զինվորական մետաղե բաժակները՝ սուրճը լցնելու համար:
Սուրճի համից բացի, ամենից շատ ոգևորողը հպարտության, խարիզմայի ու ուժի զգացողությունն էր, որ յուրաքանչյուրից էր գալիս: Ոչ մի տեղ պատերազմն ու խաղաղությունն այնքան մոտ չեն, որքան սահմանին, բայց այդ րոպեներին թվում էր՝ ոչ մի տեղ այնքան ապահով ու անվտանգ չէ, որքան այնտեղ:
Հրամանատարը
Վիտալի Բալասանյանին հանդիպեցինք զորամասերից մեկում: Արդեն մեզ էր սպասում՝ զինվորական հագուստով ու գլխարկով: Հանգիստ, յուրաքանչյուրիս ձեռքով բարևեց, ու երբ ուզում էին ներկայացնել, ասաց՝ ես գիտեմ: Բոլորին էր ճանաչում: Պիտի միասին դիրքեր գնայինք: Լրագրողներիցս երկուսը գնացինք այն մեքենայով, որով Արցախի հերոսն էր գնում: Թեև դեմքից հոգնածություն էր թափվում, բայց խոսքում ու պահվածքում նման ոչինչ չկար, ընդհակառակը, շատ վճռական էր: Դեռ ավելին՝ նույնիսկ շրջվեց, հարցրեց՝ երգել գիտե՞ք ու սկսեց քթի տակ երգել. «.. Ինձ համար իմ պառավ յարը թանկ է, թանկ …»:
Վիտալի Բալասանյանը «Շանթ» հեռուստաընկերությանը հարցազրույց տալիս
Երբ հասանք դիրքեր, այնտեղ գտնվողներն առանձնահատուկ հարգանքով էին դիմավորում: Ճիշտ այն պաշտպանական շրջանում էինք, որի հրամանատարը Արցախյան պատերազմի տարիներին ինքն էր եղել, ու հիմա՝ ապրիլյան այդ օրերին, այստեղ գրանցված հաջողությունների մեջ նրա դերը, մեղմ ասած, քիչ չէր:
Մարտադաշտի կակաչները
Դիրքեր գնում էինք Ծովինարի հետ: Նա իմ գործընկերուհին է՝ Արցախի հանրային հեռուստաընկերությունից: Նրանց ընտանիքում հետաքրքիր համադրություն է՝ կինը լրագրող է, ամուսինը՝ զինվորական: Եվ այն օրերին, երբ Ծովինարն աշխատում էր եթերում, ամուսինը դիրքերում իր մարտական խնդիրն էր կատարում: Ծովինարը հաշվել էր՝ ուղիղ 15 օր չէին տեսնվել: Ու հանդիպումը շատ ջերմ ու նույնիսկ արցունք քամելու չափ հուզիչ ստացվեց: Մի քիչ կատակով, բայց զինվորական ամուսինը հանդիպումը մի քիչ գունազարդեց՝ դիրքերի մոտակա տարածքից հավաքած կակաչների փունջը կնոջը նվիրելով:
Իմ գործընկերուհի Ծովինարը, նրա ամուսինն ու կակաչների փունջը
Ով այդ օրերին Արցախի առաջնագիծ է այցելել, պարզապես չէր կարող նկատած չլինել դաշտերը կարմիրով ներկած կակաչների առատությունը:
Մեկ շղթայի տարբեր օղակներն ենք
Ապրիլյան ռազմական թեԺ գործողությունների օրերին մի դեպք ուշադրությունս գրավեց: Առավոտյան տաքսու վարորդը ոգևորությամբ պատմեց, թե ինչպես էր տեղ հասցրել Մուրացանի հոսպիտալ շտապող բժշկին՝ կարևոր պարտականությունը կատարելու: Արել էր, ինչ հնարավոր է ու ուրախ էր դրա համար: Տաքսու վարորդի գործը, միայն առաջին հայացքից էր թվում, թե մեծ բան չէր, բայց անգամ մեկ րոպեն այս դեպքում նշանակություն ունի ինչ–որ բան անելու համար: Այդ տրամադրությունը շրջապատումս բոլորի մոտ էր`անել մի բան՝ հանուն ինչ–որ լավ բանի`կյանք փրկելու, խուճապ ցրելու, մարդկանց ոգևորելու, սատարելու …
Յուրաքանչյուրիս ցավն էր ամեն մի զինվորականի կորուստը և հպարտությունը՝ յուրաքանչյուրի ձեռքբերումն ու հաջողությունը: Բայց երևի ամենից շատ արժևորման արժանի են այն մարդիկ, ովքեր ի սկզբանե են ընտրել հանուն հայրենիքի ծառայելու ուղին:
Թերևս միշտ չէ, որ մտածում ենք՝ մարդիկ ինչո՞ւ և ինչպե՞ս են ի սկզբանե ընտրում մի մասնագիտություն ու ճակատագիր, որոնց պատճառով կարող է ցանկացած պահի ընդհատվել իրենց կյանքը և դա անում են հստակ գիտակցումով ու նվիրումով: Թերևս միայն զինվորականի մասնագիտությունն է, որ այն ընտրողին ստիպում է ամենասկզբից գիտակցել, որ պատերազմի մեջ եղած երկրում կարող է ցանկացած պահի չվերադառնալ՝ պատերազմել հանուն խաղաղության ու հայրենիքի և զոհվել:
Հանուն զինվորի
Մի քանի տարի առաջ խոսում էի «Շանթի» պարային նախագծերից մեկի մասնակից Արմինա Խաչատրյանի հետ: Արմինան միանգամից հայտնի էր դարձել նրանով, որ ապրել էր Իսրայելում և ծառայել իսրայելական բանակում: Պատմում էր այն մասին, թե ինչպես են կանայք ծառայում բանակում: Նրա պատմածներից մի հատված հիշեցի, որի մասին դեռ այն ժամանակ էի շատ մտածել: Նա պատմում էր, թե ինչպես էր որոշել զինվորական դառնալ, ինչպես էին զինվորականի հագուստով ցանկացած մեկին տեսնելիս Իսրայելում հատուկ ուշադրություն դարձնում, ինչպիսի պատվի արժանացնում, ինչպես հարգում այդ համազգեստը կրողին:
Արմինան իսրայելական բանակում
Նրա այդ խոսքերը լսելիս մի տեսակ նախանձում էի. այն ժամանակ մտածում էի՝ արդյո՞ք մենք նման պատվի արժանացնում ենք, մենք սիրո՞ւմ ու հարգո՞ւմ ենք մեր զինվորին՝ այդ հագուստը կրողին, ով գիտակցաբար է ընտրել այն ու դրանից բխող բոլոր պարտականություններն ու նվիրման ճանապարհը: Հետո՝ հատկապես ապրիլյան օրերին, աշխատանքի բերումով շատերին տեսնելու ու շատերի խոսքերը լսելու, ոգևորությունը, վստահությունը գնահատելու հնարավորություն եմ ունեցել: Անկեղծ գնահատականներ, որոնք հիմա արդեն Արմինայի պատմածին շատ նախանձելու տեղ չեն թողնում:
Դրվագ Արցախում իրականացված զորավարժությունների ամփոփումից
Հիմա ավելի լավ ենք հասկանում անկախության տարիների ընթացքում հայկական իրականության մեջ ձևավորված թերևս ամենակայացած ու ամենահզոր կառույցի նշանակությունը:
Այս օրերին սովորաբար ոգևորությունն ու էմոցիաներն էլ շատ են, երբեմն նույնիսկ ենթագիտակցական մակարդակի, բայց փաստն այն է, որ այս վերաբերմունքը գուցե նաև ոչ ամբողջությամբ գիտակցված, բայց հիմնավորվող դրական տեսակետի ու բարձր վստահության, հարգանքի դրսևորում է:
Բայց սա նաև պարտականություն է՝ ամեն մի խանդավառություն ու պոտենցիալ էներգիա կինետիկ, գործող դարձնելու, որպեսզի իսկապես շատերը կարողանան ասել աշխարհի ամենապատվաբեր արտահայտությունը՝ «Ծառայում եմ հայրենիքիս»:
Պատրաստեց Քրիստինե Ալագուլյանը
00:52 02.04.2025
Գերմանիայի նախագահը պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջան20:28 01.04.2025
Էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Երևանում և մարզերում00:59 02.04.2025
Al Masirah. ԱՄՆ-ը նոր հարվածներ է հասցնում Եմենում հութիների թիրախներինՄիացյալ Նահանգների զինված ուժերը մի քանի նոր հարվածներ են հասցրել Եմենի երեք նահանգներին, որոնք գտնվում են Անսար Ալլահ շարժման հութի ապստամբների վերահսկողության տակ։ Այս մասին հայտնել է Al Masirah հեռուստաալիքը: Al Hadath հեռուստաալիքն էլ նշել է, որ հարձակման են ենթարկվել Ալ-Հոդեյդա և Սաադա նահանգները, ինչպես նաև Հաջա նահանգը։ Դեռևս տեղեկություններ չկան հարձակումների հետևանքների մասին։ ...
00:52 02.04.2025
Գերմանիայի նախագահը պաշտոնական այցով ժամանել է ԱդրբեջանԱպրիլի 1-ին պաշտոնական այցով Ադրբեջան է ժամանել Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը։ Այս մասին հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները: Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանում, որտեղ ծածանվում էին երկու երկրի պետական դրոշները, ի պատիվ բարձրաստիճան հյուրի՝ ներկա է եղել պատվո պահակախումբ: Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին օդանավակայանում դիմավորել են Ադրբեջանի առաջին փոխվարչապետ Յաղուբ Էյուբովը, ԱԳ փոխնախարար Ֆարիզ […] ...
00:45 02.04.2025
ՔՊ վարչության նիստում քննարկվել են խաղաղության գործընթացին առնչվող հարցերԱպրիլի 1-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Քննարկվել են խաղաղության գործընթացին առնչվող հարցեր։ Ամփոփվել են Գյումրու և Փարաքարի ՏԻՄ ընտրությունների արդյունքները։ ...
00:34 02.04.2025
609 միլիոն արժողությամբ 12 նոր մեքենաները կմաքրեն Երևանի փողոցներըԵրևանի քաղաքապետարանը ձեռք է բերել նոր բազմաֆունկցիոնալ մեքենաներ, որոնք նախատեսված են փողոցների, մայթերի մաքրման, իսկ ձմռան ամիսներին՝ փողոցների և մայթերի ձյան մաքրման, աղ և ավազով մշակման աշխատանքներն իրականացնելու համար: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...
00:16 02.04.2025
Վատիկանը սրբադասել է Հայոց ցեղասպանության զոհ դարձած հայ հոգևարականի․ ի՞նչ է դա նշանակումՀռոմի կաթոլիկ եկեղեցին որոշել է սրբադասել ազգությամբ հայ հոգևորականի, ով մինչ այդ երանելիների դասին էր պատկանում: Խսոքը հայ կաթոլիկ եկեղեցու արքեպիսկոպոս Իգնատիոս Մալոյանի մասին է։ Ի՞նչ է հայտնի սրբադասված հայի մասին: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Վատիկանի պաշտոնական տեղեկատվական կայքն այսօր հաստատել է այն, որ մարտի 28-ին Հռոմի կաթոլիկ եկեղեցու առաջնորդը որոշում է […] ...
23:59 01.04.2025
Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահը այցելեց Մայր Աթոռ Սուրբ ԷջմիածինԱպրիլի 1-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցելեց Հայաստան պաշտոնական այցով ժամանած Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը: Այս մասին հայտնում են Մայր Աթոռից։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը նախագահ Շտայնմայերին և նրա մեծազնիվ տիկին Էլկե Բուդենբենդերին ողջունեց Միածնաէջ Մայր Տաճարում՝ ներկայացնելով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և Սուրբ Էջմիածնի մեծ դերակատարությունը հայ ժողովրդի ազգային ու քրիստոնեական ինքնության կերտման […] ...