Երբեք այսքան մոտ չենք եղել խաղաղությանը և կայունությանը. ՀՀ ԱԳ նախարարի հարցազրույցը թուրքական NTV-ին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 04 2025
  • $
    390.68
  • RUBLE
    4.76
  • 443.11
WEATHER
+7.09 oC

Երբեք այսքան մոտ չենք եղել խաղաղությանը և կայունությանը. ՀՀ ԱԳ նախարարի հարցազրույցը թուրքական NTV-ին

20:17 14.04.2025

Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել թուրքական NTV հեռուստաընկերությանը՝ անդրադառնալով Հայաստանի-Թուրքիա ու Հայաստան-Ադրբեջան գործընթացներին։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։

Ներկայացնում ենք հարցազրույցի տեքստն ամբողջությամբ։

– Ես խոսելու եմ այն խաղաղության համաձայնագրի մասին, որի շուրջ երկու կողմերն արդեն համաձայնության են եկել։ Սակայն նախ կցանկանայի անդրադառնալ այն պանելային քննարկմանը, որն արդեն կայացել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հետ։

Մենք հասկանում ենք, որ երկու կողմերն էլ փորձել են ներկայացնել իրենց դիրքորոշումները։ Իսկ Դուք ինչպե՞ս կգնահատեք այդ քննարկումը։ Այն որոշ չափով լարվա՞ծ էր, թե՞ պարզապես կողմերը ներկայացրին իրենց տեսակետները։ Ի՞նչ կասեք այդ մասին։

– Կասեմ, որ դա կառուցողական քննարկում էր։ Գիտեք, մենք բազմաթիվ հնարավորություններ ենք ունեցել իմ գործընկերոջ՝ պարոն Բայրամովի հետ մտքերի փոխանակման՝ ինչպես փակ դռների հետևում, բանակցությունների ընթացքում, այնպես էլ բաց հրապարակային քննարկումներում։ Սա ևս մեկ հնարավորություն էր կարծիքների փոխանակման համար։

Իհարկե, ընկալումների տարբերություններ կան, և, ամենայն հավանականությամբ, հիմա մենք այդ մասին ևս մի փոքր կխոսենք։ Սակայն միևնույն ժամանակ դա հնարավորություն է՝ փորձելու մոտեցնել դիրքորոշումները։ Այս առումով ցանկացած քննարկում միշտ օգտակար է։

– Այո, դա, անշուշտ, ամենաճիշտ մոտեցումն է։ Կցանկանայի անդրադառնալ խաղաղության համաձայնագրին։ Ինչպես հայտնի է, երկու կողմերն արդեն համաձայնեցրել են փաստաթուղթը։ Ձեր կարծիքով, հաշվի առնելով կողմերի ներկայիս դիրքորոշումները, ե՞րբ կարող է այդ ստորագրումը տեղի ունենալ։

– Իրապես, նախևառաջ հարկ է արժևորել այն, ինչ արդեն իսկ տեղի է ունեցել։ Սա աննախադեպ, պատմական իրադարձություն է: Հայաստանը և Ադրբեջանը համաձայնեցրել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի նախագծի տեքստը։ Տեքստ, որով Հայաստանը և Ադրբեջանը փոխադարձաբար ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունն այն սահմաններում, որոնք գոյություն ունեին որպես խորհրդային սոցիալիստական հանրապետություններ Խորհրդային Միության փլուզման պահին։

Կողմերը համաձայնել են չմիջամտել միմյանց ներքին գործերին, ինչպես նաև համաձայնության են եկել մի շարք այլ կարևոր դրույթների շուրջ։ Բացի այդ, վերոնշյալ փաստաթղթի վավերացման և ուժի մեջ մտնելու դեպքում, նախատեսվում է ստեղծել երկկողմ հանձնաժողով, որը կվերահսկի պայմանագրի իրականացումը և կծառայի որպես հարթակ տեղում առաջացող ցանկացած թյուրըմբռնման կամ կոնկրետ իրավիճակների լուծման համար։ Այս ամենը, իրապես, պատմական իրադարձություն է։ Այժմ մենք կարծում ենք, որ հնարավոր է անմիջապես սկսել խորհրդակցությունները՝ պայմանագրի ստորագրման վայրը, ժամանակը և հստակ ամսաթիվը որոշելու նպատակով։

– Հնարավո՞ր է, որ պայմանագրի ստորագրումը տեղի ունենա երրորդ երկրում։ Ինչպե՞ս կգնահատեք այդ հարցը, և ի՞նչ կարծիք ունեք այդ հնարավորության վերաբերյալ։

– Դա կարող է լինել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին, կարող է լինել որևէ երրորդ երկրում, որը ընդունելի կլինի թե՛ Երևանի, թե՛ Բաքվի համար։ Այս ամենը կարող է քննարկման առարկա դառնալ։ Սակայն պետք է արձանագրել, որ տեքստի շուրջ համաձայնության գալու փաստի հրապարակումից անմիջապես հետո ադրբեջանական կողմը հանդես եկավ մի շարք նախապայմաններով, որոնք վերաբերվում էին, մասնավորապես, Մինսկի խմբին և Սահմանադրությանը։ Կարող են լինել նաև այլ մտքեր, ինչքան, որ հասկանում եմ։

– Այդ մասին նշեց նաև պարոն Բայրամովը քննարկման ընթացքում։

–  Մեր մոտեցումը հետևյալն է. մենք կարող ենք սկսել գործընթացը՝ դնելով մեկ աղյուս, ապա ևս մեկը, և մի որոշ ժամանակ անց կարող ենք տեսնել, որ միասին կառուցել ենք, օրինակ, մի ամուր կամուրջ։ Կամ կարող ենք նստել և սպասել ևս մի քանի հարյուր տարի՝ փորձելով հասկանալ՝ արդյո՞ք նախկին մոտեցումներն այլևս կիրառելի չեն, արդյո՞ք հակամարտությունն իսկապես ավարտված է, թե՞ դեռևս առկա են խոչընդոտներ։ Սակայն մեր դիրքորոշումն այն է, որ անհրաժեշտ է կենտրոնանալ հարցի կառուցողական կողմի վրա, կենտրոնանալ հնարավորությունների, ապագայի վրա, այլ ոչ թե շարունակ խորանալ անցյալում և տեսնել միայն խոչընդոտներ։

Անդրադառնալով ադրբեջանական կողմի կողմից հնչեցված որոշ գաղափարների, մասնավորապես, Մինսկի խմբի թեմային՝ ցանկանում եմ նշել, որ մեր դիրքորոշումը հստակ հայտնի է։ Եթե մենք ընդունում ենք, որ հակամարտությունն ավարտված է և այդ փաստը հաստատված է խաղաղության պայմանագրով, ապա այդ դեպքում ո՛չ Մինսկի խումբը, ո՛չ էլ նրա ենթակա կառույցներն այլևս նպատակահարմարություն չեն ունենում։ Հենց այդ տրամաբանությամբ մենք առաջարկել ենք ստորագրել երկու փաստաթուղթ միևնույն օրը՝ խաղաղության պայմանագիրը, ինչպես նաև ԵԱՀԿ-ին կամ նրա անդամ պետություններին ուղղված համատեղ դիմումը, որով կսկսվի Մինսկի խմբի լուծարման գործընթացը։

– Իսկ այդ համատեքստում, ի՞նչ կասեք Եվրոպական Միության առաքելության մասին։

– Ներկայումս մենք ունենք Եվրոպական միության քաղաքացիական առաքելություն, որը մշտադիտարկում է իրականացնում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին: Առաքելության մանդատը, ինչպես նաև նրա վերջնական նպատակը կայունության և խաղաղության ամրապնդումն է Հայաստանի և Ադրբեջանի միջև: Եթե ստորագրվի խաղաղության համաձայնագիր, եթե մենք շարունակենք սահմանազատման գործընթացը, և այս ամենի արդյունքում հասնենք կայունության, ապա սահմանամերձ շրջաններում բնակվող մարդիկ, թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի կողմից, կզգան անվտանգություն և կկարողանան ապահով կազմակերպել իրենց առօրյա կյանքը, ապա մշտադիտարկման առաքելության անհրաժեշտություն նույնպես չի լինի: Այսպիսով, այն խնդիրները, որոնք Դուք նշեցիք կամ մեր ադրբեջանցի գործընկերները նշել են, լուծելու ամենակարճ և արդյունավետ ուղին խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումն է:

– Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հիշատակեց Հայաստանի Սահմանադրությունը և, ինչպես դուք նշեցիք, այն դիտարկում է որպես նախապայման: Ադրբեջանն ակնկալում է, որ անհրաժեշտ է փոփոխություն կատարել, և Դուք նաև նշել եք քննարկման ընթացքում, որ ձեր Սահմանադրությունում փոփոխման պնդում չկա։ Բայց Սահմանադրությունը հղում է կատարում Անկախության հռչակագրին: Այն ինչ Դուք ասում եք, ունի մեծ արժեք։ Բայց դա նաև իրավական խնդիր է, հետևաբար, ինչպե՞ս է այն ավարտվելու։ Ի՞նչ կասեք այս առնչությամբ։

– Եթե խոսքը վերաբերում է Սահմանադրությանն, ապա պետք է հստակ ընդգծել, որ մեր Սահմանադրության մեջ որևէ տարածքային հավակնություն Ադրբեջանի տարածքային ամբողջականության դեմ գոյություն չունի։ Սահմանադրության նախաբանում առկա է հղում Անկախության հռչակագրին, որտեղ նշվում է, որ Սահմանադրությունը հիմնված է այդ հռչակագրի վրա՝ մի շարք նպատակների և արժեքների համատեքստում։ Այնուհետև ներկայացվում են Սահմանադրության հիմնական դրույթները։ Ադրբեջանական կողմն կարծում է, որ Անկախության հռչակագրում կա պահանջ։

Ինչպես արդեն նշել եմ, և այժմ չեմ ցանկանում խորանալ մանրամասների մեջ, սակայն սա հեշտությամբ կարող է ապացուցվել իրավաբանների կողմից, քանի որ բոլոր համապատասխան փաստաթղթերը բաց և հասանելի են։ Միաժամանակ, մենք ինքներս լուրջ մտահոգություններ ունենք այն հարցում, որ հենց Ադրբեջանի Սահմանադրության մեջ առկա են տարածքային պահանջներ։ Եվ ես պատրաստ եմ բացատրել՝ ինչու։ Իրենց Սահմանադրության մեջ նրանք հղում են կատարում իրենց Անկախության հռչակագրին, որում նշում են, որ այս Ադրբեջանի Հանրապետությունն Առաջին Հանրապետության իրավահաջորդն է, որը գոյություն է ունեցել մինչև Խորհրդային Միությունը: Այսպիսով, Ադրբեջանի Առաջին Հանրապետությունն իր ինքնիշխանությունը հայտարարել է շատ ավելի լայն տարածքների նկատմամբ, քան ժամանակակից Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմաններն են։ Այդ տարածքների ավելի քան 60 տոկոսը կազմում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան և միջազգայնորեն ճանաչված տարածքը։ Սա, բնականաբար, խնդիր է։ Եթե մենք խորանանք Սահմանադրության մեջ, ապա, սա, անշուշտ, խնդիր է: Սակայն առաջարկվող խաղաղության պայմանագրում, որի ստորագրմանը մենք պատրաստ ենք, արդեն իսկ ներառված է այդ խնդրի լուծման մեխանիզմը։ Նախ, ինչպես արդեն ասել եմ, կողմերը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն՝ ըստ այն սահմանների, որոնք ես արդեն նշել եմ։ Եվ սա այն ձևակերպումն է, որն ընդունելի է երկու կողմերի համար, քանի որ հակառակ դեպքում պարզապես հնարավոր չէր լինի համաձայնության գալ տեքստի շուրջ։ Այսպիսով, վավերացման գործընթացի ընթացքում, ստորագրելուց հետո, այս փաստաթուղթը պետք է գնա և ստանա դրական եզրակացություն մեր Սահմանադրական դատարանից:

– Դուք վստա՞հ եք դրանում:

– Իհարկե, եթե Սահմանադրական դատարանը եզրակացնի, որ առաջարկվող խաղաղության պայմանագիրը, ներառյալ՝ կողմերի տարածքային ամբողջականության ճանաչումը, հենց այդ կոնկրետ ընկալմամբ և սահմաններով, համապատասխանում է Սահմանադրությանը, ապա կարելի է ասել, որ խնդիրը լուծված է, և այն լիարժեքորեն հասցեագրված է։ Իսկ եթե, տեսականորեն, Սահմանադրական դատարանը հայտարարի, որ պայմանագիրը չի համապատասխանում Սահմանադրությանը, ապա դա արդեն կլինի այլ իրավիճակ։ Այդ դեպքում, բնականաբար, կողմերը կրկին կվերադառնան բանակցությունների սեղան՝ գնահատելու հետագա քայլերը։

Բայց, կրկնում եմ, սա բացառապես տեսական սցենար է, քանի որ անցյալ սեպտեմբերին մենք ունեցանք մեկ այլ հնարավորություն՝ հասկանալու Սահմանադրական դատարանի մոտեցումը: Եթե հիշում եք, Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման համատեղ հանձնաժողովները ստորագրեցին իրենց առաջին միջազգային փաստաթուղթը՝ հանձնաժողովների կանոնակարգը։ Այս փաստաթղթում հստակ նշվում է, որ սահմանազատումը պետք է իրականացվի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա՝ այն նույն սկզբունքի համաձայն, որի մասին խոսեցի՝ կողմերի միջև գոյություն ունեցած վարչական սահմանները Խորհրդային Միության փլուզումից հետո վերածվեցին միջազգայնորեն ճանաչված պետական սահմանների։ Նշված կանոնակարգը ներկայացվել է Սահմանադրական դատարան, և դատարանը տվել է դրական եզրակացություն՝ արձանագրելով, որ այդ փաստաթղթի բովանդակությունն ամբողջությամբ համապատասխանում է Սահմանադրությանը։ Այսինքն, մենք գործ ունենք նույն տրամաբանության, նույն սկզբունքի կիրառման հետ։ Ուստի, քիչ հավանական է, որ միևնույն հարցի վերաբերյալ Սահմանադրական դատարանն ընդամենը մի քանի ամիս անց արտահայտի հակադիր դիրքորոշում։ Սակայն, կրկին նշեմ՝ տեսական հնարավորություն միշտ գոյություն ունի։

Եվ, վերջապես, անկախ այն հանգամանքից, թե որ տեսանկյունից ենք նայում իրավիճակին, խաղաղության պայմանագրի ստորագրումն ու վավերացումը մնում են խնդիրը լուծելու ամենակարճ և արդյունավետ ուղին։

– Լավ, կտեսնենք, թե ինչպես կզարգանան իրադարձությունները։ Մինչ անցնելը Թուրքիա-Հայաստան հարաբերությունների թեմային, խնդրում եմ ասելիքս որևէ կերպ վիրավորական չընդունեք, գիտեմ, որ «Զանգեզուրի անցուղի» եզրույթը Հայաստանում պաշտոնապես չի կիրառվում։ Այնուամենայնիվ, թուրքական հասարակությունն ու մեդիան ծանոթ են այս ձևակերպմանը, և հենց այդ պատճառով եմ օգտագործում «Զանգեզուրի անցուղու» եզրույթը։ Թուրքիան ուշադիր հետևում է, թե երբ կարող է այդ երթուղին բացվել։ Ինչպիսի՞ն է Ձեր տեսակետը այս հարցի վերաբերյալ։ Կարծում եք՝ հնարավո՞ր է, որ դա իրականություն դառնա մոտ ապագայում։

– Դե, նախ և առաջ, ցանկանում եմ ընդգծել, որ մենք սկզբունքորեն որևէ խնդիր չենք տեսնում տրանսպորտային հաղորդակցության, երթուղիների կամ ենթակառուցվածքների բացման հարցում։

– Ես նկատի ունեի ձևակերպումը, որի մասին խոսում էի՝ «Զանգեզուր»։

– Խնդիրը կապված է ոչ թե բովանդակության, այլ ձևակերպման հետ։ Ամբողջ աշխարհը խոսում է նոր տրանսպորտային և տարանցիկ միջանցքների մասին, և մենք լիովին համամիտ ենք այս տրամաբանության հետ։ Ավելին, մենք գիտակցում ենք, որ ենթակառուցվածքների ապաշրջափակման պարագայում Հայաստանը լինելու է առաջին շահառուներից մեկը։ Մեր մտահոգությունն այն է, որ ադրբեջանական կողմի մոտեցման մեջ որոշ նշաններ կան, որոնք կարող են ընկալվել որպես արտատարածքային վերահսկողության բաղադրիչներ։ Այդպիսի «միջանցքի» տրամաբանությունը, որը ենթադրում է որոշակի սուվերենության սահմանափակումներ, մեզ համար անընդունելի է։ Օրինակ, ես կարծում եմ՝ սա կարող է հետաքրքիր լինել նաև թուրքական հասարակության համար. մենք առաջարկել ենք Ադրբեջանի Հանրապետությանը բացել երկկողմ երկաթուղային ենթակառուցվածքները։ Այսինքն՝ այնպես անել, որ երկու կողմերը կարողանան լիարժեք օգտագործել միմյանց երկաթուղային ցանցերը։

Այն հատվածում, որը կապում է Ադրբեջանի հիմնական տարածքը Նախիջևանի Հանրապետության հետ՝ հնարավորինս կարճ երթուղով, մենք առաջարկել ենք կիրառել ժամանակակից մեխանիզմներ։ Օրինակ, առաջարկել ենք կիրառել էլեկտրոնային սկանավորման համակարգեր՝ ֆիզիկական ստուգումները նվազագույնի հասցնելու նպատակով։ Առաջարկել ենք ներմուծել էլեկտրոնային հայտարարագրում, ինչը կթույլատրի արագացնել բեռների հոսքը։ Բացի այդ, մենք առաջարկել ենք կիրառել ապահովագրության և վերաապահովագրության մեխանիզմներ՝ անցման անվտանգությունն ապահովելու նպատակով։ Մեր ըմբռնումն այն էր, որ ադրբեջանական կողմի նախնական արձագանքը դրական էր։ Սակայն այժմ մենք նկատում ենք որոշակի անորոշություն։ Ինչո՞ւ՝ դժվար է ասել, որովհետև, մեր կարծիքով, այս առաջարկի մերժման համար չկա հստակ ռացիոնալ բացատրություն։ Մենք պատրաստ ենք անհապաղ գործարկել այս նախաձեռնությունը՝ սկսելով առաջին փուլում բեռների երկաթուղային փոխադրմամբ։ Եթե այս փուլը հաջողությամբ իրականացվի, ապա կարելի է անցնել ուղևորափոխադրմանը և հաղորդակցության այլ ձևերին։

Մենք նաև համոզված ենք, որ հաղորդակցության ապաշրջափակման այս գործընթացը կտանի դեպի տարածաշրջանային փոխկապվածության ամբողջական վերականգնում, այդ թվում՝ երկաթուղային կապի վերագործարկում Հայաստանի և Թուրքիայի միջև։ Եվ մենք անկեղծորեն շահագրգռված ենք այդ հարցում։ Վերջապես, մեր տեսանկյունից, այս նախագիծն ունի լոգիստիկ պատկերն արմատապես փոխելու ներուժ՝ առնվազն տարածաշրջանային մակարդակով։

Ես չեմ տեսնում որևէ բացասական ազդեցություն ներգրավված կողմերից որևէ մեկի համար:

– Լավ, կտեսնենք, թե երբ և ինչպես այդ հարցը կլուծվի, սակայն կցանկանայի անդրադառնալ Թուրքիայի և Հայաստանի հարաբերություններին։ 2021 թվականին երկու երկրները հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին՝ նպատակ ունենալով առաջ մղել երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Նրանք աշխատում են արդեն շուրջ չորս տարի։ Այս ընթացքում իրականացվել են մի շարք դրական քայլեր։ Եթե չեմ սխալվում, առաջին համաձայնությունը վերաբերում էր բեռնափոխադրումների իրականացմանը։ Երկրորդ քայլը վերաբերում էր Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի բացմանը՝ երրորդ երկրների քաղաքացիների համար։ Սակայն, ըստ էության, մենք էական առաջընթաց չենք տեսնում։ Արդյո՞ք իրոք այդպես է, թե՞ Դուք այլ ընկալում ունեք։ Ինչպե՞ս եք գնահատում հարաբերությունների կարգավորման գործընթացը։

– Այո, Դուք ճիշտ եք, հատուկ ներկայացուցիչներ են նշանակվել՝ Սերդար Քըլըչը Թուրքիայի կողմից և Ռուբեն Ռուբինյանը Հայաստանի կողմից։ Զուգահեռաբար, գործընթացում ներգրավված են նաև երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունները։ Այսօր երեկոյան նախատեսված է իմ հերթական հանդիպումը Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ։ Սա մեր առաջին հանդիպումը չէ, ինչը վկայում է, որ գոյություն ունի բավականին ակտիվ հայ-թուրքական երկխոսություն։ Ընդ որում, այդ երկխոսությունը չի սահմանափակվում միայն երկու նախարարների կամ հատուկ ներկայացուցիչների մակարդակով։ Գործընթացում աստիճանաբար ներգրավվում են նաև այլ համապատասխան կառույցներ։ Տարբեր կառույցների միջև արդեն իսկ իրականացվում են հանդիպումներ։

Դուք նշեցիք նաև բեռնափոխադրումների մասին։ Կցանկանայի հավելել, որ համատեղ կերպով ուսումնասիրվել է Մարգարա-Ալիջան ցամաքային անցակետի ենթակառուցվածքը։ Նմանատիպ ուսումնասիրություն կատարվել է նաև Գյումրի-Կարս երկաթուղու ուղղությամբ։ Մի քանի օր առաջ մեր համապատասխան մարմինների ներկայացուցիչները քննարկել են Անիի կամրջի վերակառուցման համատեղ նախագիծը։ Կան նաև մի շարք այլ նախաձեռնություններ։ Այս ամենը վկայում է, որ գործընթացը, թեև դանդաղ, բայց շարժվում է առաջ։

– Ինչպե՞ս կգնահատեք ենթակառուցվածքների վերականգնման գործընթացի ընթացքը։

– Հայկական կողմը գնահատել է Մարգարայի անցակետի ենթակառուցվածքների ներկայիս վիճակը և արդեն իսկ ավարտին է հասցրել իր հատվածի վերակառուցումը։ Այս հանգամանքը հատուկ եմ նշում՝ ընդգծելու համար, որ գործընթացը շարժվում է առաջ, և մենք շարունակում ենք պահպանել կայուն ու ինտենսիվ երկխոսություն մեր թուրք գործընկերների հետ։ Միևնույն ժամանակ, պետք է արձանագրենք, որ գործընթացի վերջնական նպատակները՝ հարաբերությունների լիարժեք կարգավորումը, դիվանագիտական հարաբերությունների հաստատումը և սահմանի բացումը, այս փուլում դեռ չեն իրագործվել։ Եվ սա, անշուշտ, որոշակիորեն կապված է հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացի հետ։ Մեր համոզմունքն է, որ եթե հաջողություն գրանցվի հայ-թուրքական ուղղությամբ և իրականացվի սահմանի բացումը, դա կարող է դրական ազդակ դառնալ նաև հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացի համար։

– Դա կարևոր դիտարկում էր, քանի որ Ձեր խոսքից անմիջապես հետո մտածեցի, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումը կարող է դրական ազդեցություն ունենալ հայ-թուրքական գործընթացի կարգավորման վրա։ Սակայն, Դուք նշում եք՝ հակառակ տարբերակը ևս հնարավոր է։

– Ընդհանուր առմամբ՝ այո։ Սակայն, ես կարծում եմ, որ երկու ուղղություններով էլ գրանցվող ցանկացած առաջընթաց կարող է դրական ազդակ լինել մյուս գործընթացի համար։

– Լավ, իսկ արդյոք կարևո՞ր է, թե որ ուղղությունն է առաջինը շարժվում առաջ:

– Դա կարևո՞ր է։

– Ես Ձեզ եմ հարցնում։

– Գիտեք՝ այս պահին մենք իսկապես ունենք շոշափելի հնարավորություն։ Սա, ըստ էության, քաղաքական առաջնորդության խնդիր է։ Հարցն այն է, թե ինչ ապագա ենք մենք պատկերացնում ու առաջարկում մեր հասարակություններին, մեր պետություններին և ընդհանրապես՝ մեր տարածաշրջանին։ Մենք կարող ենք լինել լավ հարևաններ։ Կարող ենք զարգացնել փոխշահավետ առևտուրը, նախաձեռնել ու իրագործել համատեղ էներգետիկ նախագծեր։ Աշխարհն այսօր նոր էներգետիկ կապեր է որոնում, և մեր տարածաշրջանն ունի այդ ներուժը։ Ավելին, եթե նայենք տարածաշրջանային քաղաքական գործընթացներին, մասնավորապես, Մերձավոր Արևելքում, ապա տեսնում ենք, որ մեր դիրքորոշումները հաճախ բավական մոտ են միմյանց։ Այսինքն՝ համագործակցությունը կարող է և պետք է դուրս գա միայն սահմանային առևտրի շրջանակներից։ Ունենք հնարավորություն։ Կկարողանա՞նք արդյոք օգտվել այդ հնարավորությունից՝ սա է հարցը։ Մենք կարծում ենք, որ Հայաստանի կողմից արվում են հնարավորինս կառուցողական քայլեր այս գործընթացում։

– Վերջին հարցս վերաբերում է ոչ միայն տարածաշրջանին, այլև ամբողջ աշխարհին։ Ռուսաստանը լուրջ խնդիրներ ունի Արևմուտքի հետ, Արևմուտքն էլ՝ Ռուսաստանի։ Ուկրաինայի պատերազմը դեռևս շարունակվում է, և դժվար է կանխատեսել դրա ելքը, իսկ Տրանսատլանտյան դաշինքը Թրամփի նախագահ դառնալուց հետո, կարծես թե, ենթարկվում է որոշ ճնշումների։ Այս համատեքստում ինչպե՞ս եք գնահատում գլոբալ հակամարտությունների այս պատկերը։

– Կարճ ասած՝ դուք բավականին ճշգրիտ նկարագրեցիք իրավիճակը։ Աշխարհն այսօր բախվում է լուրջ անորոշությունների և ցնցումների։ Մենք գտնվում ենք մի խաչմերուկում, որտեղ միևնույն ժամանակ առկա են և՛ գլոբալ կայունացման հնարավորություններ, և՛ հակամարտությունների խորացման ու երկարաձգման վտանգներ։ Կարծում եմ՝ ներկայումս աշխարհում գրեթե ոչ ոք վստահությամբ չի կարող կանխատեսել զարգացումների ուղղությունը։

Եվ եթե վերադառնում ենք մեր տարածաշրջան, հարցը ձևակերպվում է հետևյալ կերպ՝ մենք նպաստում ենք այդ գլոբալ անկայունությանը, թե՞ ձգտում ենք դառնալ կայունության կղզի։ Սա իսկապես մեր իսկ որոշելիքն է։ Մենք կարող ենք ընտրություն կատարել։ Մենք համոզված ենք, որ այսօր կա եզակի հնարավորություն՝ ապագան կառուցելու համար։ Այն ապագան, որը հիմնված է ներկա պահին ընդունվող համարձակ ու խելամիտ որոշումների վրա։ Կարող ենք ձևավորել ավելի ապահով, ավելի կանխատեսելի ու բարեկեցիկ միջավայր մեր քաղաքացիների և գալիք սերունդների համար։ Բայց կա նաև այլ ճանապարհ՝ շարունակել առաջնորդվել հին մոտեցումներով՝ թշնամանք, հակամարտություն, փոխադարձ անհանդուրժողականություն։ Դա, անկեղծ ասած, երբեմն հեշտ է թվում՝ քան ապագա կառուցելը։ Չէ՞ որ հեշտ է անվերջ թվարկել պատճառներ՝ թե ինչու չի ստացվում հաստատել հարևանություն։ Դուք կարող եք մատնանշել տասը պատճառ, ես կարող եմ ավելացնել ևս տասնհինգը, մեր ադրբեջանցի գործընկերները՝ ևս քսան։ Եվ բոլոր պատճառները կարող են իրենց տրամաբանությունն ունենալ։ Բայց եթե ցանկությունն այն է, որ թշնամությունը շարունակվի, ապա դա անելն ամենահեշտն է։

– Երբ համեմատում եք ներկան անցյալի հետ, արդյոք հիմա՞ է ճիշտ ժամանակը՝ խաղաղություն հաստատելու, Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիր ստորագրելու, ինչպես նաև Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման համար։ Այսօր ավելի հե՞շտ է։

– Կփորձեմ պատասխանել մի փոքր այլ կերպ, եթե դեմ չեք։ Չեմ կարող պնդել, որ հենց հիմա է «ճիշտ» ժամանակը։ Հնարավոր է՝ նման կատարյալ պահ երբեք էլ չլինի։ Բայց վստահությամբ կարող եմ ասել, և կարծում եմ, որ իմ թուրք և ադրբեջանցի գործընկերները ևս կհաստատեն դա, երբեք այսքան մոտ չենք եղել միմյանց։ Միգուցե ժամանակը հարմար չէ, միգուցե երբեք էլ չի լինի, բայց եթե անկեղծ գնահատենք՝ որտեղ ենք հիմա, ապա կարող ենք ասել, որ երբեք չենք եղել այսքան մոտ խաղաղությանը և կայունությանը։

– Շատ շնորհակալ եմ, պարո՛ն նախարար, Ձեր մեկնաբանությունների համար։

– Ես եմ շնորհակալ:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գործարկումից հետո առաջին անգամ փոխարինվում են շարժասանդուղքները

00:00 16.04.2025

Գործարկումից հետո առաջին անգամ փոխարինվում են շարժասանդուղքները

Ավելի քան 40 տարի անց՝ Երևանի մետրոպոլիտենի գործարկումից ի վեր կատարվում է շարժասանդուղքների փոխարինում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Գործընթացը մի քանի կայարաններում արդեն ավարտվել է: Ընթացքի մեջ են «Սասունցի Դավիթ», առաջիկայում նաև՝ «Զորավար Անդրանիկ» կայարանում շարժասանդուղքների նորացման աշխատանքները: Վերջին երկու տարվա ընթացքում Երևանի մետրոպոլիտենում իրականացվել է 6.3 միլիարդ դրամի ներդրում՝ ենթակառուցվածքների արդիականացման համար: […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է

23:59 15.04.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: ...

Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին

23:57 15.04.2025

Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ Գավառ քաղաքում, «Մեղրու սար» կոչվող հատվածում, Արագածի տարածաշրջանում, Քաջարան քաղաքում, Տաթև-Լծեն-Աղվանի և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհներին տեղում է ձյուն։ Սյունիքի բարձրադիր գոտիներում, Նոյեմբերյանի տարածաշրջանում, Դիլիջանի ոլորաններում և Զորական, Հաղթանակ գյուղերում մառախուղ է։ ...

Արին-Բերդի փողոցում գտնվող կիսակառույց շինությունում հայտնաբերվել է կնոջ մարմին

23:54 15.04.2025

Արին-Բերդի փողոցում գտնվող կիսակառույց շինությունում հայտնաբերվել է կնոջ մարմին

Ապրիլի 15-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15:30-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Էրեբունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արին-Բերդի փողոցի 10/1 հասցեի կիսակառույց շինությունում կնոջ դի կա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը և բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել են նշված հասցե, որտեղ հայտնաբերվել է կնոջ դի։ Դատաբժշկի նախնական […] ...

Al Masirah. ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Եմենում հութիների թիրախներին

23:49 15.04.2025

Al Masirah. ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Եմենում հութիների թիրախներին

ԱՄՆ զինված ուժերը առնվազն 15 նոր հարված են հասցրել Եմենի Ալ-Հոդեյդա նահանգի տարածքում, որը գտնվում է «Անսար Ալլահ» շարժման հութի ապստամբների վերահսկողության տակ։ Այս մասին հայտնել է «Al Masirah» հեռուստաալիքը։ Հարձակումների թիրախը Կամարան կղզում գտնվող օբյեկտներն էին, որը գտնվում է Կարմիր ծովում՝ Ալ-Հոդեյդայի ափի մոտ։ Հարձակումների հետևանքների մասին տեղեկություններ չեն տրամադրվել։ Զոհերի և ավերածությունների մասին […] ...

Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Opel Vectra»-ն և «ՎԱԶ 2109»-ը․ կան վիրավորներ

23:46 15.04.2025

Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Opel Vectra»-ն և «ՎԱԶ 2109»-ը․ կան վիրավորներ

Ապրիլի 13-ին ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 17։10-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 121 կմ հատվածում բախվել են Սյունիքի մարզի բնակիչ 51-ամյա Հունան Գ․-ի վարած «Opel Vectra» մակնիշի և Վայոց ձորի մարզի բնակիչ 53-ամյա Մարատ Հ․-ի վարած «ՎԱԶ 2109» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Եղեգնաձոր» […] ...

BACK_TO_TOP