Մարդկային զգացմունքներ «գողացողը». այսօր ծնվել է Շառլ Ազնավուրը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+8.09 oC

Մարդկային զգացմունքներ «գողացողը». այսօր ծնվել է Շառլ Ազնավուրը

11:48 22.05.2019

Շահնուր Վաղինակ Ազնավուրյան. աշխարհահռչակ շանսոնյեին գերմանական պարբերականներից մեկն այսպես է նկարագրել.

«180 վաճառված ալբոմ, Էդիտ Պիաֆի, Լայզա Մինելիի հետ համագործակցություն, Ոսկե սկավառակների անհիշելի քանակ, 1200 երգ` կատարված 8 լեզուներով։ Նրա անունն առաջ է անցել Ֆրենկ Սենատրայից և Էլվիս Փրեսլիից։ Նկարահանվել է ավելի քան 80 ֆիլմում՝ սկսած Ֆոլկեր Շլյոնդորֆի «Թիթեղյա թմբուկից», մինչև Ատոմ Էգոյանի «Արարատը»: Նա աշխարհի ամենահայտնի հայն է: Նա Շառլ Ազնավուրն է»:

Փոքրիկ Շահնուրը ծնվելուց կարճ ժամանակ անց դարձավ Շառլ: Վերջին հարցազրույցներից մեկում նա պատմել է.

««Շահնուր» անունը կրել եմ ընդամենը մեկ ժամ. ընկերները հորս համոզել են, որ այդ անունը ֆրանսիացիների համար դժվար արտաբերելի է, առաջարկել են ինձ Շառլ անվանել, իսկ Ազնավուրյանն իմ իսկական ազգանունն է: Տանը ինձ երբեմն Վաղինակ են ասում. դա իմ երկրորդ անունն է»:

Նրա ծնողները ներգաղթյալներ էին. Ազնավուրի հայրը ծնվել էր Ախալցխայում, արմատներով Էրզրումից էր, իսկ մայրը՝ Քնար Բաղդասարյանը` Իզմիրից, Հայոց ցեղասպանության ականատես փրկվածներից: 1920-ականների սկզբին Ազնավուրյանների երիտասարդ ընտանիքը նորածին դստեր՝ Աիդայի հետ, տեղափոխվեց Բուլղարիա, ապա Փարիզ: Միշան սկսեց աշխատել հոր ռեստորանում, նա հայերեն ու ռուսերեն երգեր էր երգում, թառ նվագում․ այդ ընթացքում ընտանիքի հոգսերը ծանրացել էին կնոջ ուսերին։

Քույրը՝ Աիդան, Ազնավուրի կյանքում առանձնահատուկ դեր ուներ. Իր «Ազնավուրն Ազնավուրի մասին» գրքում շանսոնյեն քրոջ մանկական հոգատարության մասին մի հետաքրքիր դրվագ է հիշում.

«Հեռավոր տարիներիս հիշողության մեջ ամենապարզորոշը քրոջս՝ Աիդայի կերպարն է ուրվագծվում: Թեպետ նա ինձանից քիչ էր մեծ, սակայն ինձ խնամում էր փոքրիկ մոր պես: Նրա նվիրական իղձն ինձ չաղացնելն էր:

… Ինձ չաղացնելու նպատակով այն ամենը, ինչ ընկնում էր ձեռքը, խցկում էր բերանս՝ կոնֆետ, մսի կտորներ, մետաղադրամ (Աիդան շատ հարուստ չէր), տաբատի կոճակներ՝ այն ժամանակ, երբ գրեթե ատամ չունեի: Անժխտելի է, որ նա դեռ իրազեկ չէր իրերի սնուցիչ արժեքներին: Հաճախ վազեվազ հասնում էր բժիշկը, ու մինչ մայրս լաց էր լինում, նա զարմացած կանգնում էր ջղակծկումներով ցնցվող փոքրիկ մարմնիս առաջ:

– Ի՞նչ է կուլ տվել:

Ամեն անգամ Աիդան մի տարօրինակ իրի անուն էր տալիս ու հպարտությամբ ավելացնում. «Դուրն եկավ»»:

Ազնավուրի հայրը՝ Միշա Ազնավուրյանը, երգում էր ռեստորաններում՝ մինչ կհիմներ իր սեփական կովկասյան ռեստորանը՝ կոչելով այն Le Caucase: Հարցազրույցներից մեկում Ազնավուրը նշում էր, թե իր երկարակեցության գաղտնիքը կովկասցի լինելն է.

«Ես կովկասցու արյուն ունեմ, իսկ Կովկասում մարդիկ երկարակյաց են, այնպես որ, եթե ուզում եք երկար ապրել, գնացեք Կովկաս, իսկ ընդհանրապես, ես փորձում եմ ապրել առանց խելահեղության, ալկոհոլ չեմ օգտագործում, չեմ ծխում, սուրճը չեմ չարաշահում ու վերջ»:

Ասում են՝ Ազնավուրը որոշեց երգել այն բանից հետո, երբ 9 տարեկանում լսեց Մորիս Շևալյեի երգերից մեկը: Իսկ ինքը՝ շանսոնյեն, խոստովանել է.

«Երգն իմ կյանք է մտել մորս հետ: Նա ֆրանսերեն հազիվ էր խոսում, բայց երգում էր կոմպոզիտոր Ռեյնալդո Հանի հեղինակած «Ծովից երկու քայլ այն կողմ» երգը»,- պատմել է երգիչը:

Ազնավուրի հայրն ինքնակամ մեկնում է պատերազմ, ու Շառլը դառնում է ընտանիքի միակ կերակրողը. նա թերթեր էր վաճառում, հեծանիվ, շոկոլադ ու օծանելիք։ Թատերական դպրոց ընդունվելու երազանքին հոր ընկերը, ում նա դիմել էր գումարով օգնելու համար, արձագանքել էր՝ գժվե՞լ ես, ի՞նչ թատրոն, հայերը ստեղծված են կոմերցիայի համար։

«Առաջին անգամ ես հայերեն բանաստեղծություն արտասանեցի և ծափերից հաճույք ստացա: Ես գիտեի փարիզյան երեք, թե չորս թատրոնների ցուցապաստառները, մի անգամ ինձ առաջարկեցին օպերետում խաղալ: Ես պետք է երգեի, պարեի և կոմեդիա խաղայի: Ինձ տրվել էր մի հատված, որից ամաչում էի. ես ստիպված էի հագնել բալետի պարուհու զգեստ: Դա արվում էր գումար խնայելու համար: Շոուի պրոդյուսերն այդքան ժլատ էր»,- հիշում էր Ազնավուրը:

Փարիզի ակումբներից մեկում առաջին մենահամերգի պայմանագիր ստորագրելու համար Շառլից մեկ տարի պահանջվեց։ Նա նորից դարձավ աղքատ սկսնակ երգիչ: Հանրությունը սուլոցներով էր ճանապարհում Շառլին, նրան հաճախ էին քննադատում։ Նրա ձայնը խռպոտ էր, երգի տեքստերը չափազանց բաց էին, ինքը՝ ցածրահասակ։ Նա նման չէր աստղերին, որոնց սովոր էր տեսնել Փարիզը, սակայն նա համառորեն հավատում էր իր աստեղային ժամին և իր փառքով պատժեց բոլոր չար լեզուներին ու ստիպեց աշխարհին լսել իրեն։ Տարիներ անց նա հիշում էր.

«Առաջ ես անում էի առաջին քայլերը, իսկ հանդիսատեսը աստղի էր սպասում»:

Հարցին՝ դեռ վախենո՞ւմ է բեմից, Ազնավուրը պատասխանել է՝ դա ավարտվեց այն ժամանակ, երբ ինքը հասկացավ, որ հանդիսատեսը ձգվում է դեպի իրեն.

«Ինձ դուր է գալիս մի փոքր «չարչարել» նրան: Հանդիսատեսը վատ սովորություն ունի. ցանկանում է լսել միայն այն երգերը, որոնք ծանոթ են: Եթե մենք հետևենք այդ ցանկությանը, նոր երգեր չենք գրի: Ես նրանց դրդում եմ լսել, քանի որ նորություններ եմ ներկայացնում, ինչպիսիք չեն եղել այն ժամանակ, երբ նոր էի սկսում: Ես հանդիսատեսին վերադարձնում եմ այն բանին, ինչից նրանք ցանկանում են փախչել»:

Ազնավուրի առաջին արտիստական հաջողությունները նրա մանկական դերերն էին երգի թատրոնում, որոնք գրել էր 20 տարեկանում՝ Էդիթ Պիաֆի և Մորիս Շևալյեի համար: Նա հայտնվեց երաժշտական Պառնասում 40-ական թվականներին, շատ տաղանդավոր և երիտասարդ կոմպոզիտոր Պիեր Ռոշեի հետ դուետում: Նրանց նկատեց ֆրանսուհի մեծ դիվան` Էդիթ Պիաֆը, ով խնդրեց Ազնավուրին երգեր գրել: Շառլը և Պիերը երգչուհու հետ միասին մեկնեցին համերգային շրջագայության Ֆրանսիայով և Ամերիկայով:

Պիաֆի հետ ծանոթությունը Ազնավուրի պրոֆեսիոնալ կյանքի գլխավոր դրդապատճառն էր: Նա մեծ երգչուհուց սովորեց այն ամենը, ինչ հնարավոր է սովորել շանսոնի մասին: Պիաֆի պնդմամբ` Ազնավուրը թողեց Ռոշեին և երգեր գրելու հետ մեկտեղ սկսեց երգչի իր անհատական ֆանտաստիկ կարիերան:

«Ես վտանգավոր եմ։ Հալածյալ մարդիկ միշտ վտանգավոր են լինում»,- ասում էր նա։

«Նա փոքրիկ տաղանդավոր հիմարիկ է»,- այսպես էր անվանում նրան Պիաֆը,- «և այդուհանդերձ, ավելի շատ հանճար, քան հիմարիկ»։

Ո՞րն է իր հաջողության բանաձևը. շանսոնյեն այն բացահայտեց հանրության համար.

«Ես «գող» եմ, գողանում եմ ոչ թե իրեր, ոչ թե պատմություններ, այլ մարդկային զգացմունքներ։ Ես երգում եմ ամենատարբեր բաների մասին։ Ոչ մի խնդիր չունեմ։ Հանրությանը պետք է միշտ մի փոքր ցնցես»:

Աշխարհում սեր ու բարություն սփռող երգիչն իր կյանքի սիրուն հանդիպեց երկու ամուսնությունից հետո: Կինը՝ Ուլան, նրա կողքին էր՝ միաժամանակ աննկատ: Նա երբեք ամուսնուն չէր ուղեկցում համերգների ժամանակ, բայց Ազնավուրը գիտեր՝ իրեն տանը սպասում են: Մի անգամ սիրված երգիչը պատմեց.

«Առաջին անգամ ես ամուսնացել եմ, երբ շատ երիտասարդ էի։ Երկրորդ անգամ՝ երբ շատ հիմար էի։ Երրորդ անգամ ես վերջապես ամուսնացա նրա հետ, ում մասին միշտ երազել էի՝ բաց գույնի աչքերով և մետաքսյա մաշկով շիկահերի հետ»:

Աշխարհը սիրեց Ազնավուրին, ու նրա միջոցով Հայաստանը սիրեց: Միլիոնավոր մարդկանց սերն ու հիացմունքը վայելող Ազնավուրը ոչ մի պահ չդադարեց սիրել ու հոգ տանել իր մայր երկրի՝ Հայաստանի մասին: Ազնավուրն աշխարհի այն եզակի հայերից է, ում պատվին կենդանության օրոք քանդակ տեղադրվեց։ Այդ նվերը նրան տվեց երախտապարտ քաղաքը:

17 տարի առաջ` հենց իր արձանի բացմանը, Գյումրի եկավ աշխարհահռչակ մեծ շանսոնյե Շառլ Ազնավուրը: Հազարավոր գյումրեցիներ քաղաքի մուտքից սկսած մինչև Աստղի՝ այժմ Շառլի հրապարակ, կանգնել էին փողոցներում` տեսնելու մեծ հային: Շառլ Ազնավուրով աշխարհը ճանաչեց հային ու իր մարդասիրական ձեռքը մեկնեց Հայաստանին՝ 1988-ի աղետի օրերին:

1988 թվականին Շառլ Ազնավուրը ընդհատում է համերգային հյուրախաղերն ու գալիս Հայաստան։ Սպիտակում ու Գյումրիում շանսոնյեի եղած օրերի խրոնիկային աշխարհի բոլոր հեռուստաընկերություններն ու լրատվամիջոցներն անդրադարձան: Նրա հանդիպումը աղետյալ քաղաքի բնակիչների հետ կիսավեր Ամենափրկիչ եկեղեցու մոտ էր: Տեսածից հետո Ազնավուրը ուժեղ լինելու, միասին աղետի հետևանքները հաղթահարելու ուղերձ հղեց հայերին: Ու հարցազրույցներից մեկի ժամանակ էլ ասաց.

«Նոստրադամուսը ըսած է՝ վերջին ժողովուրդը, որ կըլլա աշխարհի վրա, հայը բդի ըլլա: Է՛, կհավատամ»:

2018թ. հոկտեմբերի 1-ին աշխարհը ցնցեց Ազնավուրի մահվան լուրը. մեծանուն շանսոնյեն 94 տարեկան էր: Երկրպագուները նրան հրաժեշտ տվեցին Emmenez-moi երգով և ծափերով:

«Հավատացե´ք, ես չեմ ցանկանում բեմի վրա մահանալ: Քանի դեռ կարող եմ երգել և լավ ժամանակ անցկացնել հանդիսատեսի հետ, ես ինձ դրանից չեմ զրկի: Իմ աշխատանքը կենսական ուժ է տալիս ինձ: Թոշակի անցնելը մահվան նախամուտքն է, հատկապես 94 տարեկանում»,- մահվանից ամիսներ առաջ անկեղծորեն խոստովանում էր նա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեդվեդևը կոչ է արել ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին մտածել Պուտինի խոսքերի մասին

21:32 22.11.2024

Մեդվեդևը կոչ է արել ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին մտածել Պուտինի խոսքերի մասին

ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը խորհուրդ է տվել ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին մտածել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերի մասին՝ Մոսկվայի կողմից ագրեսիային պարտադիր պատասխան տալու մասին։ Al Arabiya հեռուստաալիքին տված հարցազրույցում Մեդվեդևն ուշադրություն է հրավիրել պետության ղեկավարի խոսքերի վրա, ով նոյեմբերի 21-ին իր հայտարարության մեջ խոստացել էր պատասխան տալ Ռուսաստանի դեմ ագրեսիվ գործողություններին։ «Անպայման կլինի […] ...

Մհեր Գրիգորյանն ընդունել է «Վիզա» վճարային համակարգի ընկերության տարածաշրջանային նախագահին

21:24 22.11.2024

Մհեր Գրիգորյանն ընդունել է «Վիզա» վճարային համակարգի ընկերության տարածաշրջանային նախագահին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է «Վիզա» վճարային համակարգի ընկերության տարածաշրջանային նախագահ Էնդրյու Տորեին: Փոխվարչապետը հանդիպման սկզբում կարևորել է «Վիզա»-ի գործունեությունը Հայաստանում՝ ընդգծելով մասնավորապես ֆինանսական և թվայնացման ոլորտներում ընկերության հետ փորձի ու գիտելիքի փոխանակման նշանակությունը երկրի համար: Զրուցակիցները քննարկել են Հայաստանում կանխիկի կրճատման ուղղությամբ իրականացված աշխատանքների արդյունքները, ինչպես նաև անդրադարձել թվայնացմանն ու կիբեռանվտանգությանն առնչվող հարցերին: ...

Սալահը Goal-ի վարկածով հաջորդ «Ոսկե գնդակի» գլխավոր հավակնորդն է

21:17 22.11.2024

Սալահը Goal-ի վարկածով հաջորդ «Ոսկե գնդակի» գլխավոր հավակնորդն է

Հանրահայտ Goal.com-ը հրապարակել է հաջորդ «Ոսկե գնդակի» թեկնածուների ցանկը: Այն գլխավորում է անգլիական «Լիվերպուլի» եգիպտացի հարձակվող Մոհաեդ Սալահը: Լավագույն հնգյակում են նաև Ռոբերտ Լևանդովսկին («Բարսելոնա»), Ռաֆինյան («Բարսելոնա»), Վինիսիուս Ժունիորը («Ռեալ») և Ջամալ Մուսիալան («Բավարիա»): Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալը և անգլիական «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլադը 6-րդ և 7-րդ տեղերում են: ...

Սպիտակ տունը և Թրամփի թիմը համատեղ աշխատում են Իսրայելի և «Հըզբոլլահի» միջև զինադադար հաստատելու համար

21:12 22.11.2024

Սպիտակ տունը և Թրամփի թիմը համատեղ աշխատում են Իսրայելի և «Հըզբոլլահի» միջև զինադադար հաստատելու համար

ԱՄՆ վարչակազմը և նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի թիմը ինտենսիվորեն համակարգում են Իսրայելի և «Հըզբոլլահ» շարժման միջև հրադադարի համաձայնագրի կնքմանն ուղղված ջանքերը, հայտնում է The National-ը՝ հղում անելով աղբյուրներին։ «Կա ինտենսիվ աշխատանք Թրամփի թիմի, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի շրջապատի և նախագահի խորհրդական Ամոս Հոխշտեյնի միջև՝ Լիբանանում պատերազմին վերջ տալու համար», – ասել է աղբյուրը։ Տարածաշրջանային դիվանագետների […] ...

Կայացել է ՀԸԳՀ ստորագրման յոթամյակին նվիրված միջոցառում

21:05 22.11.2024

Կայացել է ՀԸԳՀ ստորագրման յոթամյակին նվիրված միջոցառում

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը Երևանում համատեղ հյուրընկալեցին բարձր մակարդակի միջոցառում՝ նվիրված Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրման յոթամյակին: Միջոցառմանը հրավիրված էին մասնակցելու ՀՀ կառավարության, Ազգային ժողովի, Հայաստանում ԵՄ պատվիրակության և անդամ պետությունների դիվանագիտական ներկայացուցիչներ, ինչպես նաև ՀԸԳՀ քաղաքացիական հասարակության հարթակի ներկայացուցիչներ: Միջոցառման ընթացքում անդրադարձ է կատարվել […] ...

Goal-ը ներկայացրել է ԱԱ-2026-ի գլխավոր ֆավորիտների վարկանիշը

20:57 22.11.2024

Goal-ը ներկայացրել է ԱԱ-2026-ի գլխավոր ֆավորիտների վարկանիշը

Goal.com-ը կազմել է 16 թիմերի վարկանիշային աղյուսակը, որոնք ունեն 2026 թվականի աշխարհի առաջնությունում հաղթելու ամենամեծ հնարավորությունները։ Այս աղյուսակում առաջատարն է Իսպանիայի հավաքականը։ Ցանկն ունի այս տեսքը՝ 1.Իսպանիա 2.Արգենտինա 3.Գերմանիա 4.Անգլիա 5.Ֆրանսիա 6.Պորտուգալիա 7.Իտալիա 8.Նիդեռլանդներ 9.Կոլումբիա 10.Բրազիլիա 11.Մարոկկո 12.Խորվաթիա 13.Կանադա 14.Բելգիա 15.ԱՄՆ 16.Մեքսիկա։ Հիշեցնենք, որ 2022 թվականին աշխարհի առաջնությունում հաղթել է Արգենտինայի հավաքականը: 2024 թվականին Իսպանիայի […] ...

BACK_TO_TOP