13:32 22.04.2025
Ազգային ժողովն ապրիլի 22-ին շարունակել է նախորդ օրը գումարված արտահերթ նիստի աշխատանքը եւ երկրորդ ընթերցմամբ քննարկել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի հեղինակած «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Բաբկեն Թունյանի տեղեկացմամբ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո նախագիծը որոշ փոփոխությունների է ենթարկվել: Նա հիշեցրել է, որ նախագծով առաջարկվում է հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետների փոփոխություն կատարել:
«Նախագծի ընդունման արդյունքում բոլոր այն քաղաքացիները, որոնք այս տարի լրացնելու են հայտարարագիր՝ նախորդ տարվա եկամուտների համար, նրանց համար վերջնաժամկետ է դառնում նոյեմբերի 1-ը: Այսինքն՝ կապ չունի՝ մարդը առաջին, թե երկրորդ անգամ է լրացնում հայտարարագիր. նրանց բոլորի համար վերջնաժամկետ է դառնում նոյեմբերի 1-ը: Նույն կերպ, ովքեր հայտարարագիր լրացնելու են հաջորդ տարի՝ այս տարվա եկամուտների համար, նրանց համար նույնպես վերջնաժամկետ դառնում է նոյեմբերի 1-ը: Սկզբնաժամկետը դառնում է մարտի 2-ը: Ընդհանրապես, դրանից հետո հայտարարագրերի ներկայացման ժամկետ դառնում է մարտի 2-ից մինչեւ հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածը»,- ասել է Բաբկեն Թունյանը՝ հավելելով, որ գործող կարգավորմամբ հայտարարագրերն այժմ կարելի է ներկայացնել սկսած հունվարի 1-ից: Նախագծի հեղինակը պարզաբանել է, որ մարտի 2-ն ընտրվել է, քանի որ կան տեղեկություններ, որոնք հարկային մարմնին հասանելի են դառնում մարտի 1-ից հետո: Այսինքն՝ եթե, օրինակ, որեւէ ֆիզիկական անձ որեւէ գույք է օտարել իրավաբանական անձի, եւ այդտեղ եկամտահարկ է գեներացվել, այդ իրավաբանական անձն այդ տեղեկությունը ՊԵԿ-ին կարող է փոխանցել մինչեւ մարտի 1-ը»,- մանրամասնել է Բաբկեն Թունյանը: Նա պարզաբանել է, որ մարտի 1-ից հետո ՊԵԿ-ն ունենում է այդ տեղեկությունը եւ կարող է քաղաքացու հայտարարագրում ինքնաշխատ կերպով լրացնել այդ բոլոր փոփոխությունները: «Այսինքն՝ քաղաքացուն ավելի քիչ անելիք կմնա»,- ասել է նա:
Բաբկեն Թունյանը չի բացառել, որ առաջիկայում եւս մեկ փոփոխություն կարող է իրականացվել օրենքում՝ մինչեւ տարեվերջ շտկելու համար տարընթերցումների տեղիք տվող դրույթները, ավելի պարզեցնելու կարգավորումները եւ որոշակի լուծումներ առաջարկելու նաեւ կենսաթոշակառուների մասով: Նա գործընկերներին հորդորել է ակտիվ մասնակցել աշխատանքներին՝ ներկայացնելով կառուցողական առաջարկներ:
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Սերգեյ Բագրատյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը նախագծի վերաբերյալ:
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանն էլ հայտնել է, որ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո Կառավարությունը ներկայացրել է երկու առաջարկ, որոնք հեղինակն ընդունել է:
ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հայտնել է, որ խմբակցությունը ձեռնպահ է քվեարկելու նախագծին:
Խորհրդարանը քվեարկությամբ ընդունել է օրենքի նախագիծը: Կողմ է քվեարկել 60, դեմ՝ 1, ձեռնպահ՝ 29 պատգամավոր:
15:33 22.04.2025
Գևորգ Պապոյանը Դուշանբեում ներկայացրել է ՀՀ-ում տնտեսական զարգացման քաղաքականությունն ու կառավարության տնտեսական առաջնահերթություններըՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի համանախագահությամբ Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում անց է կացվել տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 4-րդ նիստը։ Նախարարը համառոտ ներկայացրել է ՀՀ-ում տնտեսական զարգացման քաղաքականությունն ու կառավարության տնտեսական առաջնահերթությունները, որոնք հիմնված են ներդրումների ներգրավման, մրցունակ, ավելի արդյունավետ և տեխնոլոգիապես զարգացած արդյունաբերության զարգացման, գործարար միջավայրի շարունակական բարելավման, զբոսաշրջության զարգացման, գյուղատնտեսության արդյունավետության բարձրացման վրա: Նիստի ընթացքում […] ...
15:20 22.04.2025
Բանգկոկում Ռոբերտ Աբիսողոմոնյանը վերահաստատել է ՀՀ հանձնառությունը տարածաշրջանում խաղաղության և համագործացկության հաստատմանըԱպրիլի 22-ին Բանգկոկում ընթացող ՄԱԿ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի (UNESCAP) 81-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել «Առավել նվազ զարգացած, դեպի ծով ելք չունեցող զարգացող և փոքր կղզի զարգացող պետությունների հարցերով հատուկ մարմին» խորագրով քննարկմանը։ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն իր ելույթում բարձր է գնահատել Դեպի […] ...
15:05 22.04.2025
Հայաստանը վտանգում է կորցնել ԵԱՏՄ-ի առավելությունները․ ՌԴ ԱԳՆՄոսկվան անհանգստացած է ԵՄ-ին անդամակցելու Երեւանի նկրտումներով. Հայաստանը վտանգում է կորցնել ԵԱՏՄ-ի առավելությունները, եթե Արևմուտքը նրան ներքաշի իր աշխարհաքաղաքական խաղերի մեջ, լրագրողներին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն։ ՏԱՍՍ-ի հարցին, թե արդյոք Մոսկվային անհանգստացնում են ԵՄ-ին անդամակցելու Երևանի ձգտումները, Գրուշկոն դրական է պատասխանել։ «Բնականաբար, Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու ձգտումները մտահոգիչ են, քանի որ նման նկրտումները անհամատեղելի […] ...
14:45 22.04.2025
Քննարկվել է «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունըԿառավարության նախաձեռնությամբ ապրիլի 22-ին գումարվել է Ազգային ժողովի արտահերթ նիստ: Քննարկվել է ««Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: Այն առաջին ընթերցմամբ ներկայացրել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը: Նախագծով առաջարկվում է ստեղծել իրավական հիմք, որի համաձայն՝ պետական արգելոցի տարածքից ջրառ կարող է թույլատրվել բացառապես այն դեպքերում, երբ ջրային ռեսուրսի […] ...
14:38 22.04.2025
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված՝ հետևյալ տարածքների ջրամատակարարման դադարեցման մասին. Ս.թ. ապրիլի 23-ին ժամը 07.00-ից մինչև ապրիլի 24-ը ժամը 07.00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի՝ Ծովազարդ, Բերդկունք, Հայրավանք, Լճափ, Չկալովկա, Նորաշեն և Լճաշեն գյուղերի ջրամատակարարումը: Ս.թ. ապրիլի 23-ին ժամը 09:00-ից մինչև ապրիլի 24-ը ժամը 09:00-ն կդադարեցվի Սյունիքի մարզի՝ Սիսիան […] ...