ՀՀ ԱԺ պատգամավոր Էդգար Առաքելյանը նշել է, որ օրեցօր ավելանում են ճանապարհատրանսպորտային պատահարները եւ խնդիր է օր առաջ գտնել դրանց լուծման արդյունավետ տարբերակները, օրենսդրական շտկում պահանջող կարգավորումները: Պատգամավորը կարևորել է քաղաքային ոստիկանության ստեղծումը, շրջիկ տեսուչների գործունեությունը:
Ըստ ԱԺ պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի՝ պարբերաբար աճող Ճանապարհատրանսպորտային պատահարները պայմանավորված են թե՛ կարգազանց վարորդներով, թե՛ օրինախախտ հետիոտներով եւ թե՛ Հայաստան ներկրվող մեքենաների շեշտակի աճով: Նշվել է, որ վերջին ամիսներին մշակվում է փաթեթ, որով նախատեսվում է բալային համակարգի ներդնում, երթեւեկության կանոնների խախտման դեպքում ոչ միայն տուգանքներ են սահմանվելու, այլ նաեւ բալեր կորցնելու հետեւանքով վարորդը կարող է զրկվել անգամ վարորդական իրավունքից:
Հանրային հատվածի ներկայացուցիչներն իրենց ելույթներում անդրադարձել են մի շարք խնդիրների, հանդես եկել դրանց լուծման առաջարկներով: Երկարաժամկետ ծրագրում առաջարկվել է ներդնել զրոյական մահացության հայեցակարգ, միջնաժամկետում՝ բալային համակարգ, քաղաքային ոստիկանություն, ճանապարհային երթեւեկության նկատմամբ հանրային վերահսկողությունը երաշխավորող մեխանիզմներ, կարճաժամկետ պլանում կարեւորվել է ոստիկանության ծառայողներին խրախուսելը, աշխատավարձերի բարձրացումը:
Անդրադարձ է կատարվել ճանապարհատրանսպորտային պատահարների եւ դրանց հետևանքով զոհերի մտահոգիչ վիճակագրությանը, օրինազանց հետիոտներին ևս պատասխանատվության ենթարկելու խնդրին: Ճանապարհատրանսպորտային դեպքերի կանխարգելման հարցում ընդգծվել է ճանապարհների բարեկարգման անհրաժեշտությունը: Կարգազանց վարորդներին պատասխանատվության ենթարկելու հարցում որպես պատժի տեսակ քննարկվել է հանրային աշխատանքների իրականացման հարցը: