Այսօր Վիեննայում արտահերթ նիստ է գումարելու Ատոմային Էներգիայի Միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ): Օրակարգում Իրանի միջուկային ծրագիրն է:
Հիշեցնենք՝ Իրանը հայտարարում է, որ Ֆորդոյի ստորգետնյա միջուկային գործարանում սկսում է ուրանի հարստացումը, ինչպես շեշտում են՝ բացառապես խաղաղ նպատակով: ԱԷՄԳ ներկայացուցիչները գտնվում են Իրանում և Վիեննայի գրասենյակ են փոխանցելու այն բոլոր տեղեկությունները, որ կստանան Իրանից: Այս ամենը նշանակում է, որ Իրանը դուրս է գալիս 2015 թվականին 6 երկրների՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Չինաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի հետ կնքած պայմանագրից: Եկեք վերհիշենք, թե ինչ ճանապարհ է անցել Իրանի միջուկային ծրագիրը և որ հանգրվանից է վերսկսվում ուրանի հարստացումը:
Եվրաեռյակ+ 3
Ի՞նչ է համապարփակ համաձայնագիրը
Փաստաթուղթը, որը ստորագրվեց 2015 թվականի հուլիսի 14-ին Վիեննայում Իրանի Իսլամական Հանրապետության և 6 երկրների՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Չինաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի միջև, կոչվում էր Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ գործողությունների համատեղ և համապարփակ ծրագիր: 6 երկրները այդ ծրագրում հանդես էին գալիս որպես միջազգային միջնորդ: Փաստաթղթի ստորագրմանը նախորդել էին 18 ամիս տևած բանակցություններ, որոնք բազմիս համարյա ձախողման եզրին էին հասնում: 2004-ին բանակցում էին Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան: 2006-ին նրանց միացան ԱՄՆ-ը, ՌԴ-ն և Չինաստանը: Այստեղից էլ միջնորդական խումբը ստացավ Եվրաեռյակ +3 անվանումը:
Պայմանագրի ստորագրումը տրիումֆ էր, հաղթանակ, որը նշանակում էր Իրանի և աշխարհի հզորագույն տերությունների միջև տարիներ շարունակ ձգվող ճգնաժամի հաղթահարում: Այդ լարվածությունը սկսվել էր դեռ 2004 թվականին, երբ արևմտյան երկրները լուրջ կասկածներ էին հայտնել, թե Իրանը միջուկային զենք է ստեղծում: Արդյունքում՝ Թեհրանի դեմ պատժամիջոցներ կիրառվեցին: Երկիրը հայտնվեց միջազգային մեկուսացման մեջ:
Հիմնական դրույթները
Համապարփակ համաձայնագիրը պարտադրում է կողմերին փոխադարձ պարտավորություններ: Իրանը պարտավորվում էր 15 տարվա ընթացքում չհարստացնել ուրան ավելի քան 3.67 տոկոսով: Այդչափ հարստացված ուրանը կարող է օգտագործվել միայն էներգետիկ ռեակտորներում, մինչև 20 տոկոս հարստացված ուրանը՝ հետազոտական և փորձարարական նպատակներով, 20 տոկոսից ավելի հարստացման դեպքում ուրանն օգտագործվում է միջուկային զենքի համար:
Իրանը պարտավորվում էր նաև պահպանել ուրանի իր պահեստային ֆոնդը 300 կգ-ի սահմաններում, պարտավոր էր Ֆորդոյի ուրանի հարստացման գործարանը վերապրոֆիլավորել որպես միջուկային տեխնոլոգիական կենտրոն: Ուրանի ավելցուկն Իրանը պարտավոր էր վաճառել կամ փոխանակել բնական ուրանով, իսկ մշակված և հարստացված միջուկային վառելիքը երկրի սահմաններից դուրս հանել:
25 տարի շարունակ ՄԱԳԱՏԷ-ի փորձագետները պետք է վերահսկեին Իրանի միջուկային օբյեկտները: Համաձայնագրի պարտավորությունների պահպանումն Իրանի համար երաշխավորում էր ՄԱԿ-ի, ԵՄ և այլ երկրների կողմից առևտրին, տեխնոլոգիաներին, ֆինանսներին և էներգետիկ ռեսուրսներին վերաբերող պատժամիջոցների փուլային վերացում: Եվրոպական երկրները խոստանում էին ապահովել Իրանի նավթի անարգել արդյունահանումը, ներդրումների հոսք, աջակցություն նավթային և գազային սեկտորներին, անարգել նավագնացություն և ազատ օդային տարածք: Իրանին զենք չվաճառելու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի էմբարգոն պահպանվելու էր 5 տարի: Բալիստիկ հրթիռների մատակարարման արգելքը գործելու էր 8 տարի: Համապարփակ պայմանագրի չկատարումը Իրանի կողմից կվերականգներ բոլոր միջազգային պատժամիջոցները:
Պայմանագրի իրագործման քայլերը
2015 թվականի հուլիսի 20-ին Համապարփակ պայմանագիրը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից համընդհանուր հավանության արժանացավ: Հոկտեմբերի 13-ին հավանություն տվեց նաև Իրանի Մեջլիսը: Հոկտեմբերի 18-ին մտավ ուժի մեջ: Այդ օրվանից կողմերը սկսեցին քայլեր ձեռնարկել պայմանագրի դրույքները կատարելու ուղղությամբ: Միջազգային փորձագետները թույլտվություն ստացան Իրանի միջուկային տարածքներ մտնելու համար, դեկտեմբերի 15-ին ՄԱԳԱՏԷ-ն փակեց Իրանի միջուկային «գործը» և դրա ռազմական ուղղվածության հարցը:
Պայմանագրի համաձայն՝ Իրանը 2015 դեկտեմբերին Ռուսաստան էր ուղարկելու մոտ 11 տոննա 20 տոկոս հարստացված ուրան: ՌԴ-ն իր կողմից Իրանին փոխանցեց 197 տոննա ուրանային խտանյութ, որն օգտագործվում է ատոմակայանի կարիքների համար: Ղազախստանն իր հերթին տվեց 60 տոննա բնական ուրան։ 2016 թվականի հունվարի 16-ին ՄԱԳԱՏԷ-ն հաստատեց, որ Համապարփակ պայմանագրի բոլոր կետերը Իրանը պարտաճանաչ կատարում է: Նույն օրը ԵՄ-ն, ՄԱԿ-ը և ԱՄՆ-ը չեղարկեցին մի շարք պատժամիջոցներ:
Համատեղ հանձնաժողով
Ստեղծվեց համատեղ հանձնաժողով՝ Եվրաեռյակի և Իրանի միջև բոլոր վիճահարույց հարցերը քննարկելու համար: Հանձնաժողովի նիստերն անց էին կացվում Նյու Յորքում կամ Ժնևում: Եթե որևէ կողմ թերանում էր իր պարտականություններում, հանձնաժողովն իրավասու էր հարցը դնել քննարկման:
Ինչո՞ւ ԱՄՆ-ը դուրս եկավ պայմանագրից
Բարաք Օբամայի նախագահության տարիներին՝ 2009-2017 թվականներին, ԱՄՆ-ն ակտիվորեն մասնակցել էր Համապարփակ համաձայնագրի մշակմանը: 2017 թվականին Թրամփը մեղադրեց Իրանին համաձայնագրի դրույթները չկատարելու համար: ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի ամբիոնից 2017 թվականի սեպտեմբերին Թրամփն Իրանի հետ Համապարփակ համաձայնագիրն անվանեց «ԱՄՆ պատմության մեջ ամենավատ գործարքը», իսկ Իրանին անվանեց «անտեսված երկիր, որը բռնություն, արյուն և քաոս է արտահանում»: Թրամփի կարծիքով՝ փաստաթղթում թերի են մնացել Իրանին հսկելու մեխանիզմները:
2018 թվականի մայիսի 8-ին, չնայած ՄԱԳԱՏԷ-ի բոլոր հավաստիացումներին, թե Իրանը կատարում է իր պարտավորությունները, ԱՄՆ-ը միակողմանի դուրս եկավ պայմանագրից: Օգոստոսից ԱՄՆ-ը մասնակի վերականգնեց պատժամիջոցները: Իսկ նոյեմբերից վերականգնվեցին բոլոր պատժամիջոցները, այդ թվում՝ նավթի արտահանումը: 700-ից ավելի բանկեր և ֆիզիկական անձինք, ինչպես նաև Իրանի հետ առևտրով զբաղվող բազմաթիվ երկրներ ենթարկվեցին պատժամիջոցների:
Իրանը փորձե՞ց պահպանել համաձայնագիրը
Իրանի նախագահ Հասան Ռոհանին ասաց, որ ԱՄՆ-ի քայլն իրենց համար «ճանապարհ է բացում ցանկացած քայլերի համար»: Ռոհանին նաև ասաց, թե այդ պահից սկսած՝ պայմանագիրը գործում է Իրանի և 5 երկրի միջև: Հետո Ռոհանին ավելացրեց՝ եթե եվրոպական երկրները կարողանան փոխհատուցել ԱՄՆ պատժամիջոցների հետևանքները Իրանի տնտեսության համար: Բացի դրանից՝ երաշխիքներ պահանջեց, որ եվրոպական բանկերը կշարունակեն համագործակցել Իրանի հետ:
2018 թվականի հուլիսին 5 երկրները՝ ՌԴ-ն, Չինաստանը, Գերմանիան, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան որոշեցին շարունակել պայմանագիրը և ավելացնել տնտեսական համագործակցության սահմաններն Իրանի հետ: Միևնույն ժամանակ որոշեցին պաշտպանել իրենց բանկային համակարգը ԱՄՆ ներգործությունից: Որոշվեց նաև ստեղծել հատուկ ֆինանսական մեխանիզմ, որի միջոցով հնարավոր կլիներ շարունակել համագործակցել Իրանի հետ՝ շրջանցելով ԱՄՆ պատժամիջոցները: Մշակվեց INSTEX-ը՝ առևտրային հաշվարկների աջակցման գործիք կոչվող մեխանիզմը:
Սպառնալիքներ
2019 թվականի մայիսի 8-ին՝ ԱՄՆ պայմանագրից դուրս գալուց ուղիղ մեկ տարի անց, Թեհրանը տեղեկացրեց հնգյակի երկրներին, որ դադարեցնում է իր պարտականությունների կատարումը 2 ամսով՝ մինչև հուլիսի 7-ը: Դա ժամանակ էր Եվրաեռյակին, որպեսզի վերջիններս կատարեին Իրանի տնտեսությանն օժանդակելու՝ նավթի արտահանման և բանկային պատժամիջոցների շրջանցմանը վերաբերող խոստումները:
Մայիսի 15-ին Իրանը դադարեցրեց հարստացված ուրանի վաճառքն այլ երկրներին: Հունիսի 17-ին հայտարարեց, որ իրեն իրավունք է վերապահում իր երկրի տարածքում պահել ավելի քան 300 կգ հարստացված ուրան: Հուլիսի 1-ի դրությամբ՝ երկրում հարստացված ուրանի պաշարները գերազանցեցին 300 կգ-ը: Դա փաստեցին ՄԱԳԱՏԷ-ի փորձագետները:
Հուլիսի 1-ին երկրի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարեց, որ հաջորդ քայլը լինելու է Համապարփակ համաձայնագրից հրաժարումը կոնկրետ 3․67% ուրանի հարստացման մասով: Դա նշանակում է, որ Իրանը չի բացառում «դարձ ի շրջանս յուր», այսինքն՝ վերադարձ դեպի նախնական փուլ, երբ չկար ստորագրված ոչ մի համաձայնագիր: Երկրի նախագահը հայտարարեց, որ Իրանը կկատարի իր պարտականությունները, եթե մյուս կողմը ևս կատարի իր պարտականությունները:
Գործարկում են INSTEX մեխանիզմը
2019 թվականի հունիսի 28-ին Գերմանիան, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան գործարկեցին INSTEX մեխանիզմը: Դրան կարող են միանալ նաև երրորդ երկրներ: Այդ վճարային համակարգը ենթադրում է առևտրային գործարքներ առանց դոլարի, այսինքն՝ շրջանցելով ԱՄՆ պատժամիջոցները: Առաջին փուլում դա վերաբերելու է բժշկական սարքավորումներին և դեղերին, արդյունաբերական ապրանքներին, սարքավորումներին: Թեհրանում չեն բացառում, որ նոր վճարային համակարգից շուտով կօգտվեն նաև իրանական նավթի արտահանման դեպքում: