Պատմություն, որի շնորհիվ դարձել եմ այն, ինչ կամ. Ռուբեն Վարդանյանի ընտանիքը նրա հետ հեռախոսազրույցից դրվագ է հրապարակել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 03 2025
  • $
    391.74
  • RUBLE
    4.57
  • 426.88
WEATHER
+7.09 oC

Պատմություն, որի շնորհիվ դարձել եմ այն, ինչ կամ. Ռուբեն Վարդանյանի ընտանիքը նրա հետ հեռախոսազրույցից դրվագ է հրապարակել

00:29 17.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից անձնական կյանքից դրվագ է պատմել ընտանիքի հետ հեռախոսազրույցի ընթացքում, որի ձայնային տարբերակը հրապարակվել է նրա Ֆեյսբուքի էջում:

«Ուզում եմ այսօր մի քանի խոսք ասել: Նախ՝ բարի պահեր եմ մաղթում ձեզ, որովհետև միայն պահը, ակնթարթն է իրականը և հավերժությանն ամենամոտը։

Այսօր ուզում եմ կիսվել ձեզ հետ մի շատ անձնական պատմությամբ, որը հսկայական դեր է ունեցել իմ՝ որպես անհատի ձևավորման գործում։ Այն տեղի է ունեցել 39 տարի առաջ, Ադրբեջանում:

Ինչպես Խորհրդային Միությունում բոլոր 18 տարին լրացած երիտասարդներին, ինձ ևս զորակոչեցին խորհրդային բանակ: Ավարտելով Մոսկվայի պետական համալսարանի առաջին կուրսը՝ հունիսի վերջին հայտնվեցի Մոսկվայի զորակոչային կետում։ Երկար արկածներից հետո հուլիսի սկզբին մի քանի հարյուր հոգու հետ միասին հայտնվեցի Բաքվի արվարձանում՝ Բալաջարիի տեղաբաշխման կետում: Այդպես ես առաջին և միակ անգամ հայտնվեցի Ադրբեջանական ԽՍՀ-ում։

Հենց այդտեղ էլ ինձ մոտեցավ մի ենթասպա և առաջարկեց, որ 300 ռուբլու դիմաց կարող է այնպես անել, որ տեղափոխվեմ Հայաստան ծառայելու։ Այն ժամանակ դա բավական մեծ գումար էր, ու ես ասացի, որ այդքան գումար չունեմ։ Երեք օր անց, երբ մեզ արդեն պետք է վերջնականապես բաշխեին զորամասերում, նա, ակնհայտորեն ուրիշ հարմար մեկի չգտնելով, նորից մոտեցավ և ասաց, թե՝ «լավ, գոնե 50 ռուբլի տուր»։ Ես ասացի, որ ընդամենը 27 ռուբլի ունեմ։ Նա դժգոհ հեռացավ՝ ասելով, որ դա անհնար է։

Այս պատմությունը, պարզապես որպես զվարճալի դրվագ, պատմեցի նաև տղաներին, որոնց հետ ծանոթացել էի Մոսկվայից Բաքու մեր երկար ճանապարհորդության ընթացքում։ Դրանից մի 15 րոպե անց վեց-յոթ տղաներ, խորհրդակցելով իրար հետ, մոտեցան ինձ և տվեցին 23 ռուբլի՝ ասելով, որ կուզենային, որ գոնե ես ծառայեմ տանը: Նրանք ժպտացին ու վստահեցրին, որ դրա համար միայն ուրախ կլինեն։

Գիտեի, որ նրանցից ոչ մեկն էլ ապահովված ընտանիքից չէր, և երեք կամ հինգ ռուբլին նրանց համար բավականին լուրջ գումար էր ու, ըստ էության, նրանք տալիս էին իրենց վերջին՝ ծխախոտի համար պահած գումարները։ Այդպիսով, շնորհիվ գրեթե անծանոթ (միայն մեկին էի հպանցիկ ճանաչում ՄՊՀ-ից), այլազգի տղաների, որոնցից ոչ մեկն ինձ ոչնչով պարտական չէր, ես տեղափոխվեցի Հայաստան և երկու տարի ծառայեցի Լենինականում {Գյումրիում}։

Հետագայում շատ եմ մտածել այս դրվագի մասին և ինքս ինձ երեք հարց տվել։ Ինքս պատրա՞ստ եմ տալ վերջին փողերս կամ վերջին կտոր հացս՝ ուրիշին օգնելու համար: Ոչ թե մեկ միլիոնը միլիարդից, այլ, իրոք, վերջին փողը։ Երկրորդ՝ արդյո՞ք կկարողանամ ուրախանալ նրանից, որ ինչ-որ մեկն իմ շնորհիվ կգնա տուն ծառայելու, իսկ ես կմնամ անծանոթ վայրում և կարոտով կհիշեմ հայրենիքը, հարազատ վայրերն ու մտերիմներին, որոնց երկու տարի չեմ տեսնելու։ Եվ երրորդը՝ պատրա՞ստ եմ չակնկալել երախտագիտություն (մենք նույնիսկ հասցեներ չփոխանակեցինք) և չունենալ այն զգացողությունը, թե ինչ-որ մեկն ինձ պարտք է, քանի որ նրա համար ինչ-որ բան եմ արել։

Այս պատմությունն էլ հենց դարձել է ինձ համար հենման կետ՝ նպաստելով իմ՝ որպես անհատի ձևավորմանն այնպիսին, ինչպիսին հիմա եմ։
Եվ այսօր նախ կուզենայի երախտագիտությունս հայտնել նրանց՝ ինձ օգնողներին. անգամ չգիտեմ՝ ողջ են նրանք, թե ոչ, ինչպես է դասավորվել նրանց կյանքը։ Բայց եթե լսեն իմ պատմությունը, պիտի իմանան, որ ես միշտ հիշում եմ այդ 23 ռուբլին և նրանց անշահախնդիր քայլը: Ես դա երբեք չեմ մոռանա։ Երկրորդը՝ ուզում եմ, որ իմանան, որ իրենց շնորհիվ ես հասկացա, որ բարիք գործելը ներդրում չէ. պետք է պարզապես քեզ արված բարությունը որպես էստաֆետի փայտիկ փոխանցել, ու դրանից երջանիկ լինել։ Եվ ես երջանիկ եմ, որ կնոջս հետ մենք գրեթե ամբողջ մեր կարողությունը տրամադրել ենք բարեգործությանը, ու մեր երեխաները դա հասկացել և ընդունել են։

Ես խնդրեցի Վերոնիկային {կնոջս}, որպեսզի տեղադրի այս գրառումը կիրակի, որովհետև կիրակին քրիստոնյաների համար հատուկ օր է՝ ինչպես հրեաների համար շաբաթը, իսկ մահմեդականների համար՝ ուրբաթը:

Կուզենայի, որ շաբաթվա մեջ մեկ օր ժամանակ հատկացնեք՝ առօրյայից, արտաքին աղմուկից, կենցաղային խնդիրներից մի փոքր կտրվելու և մտածելու հոգևորի, հավերժականի մասին, լինելու ինքներդ ձեզ և Աստծո հետ։

Համոզված եմ, որ բարությունը հավերժ է և անմահ, ու երբ անանուն ես անում ու դիմացը ոչ մի ակնկալիք չես ունենում, այն բազմապատկվում է։ Իմ կյանքում շատ ծանոթ և անծանոթ մարդիկ դա արել են, ու ես նրանց երախտապարտ եմ։ Ես նույնպես ձգտել եմ նույնը անել, որքանով կարողանում եմ։

Չարը, իհարկե, ունի վախճան, այն վերջավոր է, այդ պատճառով էլ այդքան ագրեսիվ է և ուշադրություն է գրավում։ Ու երբ չարին պատասխանում ես չարով, այն ավելի է ահագնանում և ուժեղանում։ Մարդկանց համար, ցավոք, ավելի հեշտ է քննարկել և հիշել վատը, քան լավը. բամբասել, գրքեր գրել, ֆիլմեր նկարել։ Այն ավելի բազմազան է և ավելի շատ ուշադրություն է գրավում, նույնիսկ՝ լուրերում։ Մենք ավելի շատ վատ լուրեր ենք կարդում։

Բայց հիշեք. եթե բարությունը, լույսը, սերը ավելի քիչ լինեին, քան չարը, աշխարհը վաղուց չէր լինի։ Պարզապես այն, ինչպես օդը, աննկատ է, և մենք հաճախ այն պարզապես ընկալում ենք որպես ինքնըստինքյան ենթադրվող մի բան։ Ուրիշներին տալով այն ամենը, ինչ ունես, գիտես, կարող ես, չկուտակելով, չդառնալով ոսկե հորթի, քո կրքերի և ցանկությունների ստրուկը` սա է, իմ կարծիքով, կյանքի իմաստը: Մենք այդպես ավելացնում ենք բարությունը և լույսը աշխարհում՝ բոլորի համար։

Մենք գալիս ենք աշխարհ մերկ և հեռանում ենք մերկ՝ ոչինչ չտանելով մեզ հետ։ Նույնիսկ փարավոններին չի հաջողվել խուսափել դրանից։ Ներե՛ք, ինչպես մենք ուզում ենք, որ մեզ ներեն, երբ մենք ինչ-որ բան սխալ ենք անում: Ուրիշների համար պատիժ մի՛ պահանջեք, իսկ ձեզ համար ներում խնդրեք։ Վարվեք ուրիշների հետ այնպես, ինչպես դուք կցանկանայիք, որ վարվեին ձեզ հետ. սա ոսկե կանոն է։ Արարեք բարիք և երջանիկ եղեք։ Խաղաղություն մեզ բոլորիս։ Սիրում եմ ձեզ բոլորիդ»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

01:00 17.03.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

00:55 17.03.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։ ...

Եմենում ամերիկյան հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 50-ը

00:51 17.03.2025

Եմենում ամերիկյան հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 50-ը

Եմենի հյուսիսային և կենտրոնական հատվածների վրա ԱՄՆ-ի հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 53-ի, վիրավորվել է առնվազն 98 մարդ: Այս մասին հայտնել է հութիների կառավարությունում առողջապահության նախարարության ներկայացուցիչ Անիս ալ Ասբահին։ «Մարտի 15-ին ամերիկյան թշնամու կողմից խաղաղ բնակիչների վրա իրականացված հարվածների հետևանքով զոհվել է 53, վիրավորվել՝ 98 մարդ»,- գրել է նա X-ի միկրոբլոգում: Հութիները պնդում […] ...

ԱՄՆ-ը գաղտնազերծելու է Քենեդու սպանությանն առնչվող ևս 2000 փաստաթուղթ

00:43 17.03.2025

ԱՄՆ-ը գաղտնազերծելու է Քենեդու սպանությանն առնչվող ևս 2000 փաստաթուղթ

ԱՄՆ վարչակազմը նախատեսում է գաղտնազերծել և հրապարակել ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Քենեդիի սպանության մասին նյութեր մի քանի շաբաթվա ընթացքում։ Այս մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Full Measure ծրագրին տված հարցազրույցում։ Ամերիկացի առաջնորդը նշել է, որ իր առաջին նախագահական ժամկետում գաղտնազերծել է որոշ նյութեր։ «Սակայն այդ ժամանակից ի վեր նրանք և մենք հայտնաբերել ենք […] ...

Պատմություն, որի շնորհիվ դարձել եմ այն, ինչ կամ. Ռուբեն Վարդանյանի ընտանիքը նրա հետ հեռախոսազրույցից դրվագ է հրապարակել

00:29 17.03.2025

Պատմություն, որի շնորհիվ դարձել եմ այն, ինչ կամ. Ռուբեն Վարդանյանի ընտանիքը նրա հետ հեռախոսազրույցից դրվագ է հրապարակել

Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից անձնական կյանքից դրվագ է պատմել ընտանիքի հետ հեռախոսազրույցի ընթացքում, որի ձայնային տարբերակը հրապարակվել է նրա Ֆեյսբուքի էջում: «Ուզում եմ այսօր մի քանի խոսք ասել: Նախ՝ բարի պահեր եմ մաղթում ձեզ, որովհետև միայն պահը, ակնթարթն է իրականը և հավերժությանն ամենամոտը։ Այսօր ուզում եմ կիսվել ձեզ հետ մի շատ […] ...

Մեկնարկել է «Ներուժ»-ի 6-րդ շրջափուլի տեխնոլոգիական ստարտափների ծրագրերի հայտերի ընդունումը

00:14 17.03.2025

Մեկնարկել է «Ներուժ»-ի 6-րդ շրջափուլի տեխնոլոգիական ստարտափների ծրագրերի հայտերի ընդունումը

Մեկնարկել է «Ներուժ»-ի արդեն 6-րդ շրջափուլի տեխնոլոգիական ստարտափների ծրագրերի հայտերի ընդունումը: Այս մասին հայտնել են ՀՀ կառավարությունից: Մանրամասները՝ տեսանյութում: ...

BACK_TO_TOP