Շեր Սարգսյանը, Հայաստանը և պլաստիկ վիրահատությունները. այսօր երգչուհու տարեդարձն է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 04 2025
  • $
    391.10
  • RUBLE
    4.61
  • 422.27
WEATHER
+14.09 oC

Շեր Սարգսյանը, Հայաստանը և պլաստիկ վիրահատությունները. այսօր երգչուհու տարեդարձն է

19:00 20.05.2019

«Ես մեծացել եմ աղքատության մեջ և միշտ այն ներքուստ զգում եմ: Դա նման է գեր կնոջը, որը կորցրել է 250 կգ, բայց, միևնույն է, ներքուստ իրեն գեր է զգում»Ես չեմ պատրաստվում ինքս ինձ ինչոր խորհուրդ տալ, քանի որ «խորհուրդ» ասվածը հիմարություն է: Ուղղակի խորը շունչ եմ քաշում և վերջ. սրտիս մոտ չեմ ընդունում»

Ամերիկյան փոփ երգչուհի, երգերի հեղինակ, դերասան, ռեժիսոր և երաժշտական պրոդյուսեր: Համաշխարհային աստղ, որն իր կարիերայի ընթացքում ձեռքում բռնել է բոլոր կարևորագույն մրցանակները՝ «Օսկար», «Գրեմմի», «Էմմի», «Ոսկե գլոբուս», վերջինը՝  3 անգամ:

Երգչուհի, ում երգերը Billboard Hot 100-ում 50 տարի շարունակ լավագույն տասնյակում էին՝ այդպիսով նրան դարձնելով բացառիկ: Բացառիկ նաև իր վաճառած ձայնագրությունների ու երկրպագուների քանակով: Շերիլին Սարգսյան կամ պարզապես՝ Շեր:

Հայկական արմատներով, ոչ հայկական ընտանիքում

1946թ., մայիսի 20, Կալիֆոռնիա, Էլ-Սենտրո: Շերիլին Սարգսյան Լապյեր Բոնո Օլլմեն կամ պարզապես Շեր: Հայրը՝ Ջոն/Կարապետ Սարգսյանը, հսկա բեռնափոխադրող մեքենաների վարորդ էր, մայրը՝ Ջեքի Ջին Քրաուչը, սկզբում մատուցողուհի էր, իսկ հետո արդեն անհաջողակ դերասանուհի և մոդել՝ Ջորջիա Հոլթ անունով:

Նրանց համատեղ կյանքը այնքան կարճ տևեց, որ երբ ծնվեց աղջիկը, ծնողներն արդեն ամուսնալուծված էին, ամուսնալուծությունից հետո էլ կապը խզված էր, և Շերն առաջին անգամ  հորը տեսավ 11 տարեկանում։

Իսկ մինչ այդ աղջիկը հասցրեց ապրել նաև մանկատանը՝ ընդամենը մի քանի շաբաթ, ապրուստի միջոցներ չկային: Հետագայում Շերը այդ օրերը կարճ բնութագրում է` Իմ կյանքի ամենադժվար և անցանկալի շրջանը:

Ու թեպետ աղջիկը երկար ժամանակ հարազատ հորը չէր ճանաչում, բայց հոր պակաս, կարծես, չուներ: Շերիլինի մայրը հաճախ էր ամուսնանում և ամուսնալուծվում: Այդպիսի ամուսնություններից մեկը հաջող դուրս եկավ: Դա 1961թ. էր, մոր ընտրյալը բանկի փոխնախագահ Գիլբերթ Լա Պիեռն էր, որը որդեգրեց Շերին և քրոջը, և նրանց կյանքը բարելավվեց: Վերջապես Շերիլինն ունեցավ սեփական սենյակ և վստահություն վաղվա օրվա հանդեպ:

Երազանքի հետքերով

Փոքրիկ Շերիլինն ամաչկոտ էր և շատ վատ էր սովորում դպրոցում:  Բայց միայն ամաչկոտությունը չէր պատճառը. Շերիլինը տառապում էր դիսլեկսիայով:

«Ես չէի կարծում, որ կարող եմ ինչոր բան անել այս կյանքում, ես չէի կարծում, որ կկարողանամ երգչուհի կամ պարուհի կամ ավելին, դերասանուհի դառնալ: Ես միայն մտածում էի, որ հայտնի կլինեմ, դա իմ միակ նպատակն էր»:

Դերասանուհի դառնալը Շերի գաղտնի երազանքն էր, իսկ նրա կուռքը Օդրի Հեփբյորնն էր, որը թե´ հայտնի էր, թե´ սևահեր:  Իսկ այդ տարիներին նորաձև էին կապուտաչյա շիկահերները: 16 տարեկան Շերը նույնպես վստահ էր ՝ հայտնի  դառնալու համար պետք էր ունենալ կապույտ աչքեր ու շեկ մազեր, նաև պետք էր ապրել Լոս Անջելեսում: Այդպես 16 տարեկանում նա թողեց դպրոցը և հայտնվեց Լոս Անջելեսում: 16-ամյա Շերիլինը ուներ երկու կարևոր արժանիք` բավական վճռական էր և ուներ երաժշտական վառ ընդունակություններ:

Ճակատագրական հանդիպում

Երազանքի քաղաքում, նախքան իր  տաղանդի բացահայտումը, դեռատի Շերին սպասում էր մատուցողի աշխատանքը սրճարանում: Հենց սրճարանում էլ տեղի ունեցավ ճակատագրական հանդիպումը: Դա 1962թ. էր:

28-ամյա Սալվատորե Բոննոն, ով սկսնակ երգիչ էր, պրոդյուսեր և կոմպոզիտոր, առաջին իսկ հանդիպումից Շերիլինին առաջարկեց համատեղ կիսել տանիքը, վարձի փոխարեն էլ պահանջեց տաք ճաշ ու մաքուր սենյակներ: Բայց 2 տարի անց նրանք այդքանով չսահմանափակվեցին: 1965 թվականին զույգն ամուսնացավ: Մինչ այդ Շերը հասցրել էր վիրահատել իր տիպիկ հայկական քիթը և համոզել Սոննիին, որ ինքը լավ վոկալ տվյալներ ունի:

Հաջողությունը

Նրանք համատեղ կիսում էին կենցաղը ու աշխատանքը: Սոննին երգեր էր գրում և պրոդյուսերություն անում, և ահա վերջապես՝ 1965 թվականին թողարկվեց «Սոննի և Շեր» դուետի առաջին ալբոմը՝ “Look at Us”, և առաջին սինգլը՝ “I Got You Babe” երգը: Երգ, որը չէին հավանում ո´չ պրոդյուսերները, ո´չ էլ Շերը, բայց իզուր: Երգին վիճակված էր հայտնվել Ամերիկյան և Բրիտանական երաժշտական չարթերի առաջին հորիզոնականում: Երկրորդ ալբոմն էլ չուշացավ՝ կրկին` 1965-ին, “All I Really Want to Do”, իսկ համանուն երգը Շերիլինի առաջին անհատական հիթն էր:

Շերը և հեռուստաաշխարհը

Հաջողության աստիճաններով վեր բարձրացող զույգը 1960-ականների վերջին ստիպված էր մեկ աստիճան ներքև իջնել: Մի շարք անհաջող կոմերցիոն ալբոմների հետևանքով նրանց հաշվին կուտակվեցին պարտքեր:

Բայց Շերիլինը պատրաստ էր նոր մարտահրավերներին: Հերթական մարտահրավերը հեռուստանախագծի տեսքով էր: 1970 թվականին Սոննին և Շերն իրենց  ծրագրով հայտնվեցին CBS ամերիկյան հեռուստաալիքի էկրաններին իրենց ծրագրով՝ «Սոննիի և Շերի երգիծական ժամը»: Այդպես յոթ տարի, երգիծական սկետչերի ու երաժշտական համարների խառնուրդ, հայտնի հյուրեր՝  Մայքլ Ջեքսոն, Ռոնալդ Ռեյգան, Դևիդ Բոուի, Մուհամմեդ Ալի և էլի շատերը: Շոուն դեռ կշարունակվեր, եթե շարունակվեր զույգի համատեղ կյանքը, սակայն 12 տարվա միությունը քայլ առ քայլ քայքայվեց:

«Ես չէի կարող այլևս տանել նրա բռնատիրությունը: Նա ամեն ինչում փորձում էր գերիշխել՝ բիզնեսում, կյանքում, իմ անձնական կարիերայում: Նա ինչ-որ մի պահի ինձ վերաբերվում էր ոչ թե որպես կին, այլ հավ, որն ածում էր ոսկե հավկիթներ: Մի խոսքով, երբ հարաբերությունները դարձան ոչ իդեալական, չնայած տևական ժամանակ դրանք գրեթե իդեալական էին, ես որոշեցի հեռանալ»:

Շերի ֆիլմադարանը

Եվ չնայած 80-ականներին արդեն Շերը փայլում էր թե´ որպես երգչուհի, և թե´ հաղորդավարուհի, բայց նա չէր մոռացել իր մանկության երազանքի մասին՝ նկարահանվել ֆիլմում:  Առաջարկները, իհարկե, այնքան էլ ոգևորիչ չէին, և ահա, վերջապես գլխավոր դերի առաջարկ՝ «Վերադարձի´ր ինձ մոտ, Ջիմմի Դին, Ջիմմի Դին»:

Դերը գերազանց էր կատարված: Եվ չուշացավ հոլիվուդյան ռեժիսոր Մայկ Նիքոլսի ուշադրությունը: Առաջարկը ոգևորող էր. Շերը մարմնավորելու էր ռեժիսորի կենսագրական դրամայի՝ «Սիլքվուդի», գլխավոր դերերից մեկը՝ խաղալով Մերիլ Սթրիփի և Կուրտ Ռասելի հետ: Ֆիլմում Շերիլինը մարմնավորում էր լեսբուհու: Ոչ այնքան ցանկալի դերին նա համաձայնեց, քանի որ Մերիլ Սթրիփի հետ խաղալու էր մի հրապարակում: Ֆիլմ էկրանին հայտնվեց 1983-ին: Եվ երգչուհու կերպարն այնքան  բնական էր ստացվել, որ նա առաջադրվեց «Օսկարի»:

Այսպիսով, 37 տարեկանում վերջապես կատարվեց երգչուհու երազանքը՝ այն երազանքը, որ մանկությունից  իր հետ բերել էր մինչև հասուն կյանք:

«Համարյա 40 տարեկան, դա մի քիչ ուշ է կնոջ համար դերասանական կյանք սկսելու համար: Եվ ափսոս: Թեպետ իմ ֆիլմերը շատ չէին, բայց բոլորն էլ արժանի ֆիլմեր էին, գոնե իմ կարծիքով, իսկ «Լուսնով հմայվածները» ֆիլմում դերակատարմանս համար ես ինչ-որ մի հրաշքով նույնիսկ «Օսկար» ստացա: Դուք հասկանո՞ւմ եք՝ դա ինչ էր ինձ համար …»:

Ֆիլմաշխարհում սա Շերիլինի միակ մեծ մրցանակը չէր: «Դիմակ»-ը 1985 թվականին Կաննի կինոփառատոնում նրան բերեց «Ոսկե արմավենի»:

Եվ, այնուամենայնիվ, իր դերասանական հաղթաթուղթը Շերը համարում է 2011-ին նկարահանված «Բուռլեսկ» կինոմյուզիքլը, որտեղ նա մարմնավորում էր Լոս Անջելեսի գիշերային ակումբներից մեկի տիրուհուն:

«Մոտ 4 տարեկանից ես երազում էի նկարվել ֆիլմում և հենց ֆիլմում էլ երգել: Եվ ահա, դա ևս իրականություն է:  Այս  ֆիլմում ես կատարում եմ 2 հրաշալի երգ, չնայած արդեն մտածում էի՝ էլ երբեք այդպիսի հնարավորություն չեմ ունենա»:

Երկրորդ ամուսինը և երեխաները

Շերիլինի երկրորդ օրինական ամուսինը երաժիշտ-երգիչ Գրեգ Օլմանն էր: Նրանք ամուսնացան Բոնոյի հետ ամուսնալուծությունից օրեր անց: Երկրորդ ամուսնու հետ նա ապրեց երկու տարի և ունեցավ  որդի՝ Էլայջա Բլու Օլմանին: Առաջնեկն աղջիկ էր: Նա ծնվեց 1969 թվականին, և Շերը նրան անվանեց այն ֆիլմի անունով, որի նկարահանումների ժամանակ հղիացել էր՝ «Չեստիտի»: Սակայն 41 տարեկանում Չեստիտին դարձավ Չեզ, նա պաշտոնապես փոխեց սեռն ու փաստաթղթերը:

«Հիմա ես ունեմ 2 որդի. ո՞վ կարող էր այդպիսի բան երևակայել: Մինչև հիմա չեմ կարող սովորել Չեստիտային անվանել իր տղա անունով: Անընդհատ խառնվում եմ անունների մեջ: Վիրահատությունից հետո, երբ ես զանգեցի, ինքնապատասխանիչը պատասխանեց նրա նախկին ձայնով՝ դեռ չէր փոխել, ու ես սկսեցի լացել, չէ՞ որ երևի վերջին անգամ էի լսում իմ աղջկա հարազատ ձայնը, որը գիտեի ու լսել էի նրա ծնված օրից»:

Երրորդ ամուսինը և ուրիշներ

«Կինը կարող է սպասել, մինչ իր կյանքում կհայտնվի համապատասխան մեկը, բայց դա չի նշանակում, թե նա չի կարող լավ ժամանակ անցկացնել բոլոր անհամապատասխանների հետ»:

3-րդ անգամ հարսնացու դառնալու ցանկություն Շերը հայտնեց 2008թ-ին, երբ արդեն 63 տարեկան էր: Ընտրյալը 39 տարեկան էր, «Դժոխքի հրեշտակներ» ռոք խմբի անդամ Թիմ Մեդվետցը: Նրանք ունեին նույնիսկ ամուսնական պայմանագիր, բայց ամուսնությանը գործը չհասավ: Այս 3 ընտրյալից բացի նաև Թոմ Քրուզ, Ջին Սիմոն, Էրիկ Կլեպտոն, և էլի շատ անուններ, շատ ռոմանտիկա, բայց կարճ տևողությամբ: Որքան մեծանում էր փոփ աստղը, այնքան երիտասարդանում էին նրա սիրեկանները:

«Սիրով զբաղվել չսիրած տղամարդու հե՞տ… Չեմ կարծում, որ ես արդեն այդքան մեծացել եմ»:

Բայց, այնուամենայնիվ, նա սիրո և ոչ միայն սիրո կապերով միշտ կապված էր Սոննի Բոնոյի հետ անգամ, երբ արդեն ամուսիններ չէին: Իսկ Սոննի մահվան լուրը Շերի համար անսպասելի էր ու ծանր: Բոնոն մահացավ 1998-ին՝ 62 տարեկանում, դժբախտ պատահարի հետևանքով՝ լեռներ, դահուկներ և բախում ծառի հետ:

Շերը և Հայաստանը

«20 և ավելի տարի առաջ ես մարդասիրական օգնություն հասցրի Հայաստան: Այդ ուղևորությունը դեռ կենդանի է իմ մեջ: Ես երբեք չեմ տեսել նման տառապանք ու նման արժանապատվություն: Այնքան հպարտ եմ»:

Այդ հպարտությունը նա հետո էր զգալու: Իսկ մինչև այդ ուսանողների հետ հանդիպելիս խոստովանում է.

«Ես չգիտեմ, թե ինչու եմ եկել այստեղ: Ամերիկացիների մեծամասնությունը գաղափար չունի ձեր վիճակի մասին: Ամենակարեւոր բանը, որ ես կարող եմ անել Ամերիկայում, այստեղի պատկերի ներկայացումն է, որպեսզի նրանք կարողանան տեսնել, թե սա ինչի է նման»:

Շերը Հայաստան էր ժամանել «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցով, բեռնատար DC-8 օդանավով` իր հետ բերելով 45 տոննա դեղամիջոց, գրքեր,  քաղցրավենիք եւ խաղալիքներ, այդ թվում` հայտնի Բարբի տիկնիկները: Դա 1993թ. ապրիլն  էր:

Հայաստանում կանգառը «Արմենիա» հյուրանոցն էր, որը Շերի այցի պատճառով այդ օրերին  մի փոքր ավելի էլեկտրաէներգիա և տաք ջուր էր ստանում, քան սովորական օրերին:

Այդ մի քանի օրվա ընթացքում Շերը հասցրեց այցելել մանկատուն, հայկական ընտանիք, հանդիպել ուսանողների հետ, կարճատև հանդիպում ունենալ ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ:

Այդ այցից հետո էր, որ նա իրեն ավելի հայ զգաց և արդեն անմասն չէր մնում Հայաստանում տեղի ունեցող դեպքերին՝ իր գրառումներով: Օրինակ՝

«Ռուսաստանը բարձրացնում է Հայաստանի էլեկտրաէներգիայի վարձը 22%–ով։ Ցուցարարներին ծեծում են և ջրցան մեքենա կիրառում։ Ոչ ոք հոգ չի տանում հայերի մասին»:

Շերը և պլաստիկան

«Մի ժամանակ ես 40 տարեկան էի, հիմա շատ ավելի մեծ եմ, և ես հաստատ գիտեմ, որ 40 տարեկան լինելն ավելի լավ է»:

Միշտ երիտասարդ մնալու ձգտո՞ւմ, թե՞ պարզապես կախվածություն: Շերը իր պլաստիկ վիրահատությունների մասին այնքան էլ չի սիրում խոսել: Առաջինը 1964թ. էր: 1980-ին նրա մարմնին արդեն կար 25 վիրահատության հետք, երբ 50 տարեկան էր, այդ թիվը հասել էր 100-ի՝ քթից մինչև կողոսկրեր, դեմքի իմպլանտներ, ձգված մաշկ ու մարմին: Արդյունքում ամենից շատ պլաստիկ վիրահատությունների ենթարկված հայտնի մարդկանց ցուցակում Շերը զբաղեցնում է 2-րդ տեղը` զիջելով միայն Մայքլ Ջեքսոնին:

50 տարի բեմում

50 տարի, ավելի քան 100 000 000 վաճառված  ձայնասկավառակ, հեղինակավոր մրցանակներ, անթիվ տղամարդիկ ու վիրահատություններ: Այս ամենի մասին նա անկեղծացել է նաև իր գրքում “The First Time”, որը լույս տեսավ 1998թ-ին: Իր թիկունքում ունենալով 70 և ավելի տարի, փառք ու ճանաչում` նա շարունակում է այսօր էլ ակտիվ կյանքով ապրել, ստեղծագործել, անկողին կիսել իրենից կրկնակի երիտասարդ հայտնի ու նաև անհայտ տղամարդկանց հետ, հագնվել այնպես, ինչպես միայն Շերը կարող է և չխուսափել դեղին մամուլի առաջին էջերից:

«Շատերին դժվար է ընդունել, որ բոլոր մարդիկ տարբեր են: Ես չեմ ուզում իդեալական լինել, ես ուզում եմ լինել խիզախ: Թող որ շատ բաներ սխալ եմ անում. ո՞ւմ է դա հետաքրքիր: Ես այնպիսին եմ, ինչպիսին կամ»:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Al Masirah. ԱՄՆ-ը նոր հարվածներ է հասցնում Եմենում հութիների թիրախներին

00:59 02.04.2025

Al Masirah. ԱՄՆ-ը նոր հարվածներ է հասցնում Եմենում հութիների թիրախներին

Միացյալ Նահանգների զինված ուժերը մի քանի նոր հարվածներ են հասցրել Եմենի երեք նահանգներին, որոնք գտնվում են Անսար Ալլահ շարժման հութի ապստամբների վերահսկողության տակ։ Այս մասին հայտնել է Al Masirah հեռուստաալիքը: Al Hadath հեռուստաալիքն էլ նշել է, որ հարձակման են ենթարկվել Ալ-Հոդեյդա և Սաադա նահանգները, ինչպես նաև Հաջա նահանգը։ Դեռևս տեղեկություններ չկան հարձակումների հետևանքների մասին։ ...

Գերմանիայի նախագահը պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջան

00:52 02.04.2025

Գերմանիայի նախագահը պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջան

Ապրիլի 1-ին պաշտոնական այցով Ադրբեջան է ժամանել Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը։ Այս մասին հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները: Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանում, որտեղ ծածանվում էին երկու երկրի պետական ​​դրոշները, ի պատիվ բարձրաստիճան հյուրի՝ ներկա է եղել պատվո պահակախումբ: Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին օդանավակայանում դիմավորել են Ադրբեջանի առաջին փոխվարչապետ Յաղուբ Էյուբովը, ԱԳ փոխնախարար Ֆարիզ […] ...

ՔՊ վարչության նիստում քննարկվել են խաղաղության գործընթացին առնչվող հարցեր

00:45 02.04.2025

ՔՊ վարչության նիստում քննարկվել են խաղաղության գործընթացին առնչվող հարցեր

Ապրիլի 1-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Քննարկվել են խաղաղության գործընթացին առնչվող հարցեր։ Ամփոփվել են Գյումրու և Փարաքարի ՏԻՄ ընտրությունների արդյունքները։ ...

609 միլիոն արժողությամբ 12 նոր մեքենաները կմաքրեն Երևանի փողոցները

00:34 02.04.2025

609 միլիոն արժողությամբ 12 նոր մեքենաները կմաքրեն Երևանի փողոցները

Երևանի քաղաքապետարանը ձեռք է բերել նոր բազմաֆունկցիոնալ մեքենաներ, որոնք նախատեսված են փողոցների, մայթերի մաքրման, իսկ ձմռան ամիսներին՝ փողոցների և մայթերի ձյան մաքրման, աղ և ավազով մշակման աշխատանքներն իրականացնելու համար: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...

Վատիկանը սրբադասել է Հայոց ցեղասպանության զոհ դարձած հայ հոգևարականի․ ի՞նչ է դա նշանակում

00:16 02.04.2025

Վատիկանը սրբադասել է Հայոց ցեղասպանության զոհ դարձած հայ հոգևարականի․ ի՞նչ է դա նշանակում

Հռոմի կաթոլիկ եկեղեցին որոշել է սրբադասել ազգությամբ հայ հոգևորականի, ով մինչ այդ երանելիների դասին էր պատկանում: Խսոքը հայ կաթոլիկ եկեղեցու արքեպիսկոպոս Իգնատիոս Մալոյանի մասին է։ Ի՞նչ է հայտնի սրբադասված հայի մասին: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Վատիկանի պաշտոնական տեղեկատվական կայքն այսօր հաստատել է այն, որ մարտի 28-ին Հռոմի կաթոլիկ եկեղեցու առաջնորդը որոշում է […] ...

Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահը այցելեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

23:59 01.04.2025

Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահը այցելեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Ապրիլի 1-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցելեց Հայաստան պաշտոնական այցով ժամանած Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը: Այս մասին հայտնում են Մայր Աթոռից։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը նախագահ Շտայնմայերին և նրա մեծազնիվ տիկին Էլկե Բուդենբենդերին ողջունեց Միածնաէջ Մայր Տաճարում՝ ներկայացնելով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և Սուրբ Էջմիածնի մեծ դերակատարությունը հայ ժողովրդի ազգային ու քրիստոնեական ինքնության կերտման […] ...

BACK_TO_TOP