Ինչպես են եկել ու գնացել Հայաստանի 15 վարչապետներն ու 3 նախագահները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+15.09 oC

Ինչպես են եկել ու գնացել Հայաստանի 15 վարչապետներն ու 3 նախագահները

19:41 16.10.2018

Թե ինչ է առաջին դեմքի հրաժարականը, Հայաստանի երրորդ հանրապետությունում գիտեն հենց առաջին նախագահի օրինակով: 1991 թվականի ճիշտ այս օրը՝ հոկտեմբերի 16-ին, պաշտոնը ստանձնած Լևոն Տեր- Պետրոսյանը առաջին 5 տարին հաջող պաշտոնավարեց: Բայց երկրորդ ժամկետի երկրորդ տարում հրաժարական տվեց: Ասաց, որ դա անում է երկիրը ներքաղաքական ցնցումներից զերծ պահելու համար:

Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականի տեքստն ամբողջությամբ այստեղ:

Ըստ շրջանառվող լուրերի՝ ՀՀ առաջին նախագահը հրաժարական տվեց՝ ՀՀ վարչապետ Ռոբերտ Քոչարյանի, պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի և անվտանգության ու ներքին գործերի նախարար Սերժ Սարգսյանի հետ ունեցած սկզբունքային տարաձայնությունների պատճառով: Լևոն Տեր-Պետրոսյանի հետ փոխնախագահներ, նախարարներ, մարզպետներ, քաղաքապետ ու այլ պաշտոնատար անձինք պաշտոնաթող եղան: Վարչապետը՝ Ռոբերտ Քոչարյանը,  հակառակը՝ առաջխաղացում ունեցավ և ՀՀ նախագահ դարձավ: Նա պաշտոնը թողել է պաշտոնավարման ժամկետը լրանալուց հետո միայն: Սա Հայաստանի երրորդ հանրապետությունում, նախագահների ու վարչապետների պարագայում,  քիչ հանդիպող իրավիճակ է: Օրինակ՝ Հայաստանի երրորդ հանրապետության առաջին վարչապետը՝ Վազգեն Մանուկյանը, նույնպես երկար չի պաշտոնավարել:

1990թ. օգոստոսի 13-ին ԳԽ-ի կողմից  ՀՀ նախարարների խորհրդի նախագահ (վարչապետ) ընտրված Մանուկյանը 1991թ. սեպտեմբերի 26-ին հրաժարական տվեց: Որպես պատճառ նշվում էր տարաձայնությունը իշխող ՀՀՇ-ի հետ: Քաղաքական այդ ուժը նախագահի պաշտոնում առաջադրել էր Լևոն Տեր-Պետրոսյանին, Մանուկյանն ինքն էր ցանկանում նախագահ դառնալ: Արդյունքում՝ հեռացավ ՀՀՇ-ից ու հիմնեց իր կուսակցությունը՝ ԱԺՄ-ն: Վազգեն Մանուկյանին փոխարինեց Գագիկ Հարությունյանը:

Գագիկ Հարությունյանը ևս կարճ պաշտոնավարեց՝ 8 ամիս: Բայց նա ի սկզբանե էլ համարվում էր անցումային վարչապետ: Նրան Խոսրով Հարությունյանը փոխարինեց՝ 1992 թվականի օգոստոսի 1-ին դառնալով վարչապետ:

Ըստ պնդումների՝ Հարությունյանի հրաժարականի պատճառը նախագահի դժգոհությունն էր կառավարության աշխատանքից: Վարչապետը դեմ դուրս եկավ իր իսկ կառավարության կազմած բյուջեի նախագծին, որը ունեցվածքի ապապետականացում, սեփականաշնորհում էր նախատեսում: Այդ ամենը իրականություն դարձրեց Հրանտ Բագրատյանը:

Բայց Բագրատյանն էլ երկար չպաշտոնավարեց՝ 12.02.1993-04.11.1996 ընկած ժամանակահատվածում: Նրա դեպքում էլ քաղաքագետներն ասում են՝ պատճառը Վազգեն Սարգսյանի և Վանո Սիրադեղյանի հետ հակասություններն էին: Լևոն Տեր-Պետրոսյանը չցանկացավ սահմանափակել Սարգսյան-Սիրադեղյան իշխանությունը: Բագրատյանը ստիպված էր գնալ: Եկավ Արմեն Սարգսյանը, որին հիշում են նաև իր հմայիչ ժպիտով:

ՀՀ այսօրվա նախագահը վարչապետի պաշտոնում ընդամենը մի քանի ամիս մնաց: Նա վարչապետի պաշտոնից հեռացավ առողջական խնդիրների պատճառով, մեկնեց Մեծ Բրիտանիա՝ բուժման նպատակով, այնուհետև նշանակվեց Մեծ Բրիտանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան:

Եկավ Ռոբերտ Քոչարյանի վարչապետության շրջանը՝ 01.03.1997-28.02.1998 թվականները:

Ռոբերտ Քոչարյանը, թե ինչպես նախագահ դարձավ արդեն ասվել է: Իսկ նախագահ դառնալուց հետո նա վարչապետ նշանակեց Արմեն Դարբինյանին, որը 30 տարեկան էր՝ ամենաերիտասարդը եղած վարչապետներից: Երիտասարդ վարչապետը եկավ երիտասարդ տնտեսագետների թիմով: Թիմին անուն տվեցին՝ «պրոֆեսիոնալների կառավարություն»։ Որոշ տեսաբաններ, սակայն, ասում են՝  նրա աշխատանքից էլ գոհ չմնացին․ հարկային եկամուտների թերհավաքագրում արձանագրվեց, կոռուպցիան խորացավ:

1 տարի 5 ամիս պաշտոնավարած Դարբինյանը հրաժարական տվեց, քանի որ 1999-ի մայիսի 30-ին ԱԺ ընտրություններում հաղթեց «Միասնություն» դաշինքը, որի վարչապետի թեկնածուն Վազգեն Սարգսյանն էր: Պաշտոնը ստանձնելուց 4 ամիս անց՝ հոկտեմբերի 27-ին, Վազգեն Սարգսյանը սպանվեց: Ներքաղաքական լարված իրավիճակը մեղմելու նպատակով Ռոբերտ Քոչարյանը վարչապետ նշանակեց նրա եղբորը՝ Արամ Սարգսյանին, որը  պաշտոնավարեց մինչև 2000 թվականի մայիսը։

Որոշ քաղաքագետների կարծիքով՝ Արամ Սարգսյանի հեռանալու պատճառը Ռոբերտ Քոչարյանի հետ ունեցած հակասություններն են եղել: Սարգսյանից հետո գործադիրի  ղեկավարի աթոռին նստեց ամենաերկարակյաց վարչապետը՝ Անդրանիկ Մարգարյանը:

Մարգարյանը գործադիրի ղեկավար է եղել 2000-2007թթ.: Նա մահացավ սրտի կաթվածից: ՇՇուկներ տարածվեցին, թե դա պատահական մահ չէ, հերքողներ էլ գտնվեցին: Ինչևէ, Մարգարյանին փոխարինեց Սերժ Սարգսյանը, որը 2008թ. դարձավ ՀՀ նախագահ, իսկ վարչապետ նշանակեց մի ուրիշ Սարգսյանի:

Տիգրան Սարգսյանը երկրորդն է իր պաշտոնավարման ժամկետի երկարությամբ՝ 6 տարի: Նրա դեպքում երկար ժամանակ էին լուրեր պտտվում, բայց հրապարակային հրաժարական չեղավ: 2014 թվականի ապրիլին ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ուղղակի ասաց, որ Սարգսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել նախագահին, Սերժ Սարգսյանն էլ ընդունել է այն:

Փորձագետների մի մասի կարծիքով՝ Տիգրան Սարգսյանն իր հրաժարականի մասին իմացել է նախօրեին: Որոշ տեսաբաններ պնդում էին, որ հրաժարականը պայմանավորված էր «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի ձախողմամբ, ոմանք՝ թե պատճառը օֆշորային սկանդալն է,  «Նաիրիտ»-ի թալանն ու աղմկոտ այլ պատմությունները: Մեկ այլ պնդման համաձայն՝ ԱԺ նիստում կառավարությանն անվստահություն հայտնելու նախագիծն է հրաժարականի պատճառ դարձել: Քաղաքական գործիչների մի հատվածն էլ վստահ է, որ Տիգրան Սարգսյանի հրաժարականը Կրեմլի պարտադրանքն էր՝ նա արևմտյան հայացքներ ունի: Ինչևէ, ինքը ՝ Սարգսյանը, ֆեյսբուքյան էջում գրեց, որ որոշումն իրենն է ու դեռ ամիսներ առաջ է հրաժարականի դիմումը նախագահին ներկայացրել: Գնում է շնորհակալությամբ:

«Սիրելի հայրենակիցներ,Դեռևս փետրվար ամսին ես հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին դիմեցի խնդրանքով՝ ընդունել իմ հրաժարականը: Որոշումս հասունացած էր և խոր գիտակցված: Պայմանավորվեցինք դիմումի ներկայացման պահը հետաձգել` մի շարք կարևոր պետական միջոցառումների և ՀՀԿ տնտեսական համաժողովի անցկացման անհրաժեշտությունից ելնելով: Իմ շնորհակալությունն եմ հայտնում բոլոր այն մարդկանց, ում հետ աշխատել եմ և, առաջին հերթին՝ հանրապետության նախագահին վարչապետի բարձր պաշտոնն ինձ վստահելու համար:  Նոր կառավարությանը մաղթում եմ հայրենանվեր և արդյունավետ աշխատանք»,- իր հրաժեշտի ելույթում ասել է Տիգրան Սարգսյանը:

13.04.2014-08.09.2016 թվականներին ՀՀ վարչապետ էր Հովիկ Աբրահամյանը: Մոտ 2.5 տարի անց նա էլ հրաժարական տվեց: Ելույթը լսած մարդիկ սկսեցին խոսել, որ տպավորություն էր, թե նա հեռանում է նախագահից և ՀՀԿ-ից խռոված, արդարանալու, իր ուսերից կառավարության ձախողումների պատասխանատվությունը գցելու ակնհայտ ցանկությամբ: Ասվում էր նաև, որ այդպես ներիշխանական այլընտրանքն է չեզոքացվում: Աբրահամյանը քավության նոխազ է՝ Ռուսաստանը իր կադրին է ուզում ՀՀ վարչապետ տեսնել: Հայաստանի 13-րդ վարչապետի հեռացումը, սակայն, որևէ կոնկրետ, հասկանալի բացատրության չարժանացավ: Աբրահամյանն իր հրաժեշտի ելույթում հասարակության բևեռացված լինելու մասին խոսեց:

«Մեր որդեգրած անկեղծ և իրատեսական մոտեցումներն իրենց արդյունքն ունեցան, սակայն հասարակությունը դեռևս մնաց բևեռացված: Իմ կարծիքով՝ դրա հիմնական պատճառներից մեկն աշխարհաքաղաքական, արտաքին տնտեսական և ռազմական մարտահրավերներով սնվող առկա տարաձայնություններն են: Դրանք են, որ դեռևս հնարավորություն չեն ընձեռում մեզ՝ ժողովելով բոլոր ուժերը, հրատապ լուծումներ տալ մեր առջև ծառացած կարևորագույն խնդիրներին՝ տնտեսական հավասար պայմաններ ապահովելուց մինչև կոռուպցիայի դեմ պայքարը:

Չնայած ամենօրյա աշխատանքով և սահմանին կանգնած զինվորի անսասան արիությամբ կերտվող 25-ամյա մեր հպարտ անկախությանը՝ մենք դեռևս անցումային խնդիրներ ունեցող երկիր ենք, որտեղ առկա տնտեսական և սոցիալական իրավիճակի բարելավման համար մեզ անհրաժեշտ են հասարակության և կառավարության միասնական ջանքեր: Իսկ դրա համար անհրաժեշտ են նոր մոտեցումներ, նոր սկիզբ: Այդ պատճառով, ես որոշել եմ հրաժարական տալ և նոր կառավարություն ձևավորելու հնարավորություն ընձեռել նախագահին:

Պետք է մտածել մեր բոլորի հաջողության մասին և շանս տալ նոր կառավարությանը՝ կատարված աշխատանքի հիման վրա և նոր մոտեցումներով համախմբելու հասարակությանը»,- ասաց Հովիկ Աբրահամյանը:

Հովիկ Աբրահամյանին փոխարինեց Կարեն Կարապետյանը:

Նա եկավ 5-ամյա զարգացման իր ծրագրերով, «դրայվ» ու «մուսկուլ» հաճախ կրկնվող բառերով, ոճային հագ ու կապով: Նա երկու տարուց էլ քիչ պաշտոնավարեց: Այդ ողջ ընթացքում չէին դադարում ասել, որ Կարապետյանը ընդամենը անցումային վարչապետ է: Սահմանադրական փոփոխություններ ծրագրվեցին, իրականություն դարձան: Խորհրդարանական կառավարման համակարգի անցած Հայաստանում՝ առաջին անգամ վարչապետ ընտրվեց։ Նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնը ստանձնեց: Բայց նախ՝ Կարապետյանի մասին:

«Չուրախանաք, շարունակելու ենք աշխատել»,- սա Կարեն Կարապետյանն ասաց, երբ կառավարությունը հրաժարական տվեց ու այլ տրամադրություններ էին:

Հետո երբ իրավիճակ փոխվեց, հենց Կարապետյանի հրաժարականի ելույթին էլ սպասում էին ամեն վայրկյան, բայց նա ձգձգում էր, ասում էին բանակցություններ է վարում  ներսի ու դրսի ուժերի հետ մնալու համար: Գնաց ասելով՝ լավ եղեք, բոլորիդ լավ տրամադրություն:

«Հարգելի՛ քաղաքացիներ

Այսօրվանից ես դադարեցնում եմ վարչապետի պաշտոնակատարի լիազորությունների կատարումը։ Ուզում եմ բոլորին շնորհակալություն հայտնել քննադատության, ոգևորիչ խոսքերի և աջակցության համար։ Շատ հետաքրքիր և պատասխանատու ժամանակաշրջան էր։ Ես իմ կարողությունները մաքսիմալ ներդրել եմ աշխատանքի մեջ։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել կառավարության մեր թիմին։ Չափազանց պարկեշտ և հայրենասեր մարդկանց թիմ էր։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել այս ժամանակահատվածում պետական համակարգ մուտք գործած պրոֆեսիոնալ, անկաշկանդ, համարձակ և էֆեկտիվ երիտասարդներին։ Շնորհավորում եմ նոր վարչապետին։

Վարչապետին և հաջորդող բոլոր վարչապետներին անկեղծ մաղթում եմ բազմաթիվ հաջողություններ, լավ արդյունքներ, անճգնաժամ աշխատանքային ժամանակահատված, և միշտ հասկացված լինել ժողովրդի կողմից։ Պատկերացնելով վարչապետի ծանր և պատասխանատու աշխատանքը, որը պահանջում է անհոգ օրերի ու գիշերների բացակայություն, առաջարկում եմ մեր համաքաղաքացիներին, լրագրողներին, սոցիալական ցանցերից օգտվողներին և քաղաքական ուժերին՝ վարչապետին քննադատելիս անել այն առարկայական, անձնականը և ընտանիքը չխառնելով, հակառակը՝ խորհուրդ տալով և ոգևորելով։ Բոլորիդ ԼԱ՛Վ տրամադրություն, ԼԱ՛Վ ԵՂԵՔ: Շնորհակալություն»,- ասված է նրա հայտարարության մեջ։

Բայց պաշտոնաթող նախագահը՝ Սերժ Սարգսյանը, որը վարչապետ էր ընտրվել, հասկացված չեղավ: Նա 10 օր էլ նոր պաշտոնում չմնաց:

Համաժողովրդական շարժումն իր նպատակին հասավ՝ վարչապետի պարտականությունները մինչև Փաշինյանի ընտրությունը կատարում էր առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը: Սերժ Սարգսյանը հեռացավ, հրաժարականի այս տեքստը հրապարակվեց.

«Դիմում եմ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին,
մեծերին ու իմ սիրելի երիտասարդներին, կանանց ու տղամարդկանց, դիմում եմ փողոցներում «Մերժիր Սերժին» կոչով օր ու գիշեր կանգնածներին և փակ փողոցներով այս օրերին դժվարությամբ աշխատավայր հասնող և իրենց պարտքն անտրտում իրականացնողներին, դիմում եմ ուղիղ եթերի առաջ օրերով գամվածներին և օր ու գիշեր հասարակական անվտանգությունը տղամարդու պես ապահովողներին, դիմում եմ սահմանին կանգնած մեր քաջարի զինվորներին ու սպաներին, դիմում եմ իմ զինակից ընկերներին, դիմում եմ իմ կուսակից ընկերներին, քաղաքական բոլոր ուժերին և գործիչներին։ Որպես երկրի ղեկավար՝ դիմում եմ վերջին անգամ։ Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր։ Ես սխալվեցի։

Ստեղծված իրավիճակն ունի մի քանի լուծում, բայց դրանցից ոչ մեկին ես չեմ գնա։ Դա իմը չէ։ Ես թողնում եմ երկրի ղեկավարի, Հայաստանի վարչապետի պաշտոնը։ Փողոցի շարժումն իմ պաշտոնավարման դեմ է։ Ես կատարում եմ ձեր պահանջը։ Խաղաղություն, ներդաշնակություն և տրամաբանություն մեր երկրին»,- ասված է Սերժ Սարգսյանի հրաժարականի տեքստում:

ՀՀԿ մամուլի խոսնակը մի առիթով ասել է՝ Սերժ Սարգսյանը դեռ կպարզաբանի, թե ինչ նկատի ունի՝ ասելով, որ Նիկոլը ճիշտ էր, ինքը սխալվել է:

Իսկ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի անկախության պատմության մեջ առաջինն էր, որ վարչապետ դարձավ՝ լինելով ընդդիմության անդամ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԵՄ մուտքի վիզաների ազատականացումը նոր շունչ կհաղորդի Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգին․ ՆԳ նախարար

16:56 23.11.2024

ԵՄ մուտքի վիզաների ազատականացումը նոր շունչ կհաղորդի Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգին․ ՆԳ նախարար

Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը նոյեմբերի 22-ին ելույթ է ունեցել «Ընդլայնելով Հայաստան-ԵՄ գործընկերությունը» միջոցառմանը, որը նվիրված էր Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրման յոթամյակին: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, ՀՀ կառավարության, Ազգային ժողովի, Հայաստանում ԵՄ պատվիրակության և անդամ պետությունների դիվանագիտական ներկայացուցիչներ, ինչպես նաև ՀԸԳՀ քաղաքացիական […] ...

Իսրայելի ռազմաօդային ուժերը դարձյալ հարվածել են Բեյրութին

16:51 23.11.2024

Իսրայելի ռազմաօդային ուժերը դարձյալ հարվածել են Բեյրութին

Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները հարվածներ են հասցրել Բեյրութի հարավային արվարձանում գտնվող Սան Թերեզ և Քաֆաաթ թաղամասերին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։ Բնակելի բազմահարկ շենքերը խոցվել են իսրայելական ինքնաթիռների կողմից, տեսանելի են ծխի սյուներ։ Շաբաթ առավոտյան իսրայելական ինքնաթիռները հարվածներ էին հասցրել Բեյրութի կենտրոնում գտնվող Բաստա թաղամասին: Հարվածի հետևանքով զոհվել է ավելի քան 10 մարդ, վիրավորվել՝ ավելի […] ...

Երևանի կենդանաբանական այգում հերթական ծառատունկն է իրականացվել

16:45 23.11.2024

Երևանի կենդանաբանական այգում հերթական ծառատունկն է իրականացվել

Երևանի կենդանաբանական այգում այսօր հերթական ծառատունկն է իրականացվել: Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից, այգու տարածքում տնկվել է ավելի քան 150 ծառ՝ տանձենի, խնձորենի, կաղնի։ Ծառատունկին մասնակցել են Երևանի փոխքաղաքապետ Սարգիս Մադաթյանը, բնապահպանության վարչության պետ Սիրարփի Հայկազյանը, կառավարման խորհրդի անդամներ, այգու տնօրենը և աշխատակիցները։ Երևանի կենդանաբանական այգու տարածքում վերջին 2 տարիներին տնկվել է 1000-ից ավելի ծառ։ ...

ՀԱՄԱՍ-ը հայտարարել է Գազայի մերձակայքում իսրայելական բազային հարվածելու մասին

16:38 23.11.2024

ՀԱՄԱՍ-ը հայտարարել է Գազայի մերձակայքում իսրայելական բազային հարվածելու մասին

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը` «Ալ-Քասամ» բրիգադները հայտնել են, որ փոքր հեռահարության հրթիռներ են արձակել Գազայի հատվածի մոտ գտնվող իսրայելական Ռաիմ ռազմաբազայի ուղղությամբ: «Ալ-Քասամ բրիգադները մի քանի փոքր հեռահարության հրթիռներ են արձակել Ռաիմ ռազմաբազայի ուղղությամբ»,- ասվում է ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի հայտարարության մեջ: ...

«իԳործը» արդեն 5-րդ տարին անընդմեջ Հայաստան է բերում սփյուռքահայ մասնագետների

16:23 23.11.2024

«իԳործը» արդեն 5-րդ տարին անընդմեջ Հայաստան է բերում սփյուռքահայ մասնագետների

«իԳործը» արդեն 5-րդ տարին անընդմեջ Հայաստան է բերում սփյուռքահայ մասնագետների ու նրանց 1 տարի ժամկետով աշխատանք առաջարկում պետական կառավարման համակարգում: Ամեն տարի մասնակիցների ավելի քան 70 տոկոսը որոշում է մնալ հայրենիքում: Մանրամասները՝ Կառավարության ռեպորտաժում: ...

«The Voice» շոուի աստղը մեկ տարում նիհարել է 100 կգ-ով

16:12 23.11.2024

«The Voice» շոուի աստղը մեկ տարում նիհարել է 100 կգ-ով

«The Voice» վոկալ շոուի աստղ Շարիպ Ումխանովը մեկ տարում նիհարել է 100 կգ-ով: Այս մասին նա հայտնել է Instagram-ում՝ հրապարակելով նիհարելուց առաջ և հետո արված լուսանկարներ: «Ուղիղ մեկ տարի առաջ ես իմ առջև նպատակ դրեցի. Եվ այսօր վստահաբար կարող եմ ասել, որ այդ առաջադրանքը կատարել եմ»,- գրել է նա։ Ումխանովի խոսքով՝ ինքը չի դիմել բարիատրիկ […] ...

BACK_TO_TOP