15:37 06.03.2025
Կառավարությունը հաստատել է ՀՀ ռեզիդենտ հանդիսացող առևտրային կազմակերպությունների աշխատակիցների ուսումն օտարերկրյա հեղինակավոր բարձրագույն ուսումնական հաստատություններում խթանելու նպատակով կրթաթոշակի տրամադրման կարգը: Ինչպես նշել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, որոշման ընդունումը բխում է մարդկային կապիտալի զարգացմանն ուղղված Կառավարության քայլերից, որոնք արտահայտված են մի շարք ռազմավարական փաստաթղթերում և ոլորտում իրականացվող բարեփոխումներում: «Այս նախագիծը հնարավորություն է ընձեռելու, որպեսզի մենք, վերանայելով մեր կրթաթոշակային քաղաքականությունը, նոր համակարգ ներդնենք արտերկրի բուհերում ուսանողների ֆինանսավորման տեսանկյունից: Հաշվի առնելով նախկինում տեղի ունեցած ռիսկերը՝ նախատեսվում է այնպիսի մեխանիզմ ներդնել, որն ավելի մեծ արդյունավետություն կունենա և հանրային ու տնտեսական զարգացման տեսանկյունից ավելի բարենպաստ կլինի երկրի համար», -ասել է նախարարը:
Որոշման ընդունման պայմաններում մարդկային կապիտալում ներդրումներն ու մարդկային ներուժի անհրաժեշտ զարգացումը կապահովվեն նաև գործատուների, պետություն-մասնավոր հատված համագործակցության միջոցով: Ըստ այդմ՝ կարգավորումներն ուղղված են գործող կրթաթոշակային մեխանիզմների ու սկզբունքների վերանայմանը՝ կրթաթոշակը դիտարկելով որպես կրթության շարունակականությունը կամ ուսումնառության ընթացքն ապահովելու նպատակով սովորողներին անհատույց տրամադրվող ֆինանսական աջակցություն, խրախուսանք՝ ցուցաբերած առաջադիմության կամ այլ ձեռքբերումների համար: Այս համատեքստում նախատեսվում է կրթաթոշակ տրամադրել օտարերկրյա հեղինակավոր՝ աշխարհի լավագույն բարձրագույն ուսումնական հաստատությունների ակադեմիական վարկանիշավորման http://www.shanghairanking.com կայքի տվյալ տարվա ցանկերի առաջին վաթսունհինգից-յոթանասունհինգ բուհերի ցանկում՝ ըստ կրթական աստիճանների, բարձրագույն ուսումնական հաստատություններում ՀՀ քաղաքացի հանդիսացող սովորողներին, որպես պետական ֆինանսական խրախուսանք, ուսման վարձի փոխհատուցման նպատակով: Կրթաթոշակի տրամադրման համար, բացի լավագույն ուսումնական հաստատություններում լրիվ բեռնվածությամբ սովորելու պայմանից, սահմանվել է ևս մեկ պահանջ՝ սովորողի ներկայիս կամ ապագա գործատուի կողմից ուսման վարձի առնվազն հիսուն տոկոսի փոխհատուցման առկայություն։ Այս պարագայում ՀՀ կողմից տրվող կրթաթոշակը կտրամադրվի գործատուի կողմից տրամադրվող փոխհատուցումից հետո, առավելագույնը ուսման վարձի մնացորդային գումարի չափով` յուրաքանչյուր ակադեմիական տարվա համար ոչ ավելի, քան 10 մլն ՀՀ դրամը։ Մեկ այլ ամրագրված պայմանով էլ՝ գործատուն և սովորողը պետք է ունենան ուսման ֆինանսավորման և ուսման ավարտից հետո գործատուի մոտ աշխատանքի անցնելու կամ աշխատանքը շարունակելու հանձնառության պայմանագիր: Աշխատանքային պայմանագրի ժամկետը պետք է լինի առնվազն 3 տարի ժամկետով՝ ուսման ակնկալվող ավարտից հետո:
«Հաշվի ենք առել նախկինում իրականացված տարբեր ծրագրերի փորձը, մասնավորապես՝ վերլուծելով կրթաթոշակային այն ծրագրերը, որով մեր ուսանողները հնարավորություն էին ստանում սովորել դրսում: Տեսել ենք, որ օրինակ՝ «Լույս» հիմնադրամի պարագայում կրթաթոշակառուների շուրջ 20 տոկոսն է ընդամենը վերադարձել և որևէ կերպ ներդրում է ունեցել երկրի տնտեսությունում»,- ասել է Ժաննա Անդրեասյանը և հավելել, որ այս մոտեցմամբ խնդիրն էապես կարգավորվում է, քանի որ ի սկզբանե նաև աշխատանքային հեռանկար է առաջարկվում՝ ապահովելով կրթության ավարտից հետո մասնագիտական գիտելիքների դրսևորման միջավայր:
Միաժամանակ սահմանվել է նաև, որ եթե ուսման ավարտից հետո կրթաթոշակի շահառու քաղաքացին չի վերադառնում ՀՀ կամ ուսումնառությունը կիսատ է թողնում կամ տեղափոխվում է այլ հաստատություն, գործատուն ՀՀ պետբյուջեի համապատասխան գանձապետական հաշվին փոխանցում է հրաժարագին՝ պետության կողմից տրամադրված ընդհանուր կրթաթոշակի կամ համաֆինանսավորման ընդհանուր գումարի եռապատիկը: Կրթաթոշակի տրամադրման գործընթացն ապահովելու համար նախատեսվում է, որ յուրաքանչյուր տարի, ՀՀ տվյալ տարվա պետական բյուջեով բարձրագույն ուսումնական հաստատությունների համար նախատեսված միջոցների սահմաններում, կհայտարարվեն պետական կրթաթոշակների առավելագույն թիվը՝ հիմնվելով սահմանված պայմաններին համապատասխանող հաստատություններում վերջին հինգ տարում ուսումնառող, ՀՀ քաղաքացի հանդիսացող սովորողների ցուցանիշների վրա:
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է որոշմանը և նշել, որ արդյունավետ ծրագիր, մեխանիզմ ունենալու հարցը վաղուց է քննարկվում. «Մենք խնդիր էինք տեսնում՝ պետությունում չկա ծրագիր, որը ուսանողներին առաջնակարգ բուհերում ուսանելու և Հայաստանում գործելու հնարավորություն տա, ինչը մեր երկրի զարգացման կարևոր պայմանն է»:
Անդրադառնալով նախկինում իրականացված նմանատիպ ծրագրերի արդյունքներին, մասնավորապես, որ «Լույս» հիմնադրամի կրթաթոշակառուների ընդամենը 20 տոկոսն է վերադարձել, «Իմ քայլը» հիմնադրամի ֆինանսավորմամբ արտերկրում ուսումնառություն ստացած ուսանողների 40 տոկոսը, վարչապետը նշել է. «Ստացվում է, որ կրթության ֆինանսավորման ներքո մենք արտագաղթ ենք ֆինանսավորել»: Նիկոլ Փաշինյանը նշել է՝ եկել են այն եզրակացության, որ պետք է աջակցել կոնկրետ ընկերություններին անհրաժեշտ մասնագետների կրթությունը ապահովելու համար՝ այն կանխավարկածով, որ մասնավորի նկատմամբ ստանձնած պայմանագրային պարտավորությունը ավելի դժվար է չկատարել, քան Կառավարության նկատմամբ:
Թեմայի շուրջ ծավալվել է մտքերի փոխանակություն, ներկայացվել են մի շարք հարցադրումներ և առաջարկություններ: Վարչապետը, մասնավորապես, առաջարկել է ծրագրում սահմանել պարտադիր պայման, որ շահառուն տվյալ ընկերությունում առնվազն 2 տարի աշխատել է. «Այսինքն` պետք է համոզվենք, որ շահառուն այդ ոլորտի աշխատող է, դրանով բազմաթիվ հարցեր կլուծվեն»: Առաջարկվել է նաև՝ մինչև տարեվերջ խիստ մոնիթորինգ իրականացնել:
18:30 06.03.2025
Թմրամիջոցների տարածման կանխարգելման նոր քայլեր՝ գերատեսչությունների հետ արդյունավետ համագործակցության միջոցովԹմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի արդյունքները, կանխարգելիչ նոր մեթոդները և գերատեսչությունների համագործակցության զարգացումը՝ օրակարգում։ Ի՞նչ արդյունքներ են արձանագրվել 2024 թվականին, ի՞նչ նոր գործիքակազմեր են մշակվում կանխարգելման ուղղությամբ, և ինչպե՞ս է զարգանում փոխգործակցությունը ոլորտում. այս և այլ կարևոր հարցեր մարտի 5-ին քննարկվեցին Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառության և դրանց անօրինական տարածման կանխարգելման միջգերատեսչական […] ...
18:18 06.03.2025
Մարտի 30-ի ընտրությունների ՏԸՀ նախագահների ու քարտուղարների պաշտոնների բաշխումն իրականացվել է. ԿԸՀԿենտրոնական ընտրական հանձնաժողովը մարտի 6-ին գումարել է հերթական նիստ։ Նիստի ընթացքում իրականացվել է մարտի 30-ի ՏԻՄ ընտրություններին տեղամասային ընտրական հանձնաժողովներում հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնների բաշխումը՝ Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցության, կուսակցությունների դաշինքների միջև։ Բաշխումն իրականացվել է «Ընտրություններ» ավտոմատացված համակարգի միջոցով։ Նախագահի և քարտուղարի տեղերի բաշխումն իրականացվել է հետևյալ կերպ. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն`65-ական անդամ նախագահ […] ...
18:09 06.03.2025
Նոր հատկացումներ՝ կրթական, մարզական և մշակութային մի շարք կառույցների շինարարական աշխատանքների ապահովման համարՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշում է ընդունել 2025թ.-ի պետական բյուջեով ԿԳՄՍ նախարարությանը կապիտալ ծրագրերի իրականացման համար հատկացված միջոցներից կատարել վերաբաշխում շուրջ 4,9 մլրդ դրամի չափով՝ մի շարք կրթական և մարզական օբյեկտների շինարարական աշխատանքների ապահովման համար: Գումարը հատկացվել է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրակմամբ իրականացվող մի շարք կրթական և մարզական օբյեկտների շինարարությունը պատշաճ իրականացնելու և այս […] ...
17:54 06.03.2025
Բաքվում կայացել է հայ գերիների շինծու դատավարության հերթական նիստըԲաքվում շարունակվում է Լեռնային Ղարաբաղի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների և անազատության մեջ պահվող մյուս հայերի դեմ հարուցված շինծու դատական գործընթացը։ Մարտի 6-ին ընթացող հերթական դատական նիստի ընթացքում դատարանում առաջին անգամ ցուցմունք է տվել ԼՂ-ի պաշտպանության բանակի նախկին փոխնախարար, գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանը։ Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Ադրբեջանական APA գործակալության տարածած հաղորդագրության համաձայն՝ Դավիթ […] ...
17:47 06.03.2025
«ԱԲ սերունդ» դպրոցական ծրագրում ընդգրկված դպրոցների թիվը կընդլայնվիԱրհեստական բանականության ոլորտի ապագա գիտնականի կրթական ուղին հարթելու նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) համագործակցությամբ 2023/24 ուսումնական տարվանից իրականացվում է «ԱԲ սերունդ» դպրոցական ծրագիրը, որի աշխարհագրությունը նախատեսվում է ընդլայնել: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր հանդիպել է FAST հիմնադրամի և ՀՀ շուրջ 40 դպրոցի ներկայացուցիչներին, այդ […] ...