ՀՀ մշակույթի և սփյուռքի նախարարներ Լիլիթ Մակունցն ու Մխիթար Հայրապետյանը Վրաստանի մշակույթի նախարար Միխեիլ Գիորգաձեի ուղեկցությամբ հանդիպել են Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական թատրոնի դերասանների հետ: Նախարարները ծանոթացել են թատրոնի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին:
«Պատմական այս վայրում առաջիկայում վեր կխոյանա նոր, բազմաֆունկցիոնալ մի շենք։ Վստահեցնում եմ, որ այսպիսի մեծ բյուջե ոչ մի թատրոնի կառուցման վրա չի ծախսվել։ Կարծում եմ՝ թատրոնի շենքը քաղաքի այցեքարտներից մեկը կդառնա»,- ասել է Գիորգաձեն։
Թատրոնի վերանորոգման աշխատանքները սկսվել են 2017 թվականին:
Նշենք, որ Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնը Հայաստանից դուրս գործող միակ պետական հայկական թատրոնն է աշխարհում:
Թատրոնը հիմնադրվել է 1856 թվականին վիրահայ համայնքի ջանքերով: Թատրոնի ձևավորման մեջ մեծ ավանդ է ունեցել Գաբրիել Սունդուկյանը: Թբիլիսիի դրամատիկական թատրոնում խաղացել են բեմի վարպետներ Հասմիկը, Պետրոս Ադամյանը, Արուս Ոսկանյանը, Վահրամ Փափազյանը և այլք:
1921 թվականին թատերախումբն ստացել է պետական թատրոնի կարգավիճակ և կոչվել Ստեփան Շահումյանի անվան հայկական թատրոն: 1991 թվականին այն կրկին վերանվանվել է՝ ստանալով Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոն անվանումը: