Ինչո՞ւ «Արսենալը» չկարողացավ հաղթել հանուն Մխիթարյանի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 04 2025
  • $
    391.10
  • RUBLE
    4.61
  • 422.27
WEATHER
+11.09 oC

Ինչո՞ւ «Արսենալը» չկարողացավ հաղթել հանուն Մխիթարյանի

22:34 30.05.2019

Կասկածից վեր է, որ Եվրոպա լիգայի եզրափակչին լրացուցիչ և շատ մեծ ինտրիգ հաղորդեց Հենրիխ Մխիթարյանի գործոնը, ընդ որում, խնդիրը ոչ թե մարզական էր, այլ շատ խորը քաղաքական: Մխիթարյանի մասին ավելի ուշ,  իսկ հիմա փորձենք հասկանալ, թե ինչպիսին կլինեին  հանդիպումը և հանդիպման շուրջ կարծիքները,  եթե Մխիթարյանի հանգամանքն ընդհանրապես չլիներ, եթե նա հանդես չգար «Արսենալում»:

Լոնդոնցի երկրպագուների՝  Բաքու հասնելու բարդությունները որևէ կապ չունեին թե՛ Մխիթարյանի, թե՛ հայազգի մարզասերների հետ:  Թիմերից յուրաքանչյուրի համար նախատեսված էր 5800 տոմս, որը կազմում էր մարզադաշտի ընդհանուր տեղերի մոտ 10 տոկոսը: Քիչ տոմսեր հատկացնելն էլ իր բացատրությունն ուներ և կապված էր Բաքվի միջազգային օդանավակայանի փոքր թողունակության հետ:

Ակումբները, սակայն, հատկացված տոմսերն էլ չկարողացան ամբողջությամբ իրացնել: Ի վերջո,  «Արսենալը» հետ տվեց 2300, իսկ «Չելսին»՝  3800 տոմս, այսինքն՝ հատկացված տոմսերի կեսից ավելին:

Այցը  շատերի համար չափազանց թանկ էր ու անհարմար:  Միջինը 2000 ֆունտ սթերլինգ, կամ մոտ 2300 եվրո: Ամենամատչելի ճանապահային քարտեզն էլ սա է.  Լոնդոն-Ստամբուլ-Թբիլիսի, հետո գնացքով Բաքու: Բայց սա էլ դեռ ամենաերկար տարբերակը  չէր:  Լոնդոնցների մի մասը երկու օրից ավելի էր անցկացրել ճանապարհներին:

 « Մենք Լոնդոնից թռանք Էյնդհովեն, Էյնդհովենից Վիեննա, Վիեննայից Քութաիս: Քութաիսից մեկնեցինք Թբիլիսի, Թբիլիսիից՝ Բաքու: Ընդամենը երկու օր և մարզադաշտում էինք»,- հեգնական տոնայնությամբ ասել է Լոնդոնից ժամանած զբոսաշրջիկներից մեկը:   

Երկօրյա թանկ ու հոգնեցնող ճանապարհորդությունից 6000-ից ավելի անգլիացիների հրաժարվելու արդյունքում Բաքվի մարզադաշտի մի մասը մնաց դատարկ: Եվրոպական եզրափակիչների համար սա արտառոց երևույթ էր: Քանի որ տաքարյուն անգլիացի երկրպագուները քիչ էին, տրիբունաներում խաղաղություն էր տիրում: Խաղաղ ու հանգիստ էր, համենայնդեպս այնքան, որ որոշ երկրպագուներ նույնիսկ եզրափակիչ խաղի ժամանակ քնեցին:


 
Երկրպագուն արթնացավ «Չելսիի» առաջին գնդակից հետո: Այն, որ Բաքվում ավելի շատ են հենց «Չելսիի» երկրպագուները՝ ևս կասկածից վեր է, ընդ որում, այս դեպքում էլ խնդիրը միայն հայազգի ֆուտբոլիստի հետ չէ կապված:

Բավական է նշել, որ «Չելսիի» սեփականատերը՝ մեծահարուստ Ռոման Աբրամովիչը, ադրբեջանցի միլիարդատեր՝ ISR Holding ընկերության նախագահ Իսկանդեր Հալիլովի հետ է մտերիմ: Հենց Հալիլովի հետ էր Աբրամովիչը խաղից առաջ հանդիպել Բաքվի հյուրանոցներից մեկում, իսկ խաղից հետո ադրբեջանական լրատվամիջոցներից մեկը հետևյալ, ոչ լրատվական ու ոչ կոռեկտ վերնագրով հոդված հրապարակեց՝ «Չելսին» նվաստացրեց «Արսենալին»:

Գուցե սա նաև պատասխան էր Բաքվի մարզադաշտի անհարմարությունների ու մյուս խոչընդոտների մասին բազմաթիվ մարդկանց արձագանքներին: Համացանցը հեղեղվել էր բացասական կարծիքներով: Երկրպագուները դժգոհ էին նրանից, որ խաղադաշտը շատ հեռու է տրիբունաներից, իսկ հեռուստադիտողները դժգոհ էին, որ հիմնական տեսախցիկը  շատ բարձր է դրված: Twitter-ի իր էջում ուշագրավ գրառում էր արել անգլիացի հայտնի ֆուտբոլիստ, այժմ մեկնաբան Գարրի Լինեկերը:

      «Դու հսկայական ճանապարհ ես անցնում, որպեսզի դիտես եզրափակիչը: Իսկ հիմա տրիբունայում նստած ես, և նույն հեռավորությունն է, ինչ եթե տանը հեռուստացույցով դիտեիր»,- գրել է Լինեկերը: 

Ռուս ֆուտբոլիստ Անդրեյ Արշավինն էլ, պատճառ բերելով դաշտի հեռավորությունը, նշել էր, որ շփոթում է խաղացողներին:  Մեկնաբան Գաբի Կիրխներն էլ կատակել էր, թե չի կարող դիտել խաղը, քանի որ վախենում է բարձրությունից:

Անցնենք Մխիթարյանին: Հավանաբար, շատերն էին սպասում, որ խաղի ընթացքում տրիբունաներին Մխիթարյանի ազգանունն ու 7 համարի մարզաշապիկը կտեսնեն: Ադրբեջանական անվտանգությունը ամեն ինչ արել էր, որ դա տեղի չունենա: Դրանում համոզվելու համար ռուսական  Sport24  կայքի լրագրող Յարոսլավ Կուլեմինը նույնիսկ հատուկ փորձարկում էր արել:

  «Մխիթարյանի համարով և ազգանվամբ մարզաշապիկը վերցրին, շուռ տվեցին ամբողջ պայուսակս, հետո, ցույց տալով  մարզաշապիկը, ասացին, որ Ադրբեջանի իշխանությունների պահանջով չի կարելի սրանով մուտք գործել մարզադաշտ: Այնուհետև ստիպեցին, որ ջնջենք այդ ընթացքում նկարահանած տեսանյութը»,- Twitter-ի իր էջում գրել էր Կուլեմինը:  

Խաղից մեկ օր առաջ էլ տեղի էր ունեցել մեկ այլ  միջադեպ, երբ ոստիկանները կանգնեցրել էին Բաքվի փողոցներում Մխիթարյանի մազաշապիկով զբոսնող երկրպագուներին: Դրա նախորդ օրը «Արսենալի» երկրպագուները երգում էին փողոցներում. «Մենք եղել ենք Ղարաբաղում և ամենուր»:

Ադրբեջանական մամուլում այլ մեկնաբանություն տվեցին այս ամենին, իբր թե անգլիացի երկրպագուները նկատի են ունեցել այն, որ «Արսենալը» հանդիպել է ադրբեջանական «Կարաբախ» ակումբի հետ:

Երկրպագուների հաջորդ օրվա երգի բառերն արդեն ոչ մի բանի հետ շփոթել, կամ այլ կերպ մեկնաբանել չէր լինի՝ «Մխիթարյան, մենք քեզ սիրում ենք ավելի շատ, քան դու կարող ես պատկերացնել»:

Երգն, իհարկե, դուր չեկավ տեղացիներին և երեկոյան քաշքշուկ ու ծեծկռտուք սկսվեց երկրպագուների հետ: Գործի դրվեցին քարեր ու կոտրած շշեր:


Քիչ թե շատ չեզոք էին փորձում մնալ «Արսենալի»՝ ադրբեջանցի երկրպագուները, որոնց համար Մխիթարյանը, միևնույն է, ընկալվում էր որպես թշնամի:

 « Ի՞նչ անենք, որ նա թշնամի է: Չէ՞ որ նա Ուկրաինայի քաղաքացի էլ է, խաղացել է Դոնեցկի «Շախտյորում», հետո՝ Դորտմունդի «Բորուսիայում», հետո՝ «Մանչեստեր Յունայթեդում», հետո՝ արդեն «Արսենալում»: Ինձ համար միևնույն է, թող նա գա: Մենք նրան ձեռք չենք տա, ոչինչ չենք անի: Չէ՞ որ մենք ադրբեջանցիներ ենք: Մերոնք էլ այնտեղ՝ Երևանում են մրցումների մասնակցել: Նրանց ձեռք չեն տվել, մենք էլ չենք անի», – ասել է ադրբեջանցի երկրպագուն:

  «Մեր տուրիզմի նախարարն անձամբ ելույթ ունեցավ այս թեմայով: Նա CNN հեռուստաալիքով կոնկրետ թղթակցի հետ էր շփվում և այսպես արտահայտվեց, ես կմեջբերեմ. «Մենք կարող ենք Մխիթարյանի համար առանձին հատուկ օդանավ ուղարկել, որը կուղեկցեն երկու F-16 ռմբակոծիչներ: Դրանից ավելի մենք ի՞նչ կարող էինք առաջարկել, որ նա գար»,- սա արդեն մեկ այլ ադրբեջանցու խոսքերից էր մեջբերում: 

 

Քաղաքական հարցերը մի կողմ, զուտ մարզական տեսանկյունից, իհարկե, դժվար է ասել, թե ինչպես կավարտվեր հանդիպումը, եթե Մխիթարյանը նույնպես մասնակցեր խաղին: Փաստն այն է, որ մեր առաջատարը ներկայումս ավելի շատ «Արսենալի» պահեստայինների նստարանին է, քան խաղադաշտում:

Մի բան, սակայն, հաստատ է, որ եզրափակիչ խաղին և ընդհանրապես վերջին շրջանում «Չելսին» ավելի լավ տպավորություն է թողնում և որոշ մասնագետների կարծիքով՝ օբյեկտիվորեն ավելի ուժեղ է:  Հաղթել «Չելսիին» հանուն Մխիթարյանի խոստումներն ավելի շատ էմոցիոնալ հողի վրա էին: Հաղթել «Չելսիին» պետք էր, ոչ թե հանուն Մխիթարյանի, այլ  շատ ուրիշ պատճառներով: Կային ոչ պակաս կարևոր խթաններ:

Եթե «Արսենալը» հաղթեր,  նախ՝ պատմության ընթացքում առաջին անգամ կնվաճեր Եվրոպա լիգայի գավաթը,  դուրս կգար Չեմպիոնների լիգայի եզրափակիչ և կվաստակեր 100 միլիոն ֆունտ սթերլինգ նոր տրանսֆերների համար:  Իսկ հիմա պետք է ամեն ինչ սկսել զրոյից:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Al Masirah. ԱՄՆ-ը նոր հարվածներ է հասցնում Եմենում հութիների թիրախներին

00:59 02.04.2025

Al Masirah. ԱՄՆ-ը նոր հարվածներ է հասցնում Եմենում հութիների թիրախներին

Միացյալ Նահանգների զինված ուժերը մի քանի նոր հարվածներ են հասցրել Եմենի երեք նահանգներին, որոնք գտնվում են Անսար Ալլահ շարժման հութի ապստամբների վերահսկողության տակ։ Այս մասին հայտնել է Al Masirah հեռուստաալիքը: Al Hadath հեռուստաալիքն էլ նշել է, որ հարձակման են ենթարկվել Ալ-Հոդեյդա և Սաադա նահանգները, ինչպես նաև Հաջա նահանգը։ Դեռևս տեղեկություններ չկան հարձակումների հետևանքների մասին։ ...

Գերմանիայի նախագահը պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջան

00:52 02.04.2025

Գերմանիայի նախագահը պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջան

Ապրիլի 1-ին պաշտոնական այցով Ադրբեջան է ժամանել Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը։ Այս մասին հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները: Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանում, որտեղ ծածանվում էին երկու երկրի պետական ​​դրոշները, ի պատիվ բարձրաստիճան հյուրի՝ ներկա է եղել պատվո պահակախումբ: Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին օդանավակայանում դիմավորել են Ադրբեջանի առաջին փոխվարչապետ Յաղուբ Էյուբովը, ԱԳ փոխնախարար Ֆարիզ […] ...

ՔՊ վարչության նիստում քննարկվել են խաղաղության գործընթացին առնչվող հարցեր

00:45 02.04.2025

ՔՊ վարչության նիստում քննարկվել են խաղաղության գործընթացին առնչվող հարցեր

Ապրիլի 1-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Քննարկվել են խաղաղության գործընթացին առնչվող հարցեր։ Ամփոփվել են Գյումրու և Փարաքարի ՏԻՄ ընտրությունների արդյունքները։ ...

609 միլիոն արժողությամբ 12 նոր մեքենաները կմաքրեն Երևանի փողոցները

00:34 02.04.2025

609 միլիոն արժողությամբ 12 նոր մեքենաները կմաքրեն Երևանի փողոցները

Երևանի քաղաքապետարանը ձեռք է բերել նոր բազմաֆունկցիոնալ մեքենաներ, որոնք նախատեսված են փողոցների, մայթերի մաքրման, իսկ ձմռան ամիսներին՝ փողոցների և մայթերի ձյան մաքրման, աղ և ավազով մշակման աշխատանքներն իրականացնելու համար: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...

Վատիկանը սրբադասել է Հայոց ցեղասպանության զոհ դարձած հայ հոգևարականի․ ի՞նչ է դա նշանակում

00:16 02.04.2025

Վատիկանը սրբադասել է Հայոց ցեղասպանության զոհ դարձած հայ հոգևարականի․ ի՞նչ է դա նշանակում

Հռոմի կաթոլիկ եկեղեցին որոշել է սրբադասել ազգությամբ հայ հոգևորականի, ով մինչ այդ երանելիների դասին էր պատկանում: Խսոքը հայ կաթոլիկ եկեղեցու արքեպիսկոպոս Իգնատիոս Մալոյանի մասին է։ Ի՞նչ է հայտնի սրբադասված հայի մասին: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Վատիկանի պաշտոնական տեղեկատվական կայքն այսօր հաստատել է այն, որ մարտի 28-ին Հռոմի կաթոլիկ եկեղեցու առաջնորդը որոշում է […] ...

Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահը այցելեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

23:59 01.04.2025

Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահը այցելեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Ապրիլի 1-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցելեց Հայաստան պաշտոնական այցով ժամանած Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը: Այս մասին հայտնում են Մայր Աթոռից։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը նախագահ Շտայնմայերին և նրա մեծազնիվ տիկին Էլկե Բուդենբենդերին ողջունեց Միածնաէջ Մայր Տաճարում՝ ներկայացնելով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և Սուրբ Էջմիածնի մեծ դերակատարությունը հայ ժողովրդի ազգային ու քրիստոնեական ինքնության կերտման […] ...

BACK_TO_TOP