Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաղորդակցության ուղիների մասին. Նիկոլ Փաշինյանի հոդվածը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 03 2025
  • $
    393.69
  • RUBLE
    4.40
  • 411.09
WEATHER
+1.22 oC

Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաղորդակցության ուղիների մասին. Նիկոլ Փաշինյանի հոդվածը

09:13 04.03.2025

Տարածաշրջանային բոլոր տնտեսական և տրանսպորտային կոմունիկացիաների բացումը, ներառյալ նաև Արևմտյան Ադրբեջանից Հայաստանի Հանրապետության տարածքով դեպի Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն և հակառակ ուղղությամբ, Հայաստանի Հանրապետության Մեղրիից-Երասխ Ադրբեջանի (Նախիջևանի Ինքնավար Հանրապետության) տարածքով և հակառակ ուղղությամբ, ամբողջությամբ նախապատրաստված է։ Այս մասին ասվում է Փաշինյանի՝ «Արմենպրես»-ում հրապարակված հոդվածում։

«Ադրբեջանի կողմից ամենահաճախ շահարկվողը կամ էսկալացվողը տարածաշրջանային կոմունիկացիաների հարցն է: Ադրբեջանն ասում է, թե Հայաստանը չի կատարում իր պարտավորությունները, հղում անելով այն ակնհայտ փաստի վրա, որ հաղորդակցության ուղիները Հայաստանի և Ադրբեջանի միջև փակ են:

Նախ հարկավոր է ընդգծել, որ Հայաստանը ոչ մի միակողմանի պարտավորություն չունի: Երկու կողմերն են պարտավորվել միմյանց համար բացել բոլոր տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունները: Այսօր Ադրբեջանի ոչ մի տրանսպորտային կամ տնտեսական կոմունիկացիա բաց չէ Հայաստանի կամ Հայաստանով անցնողների համար, ո՛չ ճանապարհ, ո՛չ երկաթուղի, ո՛չ խողովակաշար, ո՛չ էլեկտրահաղորդակցության գիծ, ո՛չ մալուխ:

Հայաստանի բոլոր ճանապարհները բաց են Ադրբեջանի համար: Դեռ 2022 թվականին Կառավարությունը շրջանառության մեջ է դրել Հայաստան-Ադրբեջան սահմանին սահմանային երեք կետ բացելու մասին որոշման նախագիծը, որն Ադրբեջանի բեռնատար և մարդատար ավտոմեքենաներին ՀՀ տարածք մուտք գործելու և ասենք՝ դեպի Նախիջևան և Թուրքիա երթևեկելու հնարավորություն տալու մասին է:

Այդ որոշումները չեն ընդունվել միայն Ադրբեջանի մերժողական դիրքորոշման պատճառով և ՀՀ Կառավարության կողմից կարող են ընդունվել մեկ-երկու շաբաթվա ընթացքում: Իհարկե, դեպի Նախիջևան մուտքի ենթակառուցվածքներ չկան և պետք է կառուցվեն, բայց դա նույնպես կարելի է բավական արագ անել:

Բայց հենց հիմա, զուտ ֆիզիկական ենթակառուցվածքի պատրաստության առումով, օրինակ, բեռնատարները կարող են Լաչին-Կոռնիձոր հատվածով Կոռնիձոր անցակետով մուտք գործել Հայաստանի Հանրապետության տարածք, մեր ճանապարհներով երթևեկել մինչև Հայաստան-Թուրքիա սահման և Մարգարա անցակետով մուտք գործել Թուրքիա: Նույնը և հակառակ ուղղությամբ: Նման տարանցիկ բեռնափոխադրման համար անհրաժեշտ ֆիզիկական ենթակառուցվածքը հիմա էլ պատրաստ է, մնում է դե յուրե որոշում կայացնել: Մենք պատրաստ ենք նման որոշում կայացնել, եթե Ադրբեջանի և Թուրքիայի կողմից կա հետաքրքրվածություն:

Մենք կապահովենք բեռնափոխադրումների անվտանգությունը, բայց եթե ադրբեջանցի վարորդների և բեռնատարների համար կա հոգեբանական բարդություն, այդ բեռնափոխադրումը կարող են կազմակերպել թուրքական բեռնատարները, որոնք մշտապես երթևեկել են և այսօր էլ ակտիվ երթևեկում են Հայաստանի ճանապարհներով: Դա կարող են անել նաև այլ երկրների բեռնատարներ:

Բայց եւս մեկ անգամ ուզում եմ պաշտոնապես արձանագրել, որ Հայաստանը երբեք, գրավոր կամ բանավոր որևէ պարտավորություն չի ստանձնել, չի համաձայնվել, նույնիսկ չի ակնարկել, որ սեփական տարածքում անվտանգության ապահովումը, այդ թվում՝ միջազգային կամ ադրբեջանական ուղևորափոխադրումների կամ բեռնափոխադրումների, պետք է կամ կարող է արտապատվիրակել այլ երկրի: Նման բան չի եղել, չկա պարզապես: Ընդհակառակը, Հայաստանը պարտավորվել է երաշխավորել անցման անվտանգությունը, ինչը և պատրաստ ենք անել:

Հայաստանը երբեք, գրավոր կամ բանավոր որևէ պարտավորություն չի ստանձնել, չի համաձայնվել, նույնիսկ չի ակնարկել, որ կարող է համաձայնվել իր ինքնիշխանության, իրավազորության կամ տարածքային ամբողջականության որևէ սահմանափակման, ներառյալ Արևմտյան Ադրբեջանից ՀՀ տարածքով Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն հաղորդակցության հարցում:

Արևմտյան Ադրբեջանից Հայաստանի Հանրապետության տարածքով Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն հաղորդակցությունը տարածաշրջանի հաղորդուղիների թեմայի մեջ ենթաթեմա է, և այստեղ էլ Հայաստանը երբեք խոչընդոտ չի հարուցել:

Ավելին, այս հարցում էլ մաքսիմալ կրեատիվ ու ճկուն ենք եղել և շարունակում ենք լինել: 2022 թվականին, հասցեագրելով Ադրբեջանի մտահոգությունները, առաջարկել ենք փոխադարձության սկզբունքով միջազգային մասնագիտացված կազմակերպության արտապատվիրակել սահմանի անցման ժամանակ քաղաքացիների անձնագրային և բեռների մաքսային և այլ հսկողության front գործառույթը: Ադրբեջանը չի համաձայնել:

Հիմա էլ, հաշվի առնելով Ադրբեջանի պնդումը, թե երկարատև հակամարտության պատճառով Ադրբեջանի քաղաքացիները կխուսափեն ՀՀ սահմանային և մաքսային հսկողությունն անցնել, առաջարկել ենք այս փուլում Զանգելան-Մեղրի-Օրդուբադ և հակառակ ուղղությամբ, Երասխ-Օրդուբադ-Մեղրի և հակառակ ուղղությամբ հաղորդակցության բացումը սկսել երկաթուղային բեռնափոխադրումներից: Ընդ որում, գրավոր առաջարկել ենք տարբերակ, որ չի նսեմացնում կողմերից ոչ մեկի ինքնիշխանությունը, իրավազորությունը և տարածքային ամբողջականությունը: Եթե Բաքվի մտահոգությունը Նախիջևանի հետ և հակառակ ուղղությամբ հուսալի բեռնափոխադրումներ ապահովելն է, այդ հարցը լուծված է: Մնում է Ադրբեջանը ասի՝ այո: Որոշ ժամանակ էլ կտևի ՀՀ տարածքում Նռնաձոր-Կարճևան երկաթուղու կառուցումը: Երասխ-Նախիջևանի հետ սահման հատվածում նույնպես երկաթուղու մի կարճ կտոր պետք է կառուցվի, բայց սա Հայաստան-Հայաստան և Ադրբեջան-Թուրքիա երկաթուղային կապի համար է անհրաժեշտ, և այս աշխատանքն էլ կարելի է արագ անել:

Նույն սկզբունքով պատրաստ ենք Ադրբեջանից դեպի Նախիջևան խողովակաշարերի, էլեկտրահաղորդման գծերի, մալուխների տարանցում տրամադրել: Անհասկանալի է, թե ինչու են այս առաջարկները մերժվում Ադրբեջանի կողմից: Հույս ունեմ՝ ոչ էսկալացիայի կեղծ առիթ կառուցելու համար:

Ադրբեջանը նաև հայտարարում է, որ եթե Հայաստանը դեպի Նախիջևան ճանապարհ չտրամադրի, իրենք Արևմտյան Ադրբեջան-Նախիջևան կապը կապահովեն Իրանի Իսլամական Հանրապետության տարածքով: Քավ լիցի, մենք դեմ չենք, դա ԻԻՀ և Ադրբեջանի հարաբերությունների և իրենց որոշման հարցն է:

Բայց նաև հստակ լինելու համար արձանագրում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է այն նույն իրավական պայմաններով Արևմտյան Ադրբեջանից դեպի Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն անցում տրամադրել, ինչ պայմաններով Իրանն է առաջարկում:

Ադրբեջանը սրան ի պատասխան ասում է, թե անցումը անխոչընդոտ պետք է լինի: Այսինքն, Իրանով անցումը խոչընդոտվա՞ծ է, չէ՞ որ մենք ասում ենք նույն իրավական պայմաններով պատրաստ ենք տրամադրել նույն անցումը:

Փոխադարձության սկզբունքով պատրաստ ենք անցման ընթացակարգերի որոշ պարզեցումներ և ինքնաշխատ մեխանիզմների ներդրում իրականացնել: Ինչու՞ է ուրեմն Ադրբեջանը մերժում մեր այս կառուցողական առաջարկները:

Իմ համոզմունքը հստակ է. տարածաշրջանային բոլոր տնտեսական և տրանսպորտային կոմունիկացիաների բացումը, ներառյալ նաև Արևմտյան Ադրբեջանից Հայաստանի Հանրապետության տարածքով դեպի Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն և հակառակ ուղղությամբ, Հայաստանի Հանրապետության Մեղրիից-Երասխ Ադրբեջանի (Նախիջևանի Ինքնավար Հանրապետության) տարածքով և հակառակ ուղղությամբ, ամբողջությամբ նախապատրաստված է և դրա իրագործման համար անհրաժեշտ է միայն Ադրբեջանի համաձայնությունը»,- ասված է վարչապետի հոդվածում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Բուքմեյքերական 4 ընկերությունները նախորդ տարի բանկերի միջոցով 900 մլրդ դրամի մուտք են ունեցել

12:08 04.03.2025

Բուքմեյքերական 4 ընկերությունները նախորդ տարի բանկերի միջոցով 900 մլրդ դրամի մուտք են ունեցել

Հայաստանում գործող բուքմեյքերական 4 ընկերությունները 2024 թվականին բանկերի միջոցով մոտ 900 մլրդ դրամի մուտք են ունեցել, որի 30-35 տոկոսն իրենց զուտ շահույթն է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն ԱԺ նիստում իր ներկայացրած օրենքի նախագծի քննարկմանը, որով առաջարկում է բարձրացնել շահումով խաղերի ոլորտի ընկերությունների հարկային բեռը: «Մեր ընկերությունները 2024 […] ...

ՀՀ ՄԻՊ-ը ողջունում է Վոլկեր Տյուրկի հայտարարությունը՝ Ադրբեջանում կամայականորեն պահվող բոլոր անձանց վերաբերյալ

12:02 04.03.2025

ՀՀ ՄԻՊ-ը ողջունում է Վոլկեր Տյուրկի հայտարարությունը՝ Ադրբեջանում կամայականորեն պահվող բոլոր անձանց վերաբերյալ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը ողջունում է ՄԱԿ-ի մարդու իրավունքների բարձր հանձնակատար Վոլկեր Տյուրկի հայտարարությունը՝ Ադրբեջանում կամայականորեն պահվող բոլոր անձանց, ներառյալ էթնիկ հայերին անհապաղ ազատ արձակելու պահանջի վերաբերյալ: Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ ոլորտում մանդատ ունեցող բոլոր դերակատարները, այդ թվում՝ միջազգային, պետք է շուտափույթ և պատշաճ քայլեր ձեռնարկեն խնդրի լուծման ուղղությամբ։ Պաշտպանն իր մանդատի […] ...

SHANTNEWS

12:00 04.03.2025

SHANTNEWS

Վրաերթի ենթարկված 43-ամյա տղամարդը մահացել է

11:55 04.03.2025

Վրաերթի ենթարկված 43-ամյա տղամարդը մահացել է

Մարտի 3-ին, ժամը 15-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 65-րդ կմ-ին «Մազդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 43-ամյա Ռուստամ Պ.-ին, որը տեղում մահացել է։ Կատարվում է նախաքննություն: ...

Կայացել է Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը

11:47 04.03.2025

Կայացել է Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի, Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոմոբիլային ճանապարհի վերականգնման և բարելավման, Քաղաքային Կայուն Զարգացման Ներդրումային և Հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագրերի կառավարման խորհրդի հերթական նիստը։ Նիստի ընթացքում ներկայացվել է Պուշկինի և Դիլիջանի թունելների հիմնանորոգման նախագծային աշխատանքների ընթացքը։ Քննարկվել են Պուշկինի թունելի հիմնանորոգման նախագծային լուծումները, ինչպես նաև Դիլիջանի թունելի […] ...

Փորձագետների հավաքագրում՝ ոչ ֆորմալ կրթական ծրագրերի մասնագիտական փորձաքննության իրականացման նպատակով

11:43 04.03.2025

Փորձագետների հավաքագրում՝ ոչ ֆորմալ կրթական ծրագրերի մասնագիտական փորձաքննության իրականացման նպատակով

Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնը հայտարարում է ոլորտային փորձագետների հավաքագրում: Ընտրված փորձագետները կներգրավվեն ոչ ֆորմալ (լրացուցիչ) կրթական ծրագրերի (կարճաժամկետ, միկրոորակավորումների) փորձաքննություն իրականացնելու նպատակով ձևավորվող մասնագիտական խմբերում: Փորձագետի հավակնորդին ներկայացվող պահանջներ՝ բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն, տվյալ ոլորտում մասնագիտական աշխատանքային փորձառություն (նվազագույնը 3 տարվա), տվյալ ոլորտի վերաբերյալ բովանդակային փաստաթղթերի (կարճաժամկետ ծրագրեր, չափորոշիչներ, մոդուլային ծրագրեր, որակավորումների […] ...

BACK_TO_TOP