Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ քննարկվել են տնտեսության զարգացման հեռանկարները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 01 2025
  • $
    396.84
  • RUBLE
    3.89
  • 408.82
WEATHER
-0.91 oC

Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ քննարկվել են տնտեսության զարգացման հեռանկարները

10:02 12.01.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ Իջևանում տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարներին:

Խորհրդակցությանը մասնակցել են գործադիր, օրենսդիր անդամներն ու ինքնավար մարմինների ղեկավարները:

Խորհրդակցության սկզբում վարչապետը նշել է, որ այսօր քննարկելու են Հայաստանի տնտեսական զարգացման հետ առնչվող ռազմավարական բնույթի հարցեր, որոնք վերաբերում են տնտեսության զարգացման ուղղությունների առաջնահերթություններին, և իհարկե, բարեփոխումների այն օրակարգին, որոնք պիտի առավելագույնս նպաստեն մեր երկրի հետագա տնտեսական զարգացմանը: «Առիթ ունեցել եմ ասելու, որ մենք, խոսելով Հայաստանի Հանրապետության պետական շահի մասին, պետք է առանցքում ունենանք Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման շահը, որովհետև իմ ընկալմամբ, ես այդ թեմայով շատ մտածել եմ, կոնկրետացնելու համար, թե որն է պետական շահը: Եվ հենց տնտեսական զարգացումն է իմ կարծիքով, որովհետև ավելի կոնկրետ և ավելի դիպուկ համապատասխանություն չեմ գտնում և չեմ կարծում, թե գոյություն ունի:

Սա էլ, իմիջիայլոց, նաև արտաքին քաղաքականության և աշխարհաքաղաքականության մեր ընկալման համար շատ կարևոր է»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: Երկրի ղեկավարի խոսքով` պետք է արձանագրել, որ ամբողջ համաշխարհային քաղաքականությունը, աշխարհաքաղաքականությունը կառուցվում է տնտեսության, տնտեսական զարգացման շահերի, մատակարարման շղթաների տրամաբանության ներքո:

«Երբ ավելի ու ավելի փորձում ես խորը հասկանալ աշխարհաքաղաքականությունը, հասկանում ես, որ դրա հիմքում ընկած է տնտեսությունը, իսկ տնտեսության հիմքում ընկած է յուրաքանչյուր քաղաքացու բարեկեցության անհրաժեշտությունը, որովհետև պետությունները կայանում են իրենց քաղաքացիների բարեկեցությունով: Բացարձակապես ամեն ինչ, ինչ անում են պետությունները` ծառայում են իրենց քաղաքացիների բարեկեցության համար: Հակառակ դեպքում պետությունն իմաստ չունի: Եվ բարեկեցության անհրաժեշտության վրա է կառուցվում մնացած բոլոր քաղաքականությունները:

Երբ ասում ենք անվտանգություն, այդ առումով էլ չենք շատ խորանում, թե ինչի՞ անվտանգությունը. բարեկեցության անվտանգությունը, որովհետև բոլոր այն կոմպոնենտները, որոնք անհրաժեշտ են բարեկեցության համար` անվտանգությունը բխում է այդ կոմպոնենտների անվտանգությունից: Ուրիշ ոչ մի բան չի նշանակում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը կարևորել է այդ ընկալումները, որովհետև պետք է այդ պրոցեսները գենետիկ մակարդակից հասկանալ, որպեսզի կարողանանք հընթացս ճիշտ կարգավորել մեր գործողությունները: «Պիտի արձանագրեմ, որ վերջին ամիսներին մեր տնտեսական թիմը Հանրապետության նախագահի գլխավորությամբ այս թեմայի շուրջ բավականին ծավալուն աշխատանք է իրականացրել, և այսօր այդ աշխատանքի արդյունքների կամ հետևությունների քննարկում կլինի»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են գլոբալ արժեշղթաներում ներգրավվածությանը, արտաքին առևտրի դիվերսիֆիկացմանը, արտահանման կենտրոնացվածությանը ըստ ապրանքների, բիզնեսի աջակցության գործիքների, կապիտալի շուկայի զարգացմանը, ներդրումների մակարդակի ավելացմանը, կապիտալ ծախսերին, ենթակառուցվածքների զարգացմանը, արտադրողական աճի ապահովմանը վերաբերող հարցեր:

Անդրադարձ է կատարվել տնտեսական կայուն աճի ապահովմանը, ներառական տնտեսական աճի ապահովմանը, պետական ծառայությունների թվայնացմանը, տարբեր ոլորտների զարգացմանը վերաբերող թեմաների:

Վերոնշյալ հարցերի շուրջ ծավալվել է մտքերի փոխանակություն, խորհրդակցության մասնակիցները կիսվել են իրենց կարծիքներով, դիտարկումներով և առաջարկություններով: Կառավարության բոլոր անդամները վարչապետի հանձնարարությամբ նախանշել են ընթացիկ տարվա համար իրենց գործողությունների առաջնահերթությունները, որոնք բխում են Կառավարության հնգամյա ծրագրից:

Ամփոփելով` վարչապետ Փաշինյանը նկատել է, որ ներկաների մի քանի ելույթներում բարձրացվել է գաղափարախոսական հարցը և նշել, որ տնտեսության մասին քննարկումներ անելիս՝ գաղափարախոսական հարցը հաճախ բաց է թողնվում: Ընդ որում, դա տեղի է ունենում և՛ օբյեկտիվ, և՛ սուբյեկտիվ պատճառներով: «Կոմունիստական գաղափարախոսությունն ունի տնտեսական իր մոդելը, սկանդինավյան սոցիալիզմի տեսությունն ունի իր մոդելը, կա ամերիկյան մոդելը, և կարծում եմ, որ մենք էլ մեր մոդելը պետք է ունենանք, որը հիմնված լինի քաղաքական գաղափարախոսության վրա:

Եվ ես նորից ուզում եմ վերադառնալ Իրական Հայաստանի գաղափարախոսությանն ու հայեցակարգին: Առիթ ունեցել ենք քննարկելու, և ես այդ հարցն էի բարձրացնում հիմնականում ԿԳՄՍ-ի հետ քննարկումներում, թե Իրական Հայաստանի մշակութային գաղափարախոսությունը որն է: Բայց այս հարցը մենք պետք է տանք բոլոր ոլորտներին: Իրական Հայաստանի տնտեսական քաղաքականությունը որն է, սոցիալական քաղաքականությունը որն է, արտաքին քաղաքականությունը որն է: Անապահովության գնահատման համակարգը, որն ընդունեցինք նախորդ օրը, ես համարում եմ Իրական Հայաստանի գաղափարախոսության անապահովության գնահատման քաղաքականությունը, այն արտաքին քաղաքականությունը, որ վարում ենք` Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է, ԿԳՄՍ ոլորտում արդեն երևում է, թե մենք ինչ պետք է անենք, պաշտպանության ոլորտում երևում է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը: Պետք է բոլոր ոլորտներով անցնենք և մեր բոլոր քաղաքականություններում այս հարցը պետք է տանք»,- ասել է Նիկոլ Փաշինյանը` ավելացնելով, որ այդ ընթացքում պետք է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը մշակվի և ձևակերպվի որպես ավելի համակարգված քաղաքական գաղափարախոսություն:

«Հաջորդ հարցը, որի մասին կուզենայի խոսել` շոշափվեց ելույթներում: Ես որքան ոչ պրոֆեսիոնալ աչքով և հայացքով նայել եմ` տնտեսության համար մեծ և էական նշանակություն ունեն խոսույթները, և երբեմն ժամանակակից տնտեսությունը համարվում է խոսույթային: Խոսույթային տնտեսության լծակ է, երբ հակախոսույթով հարվածում են քո տնտեսությանը, հետևաբար որպես Կառավարություն, այստեղ էլ պետք է մենք զարգացման խոսույթ ձևավորենք: Մենք որպես քաղաքական մարմին պետք է սրա մասին մտածենք, որովհետև թվերի, գրաֆիկների մի մասը կապված է նրանից, թե մենք ինչ տրամադրություն ենք ստեղծում երկրում»,- շեշտել է երկրի ղեկավարը:

Անդրադառնալով գերատեսչությունների առաջնահերթություններին` Նիկոլ Փաշինյանը նշել է. «Նախ բոլորի համար թվայնացումը պետք է լինի երեք հիմնական անելիքներից մեկը: Հետևաբար, ինձ համար առաջնահերթ լոկոմոտիվային ծրագիր ես համարում եմ խաղաղության գործընթացը, ես էլ եմ ինձ համար առաջնահերթ համարում թվայնացումը և երրորդը՝ կոռուպցիայի դեմ պայքարը»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ֆրանսիան պահանջում է 2025 թվականին ավելացնել ռազմական ծախսերը

15:50 12.01.2025

Ֆրանսիան պահանջում է 2025 թվականին ավելացնել ռազմական ծախսերը

Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լեկորնուն հայտարարել է, որ անհրաժեշտ է շարունակել ռազմական ծախսերի ավելացումը 2025 թվականին, հակառակ դեպքում՝ երկրի անվտանգությունը կարող է վտանգի տակ լինել։ Նա հիշեցրել է, որ 2017 թվականին Ֆրանսիայի ռազմական բյուջեն կազմել է 32 միլիարդ եվրո, համաձայն ընդունված ռազմական ֆինանսավորման ծրագրի, այն տարեկան ավելացել է մոտ 3 միլիարդ եվրոյով։ «Եթե 2025 […] ...

Նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Դատական իշխանության օրվան նվիրված միջոցառմանը

15:28 12.01.2025

Նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Դատական իշխանության օրվան նվիրված միջոցառմանը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Դատական իշխանության օրվան նվիրված հանդիսավոր արարողությանը: Միջոցառման ընթացքում նախագահը հանդես է եկել ելույթով: «Այսօր պատիվ ունեմ ձեզ ողջունելու Դատական իշխանության օրվան նվիրված հանդիսավոր միջոցառմանը: Խոսքս ցանկանում եմ սկսել երկու հղումով, որոնցով մեկնարկում է ձեզանից յուրաքանչյուրի պարտականությունների կատարումը: Խոսքը վերաբերում է դատավորների և Բարձրագույն դատական խորհրդի անդամների երդման տեքստերին: «Ստանձնելով […] ...

Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Հայաստանի դատական իշխանությանը նվիրված միջոցառմանը

15:25 12.01.2025

Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Հայաստանի դատական իշխանությանը նվիրված միջոցառմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Հայաստանի դատական իշխանությանը նվիրված միջոցառմանը: Վերջինիս մասնակցել են նաև Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանը, օրենսդիր, գործադիր և դատաիրավական ոլորտի ներկայացուցիչներ: Ողջունելով ներկաներին՝ վարչապետն արձանագրել է, որ մեր երկրում կան բազմաթիվ դիլեմաներ և հասկանալի է, որ այդ դիլեմաների մի որոշակի […] ...

Շոլցը ողջունել է Պուտինի հետ հանդիպման Թրամփի ծրագրերը

15:20 12.01.2025

Շոլցը ողջունել է Պուտինի հետ հանդիպման Թրամփի ծրագրերը

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը ողջունել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման պլանները։ «Այն, որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահները ցանկանում են հանդիպել, վատ նորություն չէ»,- ասել է Գերմանիայի կառավարության ղեկավարը ARD հեռուստաալիքին։ Շոլցը կրկին հայտարարել է, որ մտադիր է շարունակել զանգահարել Պուտինին։ Նրա խոսքով՝ պետք է «ելք գտնել այս պատերազմից»։ […] ...

Շրջապտույտ, որ կայսրությունները սերմանել են մեզանում, որ չունենանք պետություն, խաղաղություն, բարեկեցություն. Փաշինյան

15:05 12.01.2025

Շրջապտույտ, որ կայսրությունները սերմանել են մեզանում, որ չունենանք պետություն, խաղաղություն, բարեկեցություն. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Շրջապտույտ, որ կայսրությունները սերմանել են մեզանում, որ չունենանք պետություն, չունենանք խաղաղություն, չունենանք բարեկեցություն. ա) Հասնինք Սասուն, մտնինքն Վան, Մուշ, Ալաշկերտ, Արդահան … բ) Իմ որդուն բանակ մի տարեք, որովհետև … գ) Իմ ամուսնուն բանակ մի տարեք, որովհետև … դ) Ինձ բանակ մի տարեք, որովհետև … ե) […] ...

Հնդկաստանի արտգործնախարարը կմասնակցի Թրամփի երդմնակալության արարողությանը

15:00 12.01.2025

Հնդկաստանի արտգործնախարարը կմասնակցի Թրամփի երդմնակալության արարողությանը

Հունվարի 20-ին նախատեսված ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությանը Հնդկաստանը կներկայացնի արտաքին գործերի նախարար Սուբրահմանյամ Ջայշանքարը։ Այս մասին հայտնել է Հնդկաստանի ԱԳՆ-ն մամուլի հաղորդագրության մեջ։ Թրամփի երդմնակալության կապակցությամբ ԱՄՆ կատարած այցի ընթացքում Ջայշանքարը հանդիպումներ կունենա նաև ԱՄՆ նոր վարչակազմի ներկայացուցիչների, ինչպես նաև որոշ այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ, ովքեր այդ կապակցությամբ կայցելեն Վաշինգտոն, նշել են […] ...

BACK_TO_TOP