– Ինչպիսի՞ սպասելիքներ ունեք Եվրոպայի մինչև 19 տ. առաջնությունից:
– Խաղից խաղ թիմը զարգանում է: Տղաները հիմնականում ցածր լիգաներում են խաղում: Փորձի պակաս ունեն հիմնականում պաշտպանները, որոնք առավելապես ներկայացնում են Հայաստանի առաջին խմբի առաջնությունը. ցածր տեմպը և ոչ այնքան բարձր որակը իրենց ազդեցությունը թողնում են: Միջազգային խաղերում տեմպին և ռիթմին ընտելանալու խնդիրներ են առաջանում, ու պաշտպանական սխալներ են լինում: Միջին գծի և հարձակման խմբի ֆուտբոլիստները խաղային որոշակի ժամանակ ստանում են բարձրագույն խմբում: Նրանցից մի քանիսը արտերկրի առաջնություններում խաղալով են փորձ յուրացնում: Պաշտպանության սխալները շտկելու ուղղությամբ աշխատեցինք «Ուրալի», Ռուսաստանի և Լատվիայի հավաքականների հետ խաղերում: Բարձրակարգ հավաքականների հետ ուժերը չափելու ցանկություն ենք հայտնել, որ վերջին շտկումները կարողանանք կատարել պաշտոնական ելույթներից առաջ:
– Նախապատրաստության ընթացքում թիմն ինչպիսի՞ փոփոխությունների է ենթարկվել: Որտե՞ղ էինք և ո՞ւր ենք հասել:
– Հավաքականը խաղային ձեռագիր է ձևավորել: Գրոհների կազմակերպման հարցում առաջընթաց ունենք: Թե՛ դիրքային, թե՛ արագ գրոհների ժամանակ թիմը հավատարիմ է մնում յուրացված խաղաոճին. կարճ ժամանակահատվածում կարևոր ձեռքբերում է: Երբ թիմը ընդունեցինք, խաղի հանդեպ անհատական տարբեր մոտեցումներ ունեին ֆուտբոլիստները: Հիմա թիմային շարժում է նկատվում: Բայց զորեղ մրցակիցների հետ խաղալու համար սա քիչ է, պետք է անընդհատ զարգացնենք թիմային պաշտպանությունը:
– Թիմային և անհատական առումով առաջնությունն ի՞նչ կարող է տալ Հայաստանի հավաքականին:
– Ֆուտբոլային բազմաթիվ սկաուտներ են ժամանելու Երևան: Լավ ֆուտբոլ խաղալու դեպքում մեր տղաները կարող են այդ սելեկցիայի մասը կազմել: Այսպիսի մրցակիցներ ունենալու բախտ չի վիճակվում ամեն թիմի: Տղաները պետք է օգտվեն այս հնարավորությունից: Արժեքավոր այս փորձը նրանց կարող է մղել երիտասարդական, ապա նաև՝ ազգային հավաքական: Նախապատրաստվելիս խաղացել ենք Ֆրանսիայի, Պորտուգալիայի, Հոլանդիայի, Գերմանիայի հասակակիցների հետ: Շուտով ավելի ինտենսիվ շրջափուլ է սպասվում արդեն պաշտոնական ձևաչափում: Այս ելույթները կարող են դառնալ մեծ թռիչքի սկիզբը: Նման խաղերում ավելի մեծ փորձ են յուրացնում, քան մեկ մրցաշրջանի՝ հայկական թիմերի ներքին դիմակայություններում:
– Աշխատանքը ինչպե՞ս է բաժանվել մարզչական շտաբում:
– Ռոման Սիմոնյանի գլխավոր առաքելությունը ֆիզպատրաստությունն է: Ալեքսանդր Թադևոսյանը նեղ մասնագիտական աշխատանք է կատարում պաշտպանների հետ: Դարպասապահների մարզիչը Վլադիմիր Վարդանյանն է: Երիտասարդականի գլխավոր մարզիչ Անտոնիո Ֆլորեսն է նաև մասնակցում շտաբի աշխատանքներին: Դա այն դեպքում, եթե 2 հավաքականները զուգահեռ հավաքներ չեն անցկացնում: Նույն սկզբունքով ես եմ օգնում Ֆլորեսին երիտասարդականում:
– Հայկական ֆուտբոլն ու Հայաստանը, առհասարակ, ի՞նչ կարող են շահել այս առաջնությունից:
– Ֆուտբոլային աշխարհի ուշադրությունը մեր կողմն է լինելու: Հենց այս հանդիպումներում լավագույնս դրսևորվելու դեպքում ինչ-որ կերպ կմեծացնենք հետաքրքրությունը հայկական ֆուտբոլի նկատմամբ: Հենրիխ Մխիթարյանն իր ելույթներով մեծ ուշադրություն է հրավիրել Հայաստանի կողմը, ճանաչում է բերել: Եղած ուշադրությունը հարկավոր է ավելացնել: Բացի դրանից՝ Հայաստանում ֆուտբոլով հետաքրքրվողների թիվը կմեծանա: Իսկ առաջնության հյուրերը կհետաքրքրվեն հայկական մշակույթով, այցելություններ կկազմակերպեն նաև Երևանից դուրս: Զբոսաշրջության համար նոր խթան է:
– Հենրիխ Մխիթարյանի ելույթները տարիքային այս խմբի հավաքականում թարմ են ֆուտբոլասերների հիշողություններում: Արդեն առաջնության դեսպան Մխիթարյանն ինչպիսի՞ դերակատարում ունի հավաքականի համար:
– Լրացուցիչ շարժառիթ է մեր առաջատարի գործոնը: Լավ է, որ մարզիչները մատնանշելու այսպիսի օրինակ ունեն: Սաներիս ասում եմ, որ Հենրիխի անցած ճանապարհը թո՛ղ անհասանելի երազանք չթվա: Հարկավոր է սևեռուն ջանքերով զարգացնել և իրացնել բոլոր հատկությունները: Հենրիխը դեռ կհանդիպի թիմին, սեփական փորձով կարևոր հուշումներ կանի:
– Նոյեմբերին երևանյան ստուգողական մրցաշարում մրցեցիք առաջատար հավաքականների հետ: Նրանցից երկուսը՝ Գերմանիան և Հոլանդիան, չհասան եզրափակիչ փուլ:
– Ուղեգրի համար պայքարում Հոլանդիայի մրցակիցը Իսպանիան էր, որը տարիքային այս խմբում ավանդաբար ուժեղ է և տիտղոսներ է նվաճում: Այս առումով անակնկալ չեղավ, չնայած՝ հոլանդացիներն էլ լավ թիմ ունեն: Նորվեգիան էլ գրագետ ու կազմակերպված ֆուտբոլ ցուցադրեց և կարողացավ գերազանցել Գերմանիային:
– Ո՞ւմ եք համարում մրցաշարի ֆավորիտ:
– Այն թիմը, որը սկզբից մինչև վերջ կպահպանի խաղային կարգապահությունը և թիմային խաղի մոտեցումները, կունենա հաղթելու ամենամեծ հնարավորությունը: Բոլոր թիմերն էլ լավ ֆուտբոլիստներ ունեն և իրար արժանի մրցակիցներ են: