«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նախընտրական քարոզարշավը շարունակել է Տավուշի մարզում: Իջևանում բնակիչների հետ հանդիպմանը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ հարկավոր է ոչ թե մարդկանց խնդրել, որ գան Հայաստանում ներդրում անեն, այլ պետք է այնպիսի պայմաններ ստեղծել, որ նրանք խնդրեն Հայաստանում ներդրում անելու համար:
«Մեր ժողովրդի ժպիտը չպետք է կորցնենք։ Իրենք հույսով-հավատով սպասում են, որ լավ է լինելու։ Պետք է միասնական լինել: Կապ չունի կուսակցական պատկանելությունը, կապ ունի մարդու փորձը, գիտելիքը, արդյունավետությունը, որ կարողանա քարը քարին դնի։ Մարդը կյանքում քարը քարին չի դրել, մի ծառ չի տնկել, ոչ մի ոլորտ չի զարգացրել ու խոսում է զարգացումից։ Մարդը պետք է արած-դրած ունենա։ Ցանկացած խնդիր լուծվում է ծանոթությամբ, լուծվում է արած գործով, ընկերական կապերով։ Բոլոր հարցերը լուծելի են»,- հայտարարել է Ծառուկյանը։
«Ես իմ թիմին զգուշացրել եմ, որ, եթե որևէ մեկի հասցեին վատ բան ասեն, փորձեն դրանով իրենց հեղինակությունն ավելացնել, կուսակցությունից կհեռացվեն։ Դուք ձեր գործը ներկայացրեք, ժողովուրդն էլ ում կուզի, թող իր ձայնը տա»,- ասել է ԲՀԿ նախագահը։