Ազգային ժողովը մարտի 25-ին սկսել է հերթական նիստերի աշխատանքը:
Հերթական նիստերի օրակարգը հաստատելուց հետո խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկել է ««Մասնավոր պահնորդական գործունեության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ կից օրենքների նախագծերի փաթեթը:
ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանի տեղեկացմամբ նախաձեռնության նպատակը մասնավոր պահնորդական գործունեության լավարկումն ու կանոնակարգումն է երեք ուղղություններով:
Արմեն Մկրտչյանը տեղեկացրել է, որ առաջարկվում է մասնավոր պահնորդական գործունեության լիցենզիա ստանալու համար պետական տուրքի դրույքաչափը՝ բազային տուրքը, որը չի փոփոխվել օրենքի ընդունումից հետո եւ կազմակերպության գործունեության ամբողջ ժամանակահատվածի համար վճարվում է մեկ անգամ, 500-ապատիկի փոխարեն սահմանել 3000-ապատիկի չափով: Այս փոփոխությամբ ակնկալվում է, որ մասնավոր պահնորդական գործունեություն իրականացնելու լիցենզիա ստանալու համար կդիմեն եւ լիցենզիա կստանան միայն այն կազմակերպությունները, որոնք հստակ նպատակադրված են գործունեություն ծավալելու նշված ոլորտում եւ տիրապետում են անհրաժեշտ ֆինանսական, կադրային, սպառազինային ռեսուրսների:
Նաեւ առաջարկվում է հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձանց աշխատողների՝ զենք կրելու թույլտվությունը նախատեսել որպես ֆիզիկական անձանց թույլտվության տեսակ, որը հնարավորություն կտա պահնորդին կամ թիկնապահին ունենալ զենք կրելու 5 տարվա թույլտվություն՝ անկախ գործատուի փոփոխությունից:
Նախատեսվում է, որ պահպանվող անձին կարող է ուղեկցել 1 մեքենա եւ առավելագույնը՝ 3 պահնորդ: Զեկուցողի խոսքով նաեւ առաջարկվում է, որ լիցենզիա ստանալու համար հայտ ներկայացնելիս կազմակերպությունը պետք է ունենա առնվազն 10 որակավորված պահնորդ՝ ներկայիս 1-ի փոխարեն:
Պատգամավոր Բաբկեն Թունյանը հետաքրքրվել է օրենքի խնդիրներով եւ թերություններով:
Արմեն Մկրտչյանը պարզաբանել է, որ օրենքն ընդունվել է 2012 թվականին, որից հետո փոփոխություններ չեն կատարվել: Ներկայում էլ գրանցված է շուրջ 200 կազմակերպություն, որոնցից սակայն 20-30-ն է պահնորդական ծառայություն մատուցում: Բացի այդ՝ գործող օրենսդրությունը պատշաճ գործիքակազմ չի տալիս, որպեսզի վերահսկողություն իրականացվի ոլորտում, շահառուներին էլ մատուցվի պատշաճ ծառայություն: Զեկուցողն առաջարկվող փոփոխությունների ահրաժեշտությունը պայմանավորել է նաեւ հանրության անվտանգության ապահովման տեսանկյունից:
ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը պատասխանել է պատգամավորների հարցերին, տվել պարզաբանումներ: Պատգամավորները նաեւ առաջարկներ են ներկայացրել:
ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Արմեն Խաչատրյանը: