Ազգային որևէ երազանք հնարավոր չէ ի կատար ածել առանց պետություն ունենալու. Նիկոլ Փաշինյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 11 2024
  • $
    390.14
  • RUBLE
    3.75
  • 409.14
WEATHER
+2.09 oC

Ազգային որևէ երազանք հնարավոր չէ ի կատար ածել առանց պետություն ունենալու. Նիկոլ Փաշինյան

16:44 28.05.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում տեղի ունեցած «Հաղթանակի դարը» խորագրով տոնակատարության ժամանակ շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակի առթիվ: Վարչապետի ուղերձը ներկայացնում ենք ամբողջությամբ.

Սիրելի՛ ժողովուրդ,
Հայաստանի Հանրապետության հպա՛րտ քաղաքացիներ,
Հայոց բանակի փառապա՛նծ զինվորներ և սպաներ,
Հայաստանի Հանրապետության մեծարգո՛ նախագահ,
Արցախի Հանրապետության մեծարգո՛ նախագահ,
Վեհափա՛ռ Տեր,

Ուղիղ 100 տարի առաջ այս օրը՝ 1918 թվականի մայիսի 28-ին, հայ ժողովրդի պատմության մեջ տեղի ունեցավ աննախադեպ մի իրադարձություն. մեր իրականության մեջ առաջին անգամ հիմնադրվեց պետություն, որտեղ իշխանությունը պատկանում է ոչ թե թագավորին, ոչ թե իշխաններին, այլ իշխանությունը պատկանում է ժողովրդին, քաղաքացիներին, և այդ պատճառով այդ պետությունը կոչվեց հանրապետություն՝ Հայաստանի Հանրապետություն: Ու քանի որ մեր ժողովրդի պատմության մեջ նման բան նախկինում երբեք չէր եղել, այդ պետությունը կոչում ենք նաև Առաջին Հանրապետություն:

Իր պատմության մեջ առաջին անգամ հայ ժողովուրդը ոչ թե հպատակ էր, այլ քաղաքացի, ոչ թե ծառա էր, այլ տեր: Եվ սա ճակատագրական շրջադարձ էր: Իհարկե, դա առայժմ միայն իրավական կարգավիճակի փոփոխություն էր, բայց այս կարգավիճակը հայ ժողովուրդը ոչ թե նվեր ստացավ ինչ-որ մեկից, այլ նվաճեց քրտինքով ու արյունով: Բաշ-Ապարանում և Սարդարապատում տարավ իր պատմության փառահեղ հաղթանակներից՝ ջախջախելով թուրքական զորամիավորումներին, և այդ հաղթանակի թագն ու պսակը դարձավ Առաջին Հանրապետության հռչակումը: Հերոսական այս ճակատամարտերի պատմությունն աներևակայելի է: Ինչպե՞ս, այդ ինչպե՞ս կարողացավ ցեղասպանության ենթարկված, սրի քաշված, թալանված ու ոչնչացման եզրին կանգնած հայ ժողովուրդը հաղթել թուրքական բանակին: Արդյո՞ք դրա համար կային սոցիալ-տնտեսական, ռազմաքաղաքական նախադրյալներ: Ո՛չ և երիցս ոչ: Պրագմատիզմի և սառը հաշվարկի տեսակետից հայ ժողովուրդը չուներ հաղթելու ոչ մի շանս, ոչ մի հնարավորություն, բայց մենք հաղթեցինք, որովհետև սթափեցնող մի արթնացումով հասկացանք, որ մեր էությունն անապատներ քշվելն ու կոտորվելը չէ, որ մեր երակներոով հոսում է Մեսրոպ Մաշտոցի արյունը, մեր երակներով հոսում է Արտաշես արքայի արյունը, մեր երակներով հոսում է Վարդան Մամիկոնյանի արյունը:

Հայ ժողովուրդը հաղթեց, որովհետև իր պատմության վերջին չորս հարյուր տարում առաջին անգամ հույսը դրեց ոչ թե ուրիշների, այլ ինքն իր վրա: Հայ ժողովուրդը հաղթեց, որովհետև հասկացավ, որ ազգային պետությունն է ինքնության ու արժանապատվության միակ երաշխիքը, որ մեզ՝ քաղաքացիներիս պատկանող պետությունն է միայն, որ կարող է ապահովել մեր իրավունքը, մեր անվտանգությունն ու ապագան: Մենք հասկացանք, որ ազգային որևէ երազանք հնարավոր չէ ի կատար ածել առանց պետություն ունենալու, ինքնիշխանություն ունենալու, անկախություն ունենալու: Եվ անկախ պետությունը յուրաքանչյուր ազգային երազանք ի կատար ածելու առաջին անհրաժեշտ նախապայմանն է: Հայ ժողովուրդը հաղթեց, որովհետև ուներ Արամ Մանուկյանի պես նվիրյալ առաջնորդ, ով պատրաստ էր ոչ թե զոհել և վայելել իշխանության բարիքները, այլ կրել զրկանքներ և զոհվել հանուն սեփական ժողովրդի, ով պատրաստ էր հանուն իր ժողովրդի կռիվ տալ մինչև կյանքի վերջին վայրկյանները: Հայ ժողովուրդը հաղթեց, որովհետև ուներ այնպիսի զորահրամանատարներ, ինչպես Թովմաս Նազարբեկյանը, Դրոն, Մովսես Սիլիկյանը, Դանիել Բեկ-Փիրումյանը: Հայ ժողովուրդը հաղթեց, որովհետև որոշեց հաղթել: Հայ ժողովուրդը հաղթեց և դրանից հետո հայ ժողովուրդը հաղթել է բոլոր այն դեպքերում, երբ որոշել է, որ պետք է հաղթի, երբ հավատացել է ինքն իրեն, իր մտքին, իր բազկին, իր անցյալին և ապագային:

Սիրելի՛ բարեկամներ,

Սա է մեր ժողովրդի հաղթանակի բանաձևը՝ մենք հաղթել ենք և հաղթելու ենք բոլոր այն դեպքերում, երբ որոշենք հաղթել, երբ մեր հույսը դնենք մեր և ոչ թե ուրիշների վրա, երբ չընկրկենք որևէ դժվարության առաջ, երբ սիրենք, անսահման սիրենք մեր հայրենիքն ու միմյանց, երբ չփորձենք մեր նեղ անձնական շահերը կապել սեփական ժողովրդի և պետության վզին, երբ յուրաքանչյուր քաղաքացի գիտակցի, որ տեր է սեփական երկրում, ոչ թե հպատակ, երբ տիրոջ այդ զգացումն իրավունք չէ միայն, այլև պարտականություն, այլև պարտավորություն, երբ հայրենիքի ամեն անկյան վերաբերվենք խանդաղատանքով, երբ մեկս մյուսիս վերաբերվենք հարգանքով, համբերությամբ ու արժանապատվորեն:
Հենց այսպես Սարդարապատի հաղթանակից ուղիղ հարյուր տարի անց՝ 2018 թվականի ապրիլ-մայիսին հայ ժողովուրդը տարավ իր հերթա
կան փառահեղ հաղթանակը՝ սեփական իշխանությունը հաստատելով սեփական հայրենիքում: Այդ հաղթանակը նույնքան անհնար էր թվում, և շատերը մինչև օրս հարց են տալիս, թե ինչպես դա պատահեց և ինչու: Պատասխանը հետևյալն է՝ հայ ժողովուրդը հերթական անգամ հույսը դրեց իր և ոչ թե ուրիշների վրա, հայ ժողովուրդը հավատաց ինքն իրեն, վստահեց իր ուժերին և ապագային: Հայ ժողովուրդը պիտի հաղթեր, որովհետև իր երակներւմ հոսում է Սարդարապատի ու Բաշ-Ապարանի հերոսների արյունը, Արամ Մանուկյանի արյունը, Թովմաս Նազարբեկյանի արյունը, Մովսես Սիլիկյանի արյունը, Դանիել Բեկ-Փիրումյանի արյունը:

Սիրելի՛ ժողովուրդ,

Առաջին Հանրապետությունն ընդամենը երկու տարվա կյանք ունեցավ, բայց Առաջին Հանրապետության հիմնադիր հայրերը անհեռանկար գործերով չէին զբաղվում, այլ հայոց նոր պետականության հիմքերն էին դնում:Միայն Առաջին Հանրապետության գոյության շնորհիվ էր, որ Հայաստանը Խորհրդային Միության կազմում ընդգրկվեց որպես լիարժեք միութենական հանրապետություն: Եվ միայն այս կարգավիճակի շնորհիվ էր, որ Հայաստանը կարողացավ անցնցում դուրս գալ ԽՍՀՄ կազմից և ստանալ միջազգայնորեն ճանաչված անկախ երկրի կարգավիճակ: Ասել է թե՝ Առաջին Հանրապետության հիմնադրումը պսակվեց Երրորդ Հանրապետության հռչակմամբ, փառավորվեց Արցախյան պատերազմում մեր ժողովրդի տարած հաղթանակով և աշխարհահռչակվեց ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությամբ: Եվ ահա հայ ժողովուրդը, Հայաստանի քաղաքացին այսօր տոնում է Առաջին Հանրապետության 100-ամյակը: Եվ հայ ժողովուրդը, Հայաստանի քաղաքացին ապրում է քաղաքացիական պատմության ամենափառապանծ էջը, երբ երկրում հաստատված է ժողովրդի անշրջելի իշխանություն: Եվ այլևս երբեք, այլևս երբեք ոչ ոք չի համարձակվի բռնանալ ժողովրդի կամքի վրա, այլևս երբեք որևէ մեկը չի համարձակվի ժողովրդին նվաստացնել ընտրակաշառքի, վարչական հարկադրանքի կամ որևէ այլ միջոցով: Հայ ժողովրդի վերածնունդն ու թռիչքը կասեցնելու, ժողովրդի հույսն ու լավատեսությունը կոռուպցիայի ու ամենաթողության մեջ խեղդելու ցանկացած փորձ, ցանկացած փորձ կարժանանա ջախջախիչ հակահարվածի: Եվ Հայաստանի Հանրապետության հաղթական քաղաքացին այլևս երբեք թույլ չի տա պետականության կամ քաղաքացիության կորուստ, ինքնիշխանության և իրավունքի կորուստ, հավատի և լավատեսության կորուստ:

Հայաստանի Հանրապետությունը երկիր մոլորակի վրա պետք է գոյություն ունենա հավիտյան, Հայաստանի դրոշը պետք է հավիտյան ծածանվի՝ խորհրդանշելով մեր ոգին ու հպարտությունը, մեր ազատությունն ու ինքնիշխանությունը: Եվ մեզ համար այսօր պատմական, աննախադեպ հնարավորություն է ստեղծվել դառնալ մեր ժողովրդի հազարամյա ցավերի դարմանողը, անփարատելի սգի ամոքիչը, դարավոր երազանքների իրականացնողը: Եվ ժամանակակից սերունդը՝ որպես Առաջին Հանրապետության հիմնադիր հայրերի, Բաշ-Ապարանի ու Սարդարապատի հերոսների ժառանգներ, պարտավոր է ստանձնել և ստանձնում է պատմական այդ առաքելությունը: Եվ ուրեմն՝

Կեցցե՛ հայ ժողովրդի հաղթանակների մայիսը,
Կեցցե՛ն Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի, Սարդարապատի հերոսները,
Կեցցե՛ն Առաջին Հանրապետության հիմնադիր հայրերը, և ուրեմն՝
Կեցցե՛ ազատությունը,
Կեցցե՛ Արցախի Հանրապետությունը,
Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը,
Կեցցե՛նք մենք ու մեր երեխաները, որ ապրում ենք ու շարունակելու ենք ապրել ազատ և երջանիկ Հայաստանում:

Սիրելի՛ ժողովուրդը,
Սիրելի՛ զինվորներ, սպաներ,
Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Առաջին Հանրապետության և Մայիսյան հերոսամարտի 100-ամյակի առիթով:
Փա՛ռք Հայաստանի Հանրապետությանը,
Փա՛ռք Հայաստանի զինված ուժերին:
Ուռա՛:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նավթի գները կտրուկ նվազել են՝ Իսրայելի և Լիբանանի միջև մոտալուտ զինադադարի մասին լուրերի ֆոնին

00:00 26.11.2024

Նավթի գները կտրուկ նվազել են՝ Իսրայելի և Լիբանանի միջև մոտալուտ զինադադարի մասին լուրերի ֆոնին

Երկուշաբթի երեկոյան նավթի գները կտրուկ իջել են՝ Իսրայելի և Լիբանանի միջև մոտալուտ զինադադարի մասին մամուլում հայտնված տեղեկություններից հետո: Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի հունվարյան ֆյուչերսների գնանշումները ժամը 19:25-ին նվազել են 1,62 դոլարով (2,16%)՝ հասնելով 73,55 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։ WTI նավթի հունվարյան ֆյուչերսների գինը Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) նվազել է 1,61 դոլարով (2,26%)՝ […] ...

ՆԱՏՕ-ն կուժեղացնի Բալթյան ծովի ստորջրյա ենթակառուցվածքների պաշտպանությունը

23:52 25.11.2024

ՆԱՏՕ-ն կուժեղացնի Բալթյան ծովի ստորջրյա ենթակառուցվածքների պաշտպանությունը

ՆԱՏՕ-ն այս տարվա վերջից կուժեղացնի Բալթիկ ծովում կարևոր ստորջրյա ենթակառուցվածքների պաշտպանությունը՝ հնարավոր դիվերսիաները կանխելու համար, երկուշաբթի հաղորդել է PAP գործակալությունը։ Նշվում է, որ այս մասին հայտարարվել է Տուրեկում (Լեհաստան) Դաշինքի ռազմածովային հրամանատարության համաժողովում։ «Հիմնական տարածքների ավելի լայն և հստակ հսկողություն, այդ թվում հակաականային նավերի միջոցով, որոնք հագեցած են ռոբոտներով և ստորջրյա աշխատանքի համար սենսորներով, նախատեսված […] ...

Բորելը ԵՄ-ին կոչ է արել ապահովել սեփական անվտանգությունը՝ ԱՄՆ-ի ծրագրերի անորոշության պայմաններում

23:44 25.11.2024

Բորելը ԵՄ-ին կոչ է արել ապահովել սեփական անվտանգությունը՝ ԱՄՆ-ի ծրագրերի անորոշության պայմաններում

ԵՄ արտաքին գործերի գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել ուժեղացնել ԵՄ անվտանգությունը, որպեսզի այն ավելի քիչ կախված լինի ԱՄՆ-ից։ Այս մասին նա գրել է հոդվածում, որտեղ ամփոփում է իր գործունեությունը որպես ԵՄ դիվանագիտության ղեկավար։ «Մենք այլընտրանք չունենք. հրամայական է, որ մենք կարողանանք ապահովել մեր անվտանգությունը: Մեր բարեկեցությունն ու ապագան չեն կարող շարունակել կախված լինել […] ...

Սոցիալ-դեմոկրատները 2025 թվականի փետրվարի ընտրություններում կանցլերի պաշտոնում կառաջադրեն Շոլցին

23:36 25.11.2024

Սոցիալ-դեմոկրատները 2025 թվականի փետրվարի ընտրություններում կանցլերի պաշտոնում կառաջադրեն Շոլցին

Գերմանիայի իշխող Սոցիալ-դեմոկրատական կուսակցության (SPD) ղեկավարությունը որոշել է 2025 թվականի փետրվարի 23-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում այս պաշտոնում առաջադրել կանցլեր Օլաֆ Շոլցին, հայտնում է TagesSpiegel-ը։ Այս որոշումը պետք է հաստատի կուսակցության համագումարը 2025 թվականի հունվարի 11-ին, հավելում է թերթը և պարզաբանում, որ դա ընդամենը ձևականություն է լինելու։ Նախկինում SPD-ում բանավեճ էր ընթանում այն մասին, թե արդյոք […] ...

Սերբիայի խորհրդարանում կռվել են իշխող կուսակցության եւ ընդդիմության անդամները

23:28 25.11.2024

Սերբիայի խորհրդարանում կռվել են իշխող կուսակցության եւ ընդդիմության անդամները

Սերբիայի Ժողովրդական ժողովում (խորհրդարանում) իշխող կուսակցության և ընդդիմության խորհրդարանականները ծեծկռտուք են կազմակերպել, երկուշաբթի հաղորդում է Associated Press-ը: Կռիվը ծագել է նոյեմբերի սկզբին Նովի Սադ քաղաքի կայարանի շենքի հովանոցի փլուզման հետ կապված վեճից։ Փլուզման հետևանքով մարդիկ էին զոհվել։ Գործակալության տվյալներով՝ ընդդիմության ներկայացուցիչները հանդիպման ժամանակ, որտեղ քննարկվում էր բյուջեի օրինագիծը, պաստառ են կախել՝ «Ձեռքերդ արյունոտ է» մակագրությամբ։ […] ...

Ո՞վ է լինելու Վրաստանի ապագա նախագահը

23:20 25.11.2024

Ո՞վ է լինելու Վրաստանի ապագա նախագահը

Այսօր գումարվել է Վրաստանի նորընտիր խորհրդարանի առաջին նիստը: Այն անցել է բացառիկ պայմաններում, քանի որ խորհդարան անցած բոլոր 4 ընդդիմադիր խմբակցությունները հրաժարվել են օրենսդիր մարմնում աշխատելուց՝ հայտարարելով, որ ընտրությունները կեղծվել են: Չնայած ընդդիմության բողոքներին, Վրաստանում գործի է անցնում ոչ միայն օրենսդիր, այլ արդեն նաև գործադիր իշխանությունը: Կառավարությունում լուրջ փոփոխություններ կլինե՞ն, որոնք կազդեն Հայաստանի հետ հարաբերությունների […] ...

BACK_TO_TOP