Ո՞րտեղ է հիմա իր երազանքը թղթին նկարած տղան. Ինչպե՞ս դասավորվեց նրա ապագան իրական կյանքում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 04 2025
  • $
    391.08
  • RUBLE
    4.60
  • 433.28
WEATHER
+4.09 oC

Ո՞րտեղ է հիմա իր երազանքը թղթին նկարած տղան. Ինչպե՞ս դասավորվեց նրա ապագան իրական կյանքում

10:46 26.08.2019

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, սեպտեմբերի 2-ից մեր եթերում կցուցադրվի «Թղթե երազանք» բազմասերիանոց ֆիլմը, որը հիմնված է իրական պատմությունների վրա, և որի հերոսների կերպարներն իրական նախատիպեր ունեն: Նրանցից մեկի՝ համակարգիչ նկարած տղայի մասին է մեր այս տեսանյութը։

Ինչպես դասավորվեց նրա ապագան կինոյում և իրական կյանքում: Ո՞րտեղ է հիմա իր երազանքը թղթին նկարած տղան: Արդյո՞ք նա կարողացավ հաղթահարել կյանքի բազմաթիվ դժվարությունները, որ ամեն պահի ստիպում էին պայքարել, և տղայական սկզբունքների ու  ապագայի մասին երազանքների միջև ընտրել գուցե ազնիվ, բայց ոչ ամենաճիշտ ճանապարհը: Հովիկն արդեն հասուն տղա է, 19 տարեկան:  Բայց այսօրվա Հովիկի  մասին մի փոքր ավելի ուշ… Մենք ծանոթացել էինք Հովիկի և տիկին Անահիտի հետ 5 տարի առաջ, երբ «Շանթն» իր հերթական բարեգործական նախաձեռնության շրջանակներում խելացի, ընդունակ բայց խիստ կարիքավոր ընտանիքներում ապրող երեխաներ էր փնտրում: Շատ հաճախ կարիքն ու ընտանեկան ծանր վիճակը խոչընդոտ են դառնում նման երեխաների հետագա առաջխաղացման համար: Այդպիսի երեխաներ հասկանալի պատճառներով դեռ շատ կան Գյումրիում: «Շանթի» նախաձեռնության նպատակը Գյումրիում «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի ստեղծումն էր, որը նման երեխաների համար սոցիալական դժվարությունները հաղթահարելու մի հարթակ կլիներ: Հովիկն այդ երեխաներից մեկն էր: Տարիներ անց, երբ արդեն կար և՛ «Թումոն», և՛  «Շանթի» բնակարանային ծրագրով բազմաթիվ այդպիսի երեխաների նաև օթևանության ու կենցաղային խնդիրներ էին լուծվել, մի նոր նախաձեռնություն ծնվեց՝ այս իրական պատմությունների մասին ֆիլմ նկարահանելու գաղափարը: Եվս մեկ տարի անց գաղափարն իրականություն դարձավ՝ «Թղթե երազանք» վերնագրով, որի գլխավոր հերոսի կերպարում, Հովիկն իր մանկությունից շատ դրվագներ  կգտնի:

Հովիկն այն ժամանակ 14 տարեկան էր, սովորում էր 9-րդ դասարանում: Եկել էր ընտրության պահը: Կամ ընդունվել ավագ դպրոց ու շարունակել ուսումը ֆիզիկա-մաթեմատիկական թեքումով բաժնում, կամ դուրս գալ դպրոցից ու արհեստ սովորել, զուգահեռ աշխատել ինչ-որ տեղ, ցանկացած մի տեղ, որտեղ օրվա հացը կարելի էր վաստակել: Ուսումը շարունակելու հեռանկարը, իհարկե, շատ ավելի գրավիչ էր, լուսավոր, բայց ծանր իրականությունը Հովիկին բնազդաբար դեպի մյուս ճանապարհն էր տանում՝ պետք էր մայրիկին օգնել, պետք էր տունը պահել:

Հովիկի նպատակները գուցե փոխվեին, եթե մեր առաջին նկարահանումից ընդամենը օրեր անց բարի մարդիկ Հովիկին չնվիրեին այդքան երազած համակարգիչը, եթե «Շանթի» նախաձեռնությունը չլիներ ու Գյումրիում «Թումո» չկառուցվեր, եթե Հովիկը չդառնար «Թումոյի» առաջին ու լավագույն սաներից մեկը, եթե Հովիկը չշարունակեր ուսումը Գյումրիի ամենահեղինակավոր վարժարաններից մեկում, իր նախընտրած ֆիզիկա-մաթեմատիկական ուղղությամբ, եթե «Շանթն» ու Հայաստան համահայկական հիմնադրամի բարերարներն ամեն ինչով կահավորված բնակարան չնվիրեին Հովիկին ու տիկին Անահիտին:

Հովիկն արդեն ճիշտ ճանապարհին էր, և պատմությունը կարելի էր այսքանով ավարտել, եթե չլիներ «Թղթե երազանք» ֆիլմի նախաձեռնությունը: Նորից սկսեցինք Հովիկին փնտրել. պարզվեց՝ զինվոր է, արդեն 8 ամսվա զինվոր ու ծառայում է Հայաստանի զորամասերից մեկում:  Պաշտպանության նախարարության հատուկ թույլտվությամբ մեկնեցինք զորամաս, հասանք այն ժամանակ, երբ շարային պարապմունքներ էին ընթանում: Ստորաբաժանումներից մեկի հրամանատարն ասաց՝ Հովիկը շարքերում է:

Մի փոքր հեռվից դժվար էր միանգամից նրան ճանաչել: Հայացքս վերջին շարքերում էր փնտրում, կարճահասակ զինվորների մեջ: Հետո, երբ շարային քայլով դասակներն անցան, տեսա, որ Հովիկն առաջին շարքում է: Գնացինք ֆիզպատրաստության հրապարակ, Հովիկի ձգումներն էինք հաշվում, հետո զուգահեռափայտերին անցավ: «Է՞լ ինչ անեմ»,- ժպիտով հարցրեց Հովիկը: Մի քիչ էլ զինվորականի մասնագիտությանդ մասին  պատմիր, – պատասխանեցի Հովիկին: Քիչ հետո արդեն իր ռազմական գործիքի մոտ էր:

«Արծիվ 1՝  Արծիվ 2-ին: Կապի ստուգում…. Սիկ ռադիոկայան է, որով մենք կրնանք կապ հաստատենք վերադաս շտաբի հետ: Այսքանը, ավելին ասել քաղաքացիական անձանց չի թույլատրվում», – Հովիկը ներողություն խնդրեց, բայց ասաց, որ մասնագիտությունը միայն կապավորը չէ: Հրետանային զորամասում յուրաքանչյուրը նաև հրետանավոր է: Հովիկն էլ իր երկրորդ զինվորական մասնագիտությամբ նշանառու-հրետանավոր է: Հարցնում եմ, թե ի՞նչ է պետք լավ նշանառու լինելու համար: Պատասխանեց, որ հաշվարկներից պտի լավ էղնիս, մեկ էլ ուշադիր էղնիս, որ երբ թվեր կուտան ճիշտ լսես..․։

Թվերը Հովիկի մոտ արդեն հեշտ են ճշգրիտ կոորդինատների վերածվում:  Իրական թիրախ չի խոցել, թեև վստահ է, որ հաստատ չի սխալվի,  եթե իրական պատերազմական վիճակ ստեղծվի: Զրույցը զորանոցում ենք շարունակում: Հովիկի կրծքին երկու նշան եմ նկատում, մեկը պահապան խաչն է`  բոլոր զինվորիներին են տալիս, մյուսը ուսումնական զորամասի ավարտական նշանը, որը ինձ սկզբում մեդալ թվաց:   Ասում է,  թե զինվորների համար երեք մեդալ կա՝ Հայոց բանակի գերազանցիկ, Քաջարի զինվոր և Լավագույն զինվոր-մարզիկ:

Առաջարկում եմ ավելի լրջացնենք մեր զրույցը: Հարցնում եմ Հովիկին, թե ի՞նչ է մտածում իր անցած ճանապարհի, հաղթահարած դժվարությունների մասին ու թե ինչի է հասել հիմա․

«Հասա ընուր, որ սորվածս իզուր չգնաց կորավ… հնարավորություն ունեցա սորվելու իմ ուզածս տեղը՝ ակադեմիական վարժարան ու հետո կշարունակեմ իմ ուզած մասնագիտությամբ. ծրագրավորող կդառնամ, ես իմ ուզածիս վստահ եմ, որ կհասնիմ»:

Հովիկը ծրագրավորման 4 լեզուների է տիրապետում: Երկուսը դեռ Գյումրիի «Թումոյում» էր սովորել:  Վարժարանն ավարտելուց հետո  բարձր գնահատականներով, պետպատվերով՝ այսինքն անվճար, ընդունվել էր Ճարտարագիտական համալսարանի Գյումրիի մասնաճյուղի կիրառական մաթեմատիկայի  և ինֆորմատիկայի բաժինը: Առաջին կիսամյակը գերազանց ավարտելուց հետո զորակոչվել էր բանակ:

«Իսկ տեղյա՞կ ես «Շանթի» նոր ֆիլմի մասին, որտեղ նաև քո պատմությունն է», – հարցնում եմ Հովիկին ու տալիս եմ հեռախոսս, որպեսզի դիտի ֆիլմի թիզերը։

«Լիքը հիշողություններ կան իմ մանկությունից, լիքը հատվածներ կան, որոնք իրականում իմ կյանքում եղել են…..))»,-ասաց նա։

Չկոտրվելու, չնահանջելու, պայքարելու, կյանքի դժվարությունները հաղթելու մասին են ֆիլմն ու Հովիկի և նման մյուս պատմությունները:  Դրանց հիմքում աշխատասիրությունն է,  համառությունը,  ազնվությունը ու, անպայման, երազանք ունենալը, որը չի մնա թղթի վրա:

Հիշեցի նկարած համակարգիչն ու հարցրեցի, թե կ՞ա այն արդյոք:

«Իհարկե, կա,- պատասխանեց Հովիկը: Տանն է, նկարի շրջանակի մեջ՝ պատին փակցված…. Չէ՞ որ ամեն ինչ այդ նկարից էր սկսվել»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Telegraph. Բրիտանիան կարող է հինգ տարով զորքեր մտցնել Ուկրաինա

08:30 11.04.2025

Telegraph. Բրիտանիան կարող է հինգ տարով զորքեր մտցնել Ուկրաինա

Մեծ Բրիտանիան դիտարկում է ուկրաինական տարածքում մինչև 5 տարով զորք տեղակայելու հնարավորությունը՝ մինչև Ուկրաինան վերառազմականացվի։ Այս մասին հայտնում է Daily Telegraph թերթը՝ վկայակոչելով աղբյուրները։ Լոնդոնում և Փարիզում քննարկվող պլանի համաձայն՝ հակամարտությունը լուծելուց հետո արևմտյան զորքեր կարող են ուղարկվել Ուկրաինա՝ որպես «զսպող ուժ»՝ ռազմական գործողությունների վերսկսումը կանխելու համար: Ինչպես նշում է հրատարակությունը, Ֆրանսիան կարծում է, որ […] ...

Հանրահատ Ջենիֆեր Լոպեսը հանդես կգա «Հանրապետական» ստադիոնում

08:20 11.04.2025

Հանրահատ Ջենիֆեր Լոպեսը հանդես կգա «Հանրապետական» ստադիոնում

Հռչակավոր երգչուհի Ջենիֆեր Լոպեսը հրապարակել է իր Up All Night համերգային տուրի ժամանակացույցը: Ամերիկուհու շրջագայության վերջին համերգը կկայանա Երևանում: Համերգը տեղի կունենա օգոստոսի 3-ին «Հանրապետական» ստադիոնում: Երգչուհին 33 օրում ելույթ կունենա 17 քաղաքներում, որոնցից 7-ը՝ Իսպանիայում: ...

CNN. ԱՄՆ-ը չի լինելու առաջինը, ով կապ ունի Չինաստանի հետ մաքսատուրքերի հարցում

08:15 11.04.2025

CNN. ԱՄՆ-ը չի լինելու առաջինը, ով կապ ունի Չինաստանի հետ մաքսատուրքերի հարցում

ԱՄՆ-ը մտադիր չէ առաջինը կապ հաստատել Չինաստանի հետ մաքսատուրքերի շուրջ բանակցությունների համար, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներին։ Նրանց խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր ենթականերին ասել է, որ Չինաստանը պետք է անի առաջին քայլը, քանի որ, Վաշինգտոնի կարծիքով, հենց Պեկինն է սրել առևտրային հակամարտությունը՝ իր պատասխան մաքսատուրքերով։ Միաժամանակ, CNN-ը մատնանշում է, որ […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:05 11.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Էմիլիանո Մարտինեսի սադրանքը ՊՍԺ-ի դեմ խաղից առաջ

08:00 11.04.2025

Էմիլիանո Մարտինեսի սադրանքը ՊՍԺ-ի դեմ խաղից առաջ

«Ասթոն Վիլայի» դարպասապահ Էմիլիանո Մարտինեսը ՊՍԺ-ի դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղից առաջ կրկին ծաղրել էր Ֆրանսիայի հավաքականին: Արգենտինացին Փարիզում զբոսնել էր մի գլխարկով, որի վրա Ֆրանսիայի հավաքականի խորհրդանիշն է, որը, սակայն, ծածկված է Արգենտինայի հավաքականի նվաճած տիտղոսներով՝ աշխարհի գավաթով, Ամերիկայի գավաթով ու Ֆինալիսիմայով: Մարտինեսը, մեղմ ասած, սիրված չէ Ֆրանսիայում, քանի որ աշխարհի առաջնության […] ...

Ավտոտնակների փոխարեն՝ բարեկարգ բակ

23:59 10.04.2025

Ավտոտնակների փոխարեն՝ բարեկարգ բակ

Երևանի բոլոր վարչական շրջաններում իրականացվում է բակերի բարեկարգում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ապօրինաբար կառուցված ավտոտնակները քանդվում են, ընդլայնվում են բակային տարածքները: Մասնավորապես Արաբկիր վարչական շրջանում՝ Նիկողայոս Տիգրանյան փողոցի 10 հասցեում, հեռացվում է շուրջ 10 ավտոտնակ: Տեղում կառուցվելու է խաղահրապարակ, հարակից հատվածները կանաչապատվելու են: Կատարվող աշխատանքներին հետևել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը: ...

BACK_TO_TOP