ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ Սամվել Ավետիսյանը շնորհակալություն է հայտնել «ԷԼԱՐԴ» ընկերության փորձագիտական խմբին՝ փորձաքննության կատարման գործընթացը գերազանց կազմակերպելու համար:
«Ուզում եմ շեշտել, որ մենք ակնկալում ենք հստակ և օբյեկտիվ եզրակացություն: Անհրաժեշտության դեպքում Քննչական կոմիտեն պատրաստակամ է աջակցել»,- ընդգծեց Սամվել Ավետիսյանը:
«ԷԼԱՐԴ» ընկերության փորձագիտական խմբի ղեկավար Ռիկարդի Խուրին խմբի բոլոր անդամների անունից շնորհակալություն հայտնեց ՔԿ ղեկավարությանը վերջին օրերին ցուցաբերած աջակցության համար:
«Այցը շատ օգտակար էր մեզ համար: Հնարավորություն ունեցանք շատ արդյունավետ հանդիպումներ ունենալ բոլոր կողմերի հետ, ստանալ մեզ հետաքրքրող հարցերի պատասխանները: Շնորհակալ ենք մեզ ցուցաբերած աննախադեպ աջակցության համար: Վստահեցնում ենք, որ փորձաքննությունը լինելու է անաչառ և օբյեկտիվ»,- շեշտել է Ռիկարդո Խուրին:
Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն օրերս հանդիպել էր «ԷԼԱՐԴ» ընկերության տնօրեն Ռամեզ Կայալին և փորձագիտական խմբի համակարգող Ռիկարդո Խուրի հետ:
Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը ևս հատուկ շեշտել էր փորձաքննության անաչառ լինելու կարևորության մասին:
«Ակնկալում ենք անաչառ, անթերի, բարձր մասնագիտական փորձաքննություն, որը պետք է տա բոլոր հարցերի պատասխանները և որևէ մեկի մոտ հարցեր չառաջացնի»,- ընդգծել էր Հայկ Գրիգորյանը:
Նշենք, որ Ամուլսարի ոսկեբեր քվարցիտային հանքի շահագործման նպատակով նշանակված համալիր փորձաքննությունը գտնվում է Քննչական կոմիտեի նախագահի անմիջական ուշադրության կենտրոնում և ամենօրյա կտրվածքով ծանոթանում է կատարվող աշխատանքներին: