Յուրաքանչյուր բռնապետի արտաքին թշնամի է հարկավոր, այդ պատճառով էլ մեզ դարձրին հայկական լրտեսներ. ադրբեջանցի իրավապաշտպան Լեյլա Յունուս – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+6.09 oC

Յուրաքանչյուր բռնապետի արտաքին թշնամի է հարկավոր, այդ պատճառով էլ մեզ դարձրին հայկական լրտեսներ. ադրբեջանցի իրավապաշտպան Լեյլա Յունուս

13:16 16.10.2018

SHANTNEWS.am-ը բացառիկ հարցազրույց է արել ադրբեջանցի իրավապաշտպան, պատմաբան, Ադրբեջանի «Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի» տնօրեն Լեյլա Յունուսի հետ: Նրա հետ զրուցել ենք Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարումների, քաղբանտարկյալների վիճակի, հայ և ադրբեջանցի իրավապաշտպանների գործունեության մասին:

– Ձեր վերջին հարցազրույցներից մեկում ասել եք, որ Եվրոպայի խորհուրդը պետք է պատժամիջոցներ սահմանի Ադրբեջանի նկատմամբ, քանի որ Ադրբեջանը չի հարգում Եվրոպական դատարանի որոշումները: Եվ Դուք առաջարկում եք մարդու իրավունքները խախտող պաշտոնյաներին զրկել Շենգենյան երկրներ մուտքի իրավունքից: Կարծում եք՝ դա բավարա՞ր է այդ հարցը լուծելու համար:

– Ես կարծում եմ, որ ինչ-որ բանից պետք է սկսել: Ադրբեջանը Եվրոպայի խորհուրդ է մտել 2000-2001թթ. և այդ ժամանակ 21 պարտավորություն ստանձնել, որոնցից 7-ը վերաբերում էին ժողովրդավարական ազատությունների նորմերին և մարդու իրավունքներին: Ընդ որում, պաշտոնապես նրանք իբր իրականացրել են դրանք, սակայն մեր ինստիտուտը դեռ 2006թ. հետազոտություն էր կատարել Ադրբեջանի կողմից Եվրոպայի խորհուրդ մտնելուց առաջ ստանձնած պարտավորությունների իրականացման վերաբերյալ և մենք պրակտիկայում, գրավոր կերպով ցույց տվեցինք, որ պարտավորությունները չեն իրագործվել, մասնավորապես ոչ մի պարտավորություն՝ կապված մարդու իրավունքների պահպանման հետ:

Իսկ այժմ՝ այսքան տարիներ անց և այն բանից հետո, երբ այս տարվա ապրիլին հրապարակվեց հատուկ հանձնաժողովի զեկույցը՝ կապված մեր բռնապետներին, Եվրոպական խորհրդի խորհրդարանական վեհաժողովի պատգամավորներին կաշառելու հետ, լիովին ակնհայտ դարձավ, որ անհրաժեշտ են կոշտ միջոցներ: ԵԽԽՎ-ն շարունակում է անտեսել Ադրբեջանի կողմից  մարդու իրավունքների հետ կապված իր պարտավորությունների խախտումները և տվյալ դեպքում 2017թ. վերջից ի վեր Ադրբեջանը դադարել է կատարել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) բոլոր որոշումները, նույնիսկ չի վճարում այն փոխհատուցումները, որոնք սահմանել է ՄԻԵԴ-ը: Այդ պատճառով պատժամիջոցներն անհրաժեշտ են: Հարկավոր է կիրառել զանազան պատժամիջոցներ:

Ադրբեջանի բռնապետը, մեղմ ասած, լիովին անհարգալից վերաբերմունք է դրսևորում օրենքի նորմերի և օրենսդրական իրավունքի հանդեպ՝ ինչպես ադրբեջանական, այնպես էլ միջազգային, այդ պատճառով պետք է սկսել պատժամիջոցներից: Եթե պատժամիջոցներ սահմանվեն կոնկրետ պաշտոնյաների, օրինակ՝ ոստիկանության սպաների նկատմամբ, որոնք մահ պատճառելու աստիճան ծեծում էին քաղաքացիներին, ապա վաղը մինչև ձեռք բարձրացնելը նրանք ավելի զգույշ կլինեն: Ավելին, ասեմ, որ 2003թ., երբ Իլհամ Ալիևն առաջին անգամ, այսպես ասած, ընտրվեց նախագահ, ոստիկանությունը շատ կոպիտ միջոցներ կիրառեց խաղաղ ցուցարարներին ցրելու համար: Այդ ժամանակ եղան մարդիկ, ովքեր ծեծից մահացան, մի կին կորցրեց տեսողությունը մահակի հարվածներից և ԵԱՀԿ-ի դիտորդները պահանջեցին պատասխանատվության ենթարկել այն ոստիկաններին, ովքեր մարդկանց հաշմանդամ էին դարձրել և սպանել: Դրանից հետո նախագահը՝ մեր բռնապետ Իլհամ Ալիևը, ելույթ ունեցավ և հայտարարեց. «Ոստիկաննե՛ր, դուք չպետք է վախենաք, ձեր հանդեպ ոչ մի միջոց չի կիրառվի, դուք պաշտպանում էիք օրենքը, կարգը, որքան էլ որ պահանջներ լինեն, որ ձեզ պատասխանատվության ենթարկեմ, ես նման բան չեմ անի»: Նա այդպիսի ելույթ ունեցավ 2003թ. աշնանը: Հիմա 2018թ. է, ոստիկանները լսեցին Իլհամ Ալիևին և դրանից հետո ամեն տարի մեզ մոտ կտտանքներից մահանում է 10-12 մարդ: Դա միջինը, լինում է և ավելի շատ, ինչպես օրինակ՝ անցյալ տարի:

– Դուք նաև նշել եք, որ եվրոպական կառույցների՝ Արևմուտքի համար իրենց անգործությունը կարող է վատ հետևանքներ ունենալ: Ի՞նչ հետևանքների մասին է խոսքը:

– Ես խոսում էի միգրացիոն ալիքի մասին: Գիտեք, մենք հիմա Եվրոպայում ենք: Մենք երբեք այստեղ չէինք գա, 60 տարեկանից հետո չէինք լքի հայրենիքը, եթե հնարավոր լինել մնալ հայրենիքում, ապրել և բուժվել այնտեղ: Եվ հիմա, երբ այստեղ ենք, տեսնում ենք, որ եվրոպական համայնքի գլխավոր խնդիրներից մեկը ներգաղթյալների հսկայական հոսքն է, առաջին հերթին արաբական աշխարհից, Սիրիայից: Շատ դժվար է այդ հարցը լուծել:

Հարավային Կովկասի տարածքում ևս մեկ այդպիսի արյունալի հակամարտություն ոչ միայն մեր՝ Հարավային Կովկասի բնակիչների շահերից չի բխում, այլև եվրոպական քաղաքական գործիչներին բոլորովին պետք չէ ներգաղթյալների նոր հոսք Ադրբեջանից, որտեղ կարող է սոցիալական հակամարտություն տեղի ունենալ:

– Դուք որոշ առումով տուժել եք նաև ձեր հայաստանյան իրավապաշտպան գործընկերների հետ համագործակցության պատճառով: Երկու երկրների քաղաքացիական հասարակության կառույցների միջև համագործակցությունն իմաստ ունի՞, թե՞ կարող է միայն վնասել ադրբեջանցի իրավապաշտպաններին:

– Իմ և ամուսնուս՝ Արիֆի ձերբակալության գործում ոչ մի դեր չի խաղացել մեր համագործակցությունը Հայաստանի մեր գործընկերների հետ: Մեր լավ, միակ համատեղ հայ-ադրբեջանական կայքը՝ publicdialogue-ը, որը մենք ստեղծել ենք իմ գործընկերուհի Լաուրա Բաղդասարյանի հետ, օգտագործվել է միայն որպես պատրվակ: Ես ավելի քան 30 տարի է՝ զբաղվում եմ մարդու իրավունքների պաշտպանությամբ, և մեր բռնապետին զայրացնում էր հենց իմ ակտիվությունը այդ առումով:

Ի դեպ, մենք բոլորս ձերբակալվել ենք մի ժամանակաշրջանում, երբ Ադրբեջանը նախագահում էր Եվրոպայի խորհուրդը և որպես մի պետության ղեկավար, որը նախագահում է Եվրոպայի խորհուրդը, Իլհամ Ալիևը 2014թ. սկզբին ելույթ ունեցավ ՀԽԽՎ-ի նստաշրջանում և հայտարարեց, որ Ադրբեջանում չկա ոչ մի քաղբանտարկյալ: Հենց հաջորդ օրը ես հրապարակեցի քաղբանտարկյալների մեր ցուցակը, ելույթ ունեցա, ուղարկեցի դա ամեն տեղ անգլերենով և ասացի որ ԵԽԽՎ-ի ելույթում Իլհամ Ալիևը ստում է: Եվ շարունակեցի իմ գործունեությունը: Մեր ձերբակալության պատճառը եղել է հենց այս իրավապաշտպան գործունեությունը՝ կապված Ադրբեջանում քաղաքական խիստ բռնաճնշումների հետ: Իսկ ինչպես պատմությունից էլ հայտնի է, յուրաքանչյուր բռնապետի արտաքին թշնամի է հարկավոր, այդ պատճառով էլ մեզ դարձրին հայկական լրտեսներ:

– Այսինքն՝ համագործակցությունն ամեն դեպքում պետք է շարունակվի:

– Անպայման: Ավելին, ես և Լաուրան վերսկսեցինք մեր աշխատանքը, 6 ամսով մի ծրագիր իրականացրեցինք, որն ավարտվեց վերջերս՝ սեպտեմբերին: Կարող եք մտնել publicdialogue կայք և այնտեղ տեսնել ինտերնետային համաժողովները, որոնք մենք անցկացրել ենք հուլիս, օգոստոս, սեպտեմբեր ամիսներին: Այնտեղ տեղադրված են համապատասխան թեմաներով հոդվածները, որոնք գրվել են ինչպես հայ, այնպես էլ ադրբեջանցի հետազոտողների կողմից: Եվ մենք մտադիր ենք շարունակել մեր աշխատանքը: Խնդրեմ, աջակցեք մեր publicdialogue-ին: Դա շատ կարևոր է, հատկապես երիտասարդության համար, որը մեծացել է պատերազմական պայմաններում:

Շատ կարևոր է, որ երիտասարդությունը տեսնի փոխազդեցություն, համագործակցություն, կարծիքների փոխանակում երկու ժողովուրդների, երկու երկրների տարբեր ներկայացուցիչների միջև:

Շարունակելի 

Հիշեցնենք, որ Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը Լեյլա Յունուսին դատապարտել էր 8,5 տարվա, իսկ Արիֆ Յունուսին՝ 7 տարվա ազատազրկման: Նրանք մեղադրվում էին Հայաստանի օգտին լրտեսություն անելու, ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու ու ֆինանսական մեքենայությունների մեջ: Ամուսիններին ու քաղաքացիական հասարակության մյուս կալանավորված անդամներին ազատելու կոչով հանդես էին եկել միջազգային տարբեր կազմակերպություններ ու գործիչներ:

Լեյլա և Արիֆ Յունուսների միակ դուստրը՝ Դինարան, Հոլանդիայում ապաստան էր ստացել 2009 թվականին: Ներկայումս ընտանիքը բնակվում է Ամստերդամում:

Լեյլա ու Արիֆ Յունուսներն ավելի վաղ դիմում էին ներկայացրել դատարան՝ բուժման նպատակով Ադրբեջանից ժամանակավոր հեռանալու թույլտվության ստացման համար: Հայտարարության մեջ նշվել է, որ համաձայն բժշկական փորձաքննության, իրավապաշտպան Լեյլա Յունուսը տառապում է քրոնիկ հեպատիտով, զարկերակային հիպերտենզիայով ու շաքարախտով, ունի մեծ քար լեղապարկում ու սուր ցավեր ստամոքսում: Արիֆ Յունուսը տառապում է 3-րդ աստիճանի զարկերակային հիպերտենզիայով, երկու անգամ կաթված է ստացել:

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ոստիկանները ձերբակալել են առևտրի կենտրոնում թափառող «ուրվականների որսորդին»

00:00 24.11.2024

Ոստիկանները ձերբակալել են առևտրի կենտրոնում թափառող «ուրվականների որսորդին»

Մալայզիայի Պետալինգ-Ջայա քաղաքի լքված առևտրի կենտրոնում ահազանգ է հնչել և ոստիկանները գնացել են ստուգելու՝ արդյոք այնտեղ ամեն ինչ կարգին է, հայտնում է coasttocoastam.com-ը։ Արդյունքում նրանք կալանավորել են Մուհամմադ Զայնուդին Ասարոնին, ով միայնակ թափառելիս է եղել տարածքում։ Հարցաքննության ժամանակ Մուհամեդն ասել է, որ իրականում մտել է առևտրի կենտրոն, որպեսզի պարանորմալ հետազոտություններ անցկացնի և պարզի՝ արդյոք այնտեղ […] ...

ԿԺԴՀ ՊՆ-ն մեղադրել է ԱՄՆ-ին թերակղզում աղետալի իրավիճակի համար

23:50 23.11.2024

ԿԺԴՀ ՊՆ-ն մեղադրել է ԱՄՆ-ին թերակղզում աղետալի իրավիճակի համար

Կորեական թերակղզում ԱՄՆ-ի սադրիչ գործողությունները, մշտական զորավարժությունները և այլ քայլերը պայմաններ են ստեղծում ռազմական բախման համար, ասվում է Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետություն պաշտպանության նախարարության՝ շաբաթ օրը Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալության (KCNA) տարածած հաղորդագրության մեջ։ «Միացյալ Նահանգների սադրիչ գործողությունները Կորեական թերակղզում, որտեղ առկա է ռազմական հակամարտության մշտական վտանգ, պատճառ են, որ իրավիճակը տարածաշրջանում հասել է անդառնալի […] ...

Իսրայելը հարվածել է սիրիա-լիբանանյան սահմանի անցակետին․ SANA

23:40 23.11.2024

Իսրայելը հարվածել է սիրիա-լիբանանյան սահմանի անցակետին․ SANA

Իսրայելը հարձակվել է Սիրիայի և Լիբանանի սահմանին գտնվող «Ջուսիա» անցակետի վրա։ Այս մասին հայտնում է SANA գործակալությունը։ «Ջուսիա» անցակետը գտնվում է Սիրիայի Հոմս նահանգի Ալ-Քուսեյր շրջանում։ Ինչպես գործակալությանը հայտնել է Դաբահ ալ-Մաշալ սահմանային անցակետի ղեկավարը, օբյեկտը նյութական վնաս է կրել։ Sham FM ռադիոկայանի հաղորդմամբ՝ այն հատվածը, որտեղ գտնվում է անցակետը, հարվածի տակ է հայտնվել առնվազն […] ...

Solar Orbiter-ը արել է Արեգակի մակերեսի ամենապարզ լուսանկարները

23:30 23.11.2024

Solar Orbiter-ը արել է Արեգակի մակերեսի ամենապարզ լուսանկարները

Solar Orbiter տիեզերական ապարատը Երկիր է ուղարկել մինչև օրս արված ամենաբարձր որակի Արեգակի մակերևույթի լուսանկարները։ Այս նկարները մանրամասնորեն ֆիքսել են մեր լուսատուի դինամիկ մակերեսը, որը հայտնի է որպես ֆոտոսֆերա: Արեգակի տեսանելի մակերեսը՝ Արեգակի տեսանելի մակերեսի վրա նյութի շարժման արագությունը։ Կապույտ հատվածները շարժվում են դեպի Solar Orbiter, իսկ կարմիր հատվածները հեռանում են նրանից՝ Արեգակնային սկավառակի մագնիսական […] ...

Այրվել է մոտ 80 հա խոտածածկույթ

23:25 23.11.2024

Այրվել է մոտ 80 հա խոտածածկույթ

Նոյեմբերի 23-ին, ժամը 18:29-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թթուջուր գյուղից Բերդ քաղաք տանող ավտոճանապարհի ձախակողմյան հատվածում այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Թթուջուր և Գետիկ գյուղերին հարակից դաշտերում: Հրդեհը մեկուսացվել է […] ...

ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան ողջունել են Իրանի վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի բանաձևը

23:20 23.11.2024

ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան ողջունել են Իրանի վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի բանաձևը

Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան ողջունում են երեկ ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդի կողմից հակաիրանական բանաձևի ընդունումը, ասվում է չորս երկրների՝ բրիտանական կառավարության կայքում հրապարակված հայտարարության մեջ։ «Մենք՝ Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և Միացյալ Նահանգների կառավարությունները ողջունում ենք Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) կառավարիչների խորհրդի կողմից Իրանի վերաբերյալ բանաձևի ընդունումը»,-ասվում է հայտարարության մեջ։ Հայտարարության մեջ […] ...

BACK_TO_TOP