Դատարանը քննում է Գագիկ Խաչատրյանի կալանքի օրինականության հարցը: Հիշեցնենք՝ նա և եղբորորդին՝ Կարեն Խաչատրյանը, արդեն 1 տարի է՝ կալանքի տակ են:
Այսօրվա նիստին նրանք չեն ներկայացել: Դատարանը հրապարակել է Գագիկ Խաչատրյանի դիմումն այն մասին, որ առողջական խնդիրներ ունի և չի կարող ներկայանալ դատարան, խնդրել էր նիստն անցկացնել իր պաշտպանի ներկայությամբ:
Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանն ասաց, որ դատարանին ինքնաբացարկ հայտնելու համար իրեն անհրաժեշտ են մի քանի տեղեկություններ՝ մասնավորապես, թե ինչ կարգով է քրեական գործը մակագրվել դատարանի նախագահին, այն դեպքում, երբ վերջինս հազվադեպ է գործեր քննում:
Արթուր Մկրտչյանը, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահն է, պարզաբանեց, որ դատարանի նախագահն ապահովում է դատարանների բնականոն գործունեությունը, և այդ տրամաբանության մեջ հաշվի առնելով դատավորների ծանրաբեռնվածությունը և արձակուրդային գրաֆիկը՝ կատարվել են մակագրությունները։ Դրանք կատարվում են էլեկտրոնային եղանակով:
Երեմ Սարգսյանը նշեց, որ իրենք քննում են կալանքի օրինականության հարց, իսկ գործի նյութերի մի մասը, օրինակ, մի քանի էլեկտրոնային կրիչներ իրենց չեն տրամադրվել: Դատարանին ինքնաբացարկ հայտնելու հարցը պաշտպաններն առայժմ հետաձգեցին, փոխարենը բացարկի միջնորդություն ներկայացրին պետական մեղադրողին, այն հիմքով, թե գործի նյութերը ժամանակին չեն տրամադրվել պաշտպանական կողմին՝ ծանոթանալու համար: Դատարանը հեռացավ միջնորդության մասին որոշում կայացնելու:
Հիշեցնենք՝ Գագիկ Խաչատրյանը և Կարեն Խաչատրյանը մեղադրվում են պետական գործունեության ընթացքում թույլ տված ենթադրյալ պաշտոնեական դիրքի չարաշահման, գույքի վատնման և պաշտոնեական կեղծիքի համար։ Նրանք չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքը։