Կոռումպացված ոստիկանը չարիք է համակարգի համար. նախագահ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 11 2024
  • $
    390.88
  • RUBLE
    3.71
  • 411.09
WEATHER
+5.09 oC

Կոռումպացված ոստիկանը չարիք է համակարգի համար. նախագահ

19:34 23.10.2017

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել ոստիկանության կոլեգիայի ընդլայնված նիստին, որի օրակարգի շրջանակներում քննարկվել են ոստիկանության ծառայությունների և տարածքային մարմինների 2017թ. ինը ամիսների օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները: 

Նիստում զեկույցներով հանդես են եկել ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը և ոստիկանության պետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը:

Հանրապետության Նախագահը նիստի մասնակիցներին ուղղված իր խոսքում անդրադարձել է ոստիկանության առջև ծառացած խնդիրներին, նախանշել հետագա անելիքները, ոստիկանության գործունության առաջնահերթություններն ու նպատակադրումները, ինչպես նաև խոսել սահմանադրական բարեփոխումներից բխող պետական մարմինների հարաբերակցության նոր պայմաններում ոստիկանությունից ակնկալիքների, իրավապահ այլ մարմինների հետ պատշաճ համագործակցության մասին և մի շարք հանձնարարականներ է տվել իրավախախտումների կանխարգելման, երկրում հասարակական կարգի և անվտանգության ապահովման, ինչպես նաև այլ ուղղություններով համապատասխան աշխատանքներ իրականացնելու նպատակով:

Նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ առկա խնդիրները լուծելու համար ոստիկանությունն ունի մեծ ներուժ, ինչպես նաև պետության ղեկավարի և Գերագույն գլխավոր հրամանատարի աջակցությունը՝ վստահեցնելով, որ պետությունը միշտ պատրաստ է ամուր թիկունք լինել ոստիկանին, նրա ծառայության արդյունավետությունը բարձրացնող բոլոր նախաձեռնություններին:

Մինչ կոլեգիայի ընդլայնված նիստը Նախագահն այցելել է ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության վերանորոգված հարկաբաժին, ծանոթացել իրականացված աշխատանքներին և վարչության գործունեության համար ստեղծված պայմաններին:

Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը
ոստիկանության կոլեգիայի ընդլայնված նիստի ժամանակ՝ մասնակի կրճատումներով.

 

«Պարոնա՛յք գեներալներ, սպաներ,

Ոստիկանության հարգելի՛ աշխատակիցներ,

Դուք լավ հիշում եք, որ իմ նախընտրական ծրագրի հիմքում «Ապահով Հայաստան» նպատակադրումն իրականացնելու գաղափարն էր: Շուրջ հինգ տարի առաջ այսօրվա Հայաստանը ես տեսնում էի վտանգներից ավելի պաշտպանված: 

Երկրի անվտանգության առումով դրական և էական առաջընթաց արձանագրելով հանդերձ՝ կարծում եմ, որ այսօր դեռ վաղ է վերջնականապես գնահատել, թե արդյո՞ք իմ սպասելիքներն ամբողջությամբ արդարացվել են: Միաժամանակ գտնում եմ, որ ձեզ հետ հանդիպումը շատ լավ առիթ է լրացուցիչ անգամ վեր հանելու ոստիկանության առջև ծառացած խնդիրները և նախանշելու հետագա անելիքները:

Վերջին ամիսներին հանրության շրջանում մտահոգության տեղիք են տվել հանրապետությունում կատարված մի քանի հանցագործություններ, որոնց մասին շատ է գրվել լրատվամիջոցներում, և որոնց անդրադարձ եղավ նաև հնչած զեկուցման մեջ: Ոմանց մոտ ընկալում է ձևավորվել, թե դրանք իրավապահ մարմինների կողմից հանցավորությանը ոչ արդյունավետ հակազդելու հետևանք են: 

Վստահ եմ, որ իրավապահներն ամբողջությամբ վերահսկում են օպերատիվ իրավիճակը, և խուճապի որևէ պատճառ չկա: Այնուամենայնիվ, չեմ կարող չմտահոգվել մեր քաղաքացիների անհանգստությամբ: Ինձ համար երկրում օրինականության և կարգուկանոնի լավագույն չափորոշիչը հանրության կարծիքն է:
Այո՛, շատերն են ընդունում, որ այսօրվա ոստիկանները նախկինից ավելի պատրաստված են և ավելի դրական են ընկալվում: Սակայն կա նաև տարակուսանք, որ այդ նույն ոստիկաններն իրենց հնարավորությունները լիարժեք չեն իրացնում: 

Համոզված եմ, որ ոստիկանությունն ունի մեծ ներուժ, որպեսզի փարատվեն եղած կասկածները, իսկ այդ ներուժը պետք է իրացվի ողջ ծավալով: Այս առումով հորդորում եմ բոլորիդ անմնացորդ նվիրվել ձեր ծառայությանը և շատ կարճ ժամանակում գրանցել նոր, զգալի և տեսանելի հաջողություններ: 

Այս խնդիրը լուծելու համար դուք ունեք անհրաժեշտ թե՛ մարդկային, թե՛ նյութատեխնիկական ռեսուրսներ: Դուք ունեք նաև իմ՝ որպես պետության ղեկավարի և Գերագույն գլխավոր հրամանատարի աջակցությունը:

Հարգելի՛ ոստիկաններ,

Վստահ եմ, որ լավ գիտակցում եք ոստիկանության սոցիալական գործառույթի կարևոր նշանակությունը: Վստահ եմ նաև, որ գիտեք՝ որքան պրոֆեսիոնալ է ոստիկանությունն իրականացնում իր առաքելությունը, այնքան պաշտպանված ու ապահով է իրեն զգում հասարակության յուրաքանչյուր անդամ: 

Կասկած չունեմ, որ հասկանում եք՝ սահմանադրական բարեփոխումներից բխող պետական մարմինների հարաբերակցության նոր պայմաններում ոստիկանությունից սպասելիքները պակաս չեն լինելու, գուցե շատ ավելին են լինելու: Ուստի, անհրաժեշտ է արդեն այսօր ճիշտ ախտորոշել առկա բոլոր խնդիրները և հստակ պլանավորել առաջիկա անելիքները:

Ուզում եմ կանգ առնել այս պահի կարևոր երկու խումբ անելիքների վրա:
Առաջին. ոստիկանության աշխատանքի առյուծի բաժինը պետք է կազմեն իրավախախտումների կանխարգելմանն ուղղված միջոցառումները: Ակնհայտ է, որ կանխարգելիչ աշխատանքների նշանակությունը գործնականում չափազանց մեծ է: 

Պատահական չէ, որ Սահմանադրությունը թույլ է տալիս առանձին իրավունքներ սահմանափակել ինչպես հանցագործությունների բացահայտման, այնպես էլ դրանց կանխման նպատակից ելնելով: Մենք պետք է ընդունենք, որ հանցագործությունների կանխարգելման ոլորտում ոստիկանների անելիքները շատ են: Առկա վիճակը դեռ հեռու է ցանկալի մակարդակից: 

Կարևոր է, որ այդ մասին նշվեց նաև զեկույցում: Միաժամանակ պետք է հասկանանք, որ փաստն արձանագրելը և թերացումները տեսնելը թեև դրական, բայց ամենևին բավարար չեն առավելագույն արդյունքի հասնելու համար: Հանցագործությունների կանխարգելման բնագավառում մինիմալիստական մոտեցումը, այսինքն՝ նվազագույնով բավարարվելն անընդունելի է:

Ասվածը, բնականաբար, չի նսեմացնում ձեր գործունեության մյուս բաղադրիչների, հատկապես օպերատիվ-հետախուզական աշխատանքի դերը: Հանցավորության դեմ պայքարում օպերատիվ-հետախուզական միջոցառումներն առանձնահատուկ են: Դրանց ճիշտ, գրագետ և ժամանակին իրականացումը կարող է ոչ միայն խափանել, այլև արդյունավետ կանխել հանցանքների կատարումը:

Պարոնա՛յք ոստիկաններ,

Հատկանշական է, որ իրավախախտումների կանխարգելման կարևորագույն գործոններից մեկը զենքի և զինամթերքի ապօրինի շրջանառության դեմ պայքարն է: Այս աշխատանքի արդյունքներն այս պահին փաստացի հեռու են դրական գնահատվելուց: 
Այո՛, հաշվետու ժամանակահատվածում համապատասխան դեպքերի հայտնաբերման աճ է գրանցվել: Սակայն շարքային քաղաքացու համար միշտ չէ, որ տեսանելի են այս ոլորտում ձեր կատարած աշխատանքի արդյունքները: Ես սա ասում եմ գիտակցելով հանդերձ, որ մեր անկախության առաջին տարիներին զենքի և զինամթերքի անվերահսկելի մեծ շրջանառություն է եղել. ես նկատի ունեմ՝ սովետական բանակից Հայաստանի Հանրապետության փոխանցման ժամանակահատվածը, նաև նկատի ունեմ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության համար մղվող մարտերում ձեռք բերված ավարն ու ինչ-որ չափով նաև եղած զենքի անվերահսկելի շրջանառությունը: Սա բոլորիս համար հասկանալի է, բայց արդեն անցել է 23-24 տարի, և մենք պարտավոր ենք այս հետևանքները վերացնել: 

Իրականում տարօրինակ է. եթե կա պայքար, իսկ դրա արդյունքները դրական են, ապա ինչպես է պատահում, որ օրը ցերեկով, շատերի աչքի առջև հրազենի գործադրմամբ կատարվում են ծանր հանցագործություններ: Այս երևույթը մտահոգիչ է նաև այն առումով, որ նման դեպքերը չեն պակասում, այլ ավելանալով՝ ստանում են առավել հանդուգն դրսևորումներ:

Ապօրինի պահվող հրազենը և զինամթերքը պետք է արագ հայտնաբերվեն և առգրավվեն: Սա ընդունեք որպես առաջիկա ամիսներին ձեր գլխավոր խնդիրներից մեկը և իմ հանձնարարությունը:     
Անելիքների երկրորդ խումբն առավելապես պետք է միտված լինի երկրում հասարակական կարգի և անվտանգության ապահովմանը: Այստեղ կցանկանայի մի քանի շեշտադրում անել:

Նախ, երկար տարիներ Հայաստանն աչքի է ընկել իբրև ապահով երկիր: Այդ մասին շատ են խոսել թե՛ տարբեր առաքելություններով Հայաստան այցելած անձինք, թե՛ պարզապես զբոսաշրջիկները: Դա, բնականաբար, ոգևորիչ է: 

Միաժամանակ պետք է փաստել, որ վերջին շրջանում միջազգային որոշ կառույցների կողմից կատարված հետազոտություններով Հայաստանի ցուցանիշներում նկատվում է նահանջ: Դա մտահոգիչ է, մանավանդ որ այդ նույն ժամանակահատվածում մեր որոշ հարևաններ դրական տեղաշարժ են արձանագրել: Ես այս պարագայում որևէ արդարացում, որևէ պատճառ չեմ ընդունում: Չեմ ընդունում, երբ ասում են՝ ուրիշները հանցագործությունները թաքցնում են, այս են անում, այն են անում… Սրանք հեքիաթներ են, որոնք պետք է պատմել երեխաներին: Միջազգային կառույցները շատ լավ գիտեն այս հանգամանքների մասին և նրանք ունեն բոլոր հնարավորությունները պարզելու, թե ինչպիսին է հանցավորության վիճակը կոնկրետ երկրում:

Մենք պետք է ձգտենք անընդհատ առաջընթաց գրանցել: Մեր նպատակն է կայուն տեղ զբաղեցնել աշխարհի ամենաապահով և մրցունակ երկրների շարքում: 

Այս նպատակադրումը, անշուշտ, իր մեջ տնտեսական տարր է պարունակում: Անվտանգ միջավայրը, անկասկած, նպաստում է և՛ զբոսաշրջության զարգացմանը, և՛ ներդրումների աճին:  

Բոլորը թող իրենց ականջին օղ անեն՝ օրինական նպատակին հասնելու համար կարևոր է նաև համաչափ գործելը: Իշխանության կողմից մարդու իրավունքներին և ազատություններին ոչ իրավաչափ միջամտությունն անթույլատրելի է, նույնիսկ եթե նպատակն արդար է: 
Չեմ կարող չխոսել ճանապարհային ոստիկանության մասին: Դրա բարեփոխումների գործընթացը եղել և մնում է իմ առաջնահերթությունների շարքում: 

Անշուշտ, պետք է դրական գնահատել այս ոլորտում կատարվող աշխատանքը: Կարծում եմ՝ մեր վարորդների համար ակնհայտ է, որ վերջին տարիներին բարելավվել են քաղաքացիների հետ ճանապարհային ոստիկանների շփումները: Նաև պետք է ճանաչենք, որ նվազագույնի են հասել չարաշահման դրսևորումները: 

Իհարկե, ոստիկանը պետք է աներկյուղ լինի իր աշխատանքում և չհաշտվի անօրինականության հետ: Սակայն դա բնավ չի նշանակում, որ ոստիկանը մտրակով վերակացու պետք է լինի փողոցում: Ոստիկանը պետք է ուղղորդի քաղաքացուն, օգնի և պարզաբանի ճիշտ ճանապարհը: Երևան քաղաքի շարունակաբար բարդացող ճանապարհային երթևեկության պայմաններում բարեկիրթ պարզաբանումը և նախազգուշացումը երբեմն կարող է շատ ավելի ազդեցիկ լինել, քան մեխանիկաբար տուգանք դուրս գրելը: Նման վարքագիծը, անկասկած, կմեծացնի ոստիկանի հանդեպ հանրության հարգանքն ու վստահությունը: Ասածս ճիշտ հասկացեք՝ սա այլ բան չի նշանակում: Սա նշանակում է, որ աշխատանքում պետք է օգտագործել տարբեր մեթոդներ:

Կարծում եմ, որ տարեսկզբին հաստատված «Ճանապարհային ոստիկանության համակարգի բարեփոխումների հայեցակարգը» մոտ ապագայում այս առումով տալու է իր նկատելի արդյունքը:
Դրա հետ մեկտեղ, չեմ կարող չկիսել որոշ տեսուչների անբարեխիղճ, իսկ երբեմն հանցավոր վարքագծով պայմանավորված՝ մեր վարորդների վրդովմունքը: Ճանապարհային ոստիկանության առանձին ծառայողներ այն աստիճան են կորցրել իրականության զգացողությունը կամ այնքան են վստահ սեփական անպատժելիության մեջ, որ բացահայտ կոռուպցիոն վարքագիծ են դրսևորում, այլ բառերով ասած՝ դրսևորում են լկտի վարքագիծ: Նրանք անգամ չեն խորշում այն փաստից, որ դա արձանագրվում է իրենց իսկ համազգեստի վրա ամրացված տեսախցիկներով: 

Օրինազանց և կոռումպացված ոստիկանը չարիք է համակարգի համար: Նա ստվերում է կատարված մեծ աշխատանքի արդյունքները, խոչընդոտում համակարգում կոռուպցիայի դեմ պայքարի լիարժեք իրականացմանը:  

Մենք կարող ենք հասնել և պետք է հասնենք դրան: Հայաստանի հասարակության յուրաքանչյուր անդամ ոստիկանին պետք է համարի իր պաշտպանը, նրանից պետք է ակնկալի աջակցություն ցանկացած դժվարության դեպքում: Վստահ եղեք, որ մեր պետությունը միշտ պատրաստ է ամուր թիկունք լինել ոստիկանին, նրա ծառայության արդյունավետությունը բարձրացնող բոլոր նախաձեռնություններին ու նաև վստահ եղեք, որ մենք պարբերաբար լուծելու ենք կարևոր սոցիալական խնդիրներ»: 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Առաջարկվում է ՓՄՁ-ների գործունեության համար ստեղծել ավելի կանխատեսելի միջավայր

14:40 27.11.2024

Առաջարկվում է ՓՄՁ-ների գործունեության համար ստեղծել ավելի կանխատեսելի միջավայր

Կառավարության հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի նպատակն է ՓՄՁ-ների համար ստեղծել գործունեություն ծավալելու ավելի կանխատեսելի միջավայր՝ տարբերակելով ՀԴՄ-ի կիրառության կանոնների խախտման համար նախատեսված պատասխանատվության միջոցները` ըստ խախտման բնույթի եւ պետությանը պատճառվող վնասի չափի: Այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանն ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ նոյեմբերի 27-ին […] ...

Ինչո՞ւ է Գվարդիոլան ինքն իրեն վնասել

14:32 27.11.2024

Ինչո՞ւ է Գվարդիոլան ինքն իրեն վնասել

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան նիդերլանդական «Ֆեյենորդի» դեմ Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրի հանդիպման հետխաղային ասուլիսին ներկայացել է դեմքի վնասվածքներով։ Կատալոնացի մասնագետը պատմել է, որ ինքն է ճանկռել իր դեմքը։ «Դա ինքս եմ արել իմ մատներով: Ցանկանում էի վնասել ինձ»,- ասել է Գվարդիոլան: Տնային հանդիպման մինչև 75-րդ րոպեն «Մանչեսթեր Սիթին» հաղթելիս է եղել 3-0 հաշվով, […] ...

Մինչև 18 տարեկան անձանց էներգետիկ ըմպելիքների վաճառքը կարգելվի. նախագիծը քննարկվել է առաջին ընթերցմամբ

14:25 27.11.2024

Մինչև 18 տարեկան անձանց էներգետիկ ըմպելիքների վաճառքը կարգելվի. նախագիծը քննարկվել է առաջին ընթերցմամբ

ՀՀ ԱԺ պատգամավորներ Ալխաս Ղազարյանի, Հակոբ Արշակյանի, Բաբկեն Թունյանի, Սոնա Ղազարյանի, Արուսյակ Ջուլհակյանի, Արսեն Թորոսյանի, Մարիամ Պողոսյանի, Հասմիկ Հակոբյանի հեղինակած ««Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթի նպատակն է մինչեւ 18 տարեկան անձանց առողջության պահպանման նպատակով կոֆեին եւ տաուրին պարունակող էներգետիկ ըմպելիքների շրջանառության սահմանափակումը, ինչպես նաեւ իրավական հիմքերի ստեղծումը: Հարցը քննարկվել […] ...

Գյումրիի քաղաքապետի ԺՊ կնշանակվի այն անձը, որին կցանկանան տեսնել գյումրեցիները․ Գևորգ Պապոյան

14:18 27.11.2024

Գյումրիի քաղաքապետի ԺՊ կնշանակվի այն անձը, որին կցանկանան տեսնել գյումրեցիները․ Գևորգ Պապոյան

Հայաստանի էկոնոմիկայի նախարար, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության փոխնախագահ Գևորգ Պապոյանն անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը՝ Գյումրիում նախնական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ։ Լրագրողների հետ ճեպազրույցում Պապոյանն ընդգծեց, որ Գյումրիում ստեղծված կառավարման ճգնաժամը լուծելու նպատակով առաջիկայում նախատեսվում է կազմակերպել նախնական ընտրություններ, որոնց միջոցով կընտրվի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար։ Պապոյանը նշեց, որ գյումրեցիները կկարողանան արտահայտել իրենց կարծիքը՝ անկախ կուսակցական […] ...

Կիլիանի հետ ամեն ինչ կարգին է, նրա հասցեին հնչող քննադատությունները չափազանցված են․ Բելինգեմ

14:12 27.11.2024

Կիլիանի հետ ամեն ինչ կարգին է, նրա հասցեին հնչող քննադատությունները չափազանցված են․ Բելինգեմ

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը նշել է, թե ինչպես է խաղադաշտում փոխվել իր դերը ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի ակումբ տեղափոխվելուց հետո։ «Կիլիանի հետ ամեն ինչ կարգին է։ Նրա հասցեին հնչող քննադատությունները չափազանցված են։ Երբ Մբապեին տեսնում եմ մարզումների ժամանակ, համոզվում եմ, որ նա ավելի լավ կսկսի խաղալ։ Թիմում շատ են բազմակողմանի ֆուտբոլիստները։ Վնասվածքների պատճառով ստիպված […] ...

ՀԱՄԱՍ-ն ընդունելի է համարել Լիբանանում հրադադարի համաձայնագիրը

14:05 27.11.2024

ՀԱՄԱՍ-ն ընդունելի է համարել Լիբանանում հրադադարի համաձայնագիրը

Պաղեստինյան արմատական ​​ՀԱՄԱՍ շարժումն իրեն դավաճանված չի համարում Իսրայելի եւ շիական «Հըզբոլլահ» կազմակերպության միջեւ հրադադարի պայմանավորվածությունից հետո եւ ընդունում է ձեռք բերված համաձայնությունը։ Այս մասին իտալական La Repubblica թերթին տված հարցազրույցում ասել է ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչ, շարժման քաղբյուրոյի անդամ Բասեմ Նաիմը։ Նրա խոսքով՝ Լիբանանի, Եմենի կամ Իրանի հետ ոչ մի համաձայնություն խաղաղություն չի բերի տարածաշրջանին, քանի […] ...

BACK_TO_TOP