Այսօր վարչապետի, կառավարության մի շարք անդամների հետ Լոռիում էինք, Դեբետ համայնքում: Այցելել էինք Հայաստանի մանուկների հիմնադրամի սմարթ կենտրոնը, որը մի նախաձեռնություն է՝ միտված մեր գյուղական համայնքների զարգացմանը` երեխաներից մինչև նրանց ծնողներ: Այդ կենտրոնում երեխաները սովորում են օտար լեզուներ, երգել, պարել, առողջ ապրել, ծրագրավորել, մասնակցում են տարատեսակ խմբակների` ռոբոտաշինություն, թատերական խմբակ և այլն: Իսկ նրանց ծնողները այդ ընթացքում նույնպես կարող են սովորել օտար լեզուներ և այլ նոր հմտություններ ձեռք բերել:
Կարող եք հարցնել, թե ինչու եմ ես սրա մասին գրում: Գրում եմ, որովհետև այն սփյուռքի մեր հայրենակիցների մի նախաձեռնություն է` միտված մեր երկրի ու հատկապես դրա գյուղական համայնքների զարգացմանը, որոնք դրա կարիքն ամենից շատ ունեն: Հենց զարգացմանը, մեր քաղաքացիների սեփական գիտելիքների և հմտությունների ուժեղացմանը, որպեսզի նրանք իրենց ամբողջ կյանքի ընթացքում կարողանան ինքնուրույն, առանց որևէ նվիրատվության կամ բարեգործության փոխել իրենց կյանքը և մեր երկիրը: Նման նախաձեռնությունները բարեգործություն չեն, նրանք վեր են դրանից, երբ սփյուռքի մեր հայրենակիցները պարզապես որևէ ապրանք, թեկուզ կարևոր, կամ ծառայություն են առաջարկում մայր հայրենիքում ապրող իրենց հայրենակիցներին: Այդ ժամանակներն անցել են կամ պետք է անցնեն:
Շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի մանուկների հիմնադրամի հիմնադիր Գարո Արմենին իրապես զարգացնող նախաձեռնության համար, որը կարող է օրինակ լինել բոլորի համար»: