09:05 26.09.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանում Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանին հանդես է եկել ելույթով: Այն ներկայացնում ենք ամբողջությամբ.
«Գլխավոր ասամբլեայի հարգարժան նախագահ,
Ձերդ գերազանցություններ,
Տիկնայք և պարոնայք,
Նախ և առաջ, ցանկանում եմ շնորհավորել տիկին Մարիա Ֆերնանդա Էսպինոսա Գարսեսին՝ Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի նախագահ ընտրվելու կապակցությամբ և մաղթել բոլորիս արդյունավետ քննարկումներ նրա նախագահության ներքո:
Տիկնայք և պարոնայք,
Պատիվ ունեմ ձեզ դիմել որպես մի առաջնորդ, ով վերջերս դարձել է Հայաստանի վարչապետ ժողովրդական հեղափոխության արդյունքում, որն այժմ առավել հայտնի է որպես «Հայկական թավշյա հեղափոխություն»:
Կցանկանայի հակիրճ անդրադառնալ ավտորիտար իշխանության նկատմամբ մեր տարած հաղթանակին: Հայաստանի ժողովրդին հաջողվեց իրականացնել անկանխատեսելի և աննախադեպ հեղափոխություն՝ առանց բռնության, զոհերի կամ հասարակական անկարգությունների:
Եվ դա պատահական չէր: Մեր նպատակը սիրո և համերաշխության հեղափոխություն կատարելն էր: Ի սկզբանե մենք հայտարարեցինք, որ բացառելու ենք ցանկացած բռնություն: Մենք հայտարարեցինք, որ եթե նույնիսկ բռնություն գործադրվեր մեր դեմ, մենք չէինք արձագանքի բռնությամբ: Մենք հայտարարեցինք, որ մեր պատասխանը դրսևորվելու էր վեր բարձրացրած բաց ձեռքերով, սիրով ու ժպիտով:
Մենք այս քաղաքական գործընթացն սկսեցինք ընդամենը մեկ տասնյակ մարդկանց հետ քայլարշավ կատարելով Հայաստանի երկրորդ քաղաքից` Գյումրիից դեպի մայրաքաղաք: Երբ հասանք Երևան և ցույց տվեցինք մեր վճռականությունն ու հավատարմությունը բռնություն չկիրառելու սկզբունքին, մեր ամբողջ ազգը միահամուռ և համերաշխ կերպով ոտքի կանգնեց ընդդեմ իշխող վարչակարգի: Եվ մենք հաղթեցինք բացառապես խաղաղ ցույցերի միջոցով՝ առանց գեթ մեկ կրակոցի և առանց զոհերի: Մենք հաջողեցինք հակառակ բոլոր կանխատեսումների. նույնիսկ հայտնի փորձագետները թերահավատ էին մեր հաղթանակի նկատմամբ:
Այդուհանդերձ, ես ընտրվեցի վարչապետ: Ես ընտրվեցի մի խորհրդարանում, որտեղ ունեի ընդամենը չորս վստահելի ձայն, այդ թվում` իմ սեփականը: Սակայն դա հնարավոր եղավ: Դա տեղի ունեցավ, քանի որ մարդիկ պահանջատեր էին և ընդամենը մեկ տարի առաջ ընտրված խորհրդարանն անսաց ժողովրդի կամքին՝ չունենալով այլընտրանք: Այսօր խորհրդարանը շարունակում է աշխատել, բայց այն չի ներկայացնում մեր ժողովրդի կամքը, ճիշտ այնպես՝ ինչպես նախկինում էր և հեղափոխության ժամանակ: Ինչո՞ւ է այդպես: Պատասխանը կարճ է՝ քանի որ այն ընտրվել է ընտրական գործընթացի կոպիտ խախտումներով, այդ թվում՝ վարչական ռեսուրսի և ճնշումների գործադրմամբ:
Իրապես ազատ, արդար և մրցակցային ընտրություններ անցկացնելու համար կարևոր քննություն էին Երևանի ավագանու ընտրությունները, որոնք տեղի ունեցան Նյու Յորք մեկնելուցս անմիջապես առաջ: Այն, որ Հայաստանի անկախությունից ի վեր առաջին անգամ բոլոր թեկնածուները շնորհավորեցին հաղթող թեկնածուին, խոսում է Հայաստանում միանգամայն նոր քաղաքական մշակույթի հաստատման մասին:
Այդ նույն ոգով մենք պատրաստվում ենք արտահերթ խորհրդարանական ընտրությունների: Ազատ, արդար և թափանցիկ ընտրությունները պետք է դառնան և կդառնան Հայաստանում անշրջելի իրականություն, որը կհանգեցնի ուժեղ ու կենսունակ ժողովրդավարական ինստիտուտների և հակակշիռների գործուն համակարգի կայացմանը: Մեր քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը, խոսքի, խղճի և հավաքների ազատությունն ապահովելը մեր օրակարգի առանցքային կետերից մեկն է: Այսուհետ ընտրական գործընթացը կեղծելու և քաղաքացիների վստահությունը չարաշահելու ու խարխլելու հնարավորություն չի լինի:
Ցանկանում եմ շեշտել, որ Հայաստանում ստեղծված իրավիճակը սոսկ կառավարության կամ իշխող կուսակցության փոփոխություն չէ: Ստեղծվում է նոր քաղաքական և կառավարման համակարգ, որը մենք կոչում ենք ժողովրդի ուղղակի, անմիջական իշխանություն և կառավարում: Այս համակարգն ինստիտուցիոնալ հիմքերի վրա դնելու համար մենք մտադիր ենք երաշխավորել ժողովրդի կամարտահայտությունը ոչ միայն ընտրությունների, այլև տեղական և ազգային հանրաքվեների միջոցով, որպեսզի մարդիկ ներգրավվեն որոշումների կայացման գործընթացում: Ինքս լինելով նախկին քաղաքական բանտարկյալ՝ գիտեմ, թե որքան թանկ է խնդիրները բարձրաձայնելու և սեփական ապագան որոշելու հնարավորությունը:
Ստանձնելով պատասխանատվություն` մեր թիմն ունի հստակ տեսլական և հզոր քաղաքական կամք` իրականացնելու հիմնարար բարեփոխումներ՝ ուղղված կոռուպցիայի վերացմանը, թափանցիկ, հաշվետու և արդյունավետ կառավարմանը, մարդու իրավունքների և օրենքի գերակայության, դատական համակարգի անկախության ապահովմանը, ինչպես նաև խթանելու տնտեսական աճն ազատ և մրցակցային գործարար միջավայրի ու ներդրումների համար նպաստավոր մթնոլորտի միջոցով:
Պարոն նախագահ,
Չնայած ներքաղաքական կյանքում տեղի ունեցող արմատական փոփոխություններին, մեր արտաքին քաղաքականության օրակարգում չկան կտրուկ շրջադարձեր: Հայաստանի արտաքին քաղաքականության շարունակականությունը վկայում է այն մասին, որ Հայաստանը կանխատեսելի և հուսալի գործընկեր է: Մեր միջազգային պարտավորությունները ենթակա չեն վերանայման: Մեր դիրքորոշումը հստակ է. Հայաստանը պատրաստ է կառուցողական երկխոսության և համագործակցության բոլոր գործընկերների հետ: Մենք մտադիր չենք զարգացնել մեր հարաբերությունները մեկ գործընկերոջ հետ՝ մյուսի հաշվին: Մենք կարևորում ենք բազմակողմանիության դերը գլոբալ և տարածաշրջանային մակարդակներում:
Միավորված ազգերի կազմակերպության հովանու ներքո Հայաստանը ներգրավված է համապարփակ և կենսունակ համագործակցության ծրագրերում: Թույլ տվեք առանց մանրամասնելու հիշատակել մեր մասնակցությունը ՄԱԿ-ի հովանու ներքո իրականացվող խաղաղության գործողություններին, որոնց աշխարհագրությունն ավելի քան տպավորիչ է՝ Աֆղանստանից Լիբանան, Կոսովո, Մալի և այլն: Սա առանձնահատուկ նշանակություն ունի մեր երկրի համար, որն ինքն ունի անվտանգության հետ կապված լուրջ մտահոգություններ: Մենք գիտակցում ենք, որ մեկ երկրի անվտանգությունը սերտորեն առնչվում է մյուս երկրների անվտանգության հետ, և որ գլոբալ խաղաղությունը պահանջում է համաձայնեցված գործողություններ:
Մենք իսկապես համաշխարհային ազգ ենք, հարյուրավոր աշխարհասփյուռ համայնքներով հանդերձ: Այստեղից էլ բխում է Հայաստանի մտահոգությունը համամոլորակային սպառնալիքների առնչությամբ, որոնք կարող են վտանգի ենթարկել մեր հայրենակիցներին աշխարհի տարբեր անկյուններում: Սիրիական ճգնաժամի պատճառով այսօր վտանգված է մեծաթիվ սիրիահայ համայնքի գոյությունն ընդհանրապես: Հայաստանը փորձում է սատարել ճգնաժամային տարածաշրջաններին մարդասիրական օգնության միջոցով: Մենք պատրաստ ենք ընդարձակել Հայաստանի մարդասիրական առաքելությունը՝ ուղղված Սիրիայի մեր համայնքի հրատապ կարիքների բավարարմանը: Որպես ցեղասպանության սարսափներ վերապրած ազգ, հայերն առավել զգայուն են իրենց մերձավորների անվտանգության հարցում և պատրաստ են ամեն ինչ անել նրանց պաշտպանելու համար:
Պարոն նախագահ,
Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը շարունակում է գերակշռել մեր արտաքին քաղաքական օրակարգում: Արցախի Հանրապետության կարգավիճակը և անվտանգությունը լինելու է Հայաստանի Հանրապետության բացարձակ առաջնահերթությունը բանակցային գործընթացում: Հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու ցանկացած փորձ ուղղակի սպառնալիք է տարածաշրջանային անվտանգության, ժողովրդավարության և մարդու իրավունքների համար: Հայաստանը կշարունակի իր կառուցողական ներգրավվածությունը հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափով, որին էլ տրված է հակամարտության կարգավորման միջազգայնորեն ճանաչված միակ մանդատը: Ադրբեջանը պետք է փոխի բանակցությունների հանդեպ իր անհարգալից վերաբերմունքը, պետք է լիովին հրաժարվի ցանկացած ռազմական լուծման գաղափարից և իրագործի բոլոր նախորդ համաձայնագրերը:
Ավելին, եթե Ադրբեջանն իսկապես հավատարիմ է խաղաղ գործընթացին, ապա պետք է սկսի երկխոսել այս հակամարտության հիմնական սուբյեկտի` Լեռնային Ղարաբաղի հետ: Ադրբեջանն ամեն առիթով հայտարարում է, որ Ղարաբաղը պետք է լինի իր տարածքի մի մասը: Միևնույն ժամանակ հայտարարում է, որ չի բանակցելու Լեռնային Ղարաբաղի հետ: Խնդիրն այն է, թե ինչպես կարող է Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ հավակնություն ներկայացնել առանց նույնիսկ ԼՂ-ի հետ երկխոսելու: Դա հնարավո՞ր է: Դա հնարավոր է, եթե միայն Ադրբեջանի ղեկավարությանը հետաքրքրում է ոչ թե ժողովուրդը, այլ բուն տարածքը: Այսպիսով, ակնհայտ է դառնում, որ Ադրբեջանի ղեկավարության մտադրությունն այն է, որ Ղարաբաղը մաքրվի հայերից, ինչպես եղավ Նախիջևանում: Սա իրավունք է տալիս Լեռնային Ղարաբաղին ասել, որ Ադրբեջանի մաս կազմելը Ղարաբաղի բնակչության համար կնշանակի լիակատար բնաջնջում: Հետևաբար Ղարաբաղը չպետք է լինի Ադրբեջանի կազմում, եթե որևէ մեկը չի ցանկանում թույլ տալ հայ ժողովրդի նոր ցեղասպանություն:
Ամփոփելով` թույլ տվեք վերահաստատել. հակամարտությունը կարող է և պետք է կարգավորվի միայն կողմերի փոխադարձ զիջումների միջոցով` խաղաղության և ոչ թե պատերազմի մթնոլորտում:
Եվ վերջում չափազանց կարևոր եմ համարում իմ երախտագիտությունը հայտնել Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ջանքերի և մոտեցումների հանդեպ իր անվերապահ աջակցության համար:
Պարոն նախագահ,
Մեր խորհրդակցությունների թեման, այն է` «Միավորված ազգերի կազմակերպությունը բոլոր մարդկանց համար. գլոբալ առաջնորդություն և համընդհանուր պատասխանատվություն խաղաղ, արդար և կայուն հասարակությունների զարգացման համար», ենթադրում է հետևողական մոտեցում Օրակարգ-2030-ին և կայուն զարգացման նպատակներին: Միավորված ազգերի կազմակերպությունը և նրա Զարգացման օրակարգը պետք է լինեն ներդաշնակ և մատչելի բոլորի համար: Ոչ ոք չպետք է անտեսվի, ինչը ենթադրվում է մեր հավաքական ջանքերում:
Ավելի վաղ՝ այս տարվա հուլիսին, Բարձր մակարդակի քաղաքական ֆորումի ժամանակ Հայաստանը ներկայացրեց իր առաջին կամավոր ազգային զեկույցը կայուն զարգացման նպատակների իրականացման վերաբերյալ: Այս կարևոր իրադարձությունը համընկավ դարակազմիկ քաղաքական զարգացումների հետ, որոնք բնորոշվում են ակտիվ ժողովրդավարական գործընթացներով և լայնամասշտաբ բարեփոխումներով:
Հայաստանը հավատարիմ է գիտելիքահեն և նորարարական հարթակների արարման իր հանձնառությանը, որը կոչված է արագացնել Զարգացման օրակարգի իրականացումը: Այս առումով, մենք ընդունում ենք ՄԱԿ-ի և նրա մասնագիտացված գործակալությունների անփոխարինելի դերը, ինչպես նաև այլ գործընկերների հետ համագործակցության կարևորությունը: Որպես ECOSOC- ի նորընտիր անդամ և մարդու իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ, Հայաստանը կնպաստի ներառական և կայուն աճին, ինչպես նաև մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությանը:
Տիկնայք և պարոնայք,
2018 թվականն այն տարին է, երբ կնշենք մարդու իրավունքներին առնչվող երկու կարևորագույն փաստաթղթերի՝ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի և Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և դատապարտման մասին կոնվենցիայի 70-ամյակը: Այդ փաստաթղթերից յուրաքանչյուրն ունի իր սեփական պատմությունը և նրանցից յուրաքանչյուրը դարձել է միջազգային իրավունքի զարգացման համար անկյունաքար:
Նրանք մեզ համար հիմք ծառայեցին Ցեղասպանության հանցագործության դեմ գլոբալ համաժողովի նիստերի շարք նախաձեռնելու համար: Այս տարի այն նվիրված կլինի կրթության, մշակույթի և թանգարանների միջոցով ցեղասպանության կանխարգելմանը: Ակնկալում եմ ձեր ներդրումն ու գործուն մասնակցությունը Ֆորումի աշխատանքներին:
Տիկնայք և պարոնայք,
«Ապրել միասին»-ը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի նշանաբանն է, որը տեղի կունենա հոկտեմբերին 2800-ամյա մայրաքաղաք Երևանում: Հայաստանի համար մեծ պատիվ ու պատասխանատվություն է` աշխարհասփյուռ ֆրանկոֆոն ընտանիքին իր անդամակցությունը, մշակույթի, կրթության և նորարարության բնագավառներում համագործակցության միջոցով հանդուրժողականության և փոխադարձ հարգանքի ջատագով լինելը: Ես վերահաստատում եմ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին մասնակցության մեր հրավերը, որը ենթադրում է միևնույն համատեքստում նախատեսված բազմաթիվ միջոցառումների անցկացում:
Շնորհակալություն»:
Վարչապետ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցել է նաև «Խաղաղապահ գործողություններ» թեմայով բարձր մակարդակի քննարկումներին:
21:32 22.11.2024
Մեդվեդևը կոչ է արել ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին մտածել Պուտինի խոսքերի մասին20:20 22.11.2024
Հոսանքանջատումներ նոյեմբերի 25-ին20:07 22.11.2024
Ներքին Սասնաշեն գյուղում այրվել է անասնակեր18:54 22.11.2024
Հայտնի են Աֆրիկայի ազգերի գավաթի խմբային փուլի բոլոր մասնակիցները17:30 22.11.2024
Իտալական ակումբը մի օրում երկու գլխավոր մարզչի է ազատել աշխատանքից17:18 22.11.2024
ՃՏՊ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին․ կան տուժածներ16:33 22.11.2024
«Բայերի» առաջատարը ցանկանում է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»14:10 22.11.2024
Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած13:22 22.11.2024
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին22:24 22.11.2024
Եվրոպական պարբերականը բացահայտել է, թե ինչպես է Ադրբեջանը վերադրոշմավորում ռուսական գազը ու վերավաճառում այն Արևմուտքին որպես ադրբեջանականԵվրոպական «Պոլիտիկո» տեղեկատվավերլուծական պորտալը ծավալուն հոդված է հրապարակել, որում բացահայտվում են Ադրբեջանի անoրինական գործարքները, որոնք Ռուսաստանին հնարավորություն են տալիս շրջանցել Արևմտյան երկրների պատժամիջոցները: Հեղինակավոր պարբերականը պարզել է, որ Ադրբեջանի կողմից Եվրոպա մղվող գազը իրականում ռուսական է: Ի՞նչ փաստերի հիման վրա է պարբերականի մեկնաբանը գալիս այդպիսի եզրակացության: Միայն ռուսակա՞ն գազն է Ադրբեջանը վերավաճառում, թե նաև այլ […] ...
22:16 22.11.2024
Ձյան տեղումների պատճառով Ֆրանսիայում տրանսպորտային խնդիրները շարունակվում ենՖրանսիան պատուհասած ձնաբուքը շարունակում է խափանումներ առաջացնել տրանսպորտում, ուրբաթ հաղորդում է Le Figaro-ն։ Փոթորիկը տապալել է ծառեր Պայս դե լա Լուարի, Նորմանդիայի, Նոր Ակվիտանիայի և Փարիզի շրջաններում՝ խաթարելով երկաթուղային տրանսպորտը։ Ձյան տեղումներից տուժած Ֆրանսիայի մի շարք դեպարտամենտներում դադարեցվել է աշխատանքը, չի գործում նաև դպրոցական տրանսպորտը։ Բացի այդ, եղանակային անբարենպաստ պայմանները հանգեցրել են տասնյակ ավտովթարների։ Մի […] ...
22:08 22.11.2024
Էդիկ Սարգսյանը՝ կարատեի Աշխարհի չեմպիոնՌԴ Օրյոլ քաղաքում շարունակվող Բազմավոճ կարատեի ֆեդերացիաի աշխարհի առաջնությունում գերազանց է հանդես եկել Էդիկ Սարգսյանը: Մեծահասակների մրցապայքարում հայ կարատեիստը հաղթել է բոլոր մենամարտերը և դարձել Աշխարհի չեմպիոն: Ավելի վաղ գյումրեցի պատանի կարատեիստ Արտաշես Մկրտչյանը 14-15 տարեկաննների խմբի 50-55 քաշային կարգում նվաճել էր առաջնության արծաթե մեդալ: Նշենք, որ Բազմավոճ կարատեի ֆեդերացիաի աշխարհի առաջնությանը, բոլոր տարիքային խմբերում […] ...
21:53 22.11.2024
Զելենսկին քննադատել է Ռադային և օտարերկրյա դեսպանատներին՝ աշխատանքից հրաժարվելու համարՎլադիմիր Զելենսկին քննադատել է Գերագույն Ռադայի պատգամավորներին ուրբաթ օրը կայացած նիստը չեղարկելու համար, իսկ արտասահմանյան երկրների դեսպանատներին՝ աշխատանքը դադարեցնելու համար։ Համապատասխան տեսաուղերձը հրապարակվել է Զելենսկու Telegram ալիքում։ «Եթե օդային հարձակման ազդանշան է հնչում, պետք է արձագանքել, հոգ տանել ձեր մասին և գնալ ապաստարան։ Բայց երբ չկա օդային հարվածի ահազանգ, պետությունը, արտադրությունը, դեսպանատները՝ բոլորը պետք է […] ...
21:45 22.11.2024
Գորիսի 6 դպրոցի շուրջ 70 սան մասնակցել է գործնական դասընթացի՝ անտառվերականգման և անտառտնկման թեմաներովԳորիս խոշորացված համայնքի 6 դպրոցի շուրջ 70 սան նոյեմբերի 21-ին մասնակցել է Սյունիքի մարզի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Գորիսի անտառտնտեսության մասնաճյուղի և Հայաստանում ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության համատեղ վերապատրաստման դասընթացի՝ ծառատունկի և անտառների կառավարման թեմայով, հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը։ Դասընթացի բոլոր մասնակիցներն «Իմ Քայլը» հիմնադրամի «Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի շահառու սաներն են։ Դասընթացը կազմակերպվել […] ...