Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի վարույթում քննություն է տարվում՝ պարզելու ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում պահվող դատապարտյալի մահվան հանգամանքները:
2018թ. հունվարի 3-ին ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պատասխանատու հերթապահը զեկուցագիր է ներկայացրել այն մասին, որ քրեակատարողական հիմնարկի հերթապահ բժշկական խմբի աշխատակիցները դատապարտյալ Մ.Խերունցին բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակով ժամը 23:30-ի սահմաններում այցելել են հոգեբուժական բաժանմունքի հիվանդասենյակներից մեկը: Բշիկները հիվանդին հայտնաբերել են մահացած: Կատարվել է դեպքի վայրի զննություն, դիակի արտաքին զննությամբ ակնհայտ թարմ մարմնական վնասվածքներ չեն հայտնաբերվել:
Հունվարի 6-ին, մահացած դատապարտյալի եղբայրը լրատվական կայքերից մեկին հայտնել է, որ նշված «Դատապարտյալների հիվանդանոց»-ում եղբորը պատշաճ բուժօգնություն չի ցուցաբերվել։ Ըստ նրա՝ 2018թ հունվարի 3-ին՝ ժամը 21:00-ին, բաժանմունքի կալանավորներին պահելու խցերի դռները փակելուց հետո, եղբոր ինքնազգացողությունը վատացել է, և կալանավորները պատուհանից օգնություն են կանչել, սակայն բժիշկները եկել են ուշացումով՝ 15 րոպե անց, երբ նա արդեն մահացած է եղել:
Դեպքի առթիվ դատախազությունում հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին՝ նախաքննություն իրականացնելու:
Քրեական գործը հունվարի 18-ին ընդունվել է վարույթ, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դատապարտյալի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: