12:03 19.01.2018
Արդեն մի քանի օր է, ինչ լրատվամիջոցներում ու անգամ բակերում խոսում են այն մասին, որ Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանն այս օրերին Հայաստանում է։ Նրա այցը պարզապես դեսպանի այց չէ: Սարգսյանն ապրում է Երևանի իր տանը, ակտիվ հանդիպումներ է ունենում և պատրաստվում է դառնալ ՀՀ նախագահ, քանի որ համապատասխանում է Հայաստանի ներկայիս նախագահի մատնանշած չափանիշներին, այն է՝ «խոսք պետք է գնա մի մարդու, մի անհատի մասին, ով անցած ճանապարհ ունի, ունի ճանաչում և՛ երկրի ներսում, և՛ դրսում, կարող է պատշաճ մակարդակով, ըստ արժանվույն ներկայացնել Հայաստանն արտերկրում»:
Արմեն Սարգսյանը երևանցի է
Արմեն Սարգսյանը ծնվել է 1953թ. հունիսի 23-ին ճարտարապետի ընտանիքում: Նրա հայրը՝ Վարդան Սարգսյանն է նախագծել Հայաստանի առաջին երկրաշարժակայուն բարձրահարկն Ալավերդիում, ժամանակին «Հայկոպին» ու ԱԳՆ-ին պատկանող շենքը Երևանում: Ճարտարապետի որդին ճարտարապետ չդարձավ, ֆիզիկոսի մասնագիտությունն ընտրեց, բայց հետո պետք է աշխատեր ԱԳՆ-ում, իհարկե, ոչ հոր նախագծած շենքում: Երբ Արմեն Սարգսյանին առաջին անգամ Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան նշանակեցին, ԱԳՆ-ն ներկայիս Սահմանադրական դատարանի շենքում էր տեղակայված:
Լոնդոնն ու Արմեն Սարգսյանը
Ի սկզբանե Արմեն Սարգսյանը Մեծ Բիրտանիա որպես ՀՀ դեսպան չի այցելել: ԵՊՀ ասպիրանտուրան ավարտելուց և տեսական ֆիզիկայի ամբիոնում որպես ասիստենտ աշխատելուց հետո՝ 1984թ. Անգլիա գործուղվեց Քեմբրիջի համալսարանում դասախոսելու համար: Նրա կինը՝ Նունե Սիմոնյանը, Daily Mail-ին տված հարցազրույցում պատմել է, թե ինչպես Լոնդոնը դարձավ Սարգսյանների բնակության վայրը:
«Ես և Արմենն այդ ժամանակ արդեն ամուսնացած էինք, որդիներս ծնված էին: Խորհրդային տարիներին գիտնականների կանանց թույլ չէին տալիս ամուսինների հետ մեկնել արտերկիր։ Մոսկվան թույլ տվեց այցելել ամուսնուս 1985-ին՝ միայն 1 ամսով։ Ես 30 տարեկան էի, երբ ժամանեցի Լոնդոն: Առաջին անգամ էր, որ այցելեցի արտերկիր։ Ես սիրահարվեցի Լոնդոնին։ Ես ու Արմենն ասացինք՝ եթե միայն կարողանայինք ապրել այստեղ մեր ողջ կյանքում: Այդ ժամանակ դա անհնարին էր թվում», – պատմել է Նունե Սարգսյանը:
Բայց Հայաստանի անկախացումը անհնարինը դարձրեց հնարավոր: 1992 թվականին կինն ու 2 տղան Արմեն Սարգսյանի մոտ տեղափոխվեցին, ավելին, ըստ Նունե Սարգսյանի, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր Պետրոսյանը խնդրեց Սարգսյանին ստանձնել Հայաստանի դեսպանի պարտականությունները Լոնդոնում: Սարգսյանը չմերժեց: Բայց 4 տարի անց՝ 1996 թվականին, Արմեն Սարգսյանը Հայաստան պետք է վերադառնար այլ պաշտոնում աշխատելու համար:
Արմեն Սարգսյանը գործադիրի ղեկավար
Արմեն Սարգսյանը Հայաստանի 3-րդ Հանրապետության 5-րդ վարչապետն է Վազգեն Մանուկյանից, Գագիկ Հարությունյանից, Խոսրով Հարությունյանից, Հրանտ Բագրատյանից հետո: 1996թ. նախագահական թեժ ընտրությունների ու դրանց հաջորդած ոչ պակաս թեժ իրադարձությունների պատճառով երկրում իշխանության նկատմամբ հանրային վստահության պակաս կար։ Թարմ դեմք էր անհրաժեշտ վարչապետի պաշտոնում: Քննարկվեց ու հաստատվեց, որ Արմեն Սարգսյանը լիովին համապատասխանում է նշված չափանիշին: Նրա հետ բանակցելու պատրաստակամություն հայտնեց անգամ արմատական ԱԺՄ-ն: Սարգսյանը միավորողի հույսեր առաջացրեց հասարակության շրջանում: Բայց ընդամենը 4 ամիս անց նա հրաժարական տվեց: Վարչապետի պաշտոնում նրա ունեցած նշանակալի ձեռնարկներից թեկուզ մեկը դժվար է նշել:
Հրաժարականի պատճառը
1997թ. փետրվարն էր, Արմեն Սարգսյանը նախ՝ արձակուրդ մեկնեց, իսկ փետրվարի 28-ին հրաժարական տվեց։ Ըստ պաշտոնական մեկնաբանությունների՝ Արմեն Սարգսյանն առողջական խնդիրներ ուներ, Լոնդոն վերադարձավ բուժվելու նպատակով: Ոչ պաշտոնական լուրերն ու մամուլում տարածված տեղեկություններն ասում էին, որ Վազգեն Սարգսյանն ու Վանո Սիրադեղյանն են Արմեն Սարգսյանին հարկադրել հրաժարական տալ, ավելին, Վազգեն Սարգսյանը ծեծի է ենթարկել այդ օրերի վարչապետին: Պատճառների մասին չեն խոսում: Լոնդոն վերադառնալով Սարգսյանը քաղաքականությունից հեռու չմնաց:
Կրկին դեսպան
Արմեն Սարգսյանը 2-րդ անգամ նույն՝ Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանի պաշտոնում նշանակվեց 1998 թվականին: Դեսպանի պաշտոնում մնաց 2 տարի՝ մինչև 2000 թվականը: Պաշտոնը թողեց, բայց Լոնդոնը՝ ոչ: Ի՞նչ էր անում մինչև 2013 թվականը՝ 3-րդ անգամ Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան նշանակվելը:
Քաղաքական stop, բիզնես առաջընթաց
Շատ են խոսակցություններն այն մասին, որ Լոնդոնում ապրած տարիներին Արմեն Սարգսյանը հասցրել է նաև այլ գործունեություն ծավալել՝ միջազգային կապեր ձեռք բերել, դառնալ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի ամենավստահելի անձանցից մեկը: Ասում են՝ Սարգսյանի օգնությամբ Նազարբաևն ու նրա դուստրը՝ Դարիգա Նազարբաևան, օրինականացնում են իրենց հսկայական գումարները: Ի դեպ, Սարգսյանը Ղազախստանում British Petroleum ընկերության ներկայացուցիչն է: 2002-ից Աստանայի ամենամյա «Եվրասիական մեդիա» ֆորումի հիմնադիրն է, որի կազմկոմիտեի նախագահը Դարիգա Նազարբաևան է: Սարգսյանը որոշ շրջանակներում հայտնի է «Թենզոր» մականունով: Պնդում կա, որ նման անուններ խորհրդային ՊԱԿ-ն է տվել մարդկանց: Ամեն դեպքում, Հայաստան վերադառնալու փորձեր Սարգսյանն անում էր:
Հայաստանում ներդրումներ անելու ձախողված փորձեր
Առաջին քայլը 2006 թվականին էր: Սարգսյանի Knightsbridge Associates ընկերությունը VTEL Holdings-ի հետ կոնսորցիում ստեղծեց և մասնակցեց «ԱրմենՏելի» վաճառքի մրցույթին, բայց անարդյունք: 2008 թվականին նրա Knightsbridge International Telecommunications Holding ընկերությունը Հայաստանի բջջային օպերատորի ընտրության մրցույթին մասնակցելու հայտ ներկայացրեց, բայց Հայաստանի բջջային կապի երրորդ օպերատոր դարձավ ֆրանսիական Orange ընկերությունը:
Հեռվից խոստովանած սեր
«Ես Երևանից չեմ գնացել, երևանցի եմ: Ժամանակավորապես աշխարհի ուրիշ մայրաքաղաքներում եմ գտնվում, գուցե նաև բնակարաններ ունեմ, որտեղ ապրում եմ, բայց իրականում երևանցի եմ. ինչպես ծնվել եմ Երևան քաղաքի Դեմիրճյան փողոցում, այդպես էլ շարունակում եմ ապրել: Ես որևէ հետաքրքրություն չունեմ քաղաքականությամբ զբաղվելու Հայաստանում, սակայն ունեմ մեծ ցանկություն՝ օգտակար լինելու հայրենիքին»,- Արմեն Սարգսյանն այս խոսքերն ասել է 2010 թվականին՝ իր հարցազրույցներից մեկի ժամանակ, երբ «Երևան, իմ սեր» ծրագիրն էր նախաձեռնել ու Երևանին սեր էր խոստովանում Լոնդոնից:
«Երևան, իմ սեր»-ը մեկնարկեց Վինձորի թագավորական պալատում տեղի ունեցած աննախադեպ ընդունելությամբ: Ընդունելությանը նաև Մեծ Բրիտանիայի արքայազն Չառլզն էր մասնակցել: Նշվում էր, որ Երևանում կկառուցվի պատմական նշանակություն ունեցող չորս շինություն: Դրանցից երկուսում կբացվի ժողովրդական գործիքների երաժշտական դպրոց` Ջիվան Գասպարյանի գլխավորությամբ, մեկը կգործի որպես միայնակ մայրերի կենտրոն, չորրորդը կծառայի խուլ եւ համր երեխաների կարիքներին:
«Արքայազն Չառլզի հետ մեր բարեկամությունը, կարող եմ ասել` ընկերությունը, բերեց այս գաղափարին՝ հավաքել բարեկամներին աշխարհի տարբեր մասերից, որոնք մեզ հետ կիսում են մեր գաղափարները կամ վերաբերմունքը, և մեզ համար նաև «Երևան, իմ սեր»-ը սկսելու ձև էր»,- ասաց Արմեն Սարգսյանը: Իսկ «Ազատություն» ռադիոկայանի՝ դուք մեծահարո՞ւստ եք հարցին այսպես պատասխանեց.
«Տվյալ դեպքում բոլորովին կապ չունի, թե առանձին անհատը կամ զույգը կամ ընտանիքը որքան դրամ ունի. խոսքը վերաբերում է ընդհանրապես տալու ընդունակությանը»:
Հետո «Երևան, իմ սեր» ծրագրին նվեր հենց Հայաստանը տվեց՝ ՀՀ կառավարության որոշմամբ «Երևան, իմ սեր» հիմնադրամը 2013թ. մոտ 380 հազար դոլար արժողության 298 քմ մակերեսով հողատարածք ստացավ Կոզեռն կոչվող թաղամասում։ Նույն թվականին մասնավոր այցով արքայազն Չառլզը Հայաստան եկավ Արմեն Սարգսյանի ուղեկցությամբ: Երբ Մեծ Բրիտանիա վերադարձավ, 2 տարի անց՝ 2015թ. հոկտեմբերին, Լոնդոնի Վեսթմինսթերյան աբբայությունում ոգեկոչման արարողություն կազմակերպվեց 1915թ. Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակի համար: Որպես միջոցառման կազմակերպիչ՝ դարձյալ Արմեն Սարգսյանի անունն էր նշվում, ու ավելի շատ էին սկսել խոսել նրա կարողության մասին:
Արմեն Սարգսյանի բիզնեսի պատմությունը
2012 թվականին լրատվամիջոցները գրեցին, որ ՀՀ նախկին վարչապետ Արմեն Սարգսյանը քաղաքապետարանից թույլտվություն է ստացել և Թամանյան 3 հասցեում շինարարություն սկսել: Նշվում էր, որ այդ շենքում երկու բնակարան ունի ու ևս մեկ հարկ էլ ավելացնում է: Սա Արմեն Սարգսյանի միակ բնակարանը չէ:
Նա յոթհարկանի առանձնատուն ունի հենց Լոնդոնի կենտրոնում: Կինը՝ Նունե Սարգսյանը, Դեյվիդ Լինլիի կահույքի ամենամեծ հավաքածուի տերն է: Դեյվիդ Լինլին Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթի ազգականն է՝ արքայադուստր Մարգարեթի որդին, որը նաև Բրիտանիայի Christie’s աճուրդի տան նախագահն է։ Դեյվիդ Լինլին Նունե Սարգսյանի մտերիմ ընկերներից է։
Ինչևէ, 2008-ին Սարգսյանը բանակցություններ սկսեց Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամմեդովի հետ Աշխաբադում ժամանակակից նավահանգիստ կառուցելու, էներգետիկ համագործակցության զարգացման, նավթի ու գազի արդյունահանման ու վերամշակման, ցեմենտի գործարանների շինարարության միջազգային մրցույթներին մասնակցելու համար: Թուրքմենստանի նախագահը հայտարարեց, թե դեմ չէ: Սակայն հետո նոր զարգացումների մասին հրապարակումներ չեղան:
2012 թվականին Արմեն Սարգսյանը, որը Knightsbridge ընկերությունների խումբն էր ղեկավարում, ներդրում կատարեց ՌԴ Լենինգրադի շրջանի ջրագծի համակարգի ներդրումային ծրագրում: Ծրագրի ընդհանուր արժեքը 50 մլրդ ռուբլի էր, բայց որոշ ժամանակ անց Լենինգրադի մարզի նահանգապետ Ալեքսանդր Դրոզդենկոն ասաց, որ մարզին պետք է արվի ավելի հստակ և թափանցիկ առաջարկ: Մեկ տարի անց Արմեն Սարգսյանը հուշագիր ստորագրեց արդեն ՌԴ Պոմորիեի նահանգապետ Իգոր Օռլովի հետ: Այս անգամ ներդրումը Արխանգելսկի օդանավակայանի ու տեղական ավիաուղիների զարգացման համար էր:
Ռուսական լրատվամիջոցները Սարգսյանի «երեք կյանք»-ի մասին էին խոսում: Ասում էին, որ ՀՀ նախկին վարչապետը ղեկավարում է ընդհանուր առմամբ 25 ընկերություն, որոշ մասնաբաժին ունի Արևմտյան Չումպասի նավթահանքում:
Նշենք նաև, որ Արմեն Սարգսյանի Knightsbridge ընկերությունը համագործակցում է համաշխարհային մի շարք խոշոր ներդրումային և ապահովագրական ընկերությունների, այդ թվում՝ Goldman Sachs-ի, Merrill Lynch-ի, Credit Suisse-ի և HSBC-ի հետ:
2013 թվականին բիզնեսը Արմեն Սարգսյանին դարձյալ Հայաստան բերեց: Նա դարձավ Lydian International-ի տնօրենների խորհրդի անդամ: Խոսքն Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման նախագիծն իրականացնող ընկերության մասին է: ՀՀ նախկին վարչապետը տնօրենների խորհրդին միանալիս ասել է, որ վստահ է՝ Ամուլսարը կլինի առաջնակարգ ծրագիր, որը կկառավարվի միջազգային լավագույն փորձի շրջանակում: Ծրագիրն օգուտ կբերի Հայաստանին և կապահովի էական ներդրումներ և զգալի ու թափանցիկ եկամուտներ թե՛ բաժնետերերին, թե՛ երկրին:
2014 թվականին Արմեն Սարգսյանը ՀՀԿ-ական գործարար Աշոտ Արսենյանից գնեց «Ջերմուկ ինթերնեյշնլ պեպսի կոլա բոթլեր» գործարանի բաժնետոմսերի 50 տոկոսը: ՀՀ նախկին վարչապետը բաժնեմաս ունի նաև քաղցրավենիքի Nestle ընկերության հայաստանյան ներկայացուցչությունում։
Գիտական ու հասարակական ձեռքբերումներ
2000թ. Սարգսյանը Քեմբրիջի համալսարանի Judge բիզնես-դպրոցում հիմնադրել է Eurasia Research ծրագիրը, որը մի շարք նախագծեր է իրականացրել Միացյալ Թագավորությունում և Եվրասիայում: Արմեն Սարգսյանը նաև Լոնդոնում Եվրասիական միջազգային տան (Eurasia House International in London) հիմնադիր նախագահն է, որի նպատակն է երկխոսության և համագործակցության խթանումը տարածաշրջանի քաղաքական և բիզնես առաջնորդների միջև:
Հայաստանի նախկին վարչապետը եղել է նաև այնպիսի գլոբալ կորպորացիաների կառավարող խորհուրդների ավագ խորհրդական, ինչպիսիք են BP-ն, Alcatel-ը, Telefonica-ն, Finmeccanica-ն և Bank of America Merrill Lynch-ը: Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտի և Բրիտանական աստղագիտական ընկերության պատվավոր անդամ է, ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների թեկնածու, 51 գիտական հոդվածների և 3 ձեռնարկների հեղինակ քաղաքական, տեսական ֆիզիկայի, աստղաֆիզիկայի և համակարգչային մոդելավորման թեմաներով: Հայաստանում նրան շնորհվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշան:
Արմեն Սարգսյանի ընտանիքը
Սարգսյանի կինը՝ Նունեն, Daily Mail-ին տված հարցազրույցում պատմել է նաև այն մասին, թե ինչպես է ամուսնու հետ ծանոթացել: Ասել է, որ հանդիպել են դպրոցական տարիներին, երբ ինքը 14 տարեկան էր, իսկ Արմենը՝ 15։
«Արմենը մեր դպրոցի լավագույն աշակերտն էր, իսկ ես՝ լավագույն դերասանուհին։ Մենք ներկայացնում էինք Շեքսպիր ու Ջորջ Բեռնարդ Շոու անգլերենով, քանի որ անգլերեն սովորելը կոմունիստական կրթության մի մասն էր դեռ այն ժամանակ, ինձ հասնում էին ներկայացման հիմնական հատվածները։ Այդ պատճառով տղաները վազում էին իմ հետևից, սակայն ես միշտ մերժում էի: Արմենը հետաքրքրվեց ու մտածեց, թե ով է այս աղջիկը, որ մերժում է բոլոր տղաներին»,- խոստովանել է Նունե Սարգսյանը։
Ըստ Արմեն Սարգսյանի տիկնոջ՝ ինքն ու ամուսինը դպրոցական տարիքում մասնակցել են «Երիտասարդ կոմունիստներ» համաժողովին, որը շատ ձանձրալի է եղել ու Նունեն Արմենին ու մի քանի այլ աշակերտնի հրավիրել է իրենց տուն։ Արմենը տպավորվել է Նունեի հոր գրադարանով ու գիրք է խնդրել, ինչը դեմ էր կանոններին, քանի որ ապագա տիկնոջ հայրը չէր սիրում գրքեր տալ ուրիշներին։ Նունեն, վախենալով հոր բարկությունից, որ Արմենը կարող է վերցրած գիրքը չվերադարձնել, դպրոցում գտել է նրան, անձամբ գիրքը տուն տարել։
«Ահա այսպես սկսվեց մեր ընկերությունը»,- պատմել է տիկին Սարգսյանը։
Դպրոցն ավարտելուց հետո նրանք ԵՊՀ են ընդունվել, Արմենը՝ ֆիզիկայի ֆակուլտետ, Նունեն՝ լեզուների։ Հետո ամուսնացել են:
Արմեն Սարգսյանը 2 որդի ունի՝ Վարդանը 38 տարեկան է, Հայկը՝ 34։ Վարդանը ղեկավարում է իր սեփական կիբերանվտանգության ընկերությունը, Հայկն աշխատում է հոր հետ։ Մայրն ասում է, որ որդիներն իրենց բրիտանացի են զգում, թեև հպարտ են իրենց արմատներով: Արմեն և Նունե Սարգսյանները նաև 3 թոռնիկ ունեն: Պապիկի անունը կրում է Սարգսյանի ավագ որդու՝ Վարդանի ու նրա ամերիկուհի կնոջ տղան։ Փոքրիկ Արմենն արդեն 4 տարեկան է, նա էլ է տատիկի հեքիաթները լսում: Այո՛, Նունե Սարգսյանը հեքիաթներ է գրում, այնպիսի հեքիաթներ, որտեղ անգամ վիշապները կարող են գեղեցիկ ու բարի լինել: Այդ հեքիաթներն արդեն կարելի է կարդալ Գավառի (Բայազետի), Գյումրվա (Կարնո) և Արցախի բարբառներով, արևմտահայերենով: Մի քանիսն էլ տիկնիկային բեմադրության տեսք են ստացել Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային և Խամաճիկների թատրոններում: Տիկին Սարգսյանը կարծում է, որ իր ներուժի որոշ մասը զոհել է՝ Արմենի կարիերայի համար, որ գա այն օրը, երբ նա «չեմպիոն» կդառնա:
Ինչո՞ւ Մեծ Բրիտանիայի թագուհին Արմեն Սարգսյանին չեմպիոն անվանեց
«Արմե՛ն, դու բոլոր դեսպանների չեմպիոնն ես։ Արդեն երրորդ անգամ է, որ վերադառնում ես մեզ մոտ», –ասաց Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդը, երբ 2013 թվականին Արմեն Սարգսյանը երրորդ անգամ դարձավ Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան: Ստացվեց՝ Սարգսյանն արդեն հասցրել է երեք անգամ նույն պաշտոնին նշանակվել՝ 1992-ին, 1996-ին և 2013-ին:
Ի դեպ, Արմեն Սարգսյանն անկուսակցական է:
Սա այստեղ պատահաբար հայտնված նկար չէ: ՀՀ նախկին վարչապետն այս խաղի՝ Տետրիսի հետ անմիջական կապ ունի: Նա խաղը ստեղծողներից մեկն է:
00:00 23.11.2024
Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները23:30 22.11.2024
Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի23:00 22.11.2024
ՃՏՊ Երևան քաղաքի Տիչինայի փողոցում․ կան տուժածներ21:32 22.11.2024
Մեդվեդևը կոչ է արել ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին մտածել Պուտինի խոսքերի մասին20:20 22.11.2024
Հոսանքանջատումներ նոյեմբերի 25-ին20:07 22.11.2024
Ներքին Սասնաշեն գյուղում այրվել է անասնակեր18:54 22.11.2024
Հայտնի են Աֆրիկայի ազգերի գավաթի խմբային փուլի բոլոր մասնակիցները17:30 22.11.2024
Իտալական ակումբը մի օրում երկու գլխավոր մարզչի է ազատել աշխատանքից17:18 22.11.2024
ՃՏՊ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին․ կան տուժածներ16:33 22.11.2024
«Բայերի» առաջատարը ցանկանում է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»00:00 23.11.2024
Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարներըՄալդիվների կառավարությունը որոշել է ավելացնել տուրիստական հարկերը՝ բյուջեն համալրելու համար. խոսքը կանաչ հարկի, տուրիստական հարկի, օդանավակայանի սպասարկման վճարների և տուրիստական ապրանքների և ծառայությունների հարկի մասին է, հաղորդում են տեղական լրատվամիջոցները: 2025 թվականի հունվարի 1-ից կանաչ հարկը, որը գանձվում է յուրաքանչյուր զբոսաշրջիկից հյուրանոցում կամ կացարանային այլ հաստատությունում գտնվելու մեկ օրվա համար, կկրկնապատկվի։ Հյուրատներում և 50-ից պակաս […] ...
23:55 22.11.2024
Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներիցՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զրկել է պետական մրցանակներից և կոչումներից այն հայտնի մարդկանց, ովքեր ապրում և ելույթ են ունենում Ռուսաստանում՝ միաժամանակ աջակցելով պատերազմին։ Նա ստորագրել է համապատասխան հրամանագիրը՝ ուժի մեջ դնելով Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը։ Ցուցակում ընդգրկված են եղել ոչ միայն արվեստագետներ, այլ նաև նախկին պաշտոնյաներ, ժողովրդական պատգամավորներ, ՍԲՀ-ի և գլխավոր դատախազության […] ...
23:49 22.11.2024
Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտըՂրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը ստորագրել է օրենք, համաձայն որի՝ 2025 թվականի հուլիսի 1-ից երկրում արգելք կսահմանվի էլեկտրոնային ծխախոտների ներմուծման, վաճառքի և ծխելու համար, ուրբաթ հայտնել է Ղրղզստանի ղեկավարի մամուլի ծառայությունը։ «Սադիր Ջապարովը ստորագրել է «Քաղաքացիների առողջության պաշտպանության ոլորտում Ղրղզստանի Հանրապետության որոշ օրենսդրական ակտերում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը»,- ասված է հաղորդագրության մեջ։ Մասնավորապես, հաջորդ տարվա հուլիսի […] ...
23:42 22.11.2024
2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿՄԱԿ-ի Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակը (OCHA) ուրբաթ օրը հայտնել է, որ 2024 թվականին աշխարհում մարդասիրական օգնության 281 աշխատակից է զոհվել: «2024 թվականին աշխարհում մահացել է 281 մարդասիրական աշխատող՝ սա զոհերի ռեկորդային թիվ է»,-ասվում է OCHA-ի պաշտոնական կայքում։ ՄԱԿ-ը նշում է, որ նման թվերի պատճառը, մասնավորապես, Գազայի հատվածի հակամարտությունն է, որտեղ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից մինչ […] ...
23:36 22.11.2024
Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատըՎարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց, որ խնդրել է ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին վայր դնել մանդատը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա ընդգծեց, այստեղ խնդիրը համակարգային բնույթ ունի, այլ ոչ թե անձնական։ «Պետք է ուղիղ խոստովանեմ և ասեմ, որ պաշտոնանկությունների համատեքստի հետ ուղիղ կապ ունեն մի շարք իրադարձություններ, որոնք հրապարակային են […] ...
23:30 22.11.2024
Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. ՌոդրիԱնգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին նշել է, թե որ ֆուտբոլիստը կարող է մոտ ապագայում հավասարվել Կրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի մակարդակին: «Կարծում եմ՝ այն ֆուտբոլիստը, որն օբյեկտիվորեն կարող է հավասարվել Ռոնալդուի և Մեսսիի մակարդակին, Հոլանդն է: Էրլինգը միակն է, որը կարող է հասնել նրանց: Նա դրիբլինգի առավելություն չունի, քանի որ մաքուր հարձակվող է: Եթե նայեք […] ...