13:48 15.04.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ պաշտոնական Բաքվի այն պնդմանը, թե Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 2024 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի ներկայացման ընթացքում վարչապետը նշեց, որ այս հարցադրման նկատմամբ ճիշտ դիրքավորվելու համար, նախ պետք է փորձել ելնել այն կանխավարկածից, որ այս հարցն Ադրբեջանն առաջ է քաշում որպես անկեղծ մտահոգություն, և ոչ թե որպես խաղաղության համաձայնագիրը չստորագրելու պատրվակ, ինչպես մտածում են մի շարք փորձագետներ։
«Մենք ինքներս էլ անկեղծ պետք է հասկանանք խնդրի էությունը, քաղաքական և իրավական բովանդակությունը։ Եվ, հետևաբար, պիտի արձանագրենք, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության տեքստի պաշտոնական մեկնաբանություն տալ կարող է միայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանը, այսինքն՝ Սահմանադրական դատարանն է այն մարմինը, որ կարող է պաշտոնապես ասել, թե ինչ է պարունակում և ինչ չի պարունակում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը։
Մեր Սահմանադրական դատարանը 2024 թվականի սեպտեմբերին քննության է առել Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի ու Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության կանոնակարգը և արձանագրել, որ կանոնակարգը, որտեղ Ալմա-Աթայի հռչակագիրն արձանագրված է որպես երկու երկրների միջև սահմանազատման բազային սկզբունք, համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։ Սա նշանակում է, որ մեր Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ Ալմա-Աթայի հռչակագրի այն սկզբունքը, համաձայն որի անկախ Հայաստանի տարածքը նույնական է Խորհրդային Հայաստանի տարածքի հետ, իսկ անկախ Ադրբեջանի տարածքը նույնական է Խորհրդային Ադրբեջանի տարածքի հետ, և ինչի հիման վրա կողմերը 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում համաձայնել են կարգավորել հարաբերությունները, լիարժեք համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։ Եվ, հետևաբար, Հայաստանի Սահմանադրությունը մեկնաբանելու իրավասություն ունեցող մարմինն անբեկանելի որոշմամբ սահմանել է, որ ՀՀ Սահմանադրության մեջ Ադրբեջանին կամ որևէ այլ երկրի ուղղված տարածքային պահանջներ չկան։ Սա բարձրագույն իրավաբանական ուժ ունեցող և բեկանման ոչ ենթակա որոշում է»,- շեշտեց վարչապետը։
Միաժամանակ նա հիշեցրեց, որ թեև Հայաստանը Ադրբեջանին տարածքային պահանջներ չունի, Երևանը նկատել է, որ Ադրբեջանի Սահմանադրության մեջ կան ձևակերպումներ, որոնք կարող են ընկալվել որպես պահանջներ Հայաստանի նկատմամբ, սակայն Հայաստանը հարցը պաշտոնապես չի բարձրացնում։
«Բայց մյուս կողմից, ինչպես առիթ ունեցել եմ ասելու, մենք ինքներս Ադրբեջանի Հանրապետության Սահմանադրության մեջ տեսնում ենք տարածքային պահանջներ Հայաստանի Հանրապետության նկատմամբ: Բայց մենք այդ հարցը չենք բարձրացնում, որովհետև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն և միջպետական հարաբերություններ հաստատելու մասին համաձայնագրի նախագծում կան անհրաժեշտ ձևակերպումներ, որոնք լուծում են խնդիրը՝ արձանագրելով, որ կողմերը միմյանցից տարածքային պահանջներ չունեն և պարտավորվում են ապագայում ևս նման պահանջներ առաջ չքաշել՝ այն ըմբռնմամբ, որ երկու երկրները միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչում են խորհրդային հանրապետությունների տարածքով, ինչպես նշված է Ալմա-Աթայի հռչակագրում։
Ահա, ուրեմն, եթե ընդունենք, որ մեր Սահմանադրության հետ կապված Ադրբեջանի դիրքորոշումը ոչ թե պատրվակ է, այլ անկեղծ մտահոգություն, այդ մտահոգությունը փարատելու ամենաարդյունավետ միջոցը ոչ թե համաձայնագիրը չստորագրելն է, այլ ստորագրելը։ Ինչո՞ւ։ Որովհետև մեր օրենսդրությամբ կառավարությունը պարտավոր է խաղաղության համաձայնագրի տեքստն ուղարկել ՀՀ Սահմանադրական դատարան, դրա համապատասխանությունը մեր Սահմանադրության հետ ստուգելու համար։
Չնայած փորձագետները 2024 թ․ ՍԴ որոշումից հետո նման հավանականությունը մեծ չեն համարում, բայց եթե Սահմանադրական դատարանը որոշի, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստը չի համապատասխանում ՀՀ Սահմանադրությանը, այդ ժամանակ Հայաստանի Հանրապետությունը կունենա կոնկրետ իրավիճակ և անհրաժեշտություն՝ կատարելու ընտրություն՝ խաղաղության և հակամարտության միջև։
Բայց եթե Հայաստանի Սահմանադրական դատարանը որոշի, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը, այդ պարագայում համաձայնագիրն Ազգային ժողովում վավերացնելու ոչ մի խոչընդոտ չի լինի, և խորհրդարանում այն վավերացնելուց հետո կգործի ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի 3-րդ կետը, որտեղ ասվում է՝ «Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերի և օրենքների նորմերի միջև հակասության դեպքում կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը»:
Սա նշանակում է, որ խաղաղության համաձայնագիրը Հայաստանում, ինչպես նաև Ադրբեջանում վավերացվելուց հետո կստանա բարձրագույն իրավաբանական ուժ և, հետևաբար, խաղաղության համաձայնագրի հարցում իր ընթացիկ դիրքորոշմամբ Ադրբեջանը խոչընդոտում է իր իսկ կողմից առաջ քաշած խնդիրների հանգուցալուծմանը, և սա է, որ շատ փորձագետների հիմք է տալիս ասել, որ Ադրբեջանը պարզապես մտացածին պատրվակներով ձգձգում է խաղաղության համաձայնագրի ստորագրումը»,- նշեց Փաշինյանը։
Վարչապետն ընդգծեց, որ ցանկացած մեկնաբանության դեպքում Ադրբեջանի բարձրացրած հարցերի հասցեագրման ճանապարհը ոչ թե խաղաղության համաձայնագրի չստորագրումն է, այլ ստորագրումը։
«Ու, քանի որ նմանատիպ հարցադրումներ մենք նույնպես ունենք, նույնը վերաբերելի է նաև Հայաստանի Հանրապետությանը»,- եզրափակեց Փաշինյանը։
00:00 16.04.2025
Գործարկումից հետո առաջին անգամ փոխարինվում են շարժասանդուղքներըԱվելի քան 40 տարի անց՝ Երևանի մետրոպոլիտենի գործարկումից ի վեր կատարվում է շարժասանդուղքների փոխարինում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Գործընթացը մի քանի կայարաններում արդեն ավարտվել է: Ընթացքի մեջ են «Սասունցի Դավիթ», առաջիկայում նաև՝ «Զորավար Անդրանիկ» կայարանում շարժասանդուղքների նորացման աշխատանքները: Վերջին երկու տարվա ընթացքում Երևանի մետրոպոլիտենում իրականացվել է 6.3 միլիարդ դրամի ներդրում՝ ենթակառուցվածքների արդիականացման համար: […] ...
23:59 15.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: ...
23:57 15.04.2025
Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներինՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ Գավառ քաղաքում, «Մեղրու սար» կոչվող հատվածում, Արագածի տարածաշրջանում, Քաջարան քաղաքում, Տաթև-Լծեն-Աղվանի և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհներին տեղում է ձյուն։ Սյունիքի բարձրադիր գոտիներում, Նոյեմբերյանի տարածաշրջանում, Դիլիջանի ոլորաններում և Զորական, Հաղթանակ գյուղերում մառախուղ է։ ...
23:54 15.04.2025
Արին-Բերդի փողոցում գտնվող կիսակառույց շինությունում հայտնաբերվել է կնոջ մարմինԱպրիլի 15-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15:30-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Էրեբունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արին-Բերդի փողոցի 10/1 հասցեի կիսակառույց շինությունում կնոջ դի կա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը և բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել են նշված հասցե, որտեղ հայտնաբերվել է կնոջ դի։ Դատաբժշկի նախնական […] ...
23:49 15.04.2025
Al Masirah. ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Եմենում հութիների թիրախներինԱՄՆ զինված ուժերը առնվազն 15 նոր հարված են հասցրել Եմենի Ալ-Հոդեյդա նահանգի տարածքում, որը գտնվում է «Անսար Ալլահ» շարժման հութի ապստամբների վերահսկողության տակ։ Այս մասին հայտնել է «Al Masirah» հեռուստաալիքը։ Հարձակումների թիրախը Կամարան կղզում գտնվող օբյեկտներն էին, որը գտնվում է Կարմիր ծովում՝ Ալ-Հոդեյդայի ափի մոտ։ Հարձակումների հետևանքների մասին տեղեկություններ չեն տրամադրվել։ Զոհերի և ավերածությունների մասին […] ...
23:46 15.04.2025
Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Opel Vectra»-ն և «ՎԱԶ 2109»-ը․ կան վիրավորներԱպրիլի 13-ին ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 17։10-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 121 կմ հատվածում բախվել են Սյունիքի մարզի բնակիչ 51-ամյա Հունան Գ․-ի վարած «Opel Vectra» մակնիշի և Վայոց ձորի մարզի բնակիչ 53-ամյա Մարատ Հ․-ի վարած «ՎԱԶ 2109» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Եղեգնաձոր» […] ...