Քաղաքականությունն իրենց սիրելի մասնագիտությունը չէ կամ ունեն այլ պլաններ. Շարմազանովը` Փաշինյանին աջակցող ՀՀԿ-ականների մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+15.09 oC

Քաղաքականությունն իրենց սիրելի մասնագիտությունը չէ կամ ունեն այլ պլաններ. Շարմազանովը` Փաշինյանին աջակցող ՀՀԿ-ականների մասին

12:38 09.10.2018

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը Lragir.am-ի հետ զրույցում անդրադարձել է ներքաղաքական իրավիճակին:

– Պարոն Շարմազանով, նախօրեին ՀՀԿ խմբակցությունից Գևորգ Կոստանյանը հայտարարել է, որ միշտ կկանգնի Նիկոլ Փաշինյանի կողքին և կողմ է դեկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնելուն, նմանատիպ հայտարարություններ տարածեցին Արման Սահակյանը, Արթուր Գևորգյանը, իսկ Ալիկ Սարգսյանն էլ հայտարարել է, որ լքում է ՀՀԿ-ն։ Կարո՞ղ ենք արձանագրել, որ ՀՀԿ խմբակցությունը փլուզվում է։

– Գևորգ Կոստանյանը խմբակցության անդամ է, բայց կուսակցության անդամ չէ։ Ցանկացած պատգամավոր իրավունք ունի իր կարծիքն արտահայտելու, և ես նրանց տեսակետները մեկնաբանելու ցանկություն չունեմ։ Ես իմ կարծիքն ունեմ և կարծում եմ, որ երբ մարդիկ խոսում են ազնվությունից և օժանդակությունից, ավելի ազնիվ կլինի ասել, որ քաղաքականության մեջ ընդդիմադիր կարգավիճակը միգուցե իրենց սրտով չի, կամ քաղաքականությունն իրենց սիրելի մասնագիտությունը չի, կամ ունեն այլ պլաններ։ Ինչ մնում է աջակցությանը, ես հիմա հարց եմ տալիս՝ էդ իրե՞նք են ավելի շատ աջակցում պետությանը, որ Փաշինյանի բոլոր նախաձեռնություններին՝ ճիշտ, թե սխալ, ասում են, որ ինքն ուժեղ ու ճիշտ է, թե այն ընդդիմադիր պատգամավորը, ով սրտացավորեն, առանց նենգության քննադատում է կառավարությանը՝ ուղղելու նպատակով, ոչ թե գոտկատեղից ներքև հարվածելով։ Այսինքն՝ ի՞նչ է նշանակում՝ բոլորս պետք է աջակցենք վարչապետին։ Ամբողջ աշխարհում ընդդիմություն պետք չի՞։ Էդ դեռ հարց է՝ ընդդիմությունն է շատ աջակցում, թե գովացողները։ Շատ դեպքերում ՀՀԿ-ի խնդիրներն առաջացան այն պատճառով, որ գովացողները շատ էին, իսկ քննադատող չկար։

Չեմ ուզում գնահատական տալ, իրենց գործն է, իրենք են այդպես որոշել, պարզապես ինձ համար անհասկանալի է, երբ պատգամավորները ազնվորեն չեն կանգնում ու չեն ասում, որ, այո՜, Նիկոլ Փաշինյանն ամիսներ շարունակ ճնշում է գործադրում պատգամավորների վրա, միջամտում է ԱԺ աշխատանքներին, որի վառ վկայությունը իր կողմնակիցներով Ազգային ժողովի պաշարումն է։ Այն էլ իրավաբան պատգամավորները, որոնք օրենքն ինձնից 20 անգամ լավ գիտեն։ Ինչո՞ւ են այդ մասին լռում։ Այդ ո՞ր օրենքով էր ասֆալտին փռելն օրինական, ԱԱԾ-ով վախեցնելն օրինական։ Հասկացանք՝ լեգիտիմություն ունի։ Նիկոլ Փաշինյանից այնքան ուժեղ տղերք են լեգիտիմություն ունեցել։ Հիմա հայտարարում են, որ պետք է աջակցել Նիկոլ Փաշինյանին։ Էդ ի՞նչ, ձեր կարծիքն առաջնայի՞ն է։ Ձեր ասելո՞վ է Նիկոլ Փաշինյանը հրաժարական տալու, թե՞ իմ։ Ոչ իմ ասելով է հրաժարական տալու, ոչ էլ որևէ պատգամավորի։ Կա Սահմանադրություն, և ամեն բան պետք է Սահմանադրությամբ լինի։ Ու թող տպավորություն չլինի, որ ես և իմ գործընկերները, որոնք պաշտպանում են դեկտեմբերին ընտրություններ չանցկացնելու մոտեցումը, մանդատներից կամ աթոռներից ենք կառչել։ Հաստատ ոչ մանդատը, կամ աթոռը ինձ բացի պատասխանատվությունից՝ այլ բան չի տվել։ Քաղաքական պայքար է, կլինե՞ն ընտրությունները դեկտեմբերին, կգնանք դեկտեմբերին, մեռնեմ օրենքին։

Ես կարծում եմ, որ քաղաքականությամբ պետք է զբաղվեն քաղաքական գործիչները։ Յուրաքանչյուրն իրավունք ունի բազմակարծության։ Ինձ զարմացնում է, որ այսպես մեծ աժիոտաժ է բարձրացել։ Ուզում եք դեկտեմբերին լինի ընտրություն, դեկտեմբերին կլինի, ի՞նչ է եղել։ Գիշերը Փաշինյանն եկել մեզ հետ բանակցել է, որևէ պատգամավոր չի եղել, որ կանգնի ասի՝ այո՜, պետք է դեկտեմբերին գնանք ընտրությունների։ Նշվել է, որ պետք է Ընտրական օրենսգիրքը փոփոխենք, կուսակցությունների մասին օրենքն ընդունենք, դեռ ՀՅԴ-ն էլ խոսում էր սուպերվարչապետական համակարգի մասին։ Ու հիմա դուրս եկավ, որ ես, Աշոտյանը, Արփինե Հովհաննիսյանն ու Վահրամ Բաղդասարյանը մանդատի կռիվ ենք տանում, մենք դարձանք ժողովրդի թշնամի, ժողովրդի դեմ ենք, մնացածներն էլ ժողովրդի պաշտպա՞նն են։ Ես միայն ասել եմ, որ ամեն ինչ պետք է լինի Սահմանադրության շրջանակներում, չի կարելի բռնաբարել Սահմանադրությունը, չի կարելի հեղինակազրկել Ազգային ժողովը որպես ինստիտուտ, չի կարելի միջամտել ԱԺ աշխատանքներին, ինչն արվել է։ Ու այդ պատգամավորները, որ խորհրդարանում աշխատում են, ավելի լավ է լռեն, քան կանգնեն այդպիսի բաներ խոսեն, դիֆերամբներ ձոնեն Փաշինյանին։ Իմ գործընկերներն են, և ես հարգանքով եմ մոտենում նրանց որոշմանը։

– Կարծում եք՝ սա մեջքից հարվա՞ծ էր Հանրապետականին։

– Մեջքից հարվածներն ավելի շուտ են եղել, պատմությունն ամեն ինչ իր տեղը կդնի։ Ուրեմն այսպես էր պետք, ես արդեն չեմ հասկանում՝ ով է հանրապետական, ով՝ ոչ։ Ես հիմա խոսում եմ որպես անհատ պատգամավոր, որպես քաղաքական գործիչ, ինձ համար նպատակ է եղել պետության շահերի գերակայությունը։ Երբ հիմա բոլորը խոսում էին կուսակցական շահերը պետական շահից վեր դասելուց, էդ ե՞ս եմ կուսակցական շահը վեր դասել պետական շահից։ Հենց պետական շահից ելնելով եմ հայտարարել, որ չի կարելի բռնաբարել Սահմանադրությունը, չի կարելի ասֆալտին պառկեցնել։ Հասկացանք, որ Փաշինյանն ունի բարձր լեգիտիմություն, բայց աչք փակելով նրա սխալների վրա՝ ոչ նրան եք լավություն անում, ոչ էլ պետությանն եք օգնում։ Պետությանն ընդդիմադիր խոսք է պետք, ու եթե թեկուզ մեկ հոգի մնա, որ իմ ասածը լսի, ես իմ կարծիքն ասելու եմ։ Իսկ մյուսները, որ հիմա գովում են Փաշինյանին, թող ջան ասեն, ջան լսեն, ի՞նչ է եղել։ Փաշինյանի հետ հանդիպմանը ոչ Գևորգ Կոստանյանն է եղել, ոչ Ալիկ Սարգսյանը, ոչ էլ Արման Սահակյանը, մենք ենք եղել։ Մենք խոսել ենք պետական շահի գերակայության մասին։ Ասել ենք՝ եղբայր, դու ասել ես ընտրությունները պետք է լինեն մեկ տարվա մեջ, ասել ես՝ մայիսին, հիմա ինչո՞ւ ես պրոցեսներն արագացնում։ Ասել է՝ խորհրդարանում մեծամասնություն չունեմ, մենք էլ ասել ենք՝ մայիսի 8-ին մեծամասնություն ունեի՞ր, որ համաձայնեցիր դառնալ վարչապետ։ Բա ինչո՞ւ էն ժամանակ ասացիր՝ կամ ես կլինեմ վարչապետ, կամ որևէ մեկը չի լինի։ Ու եթե այս ամենից հետո մարդիկ կանգնում նման բաներ են ասում, իրենց խնդիրն է։

Ես ոչ մի բանից չեմ զարմանում, որակում չեմ ուզում տալ, գործընկերային էթիկետը թույլ չի տա, որ որևէ մեկի մասին ասածին ու արածին գնահատական տամ, Աստված բոլորիս հետ։ Ես պատմաբան եմ, շատ բաներ տեսել եմ, նույն Ժոզեֆ Ֆուշեն ինչպես է եղել Յակոբինյանների կողմը, հետո մի գիշերում թռել ռոյալիստների կողմը, հետո էլ թռել Բուրբոնների կողմը։ Աշխարհն այդպիսին է։ Քենեդին ասում է՝ հաղթանակն ունի բազում ծնողներ, պարտությունը որբ է։ Հանրապետականի իշխանության ժամանակ մեզ ձոն ասելու հերթ չէր հասնում, հիմա ՀՀԿ-ի բոլոր սխալները մնացին 2-3 հոգու վզին, որոնք այդ իշխանության ոչ բարիքներից են օգտվել, ու դա շատ լավ է, ո՜չ կոռուպցիայի մեջ են եղել, ո՜չ թալանի մեջ են եղել, ո՜չ ձեռքներս է արյունոտ, ո՜չ էլ տենդերների ու կոռուպցիոն սխեմաների մեջ ենք եղել։

– Հիմա ՀՅԴ-ի հռետորաբանության մեջ էլ է մեղմացում նկատվում, ԲՀԿ-ն էլ արդեն հուշագիր է ստորագրել Փաշինյանի հետ։

– Տեսեք, եթե խոսքը գնում է արտահերթ ընտրությունների մասին, պարզ չէ՞, որ եթե Փաշինյանը հրաժարական է տալիս, չեն առաջադրում թեկնածու, լինում են արտահերթ ընտրություններ։

– Այսինքն՝ գնո՞ւմ ենք արտահերթ ընտրությունների դեկտեմբերին։

– Դեկտեմբերին կուզեք, դեկտեմբերին կլինի։ Հիմա որ ասում են՝ պետք է բոլորս աջակցենք, հարց եմ տալիս՝ ընդդիմությունը, որ քննադատում է, երկրին աջակցո՞ւմ է, թե՞ ոչ։ Նոր ցա՞ր ենք բերում դնում մեր գլխին։ Կամ որ ասում են՝ եթե ինքը չհաջողի, պետությունը կկործանվի։ Սերժ Սարգսյանը վերջում չհաջողեց, պետությունը կործանվե՞ց, Լևոն Տեր-Պետրոսյանը չհաջողեց, պետությունը կործանվե՞ց։ Պետությունը երբեք չի կործանվի, Հայկ Նահապետից եկել է և գնալու է մինչև հավերժություն։ Ուրեմն մեր երկրում Փաշինյանին քննադատողներ չպետք է լինե՞ն։ Այսինքն՝ չասե՞նք՝ սխալ է հասարակությանը սև և սպիտակի բաժանելը, խոսքի ազատությունը ճնշելը և այլն։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«The Voice» շոուի աստղը մեկ տարում նիհարել է 100 կգ-ով

16:12 23.11.2024

«The Voice» շոուի աստղը մեկ տարում նիհարել է 100 կգ-ով

«The Voice» վոկալ շոուի աստղ Շարիպ Ումխանովը մեկ տարում նիհարել է 100 կգ-ով: Այս մասին նա հայտնել է Instagram-ում՝ հրապարակելով նիհարելուց առաջ և հետո արված լուսանկարներ: «Ուղիղ մեկ տարի առաջ ես իմ առջև նպատակ դրեցի. Եվ այսօր վստահաբար կարող եմ ասել, որ այդ առաջադրանքը կատարել եմ»,- գրել է նա։ Ումխանովի խոսքով՝ ինքը չի դիմել բարիատրիկ […] ...

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հետևել է Նոր Հաճնի կամրջի շինաշխատանքներին

15:54 23.11.2024

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հետևել է Նոր Հաճնի կամրջի շինաշխատանքներին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր այցելել է Նոր Հաճնի կամուրջ: Նախարարին ուղեկցել են ՏԿԵ նախարարի տեղակալներ Քրիստինե Ղալեչյանը, Նարեկ Մանուկյանը, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Զոհրաբյանը, Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը: Նախարարը ծանոթացել է իրականացվող աշխատանքների ընթացքին: Շինարարը մանրամասն նախարարին ներկայացրել է՝ ինչ է արվել մինչ այսօր, և որ աշխատանքներն են […] ...

ՌԴ-ն ՀԱՊԿ-ի իր գործընկերների հետ կքննարկի հեռահար զինատեսակներով Ռուսաստանին հարվածների թեման

15:40 23.11.2024

ՌԴ-ն ՀԱՊԿ-ի իր գործընկերների հետ կքննարկի հեռահար զինատեսակներով Ռուսաստանին հարվածների թեման

ՀԱՊԿ ղեկավարները Աստանայում Հավաքական անվտանգության խորհրդի նիստում կքննարկեն Արևմուտքի թույլտվությամբ ՌԴ տարածքի խորքին հեռահար հրթիռներ արձակելու հետևանքով ստեղծված իրավիճակը: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ի աղբյուրը։ «Առաջիկայում ամենաբարձր մակարդակով կկայանա Հավաքական անվտանգության խորհրդի նիստ, որտեղ, իհարկե, կլինի այդ հարցը, իսկ Պուտինի՝ Ղազախստան այցի շրջանակներում կքննարկվեն Ուկրաինայի տարածքում ճգնաժամի բոլոր ասպեկտները»,- ասել է գործակալության զրուցակիցը։ ՀԱՊԿ գագաթնաժողովը […] ...

«Վիսել Կոբեն»՝ Ճապոնիայի գավաթակիր

15:25 23.11.2024

«Վիսել Կոբեն»՝ Ճապոնիայի գավաթակիր

Անդրես Ինյեստայի նախկին ակումբը ՝«Վիսել Կոբեն» նվաճել է 2024 թվականի Ճապոնիայի գավաթը։ Մրցաշարի եզրափակչում Տակայուկի Յոշիդայի թիմը 1-0 հաշվով հաղթել է «Գամբա Օսակային»։ Միակ գոլն իր ակտիվում գրանցել է Տայսեյ Միասիրոն։ Կոբեն ներկայացնող ակումբը երկրորդ անգամ է նվաճել Ճապոնիայի գավաթը (առաջինը՝ 2019)։ Ակումբը նաև մեկական անգամ դարձել է Ճապոնիայի չեմպիոն (2023) և Սուպերգավաթի հաղթող (2020)։ […] ...

ՀՀ ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա

15:11 23.11.2024

ՀՀ ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներ Հայկ Մամիջանյանն ու Տարոն Մարգարյանը կգործուղվեն Մոսկվա: Պատգամավորները Ռուսաստանի Դաշնություն կգործուղվեն նոյեմբերի 25-27-ը՝ մասնակցելու «ԱՊՀ երկրների միջխորհրդարանական համագործակցության մեջ քաղաքական կուսակցությունների դաշինքների և բլոկների փոխգործակցության դերը» խորագրով 5-րդ միջազգային համաժողովին: ...

SHANTNEWS

15:00 23.11.2024

SHANTNEWS

BACK_TO_TOP