ԼՂ-ն պետք է որոշիչ ձայն ունենա խաղաղ բանակցային գործընթացում. Փաշինյանի ելույթը Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի բացման ժամանակ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+4.09 oC

ԼՂ-ն պետք է որոշիչ ձայն ունենա խաղաղ բանակցային գործընթացում. Փաշինյանի ելույթը Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի բացման ժամանակ

12:19 11.10.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է Երևանում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի հանդիսավոր բացման արարողությանը:

Վարչապետը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշել է.

«Ձերդ Գերազանցություններ,

Տիկնայք և պարոնայք,

Պետությունների և կառավարությունների ղեկավարներ,

Տիկնայք և պարոնայք պատվիրակությունների ղեկավարներ,

Տիկին գլխավոր քարտուղար,

Տիկին ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն,

Ձերդ գերազանցություններ,

Հարգարժան հյուրեր,

Տիկնայք և պարոնայք,

Կցանկանայի նախ արտահայտել այն անսահման ցավը, որն ինձ համակում է այս պահին, երբ մտածում եմ Շառլ Ազնավուրի մասին, այնքան թանկ մի անձնավորության, ով մեզնից հեռացավ հոկտեմբերի 1-ին։

Այդ Մեծ անձնավորությունը, ֆրանսերենի դեսպանը, 100 տոկոսով ֆրանսիացի, բայց միևնույն ժամանակ 100 տոկոսով հայ, ինչպես ինքն էր սիրում ասել, այնքան կցանկանար լինել մեր կողքին այսօր՝ ցույց տալու համար իր նվիրվածությունն իր սիրելի երկու երկրներին՝ Ֆրանսիային և Հայաստանին, նաև Ֆրանկոֆոնիայի տոնը նշանավորելու համար, որին ամբողջ կյանքում ծառայել է։ Ֆրանսիական շանսոնի նրա գլուխգործոցները, որոնք արդեն բազմաթիվ սերունդների են ուղեկցել և կուղեկցեն դեռ երկար, կմնան մեր հիշողություններում։

Մենք սգում ենք, որովհետև սիրում էինք։ Լինելով Հայաստանի եռանդուն պաշտպան, մեր երկրի դեսպանը միջազգային կազմակերպություններում՝ նա բարձր է պահել Հայաստանի անունն աշխարհում, և մենք հավերժ երախտապարտ կլինենք նրան դրա համար։

Նա հեռացավ մեզնից, բայց այսօր ներկա է մեր մտքերում։

Ձերդ գերազանցություններ,

Տիկնայք և պարոնայք,

Նրա հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգելու փոխարեն, խնդրում եմ նրա հիշատակը տոնելու համար ջերմ ծափահարություններով ողջունել ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐԻ հավերժական ներկայությունը։

Շնորհակալ եմ:

Ձերդ գերազանցություններ,

Հարգարժան հյուրեր,

Տիկնայք և պարոնայք,

Ես և ողջ հայ ժողովուրդն ուրախ ենք Երևանում հյուրընկալել ֆրանկոֆոն պետությունների և կառավարությունների ղեկավարների 17-րդ գագաթնաժողովը։

Մաղթում եմ բարի գալուստ Հայաստան։

Քրիստոնեության բնօրրան, հազարամյակների պատմություն և մշակույթ ունեցող հավերժական Հայաստան, որն այս ամիս նշում է իր մայրաքաղաք Երևանի հիմնադրման 2800-ամյակը։

Իրական, ամուր ինքնություն, ստեղծարար էներգիա, դինամիկություն ունեցող Հայաստան, որն ապրել է 1915 թվականի Ցեղասպանության ողբերգությունը և այսօր առաջ է շարժվում՝ վստահ լինելով իր ապագայի համար։

Այս նոր Հայաստանը, որն առաջնորդվում է «Թավշյա հեղափոխության» գաղափարներով, այս քաղաքացիական և ժողովրդավարական շարժմամբ, որը առաջ է տարվել հայ երիտասարդների և կանանց կողմից, որոնց հաջողվել է ողջ բնակչության հետ կիսել իրենց «Միասին ապրելու» կամքը ազատ, արդար և համերաշխ հասարակության մեջ:

Ձերդ գերազանցություններ,

Տիկնայք և պարոնայք,

Այսօր ցանկանում եմ վերստին ասել, որ Հայաստանի համար մեծ պատիվ է, որ այս գագաթնաժողովի կազմակերպումը վստահվել է Հայաստանին։

Այդ առնչությամբ մենք լիովին գիտակցում ենք մեզ վրա դրված պատասխանատվությունը և ցանկանում ենք, որ այս իրադարձությունը բոլորի հիշողություններում մնա որպես Կազմակերպության ինստիտուցիոնալ կյանքի բացառիկ պահերից մեկը, ինչպես նաև ֆրանկոֆոն համակեցության և համերաշխության կարևոր դրսևորում։

Հայաստանը Ֆրանկոֆոնիայի երիտասարդ անդամ է, դիտորդի կարգավիճակով անդամակցությունից ի վեր ընդամենը 15 տարի է անցել, մինչդեռ մշակութային և լեզվական բազմազանության, ֆրանսերենի և Ֆրանկոֆոնիայի հիմնարար արժեքների խթանման նրա հանձնառության ապացույցի կարիք չկա։

Հայաստանը հպարտ է Ֆրանկոֆոնիային անդամակցությամբ, որը համագործակցության, երկխոսության և փոխանակումների մի ընդարձակ տարածք է, և բազմազանության և համերաշխության նկատմամբ հարգանքի մթնոլորտում Կազմակերպության անդամ պետություններին և կառավարություններին համախմբում է խաղաղության, ժողովրդավարության և մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի շուրջ։

Մենք իրապես հավատարիմ ենք մեզ միավորող այդ կապերի բնույթին, որոնք այնքան լավ բնորոշվում են «Ապրել միասին Ֆրանկոֆոնիայում» գաղափարախոսությամբ։ Նրանք միասին կազմում են այդ համընդհանուր բարիքը, այդ հարստությունը, որ մեզ համար կարևոր է պահպանել ամեն գնով, այդ մեծ հնարավորությունը ֆրանկոֆոն ողջ տարածքի համար։

«Ապրել միասին՝ հարգելով համերաշխությունը, մարդասիրական արժեքներն ու բազմազանությունը՝ իբրև խաղաղության և բարօրության հիմք ֆրանկոֆոն տարածաշրջանում». սա է Հայաստանի կողմից առաջարկված թեմայի նշանակությունը, որը կարտացոլվի նաև մեր աշխատանքներում։

«Ապրել միասինի» ընդգծումը կարևոր է նաև պոպուլիզմի և ծայրահեղականության աճի համատեքստում։

Ատելության խոսքի և անհանդուրժողականության դրսևորումների դեմ մենք ունենք բարոյական պարտավորություն, ունենք դրանց հակադրելու «Ապրել միասինի» արժեքներն ու սկզբունքները և համախմբվելու՝ դրանք կյանքի կոչելու համար։

Անկասկած, մենք պետք է շարունակենք ամեն ջանք գործադրել բոլորիս կայուն մարդկային զարգացման ձգտումն ի կատար ածելու համար։

Այսպիսին է մեր կողմից առաջարկվող Կոչը, որն իրենից ներկայացնում է հզոր ուղերձ հանուն Ֆրանկոֆոնիայի հիմնադիր հայրերի կողմից ժառանգված խաղաղության, համերաշխության և մարդասիրության։

Ձերդ Գերազանցություններ,

Տիկնայք և պարոնայք,

Երևանի գագաթնաժողովն անդրադարձ կկատարի նաև մեզ սպառնացող մի շարք մարտահրավերներին, ինչպիսիք են խաղաղությանը, ժողովրդավարությանն ու կայունությանը վերաբերող հարցերը, ահաբեկչության և կլիմայական փոփոխությունների դեմ պայքարը կամ միգրացիայի հիմնախնդիրը, որոնք այդքան մեծ մարտահրավերներ են մեր մոլորակի համար։ Մենք վստահ ենք, որ համամարդկային նշանակության այս մարտահրավերների դեմ լուծումները պետք է գտնվեն բազմակողմ հարթակում, քանի որ միասնական և համաձայնեցված գործունեությամբ, միջազգային համագործակցության միջոցով կարելի է գրանցել հաջողություններ նշված ոլորտներում։

Կցանկանայի հատկապես ընդգծել ֆրանկոֆոն տարածքի հակամարտությունները և ճգնաժամերը, որոնց հանգուցալուծման համար Ֆրանկոֆոնիան զգալի ջանքեր է գործադրում։ Դրանք ամենից հաճախ ուղեկցվում են մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի լրջագույն խախտումներով։ Այն ժամանակ, երբ մենք պատրաստվում ենք նշել Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի ընդունման 70-ամյակը, մեր պարտքն է կրկնապատկել մեր ջանքերը` կանխելու նոր ցեղասպանությունները, պատերազմական հանցագործությունները և մարդկության դեմ հանցագործությունները:

Այս հակամարտությունների հետևողական գոյությունը նաև պարտավորեցնում է մեզ վերահաստատել ճանաչված միջազգային բանակցային ձևաչափերի շրջանակում հակամարտությունների խաղաղ կարգավորման մեր հանձնառությունը:

Դա նաև վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, որի շուրջ բանակցային գործընթացն ընթանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահ երկրների՝ Ֆրանսիայի, Միացյալ Նահանգների և Ռուսաստանի համանախագահության ձևաչափում։ Խոսքը գնում է արդեն տասնամյակներ տևող և բազմաթիվ տառապանքներ պատճառած հակամարտության մասին։

Հակամարտությունը հակադրության մեջ է դրել արդեն ավելի քան 25 տարի իր ինքնորոշման իրավունքն իրականացնող Լեռնային Ղարաբաղին և Լեռնային Ղարաբաղի ընտրված ներկայացուցիչների հետ երկխոսությունը մերժող Ադրբեջանին։

Մենք համոզված ենք, որ Լեռնային Ղարաբաղը պետք է որոշիչ ձայն ունենա խաղաղ բանակցային գործընթացում, և իր կարգավիճակը պետք է որոշվի՝ հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի՝ իրավական պարտադիր ուժ ունեցող կամարտահայտման իրավունքը։

Միևնույն ժամանակ Լեռնային Ղարաբաղի համար առանցքային նշանակություն ունի անվտանգության հարցը։ Վերջինս այնքան հաճախ է դարձել իր իրավունքների ոտնահարման, խտրականությունների և վայրագությունների զոհ, որ երկխոսության մերժման և ուժի կիրառման կրկնվող փորձերը լուրջ վտանգի տակ են դնում Լեռնային Ղարաբաղի բնակչության ֆիզիկական գոյությունն իսկ։

Մենք հավատում ենք, որ խաղաղությանը միտված մթնոլորտի ստեղծումն առանցքային է կարգավորման գործընթացի առաջմղման համար, և մեր ողջ ջանքներն ուղղված են փոխվստահության միջոցների շուրջ արագ և համապարփակ համաձայնությունների ձեռքբերման խրախուսմանը, որոնք կենսական նշանակություն ունեն հակամարտության բոլոր կողմերի բնակչություններին խաղաղությանը պատրաստելու համար։

Ձերդ գերազանցություններ,

Տիկնայք և պարոնայք,

Խոսքս եզրափակելու համար կցանկանայի դիմել ֆրանկոֆոն տարածության երիտասարդներին, ովքեր մեր հասարակությունների փոփոխությունների հիմնական դերակատարներն ու մեր երկրների ապագան են։

Ես ցանկանում եմ ձեզ ասել, որ մենք կարևորում ենք այն նպաստը, որը դուք ունեք գագաթնաժողովի թեմայում, և ձեզ կոչ անել համախմբվել մեզ միավորող «Ապրել միասին» գաղափարի արժեքների առաջմղման համար՝ մեզ հետ միասին նպաստելով ավելի արդար ու հանդուրժող աշխարհի կերտմանը։

Ձերդ գերազանցություն,

Տիկնայք և պարոնայք,

Մաղթում եմ բոլորիդ հիանալի ժամանց Հայաստանում և հաջողություն՝ մեր աշխատանքներին։

Շնորհակալ եմ»:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները

00:00 23.11.2024

Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները

Մալդիվների կառավարությունը որոշել է ավելացնել տուրիստական հարկերը՝ բյուջեն համալրելու համար. խոսքը կանաչ հարկի, տուրիստական հարկի, օդանավակայանի սպասարկման վճարների և տուրիստական ապրանքների և ծառայությունների հարկի մասին է, հաղորդում են տեղական լրատվամիջոցները: 2025 թվականի հունվարի 1-ից կանաչ հարկը, որը գանձվում է յուրաքանչյուր զբոսաշրջիկից հյուրանոցում կամ կացարանային այլ հաստատությունում գտնվելու մեկ օրվա համար, կկրկնապատկվի։ Հյուրատներում և 50-ից պակաս […] ...

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

23:55 22.11.2024

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զրկել է պետական մրցանակներից և կոչումներից այն հայտնի մարդկանց, ովքեր ապրում և ելույթ են ունենում Ռուսաստանում՝ միաժամանակ աջակցելով պատերազմին։ Նա ստորագրել է համապատասխան հրամանագիրը՝ ուժի մեջ դնելով Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը։ Ցուցակում ընդգրկված են եղել ոչ միայն արվեստագետներ, այլ նաև նախկին պաշտոնյաներ, ժողովրդական պատգամավորներ, ՍԲՀ-ի և գլխավոր դատախազության […] ...

Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտը

23:49 22.11.2024

Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտը

Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը ստորագրել է օրենք, համաձայն որի՝ 2025 թվականի հուլիսի 1-ից երկրում արգելք կսահմանվի էլեկտրոնային ծխախոտների ներմուծման, վաճառքի և ծխելու համար, ուրբաթ հայտնել է Ղրղզստանի ղեկավարի մամուլի ծառայությունը։ «Սադիր Ջապարովը ստորագրել է «Քաղաքացիների առողջության պաշտպանության ոլորտում Ղրղզստանի Հանրապետության որոշ օրենսդրական ակտերում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը»,- ասված է հաղորդագրության մեջ։ Մասնավորապես, հաջորդ տարվա հուլիսի […] ...

2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿ

23:42 22.11.2024

2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿ

ՄԱԿ-ի Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակը (OCHA) ուրբաթ օրը հայտնել է, որ 2024 թվականին աշխարհում մարդասիրական օգնության 281 աշխատակից է զոհվել: «2024 թվականին աշխարհում մահացել է 281 մարդասիրական աշխատող՝ սա զոհերի ռեկորդային թիվ է»,-ասվում է OCHA-ի պաշտոնական կայքում։ ՄԱԿ-ը նշում է, որ նման թվերի պատճառը, մասնավորապես, Գազայի հատվածի հակամարտությունն է, որտեղ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից մինչ […] ...

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

23:36 22.11.2024

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց, որ խնդրել է ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին վայր դնել մանդատը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա ընդգծեց, այստեղ խնդիրը համակարգային բնույթ ունի, այլ ոչ թե անձնական։ «Պետք է ուղիղ խոստովանեմ և ասեմ, որ պաշտոնանկությունների համատեքստի հետ ուղիղ կապ ունեն մի շարք իրադարձություններ, որոնք հրապարակային են […] ...

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

23:30 22.11.2024

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին նշել է, թե որ ֆուտբոլիստը կարող է մոտ ապագայում հավասարվել Կրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի մակարդակին: «Կարծում եմ՝ այն ֆուտբոլիստը, որն օբյեկտիվորեն կարող է հավասարվել Ռոնալդուի և Մեսսիի մակարդակին, Հոլանդն է: Էրլինգը միակն է, որը կարող է հասնել նրանց: Նա դրիբլինգի առավելություն չունի, քանի որ մաքուր հարձակվող է: Եթե նայեք […] ...

BACK_TO_TOP