Լաչինի (Քաշաթաղ) շրջանը հանձնվել է Ադրբեջանին, իսկ Լաչինի միջանցքը վերահսկում են ռուս խաղաղապահները: Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:
Ավելի վաղ Լաչինի միջանցքը ռուս խաղաղապահների վերահսկողությանը հանձնելու մասին հայտնել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
«Դեկտեմբերի 1-ին, համաձայն ՀՀ վարչապետի, ՌԴ նախագահի և Ադրբեջանի նախագահի վավերացրած եռակողմ հայտարարության, ռուս խաղաղապահների վերահսկողությամբ ադրբեջանական կողմին է հանձնվել Լեռնային Ղարաբաղի Լաչինի շրջանը»,- ասել է Կոնաշենկովը:
Սա երեք շրջաններից վերջինն է, որը հանձնվում է Ադրբեջանին: