Գույները, որոնցով մենք շրջապատում ենք մեզ, ոչ միայն ազդում են մեր տրամադրության, հոգեվիճակի վրա, այլև կոնկրետ մեսիջ, ասելիք ունեն շրջապատին: Ուզենք, թե չուզենք, մեր հագուստով, հագուստի ոճով և գույներով մենք «պատմում ենք» մեր բնավորության մասին:
Եվ այսպես՝ պայծառ երկնքի, լազուր ծովի, անծայրածիր օվկիանոսի գույնը՝ կապույտը, մեր հագուստներում, ի՞նչ է պատմում այն մեր մասին:
Կապույտը համարվում է սևի «հեռավոր» բարեկամը, ուստի ունի թե՛ առավելություններ, թե՛ թերություններ: Մի կողմից՝ կապույտը խաղաղության գույն է, հանգստացնող, անգամ ապաքինող ազդեցություն ունի: Իզուր չէ, որ հոգեբանները ննջարանների համար խորհուրդ են տալիս կապույտը՝ որպես ամենաօպտիմալ գունային լուծում:
Հոգեբանության մեջ համարվում է, որ կապույտը սիրող մարդիկ կշռադատված են և զսպված, կարողանում են «տասը չափել, մեկ կտրել»: Այդպիսի մարդկանց պարզապես անհնար է հունից հանել, նրանք սիրով փոխզիջման են գնում: Բայց կապույտն ունի նաև «հակառակ» կողմ:
Կրկին հոգեբանությունը դիմենք՝ հոգեբաններն ասում են՝ կապույտի սիրահարները ընկճախտի հակվածություն ունեն, մելանխոլիկ են և քիչ շփվող: Ու հակառակը, եթե ինչ որ մեկը դիտավորյալ խուսափում է կապույտ գույնից, նշանակում է՝ նաև անհանգիստ բնավորություն ունի, ձգտում է փոփոխությունների, իմպուլսիվ է, խուսափում է միապաղաղ առօրյայից ու անփոփոխ աշխատանքից:
Ի՞նչ գույների հետ համադրել կապույտը
Կապույտը հագուստում նշանակում է փոխզիջում, հավասարակշռում՝ ոճի և միապաղաղության միջև: Կապույտն անփոխարինելի է առօրյա, գործնական և casual ոճերում: Կապույտը քմահաճ չէ, շատ հեշտ է նրա հետ այլ գույներ համադրելը: Բացի այդ, կապույտն ունի անթիվ երանգներ, որոնք երևակայությանը անսպառ հնարավորություն են տալիս: Օրինակ՝ կապույտ-սև մի քիչ պարզունակ համադրությունը անթերի է գործնական ոճում: Իսկ, օրինակ՝ ինդիգոն շքեղ տեսք ունի երեկոյան հավաքներում:
Սև և կապույտ
Եթե սևը համարյա ամեն ինչի հետ համադրվում է, կապույտի դեպքում պետք է մի քիչ զգույշ լինել: Մուգ կապույտը կարող է տարրալուծվել սևի հետ, և կերպարը մռայլ կստացվի: Ավելի լավ կլինի հակադիր գույներ գտնեք:
Կապույտ և կապույտ
Միատոն չէ. կապույտներն իրար հետ իդեալական են «լեզու գտնում»: Տեսեք, թե այս կերպարներում որքան կապույտ կա, ու որքան հետաքրքիր են բոլորն էլ:
Կապույտ ու սպիտակ
Ամենաօրգանական համադրություններից մեկը կապույտն է սպիտակի հետ՝ թարմ ու «աչք շոյող»: Սպիտակն ավելի վառ ու արտահայտիչ է դարձնում կապույտի երանգները: Նաև տեսեք, թե որքան թարմ ու ամառային են կապտա-սպիտակ գծերը, դրանք միշտ ասոցացվում են ծովի, նավերի ու ամառային հանգստի հետ:
Կապույտ ու մոխրագույն
Կրկին գրասենյակային հիանալի ու աչք շոյող համադրություն: Իբրև ապացույց՝ ահա մի քանի կերպար Michael Kors-ից: Կրկնօրինակեք, եթե կարող եք:
Կապույտը կանաչի հետ
Եթե «կանաչ-կապույտ» համադրությունը մի քիչ ճչացող է, ապա մուգ կապույտը «կոտրած» կանաչի հետ բավական ոճային է ստացվում: Կրկին տեսնենք, թե Michael Kors-ը ինչպես է համադրել այդ գույները: Ստացված կերպարները բավական զուսպ են և կարող են անգամ գործնական հանդիպումների դեպքում հարմար լինել:
Կապույտ ու կարմիր
Բարդ համադրություն է: Ակտիվ կարմիրը այնքան էլ չի հարմարվում վառ կապույտի հետ: Արդյունքում տպավորություն է, թե կերպարը բաժանված է երկու մասի: Կապույտը կարմիրի հետ համադրելիս պետք է փորձել խամրած կարմիր: Եվս մի տարբերակում էլ՝ կարմիրը կարող է լինել մուգ կապույտ հագուստի համար շեշտադրում լինել:
Կապույտ ու դեղին
Հրաշալի համադրություն. կապույտն ու դեղինը վաղուց են իրար «սիրահարված», ընդ որում՝ սիրահարված են համարյա բոլոր երանգները մեկը մյուսին: Սա այն դեպքն է, երբ վստահ կարելի է ասել՝ համադրեք, որքան սիրտներդ ուզում է՝ թե՛ casual, թե՛ երեկոյան հանդիսավոր իրադարձությունների ժամանակ:
Կապույտը դեղինի հետ միշտ թարմ է ու աչք շոյող: