Հունվարի 10-ին տեղի ունեցած հանդիպման ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի ազգային անվտանգության ծառայությունների ղեկավարները քննարկել են երկու երկրների պետական սահմաններին տեղի ունեցած միջադեպերը համատեղ հետաքննելու և գերիների փոխանակմանը վերաբերող հարցեր:
Այս մասին այսօր, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտնել են Ադրբեջանի ազգային անվտանգության ծառայության հանրային կապերի բաժնից:
«ՀՀ ԱԱԾ պետ Արմեն Աբազյանը և Ադրբեջանի ԱԱԾ ղեկավար Ալի Նագիևը հանդիպել են հունվարի 10-ին, Սյունիքի մարզի Որոտան և Շուռնուխ սահմանամերձ բնակավայրերի հատվածում: Հանդիպմանը մասնակցել են Ադրբեջանի սահմանապահ ծառայության ղեկավար Էլչին Գուլիևը և ՀՀ սահմանապահ ծառայության ղեկավարությունը: Քննարկվել են սահմանային գոտում տեղի ունեցած միջադեպերը համատեղ հետաքննելու, Արցախի շփման գոտում անվտանգության ապահովման, ռազմական գործողությունների գոտում զինծառայողների թաղման տեղերի հայտնաբերման և գերիների փոխանակմանը վերաբերող հարցեր»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Բացի դրանից՝ կողմերը քննարկել են անհետ կորածների հայտնաբերմանը վերաբերող հարցեր: Նշվում է, որ ևս մեկ հանդիպում ՀՀ և Ադրբեջանի ԱԱԾ ղեկավարներն ունեցել են հունվարի 8-ին հայ-ադրբեջանական սահմանին՝ Նախիջևանի տարածքում:
«Հանդիպման ընթացքում ընդգծվել է, որ հրադադարի ռեժիմը պահպանվում է համաձայն ՀՀ վարչապետի, ՌԴ նախագահի և Ադրբեջանի նախագահի ընդունած եռակողմ հայտարարության: Այն բխում է երկու երկրների շահերից»,- ասվում է հաղորդագրության մեջ: