Փաշինյանը և Տուսկը հանդես են եկել երկկողմ բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարություններով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.45
  • RUBLE
    3.86
  • 409.74
WEATHER
+8.09 oC

Փաշինյանը և Տուսկը հանդես են եկել երկկողմ բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարություններով

15:50 10.07.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը Հայաստանի կառավարությունում կայացած բանակցություններից հետո հանդես են եկել ԶԼՄ ներկայացուցիչների համար հայտարարություններով:

Ստորև ներկայացվում է հայտարարությունների տեքստի սղագրությունն ամբողջությամբ.

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյան

–  Մեծարգո պարոն նախագահ,
լրատվամիջոցների հարգարժան ներկայացուցիչներ,
տիկնայք և պարոնայք,

Ես անչափ ուրախ եմ ողջունել նախագահ Տուսկին Հայաստանում: Համեմատաբար կարճ ժամանակահատվածում ես մի քանի առիթ եմ ունեցել հանդիպելու պարոն Տուսկին: Մեր բոլոր շփումները շատ տպավորիչ են եղել՝ անցնելով բարեկամության և կառուցողական երկխոսության մթնոլորտում:

Այսօր ևս մենք ունեցանք շատ արդյունավետ քննարկում: Անդրադարձանք Հայաստան–Եվրոպական միություն հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակի: Մտքերի փոխանակում ունեցանք քաղաքական և ճյուղային, այսպես կոչված, սեկտորալ համագործակցությանը, ինչպես նաև Հայաստանի ներքին կյանքին և տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցերի շուրջ:

Ես վերահաստատեցի օրենքի գերակայության և ժողովրդավարության ամրապնդման, ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարի Հայաստանի իշխանությունների որդեգրած հանձնառությունը:

Հանդիպման ընթացքում ես նաև խոսեցի Հայաստանում իրականացվող բարեփոխումների մասին՝ հիշատակելով անկախ դատաիրավական համակարգ կառուցելու ուղղությամբ մեր ներկայիս գործադրած ջանքերը: Ընդգծեցի, որ այդ առումով Հայաստանը մեծապես կարևորում է եվրոպական հաստատությունների, այդ թվում՝ ԵՄ աջակցությունը և հայտնում իր երախտագիտությունը ցուցաբերվող օժանդակության և գաղափարական զորակցության համար:

Ընդգծեցի ԵՄ և ԵՄ անդամ պետությունների հետ համագործակցության ընդլայնման վերաբերյալ Հայաստանի իշխանությունների քաղաքական հանձնառությունը:

Երկուստեք նշվեց Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին պայմանագրի մեծ նշանակությունը և եվրոպական երկրների կողմից այն շուտափույթ վավերացնելու կարևորությունը:

Տվյալ պայմանագիրը մի գործիք է, որի իրականացումը ոչ միայն նպաստելու է Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացմանը, այլ նաև օգնելու է Հայաստանի իշխանությունների բարեփոխումների օրակարգի իրականացմանը:

Այս առումով ես ցանկանում եմ տեղեկացնել, որ Հայաստանի կառավարության գերատեսչությունները Եվրամիության համապատասխան մարմինների հետ համագործակցությամբ մշակել են Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին պայմանագրի իրականացման Ճանապարհային քարտեզը: Այն իմ կողմից հաստատվել է հունիսի 1-ին՝ Պայմանագրի ժամանակավոր կիրառման սկզբից ուղիղ 1 տարի անց: Հունիսի 13-ին Պայմանագիրն արժանացավ նաև Հայաստան-ԵՄ գործընկերության խորհրդի երկրորդ հանդիպման հավանությանը:

Մենք անդրադարձանք նաև Հայաստան- Եվրամիություն մուտքի արտոնագրերի ազատականացման վերաբերյալ երկխոսություն սկսելու խնդրին: Իմ կողմից նշվեց Հայաստանի շահագրգռվածությունն այս հարցում, հատկապես, միջանձնային շփումների ընդլայնման անհրաժեշտության տեսանկյունից: Ես դիմեցի նախագահ Տուսկին՝ Եվրամիության անդամ պետություններին այս ուղերձը փոխանցելու խնդրանքով:

Անդրադարձ եղավ նաև Արևելյան գործընկերությանը, որն այս տարվա մայիսին նշեց իր հիմնադրման 10-րդ տարեդարձը:

Մենք զրուցեցինք նաև տարածաշրջանային խնդիրների մասին: Երախտագիտություն հայտնեցի ԵՄ կողմից Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում հավասարակշռված դիրքորոշում ցուցաբերելու և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դիրքորոշումն աներկբայորեն պաշտպանելու համար: Համոզվածություն հայտնեցի ԵՄ այս կեցվածքի շարունակականության հարցում:

Ավարտելով խոսքս, հարգելի գործընկերներ, ցանկանում եմ նախագահ Տուսկին վերստին շնորհակալություն հայտնել արդյունավետ համագործակցության համար:

Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ նաև մեր բոլորի անունից հաջողություն և նորանոր ձեռքբերումներ մաղթել նրան ապագա գործունեության մեջ:

Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկ

 Շնորհակալություն, սիրելի պարոն վարչապետ, Ձեր ջերմ ողջույնի և մեր գերազանց քննարկումների համար:

Սա իմ առաջին այցելությունն է Երևան Հայաստանի խաղաղ հեղափոխությունից ի վեր: Ուրախ եմ հիմա գտնվել այստեղ, և Հայաստանի դրական դինամիկան նոր հնարավորություններ է ստեղծել մեր համագործակցության համար: Իմ այցելությունն ապացույցն է այն կարևորության, որը Եվրամիությունը վերագրում է Հայաստանի և տարածաշրջանի հետ մեր հարաբերություններին:

Մեր այսօրվա քննարկումն ընդգծեց մեր գործընկերության համաձայնագրի արդյունավետ իրականացումը: Այն հավակնոտ համաձայնագիր է, որը սատարում է Հայաստանի արդիականացմանը: Եվրոպական միությունը կշարունակի տրամադրել տեխնիկական և ֆինանսական օժանդակություն այս համաձայնագրի իրականացման համար:

Վարչապետը և ես նաև համաձայնեցինք, թե որքան կարևոր է օրենքի գերակայությունը, կոռուպցիայի դեմ պայքարը և մարդու իրավունքների հանդեպ հարգանքը: Եվրամիությունը ողջունում է անկախ, արդյունավետ և հաշվետու դատական համակարգ ստեղծելու նկատմամբ ուշադրությունը: Կուռ դատական համակարգն էական բաղադրիչ է ժողովրդավարության հասնելու և տնտեսական ու սոցիալական զարգացման համար: Այստեղ ևս Եվրամիությունը շարունակելու է աջակցել փորձագիտական օժանդակությամբ և լրացուցիչ ռեսուրսները մոբիլիզացնելով:

Մենք քննարկեցինք նաև մասնագիտացված հակակոռուպցիոն հանձնաժողովի ստեղծումը:

Ճանաչելով կառավարության բարեփոխումների ուղղությամբ ջանքերը՝ Եվրամիությունը համարյա կրկնապատկել է 2019 թվականի համար մեր օժանդակությունը Հայաստանին: Այս միջոցները կօգնեն գերակա ծրագրեր իրականացնել, ներառյալ ենթակառուցվածքային և բնապահպանական: Այս համատեքստում ես սպասում եմ Սևանա լիճ իմ այսօրվա այցելությանը: Եվրամիությունն այստեղ սատարելու է ջրային ռեսուրսների կառավարմանը, ինչպես փոխհամաձայնեցվել էր վարչապետ Փաշինյանի՝ Բրյուսել կատարած վերջին այցի ժամանակ: Ես առիթ կունենամ նաև այցելել Սևանավանքը՝ մի հուշարձան, որը եվրոպական մշակույթի վրա Հայաստանի հազարամյա ազդեցության ապացույց է:

Այսօր մենք քննարկեցինք նաև Լեռնային Ղարաբաղի չհանգուցալուծված հակամարտությունը: Եվրամիությունը քաջալերված է այս տարվա զարգացումների դինամիկայով և ժողովուրդներին խաղաղության պատրաստելու ու մարդասիրական խնդիրների վրա շեշտադրում կատարելու պատրաստակամությամբ: Մենք նաև կիսում ենք Մինսկի խմբի համանախագահների մտահոգությունը շփման գծի երկայնքով վերջին զոհերի ինչպես նաև էսկալացիոն հայտարարությունների վերաբերյալ: Երկու կողմերն էլ պետք է զսպվածություն ցուցաբերեն և միջոցներ ձեռնարկեն՝ վերականգնելու համար այն միջավայրը, որը նպաստավոր կլինի խաղաղության, իրական բանակցությունների համար: Հակամարտությունը ռազմական լուծում չունի, և այստեղ քաղաքական հանգուցալուծում է պետք, որը կհամապատասխանի միջազգային իրավունքի սկզբունքներին: Եվրամիությունը շարունակում է լիարժեքորեն աջակցել Մինսկի խմբի համանախագահների ջանքերին և շեշտադրությանը՝ գտնելու արդար և տևական հանգուցալուծում՝ ելնելով Հելսինկիի եզրափակիչ ակտի հիմնական սկզբունքներից: Եվրամիությունն արդեն սատարում է խաղաղության կառուցման գործողություններին և պատրաստ է սատարել ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու միջոցառումներին:

Պարոն վարչապետ, թույլ տվեք ավարտեմ, վերստին ձեզ շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար: Ինձ քաջալերում և խրախուսում է Ձեր ղեկավարությամբ առաջընթացը, և ես ուզում եմ հավաստիացնել, որ Եվրոպական միությունը շարունակելու է սերտորեն աշխատել Հայաստանի հետ և Ձեզ հետ՝ ի օգուտ բոլոր հայերի:

Շնորհակալություն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

10:35 22.11.2024

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ նոյեմբերի 21-22-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 109 դեպք, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ թմրանյութի հայտնաբերման՝ 27, տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 24, ֆիզիկական ներգործության` 9, անձնական ունեցվածքի գողության ու խարդախության՝ 8-ական, մարմնական վնասվածք պատճառելու, հոգեկան […] ...

Խիստ մտահոգված և անհանգստացած ենք Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Լիբանանում, ահագնացող անվտանգային իրավիճակով․ Փաշինյան

10:26 22.11.2024

Խիստ մտահոգված և անհանգստացած ենք Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Լիբանանում, ահագնացող անվտանգային իրավիճակով․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիբանանի վարչապետ Նաջիբ Միկաթիին Անկախության օրվա առթիվ: Շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Լիբանանի բարեկամ ժողովրդին անկախության օրվա առթիվ: Հայաստանի և Լիբանանի հարաբերությունների հիմքում ընկած են երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունը, փոխշահավետ համագործակցությունը և փոխադարձ հարգանքը, ինչը լավագույնս բնորոշում է Հայաստանի և Լիբանանի քաղաքական հարաբերությունների […] ...

Թմրանյութի հայտնաբերման դեպքերով կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին

10:20 22.11.2024

Թմրանյութի հայտնաբերման դեպքերով կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին

Գեղարքունիքի մարզի պարեկները Երևան-Սևան-Իջևան ճանապարհին ծառայություն կատարելիս ստուգման նպատակով կանգնեցրել են «Ֆորդ» մակնիշի մի մեքենա։ 34-ամյա ուղևորը պարեկներին է ներկայացրել դեղնականաչավուն զանգվածով թղթե փաթեթ և կաթուցիչ։ Վարորդը և ուղևորը թմրանյութ պահելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել են Համայնքային ոստիկանության Սևանի բաժին, որտեղ ուղևորը իրավապահներին հայտնել է, որ ներկայացվածը մարիխուանա է՝ իր անձնական օգտագործման համար։ Նոյեմբերի […] ...

Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 22-ին

10:16 22.11.2024

Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 22-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 389 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 391 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 408 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 414 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․84 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 3․88 դրամ։   ...

Պենտագոնը հայտարարել է, որ Ուկրաինան զգուշացվել է հնարավոր հրթիռային հարձակման մասին

10:00 22.11.2024

Պենտագոնը հայտարարել է, որ Ուկրաինան զգուշացվել է հնարավոր հրթիռային հարձակման մասին

ԱՄՆ-ը նախապես զգուշացրել է Ուկրաինային և դաշնակիցներին Ռուսաստանի կողմից «Օրեշնիկ» հրթիռի կիրառման հավանականության մասին։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղարի տեղակալ Սաբրինա Սինգհը։ «Մենք իսկապես տեղեկացրել ենք Ուկրաինային, մեր գործընկերներին և դաշնակիցներին այդ զենքի կիրառման հնարավորության մասին», – ասել է Սինգհը։ Հարցին, թե ինչ միջոցներ կարող էր ձեռնարկել Ուկրաինան նման հարվածի […] ...

Սպիտակ տուն. Բայդենը չի խուսափել մամուլի հետ խոսել G20-ի և APEC-ի գագաթնաժողովներում

09:53 22.11.2024

Սպիտակ տուն. Բայդենը չի խուսափել մամուլի հետ խոսել G20-ի և APEC-ի գագաթնաժողովներում

Սպիտակ տունը հայտնել է է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չի խուսափել լրագրողների հետ խոսելուց՝ Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (APEC) և G20 խմբի (G20) գագաթնաժողովներին մասնակցելու համար Պերու և Բրազիլիա կատարած իր այցի ընթացքում, այլ կենտրոնացել է օտարերկրյա առաջնորդների հետ շփվելու վրա: «G20-ը և APEC-ը Բայդենի վերջին հնարավորությունն էին շփվելու որոշ համաշխարհային առաջնորդների հետ, որոնց հետ […] ...

BACK_TO_TOP