15:05 27.03.2025
ՀՀ ԱԳ նախարարի հայտարարությունը մամուլի համար Ղազախստանի փոխվարչապետ, ԱԳ նախարարի հետ հանդիպման արդյունքներով․
«Հարգարժան պարո՛ն նախարար,
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ ցուցաբերված ջերմ ու բարեկամական ընդունելության համար:
Ձերմությամբ եմ հիշում Ձեր այցը Երևան նախորդ տարի, որի ժամանակ կայացած քննարկումների արդյունքում հաջողվեց էականորեն ընդլայնել մեր երկկողմ օրակարգի, փոխգործակցության բովանդակությունը։
Սա իմ առաջին պաշտոնական այցն է Ղազախստանի Հանրապետություն, թեև քանիցս առիթ ունեցել եմ այցելելու ձեր երկիր այլ կարգավիճակով և ձևաչափերում: Վստահ եմ, որ այս այցը լավ հնարավորություն է՝ անդրադառնալու մեր երկու բարեկամ պետությունների միջև փոխգործակցության հիմնական ուղղություններով առաջխաղացմանը և քննարկելու նախորդ տարի Երևանի ու Աստանայի միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսության շնորհիվ ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչմանը։ Նախորդ տարին, հիրավի, առանձնակի դինամիկ էր. շուրջ քսան տարվա ընդմիջումից հետո տեղի ունեցած երկու երկրների նախագահների փոխայցելությունները։ Ակնկալում ենք, որ ընթացիկ տարին նույնպես հագեցած կլինի երկկողմ փոխայցելություններով և համատեղ նախաձեռնություններով, որոնց ևս այսօր առիթ ունեցանք անդրադառնալու։
Այսօրվա մեր քննարկումներում, բնականաբար, անդրադարձել ենք երկկողմ համագործակցության առևտրատնտեսական բաղադրիչին։ Մենք միակարծիք ենք, որ երկկողմ առևտրաշրջանառության ներուժը զգալիորեն գերազանցում է ներկայիս ցուցանիշները։ Այս համատեքստում պայմանավորվել ենք կրկնապատկել ջանքերը մեր երկու երկրների կառավարությունների միջև 2024-25 թթ. առևտրատնտեսական համագործակցության «ճանապարհային քարտեզի» կյանքի կոչման, ինչպես նաև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հաջորդ նիստի անցկացման ուղղությամբ։ Միաժամանակ կարևորել ենք գործարար կապերի խթանումը՝ նախորդ տարի կազմակերպված հայ-ղազախական առաջին բիզնես ֆորումի և առաքելությունների օրինակով։
Իհարկե, անվիճարկելի է տնտեսական զարգացման և տարացիկ ներուժի առավելագույն իրացման միջև առկա փոխկապակցվածությունը։ Այս համատեքստում նախարար Նուրտլեուի հետ ընդգծել ենք տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը և տրանսպորտային-լոգիստիկ կապուղիների արդյունավետ կիրառմանն ուղղված ջանքերի համադրման պահանջվածությունն ու երկու երկրների կողմից դրան տրվող կարևորությունը։ Իհարկե, մենք մեծապես արժևորում ենք ղազախստանյան կողմից, այդ թվում՝ ամենաբարձր՝ նախագահի մակարդակով արտահայտված միանշանակ աջակցությունը Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին։ Այսօր խոսեցինք նաև տարածաշրջանի և դրանից անդին մյուս երկրների դրական արձագանքների ու նախագծի կյանքի կոչման մասին:
Ղազախստանցի գործընկերոջս հետ անդրադարձ ենք կատարել նաև երկկողմ փոխգործակցության այլ ուղղությունների, այդ թվում՝ էներգետիկայի, բարձր տեխնոլոգիաների, նորարար կրթության ոլորտներում, ինչպես նաև ապակենտրոնացված համագործակցությանը։ Թերևս այս բոլոր ուղղություններով համագործակցության զարգացման ճանապարհին կարևորել ենք նաև ուղիղ չվերթների շարունակական իրականացումը։
Նշածս բոլոր ոլորտներում նախաձեռնությունների արդյունավետ կյանքի կոչումը ոչ միայն միտված են երկու երկրների փոխշահավետ և ռազմավարական ուղղվածություն ունեցող գործընկերության խորացմանը, այլ նաև մարդկանց միջև շփումներին՝ երկու ժողովուրդների միջև փոխադարձ հարգանքի և ձևավերված բարեկամության շրջանակներում։ Ուստի, պատահական չէ մեր կողմից ցուցաբերվող ուշադրությունն այնպիսի միջոցառումներին, ինչպիսիք են մշակույթի օրերի անցկացումը. Ղազախստանում Հայաստանի օրերն անցկացվել են նախորդ տարվա հոկտեմբերին, իսկ շատ շուտով՝ ապրիլին, ակնկալում ենք Հայաստանում Ղազախստանի օրերի անցկացումը։
Հարգելի՛ գործընկերներ,
Նախարար Նուրտլեուի հետ մտքեր ենք փոխանակել նաև բազմակողմ հարթակներում մեր փոխգործակցության շուրջ։ Կարող ենք արձանագրել, որ ընդհանուր ընկալումներն ու փոխադարձ վստահությունը նպաստում են ապագայում ևս փոխշահավետ և կառուցողական երկխոսության ծավալմանը:
Բնականաբար, մեր այսօրվա քննարկումներին անդրադարձ ենք կատարել նաև տարածաշրջանային հարցերի։ Պարոն նախարարին ներկայացրել եմ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումներն, այդ թվում՝ «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախագծի համաձայնեցված լինելու փաստի, դրա ստորագրման ՀՀ առաջարկի, ինչպես նաև համապարփակ, կայուն խաղաղության հասնելու ՀՀ մյուս առաջարկների մասով:
Ինչպես բազմիցս առիթ եմ ունեցել նշելու, Հայաստանի դիրքորոշումը հստակ է․ երկու պետությունների տարածքային ամբողջականության ճանաչում և սահմանազատման գործընթացի իրականացում՝ Ալմա-Աթայի հռչակագրի դրույթների հիման վրա, ինչպես նաև տարածաշրջանային հաղորդակցության ուղիների բացում՝ առաջնորդվելով յուրաքանչյուր պետության ինքնիշխանության ու իրավազորության անվերապահ հարգման, ինչպես նաև հավասարության և փոխադարձության սկզբունքներով: Ակնհայտորեն, համապարփակ կարգավորման համար կարևոր է նաև մարդասիրական հարցերի հասցեագրումը, այդ թվում՝ անհայտ կորած անձանց ճակատագրերի պարզումը և ռազմագերիների ու պահվող քաղաքացիական անձանց ազատ արձակումը։
Նախարար Նուրտլեուն, իհարկե, մինչ այս էլ հանգամանալից տեղյակ էր ՀՀ տեսլականին, կառուցողական մոտեցումներին՝ հաշվի առնելով այն, որ նա գործընթացից անմասն չի մնացել, նախորդ տարի Ալմաթիում հյուրընկալել է իմ և Ադրբեջանի ԱԳ նախարարի հանդիպումը։ Այսօր շեշտել եմ, որ երկար բանակցություններից հետո հիմա ժամանակն է ստորագրել համաձայնագիրը և առաջ շարժվել Հարավային Կովկասում խաղաղության հասնելու և տնտեսական հնարավորությունների բացման ուղղությամբ։
Պարո՛ն նախարար,
Ամփոփելով խոսքս՝ նշեմ, որ մեր միանման դիրքորոշումը պետությունների ինքնիշխանության, անկախության և տարածքային ամբողջականության նկատմամբ, ինչպես նաև շահագրգռվածությունը տարածաշրջանային տնտեսական և տրանսպորտային կապերի զարգացման և դիվերսիֆիկացիայի մեջ էլ ավելի են ընդլայնում մեր համագործակցության հորիզոնը:
Համոզված եմ՝ համատեղ ջանքերով կհաջողվի էլ ավելի զարգացնել և ամրապնդել ռազմավարական ուղղվածություն ունեցող մեր երկկողմ հարաբերությունները:
Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում Ձեզ հրավերի, ջերմ ընդունելության և այսօրվա անկեղծ, արդյունավետ քննարկումների համար: Մեր այս փոխայցելություններն ու ակտիվ շփումները առավել ամուր ինստիտուցիոնալ հիմքի վրա են դնում մեր գործընկերությունը, ուստի սիրով հրավիրում եմ Ձեզ այցելել Հայաստան Ձեզ հարմար ժամկետներում»։
23:20 30.03.2025
Հայտնի են Մայամիի «Մասթերսի» եզրափակչի մասնակիցները23:20 30.03.2025
Հայտնի են Մայամիի «Մասթերսի» եզրափակչի մասնակիցներըԱշխարհի 5-րդ ռակետ Նովակ Ջոկովիչը Մայամիի «Մասթերսի» տղամարդկանց մենախաղում դուրս է եկել եզրափակիչ: «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի հաղթողը կիսաեզրափակչում 6-2, 6-3 հաշվով հաղթել է աշխարհի 15-րդ ռակետ Գրիգոր Դիմիտրովին: 37-ամյա Ջոկովիչը տիտղոսը կվիճարկի Յակուբ Մենշիկի (54-րդ ռակետ) հետ, ով կիսաեզրափակչում 7-6, 4-6, 7-6 հաշվով հաղթել է աշխարհի չորրորդ ռակետ Թեյլոր Ֆրիցին (ԱՄՆ)։ Մայամիում Ջոկովիչի մրցախաղը […] ...
22:58 30.03.2025
Վայոց ձորի մարզի Զեդեա բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակՄարտի 31-ին՝ ժամը 10։00-ից մինչև 14։00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Վայք համայնքի Զեդեա բնակավայրում և հիմնական դպրոցում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
22:40 30.03.2025
Ընտրական տեղամասերից ստացած առաջին տվյալները կտեղադրվեն ԿԸՀ կայքումԿԸՀ-ից տեղեկացնում են, որ քվեարկության արդյունքների ամփոփումը կարելի է տեսնել ԿԸՀ կայքում՝ յուրաքանչյուր համայնքի ընտրության համար նախատեսված էջում՝ արդյունքներ բաժնում: «Բաժինը հասանելի կլինի սկսած առաջին իսկ ընտրական տեղամասից ստացված տվյալների: Նույն էջում կարող եք գտնել նաև տվյալ պահի դրությամբ առկա աղյուսակավորումը»: Գյումրիում՝ այստեղ: Փարաքարում՝ այստեղ: ...
22:10 30.03.2025
Բրազիլիայի հավաքականը մնացել է առանց գլխավոր մարզչիԴորիվալ Ժունիորը հեռացվել է ֆուտբոլի Բրազիլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից, հաղորդում է Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի մամուլի ծառայությունը: 62-ամյա մասնագետը նախորդ տարվա սկզբին էր նշանակվել գլխավոր մարզչի պաշտոնում: Աշխարհի 5-ակի չեմպիոնները նրա գլխավորությամբ 16 խաղից 7-ը հաղթել են, 6-ը՝ ավարտել ոչ-ոքի և երեքը՝ պարտվել: Օրեր առաջ բրազիլացիներն աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի հերթական խաղում […] ...
22:00 30.03.2025
ՄԻՊ-ն ամփոփել է ՏԻՄ ընտրությունների օրըՄարտի 30-ին՝ Գյումրի և Փարաքար համայնքներում տեղի ունեցող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների օրը, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն աշխատել է վաղ առավոտից։ Պաշտպանի հանձնարարությամբ, ի թիվս այլնի, ուսումնասիրվել է լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում զետեղված ավելի քան 300 հրապարակում։ Մշտադիտարկման արդյունքում արձանագրվել են ընտրողների ուղղորդումների, տեղամասերում կողմնակի անձանց ներկայության, կուտակումների, քվեարկության գաղտնիությունը խախտելու, ընտրատեղամասերի կահավորման վիճակի, […] ...
21:50 30.03.2025
Թրամփը նոր զրույց է ծրագրում Պուտինի հետԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ակնկալում է շուտով նոր զրույց ունենալ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ, հայտնում է NBC News-ը՝ վկայակոչելով Սպիտակ տան ղեկավարին։ «Թրամփն ասաց, որ նրանք ծրագրում են կրկին զրուցել այս շաբաթ», – ասվում է հեռուստաալիքի կայքում ԱՄՆ նախագահի հետ հարցազրույցից հետո հրապարակված հրապարակման մեջ: ԱՄՆ-ում նոր շաբաթվա հետհաշվարկն ավանդաբար սկսվում է կիրակի օրը։ ...