Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. վարչապետ Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 12 2024
  • $
    394.91
  • RUBLE
    3.83
  • 410.98
WEATHER
0.09 oC

Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. վարչապետ Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին

19:12 19.12.2024

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է «Արմենպրես»-ի հարցերին:

Ստորև ներկայացնում ենք հարցազրույցը.

-Պարոն վարչապետ, Ադրբեջանի նախագահը ռուսական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում հաստատել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի 17 հոդվածներից 15-ը համաձայնեցված են, և չհամաձայնեցված հարցերից մեկը վերաբերում է Հայաստան-Ադրբեջան սահմանին երրորդ երկրների ուժերի չտեղակայմանը, մյուսը՝ միջազգային ատյաններում միմյանց դեմ ներկայացված հայցերի ետքաշմանը: Ինչպիսի՞ն է Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը այս հարցում:

-Մենք շարունակում ենք կառուցողական ներգրավված մնալ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի քննարկումներում: Խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված երկու հոդվածների վերաբերյալ էլ արդեն մեկ ամսից ավելի առաջարկներ ենք փոխանցել Ադրբեջանին, որոնց վերաբերյալ դեռևս պատասխաններ չենք ստացել: Մենք առաջարկում ենք, որ երրորդ երկրների ուժերի չտեղակայման դրույթը տարածվի Հայաստան-Ադրբեջան սահմանի սահմանազատված հատվածների վրա, և սա տրամաբանական է, որովհետև այդ հատվածներում հենց սահմանազատման բերումով էսկալացիայի ռիսկն էականորեն նվազեցվում է, եթե չասենք նվազագույնի է հասնում: Ամբողջական սահմանազատումից հետո, հետևաբար, Հայաստան-Ադրբեջան սահմանի որևէ հատվածում երրորդ ուժի ներկայության կարիք չի լինի, և Հայաստանի Հանրապետությունն առաջարկում է այս տրամաբանությունը: Ինչ վերաբերում է միմյանց դեմ ներկայացված հայցերի ետքաշմանը, երբ խաղաղության պայմանագիր է ստորագրվում, դա տրամաբանական է, հետևաբար՝ գաղափարն ընդունելի է մեզ համար: Այստեղ կա երկու նրբություն. դրանցից մեկն այն է, որ միջազգային ատյաններում քննարկվող անհատական հումանիտար խնդիրները երկկողմ ձևաչափով լուծելու հասկանալի հեռանկար պետք է լինի և երկրորդը, պետք է հստակ լինի, որ մյուս հարցերով միջազգային հարթակներից վեճերը ետ քաշելուց հետո կողմերը նույն հարցերը այլևս չպետք է դնեն և սրեն երկկողմ հարաբերությունների օրակարգում՝ դրանք էսկալացիաների հարատև աղբյուր դարձնելով:

-Ի՞նչ նկատի ունեք:

-Նկատի ունեմ, որ ոչ միայն միջազգային դատական ատյաններում վեճերը լուծելուց պետք է հրաժարվել, այլև բուն վեճերից: Մենք պատրաստ ենք գնալ նման ճանապարհով: Այս փուլում լուծումներ ենք փնտրում նաև անհատական բնույթի հումանիտար խնդիրների մասով:

-Նույն հարցազրույցում Ադրբեջանի նախագահը կրկին առաջ է քաշել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխության հարցը, կրկին պնդելով թե մեր Սահմանադրությունը տարածքային պահանջներ է պարունակում ընդդեմ Ադրբեջանի:

-Մի քանի անգամ այդ թեմային անդրադառնալու առիթներ ունեցել եմ և կրկին հարկ եմ համարում ընդգծել, որ եթե դա Ադրբեջանի կողմից արտահայտվող անկեղծ մտահոգություն է, այդ մտահոգությունը փարատված համարելու բոլոր հիմքերը կան: Ինչո՞ւ, որովհետև պնդումները, թե Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը պարունակում է տարածքային պահանջներ Ադրբեջանի նկատմամբ հիմնվում է այն փաստարկի վրա, թե մեր Սահմանադրության նախաբանում կա ընդհանրական հղում Անկախության հռչակագրին, որտեղ իր հերթին հիշատակվում է Լեռնային Ղարաբաղի մասին: Հայաստանի Սահմանադրական դատարանը 2024թ. սեպտեմբերի 26-ին կայացրած որոշման մեջ արձանագրել է, որ Սահմանադրության նախաբանում Անկախության հռչակագրին հղումը վերաբերում է հռչակագրի բացառապես այն դրույթներին, որոնք իրենց բառացի ամրագրումն են ստացել Սահմանադրության հոդվածներում։ ՀՀ Սահմանադրության որևէ հոդվածում Լեռնային Ղարաբաղի մասին ոչ ուղղակի, ոչ անուղղակի հիշատակում չկա: Եթե Սահմանադրության բովանդակությունն ընդունենք այնպես, ինչպես Ադրբեջանն է մեկնաբանում, այդ դեպքում հարց է ծագում, ինչո՞ւ 1995 թվականի սահմանադրական հանրաքվեին Ղարաբաղը չի մասնակցել, ինչո՞ւ այնտեղ ընտրական տեղամասեր չեն բացվել և մարդիկ չեն քվեարկել Սահմանադրության հարցով: Նույնը կարելի է ասել դրանից հետո տեղի ունեցած ՀՀ նախագահական և խորհրդարանական ընտրությունների մասին: Բացի այդ, եթե ՀՀ Սահմանադրության ադրբեջանական մեկնաբանությունը ճիշտ լիներ, ղարաբաղցի մեր քույրերին և եղբայրներին Հայաստանի Հանրապետության կողմից փախստական ճանաչելն անհնար կլիներ:

-Դուք ասել էիք, որ Հայաստանն էլ մտահոգություն ունի, որ Ադրբեջանի Սահմանադրությունը տարածքային պահանջներ է պարունակում Հայաստանից:

-Այո, և այդ մտահոգությունը հիմնվում է այն փաստի վրա, որ Ադրբեջանի Սահմանադրության նախաբանը հղում է պարունակում 1991թ. հոկտեմբերի 18-ին Ադրբեջանի խորհրդարանի կողմից ընդունված Սահմանադրական ակտին: Սահմանադրական ակտն իր հերթին հղում է անում 1918թ. մայիսի 28-ին ընդունված Ադրբեջանի առաջին Հանրապետության Անկախության հռչակագրին, որն արձանագրում է, որ Ադրբեջանի առաջին Հանրապետությունը ներառում է Արևելյան և Հարավային Անդրկովկասը: 1919թ. նոյեմբերին Ադրբեջանի Հանրապետությունը Անտանտին է ներկայացրել իր վարչատարածքային քարտեզը, համաձայն որի՝ Ադրբեջանի կազմում ընդգրկված են Հայաստանի Հանրապետության Սյունիքի, Վայոց ձորի մարզերն ամբողջությամբ, ինչպես նաև Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Տավուշի, Լոռիի, Շիրակի մարզերի տարածքները մասամբ, ՀՀ տարածքի շուրջ 60 տոկոսը: Այսպիսով, Ադրբեջանի Սահմանադրությունը պարունակում է տարածքային պահանջներ ընդդեմ Հայաստանի Հանրապետության: Բայց մենք Ադրբեջանի Սահմանադրությունը փոխելու հարց չենք բարձրացնում երկու պատճառով. նախ՝ նման պահանջը փակուղի կմտցնի Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը և երկրորդը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության պայմանագրի համաձայնեցված մասում կա հոդված, որն արձանագրում է՝ կողմերը չեն կարող հղում անել իրենց ներքին օրենսդրությանը՝ արդարացնելու սույն պայմանագրի իրագործման ձախողումը: Խաղաղության պայմանագրի համաձայնեցված մասի մեկ այլ հոդվածում ասվում է, որ կողմերը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, միմյանց նկատմամբ չունեն տարածքային պահանջներ և պարտավորվում են ապագայում եւս նման պահանջներ առաջ չքաշել:

-Նկատի ունեք, որ Սահմանադրության հետ կապված մտահոգությունների պատճառով պետք է ոչ թե չստորագրել խաղաղության պայմանագիրը, այլ պայմանագրի ստորագրումը կփարատի՞ նաև այդ մտահոգությունները:

-Միանշանակ: Եվ եթե հարցին մոտենանք Հայաստանի Հանրապետության օրենսդրության տեսակետից, մեր օրենքներով խաղաղության պայմանագիրը ստորագրվելուց հետո պետք է վավերացվի Ազգային ժողովում: Դրանից առաջ Կառավարությունը պարտավոր է պայմանագիրն ուղարկել Սահմանադրական դատարան՝ դրա համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը ստուգելու համար: Եթե Սահմանադրական դատարանը որոշի, որ խաղաղության պայմանագրի տեքստը չի համապատասխանում Սահմանադրությանը (թեև 2024թ. սեպտեմբերի 26-ի որոշումից հետո նման զարգացումը քիչ հավանական է), կստացվի, որ Ադրբեջանի փաստարկներն այս հարցում ճիշտ էին, և Հայաստանը ստիպված կլինի ընտրություն կատարել Խաղաղության պայմանագրի և Սահմանադրության որոշ դրույթների միջև: Բայց եթե Սահմանադրական դատարանը որոշի, որ Խաղաղության պայմանագրի տեքստը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը, այն կանցնի վավերացման գործընթաց երկրի Խորհրդարանում: Իսկ ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն, ՀՀ վավերացված միջազգային պայմանագրերի և օրենքների նորմերի միջև հակասության դեպքում կիրառվում են միջազգային պայմանագրի նորմերը: Այսպիսով, Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության պայմանագիրը Խորհրդարանում վավերացվելուց հետո կստանա գերակա իրավաբանական ուժ ՀՀ օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի նկատմամբ և տարածքային պահանջների թեման վերջնականորեն կփակվի: Նույնը տեղի կունենա նաև Ադրբեջանում: Այսինքն, խաղաղության պայմանագրի ստորագրումն է, որ գործնականում կփարատի ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Ադրբեջանի մտահոգությունները, այդ թվում՝ սահմանադրությունների հետ կապված:

-Իսկ ինչպիսի՞ն է Հայաստանի դիրքորոշումը ԵԱՀԿ ՄԽ-ն լուծարելու գաղափարի վերաբերյալ:

-Կառուցողական: Մենք հասկանում ենք այն դիրքորոշումը, որ եթե չկա կոնֆլիկտ, ինչ իմաստ ունի կոնֆլիկտի կարգավորմամբ զբաղվող ձևաչափի գոյությունը: Բայց մենք նաև ուզում ենք համոզվել, որ հենց այս նույն տրամաբանությամբ է հարցին մոտենում Ադրբեջանը, և նրա մղումը, ասենք, օրինակ այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» խոսույթի զարգացմամբ Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ ագրեսիվ քաղաքականություն իրագործելը չէ:

-Բայց Ադրբեջանն ասում է, թե դրանով ոչ մի տարածքային պահանջ առաջ չի քաշում ընդդեմ Հայաստանի, դա փախստականների վերադարձի իրավունքի հարց է և ՀՀ Կառավարությանը կոչ է անում արձագանքել այդ իրավունքին:

-Ակնհայտ է, որ այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» խոսույթով պաշտոնական Բաքուն ցանկանում է առարկայացնել Հայաստանի Հանրապետության նկատմամբ ունեցած տարածքային պահանջները, որոնք ինչպես վերը ցույց տվեցի, արձանագրված են Ադրբեջանի Սահմանադրության մեջ: Եթե այդպես չէ, ու մենք մեր ընկալումներում սխալվում ենք, ուրեմն Արևմտյան Ադրբեջան ասելով պետք է հասկանալ Ադրբեջանական Հանրապետության Ղազախի, Թովուզի, Աղստաֆայի, Գեդաբեյի, Դաշքեսանի, Քելբաջարի, Լաչինի, Կուբաթլուի, Զանգելանի շրջանները: Հետևաբար՝ մարդկանց վերադարձը այնտեղ Ադրբեջանի ներքին գործն է, և Հայաստանի Կառավարությունն այստեղ անելիք ու քննարկելիք չունի, բացի այն հարցերից, որ արդեն քննարկում է Ադրբեջանի հետ: Նկատի ունեմ՝ բնականոն հարաբերությունների հաստատումը, որոնք կապահովեն, այդ թվում, Ադրբեջանի արևմտյան և Հայաստանի արևելյան սահմանների անվտանգությունը:

-Պարո՛ն վարչապետ, Ադրբեջանը Հայաստանին մեղադրում է ոչ պաշտպանական զենքեր ձեռքբերելու մեջ բայց և ասում, որ Հայաստանը չի դիմանա իր հետ սպառազինությունների մրցավազքում։

-Հայաստանը որևէ երկրի հետ սպառազինությունների մրցավազքի մեջ չէ, մենք սպառազինությունները ձեռք ենք բերում բացառապես Հայաստանի սահմանները և տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար, այսինքն՝ պաշտպանական նպատակներով և մեր նպատակները թափանցիկ են: Մեզ փորձում են ասել, թե պաշտպանական նպատակներով պետք է ձեռքբերել պաշտպանական զենքեր: Բայց պաշտպանական զենքով հնարավոր չէ պաշտպանություն կազմակերպել. ասենք Հայաստանն ունեցավ գերհագեցած ՀՕՊ և ՌԵՊ միջոցներ, ինչո՞վ պետք է պաշտպանվի ցամաքային հարձակումներից. իհարկե՝ հրետանիով, իհարկե՝ հրթիռներով, իհարկե՝ խոցման այլ միջոցներով: Ադրբեջանն էլ է ոչ պաշտպանական սպառազինություն ձեռքբերում, նշանակում է ռևանշիստական քաղաքականությո՞ւն է վարում:

-Ադրբեջանն ընդհանրապես Հայաստանի Հանրապետության կողմից սպառազինությունների ձեռքբերումը փորձում է դարձնել օրակարգային խնդիր:

-Միջազգային բոլոր նորմերի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունը զինված ուժեր ունենալու իրավունք ունի և պարտավորություն՝ պաշտպանելու սեփական քաղաքացիներին, այդ թվում՝ հնարավոր արտաքին սպառնալիքներից: Բանակի բարեփոխումները մեր լեգիտիմ իրավունքն է: Արդյո՞ք դա սպառնալիք է Ադրբեջանի համար. ոչ, որովհետև մենք հստակ ճանաչել և ճանաչում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը Խորհրդային Ադրբեջանի տարածքով և ակնկալում ենք, որ Ադրբեջանն էլ մեզ նման, տարընթերցումների տեղիք չտալով, ճանաչի Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, համաձայն մեր ձեռքբերած պայմանավորվածությունների և ձեռնպահ մնա սպառնալիքների քաղաքականությունից: Գործնականում ամեն օր Ադրբեջանից սպառնալից հայտարարություններ են հնչում Հայաստանի Հանրապետության հասցեին: Այս պայմաններում մեր արձագանքը նույնիսկ ներքին քննադատությունների է արժանանում, որովհետև մենք ասում ենք, որ նույնիսկ մեր ինքնիշխան տարածքի օկուպացված ավելի քան 200 քառակուսի կիլոմետր ընդգրկող հատվածները ռազմական ճանապարհով վերադարձնելու խնդիր չենք դնում, որովհետև սահմանազատման հարցում ձեռքբերված ինստիտուցիոնալ լուծումները հնարավորություն են տալիս այդ հարցը կարգավորել խաղաղ, բանակցային ճանապարհով: Նույնիսկ այս ամենի համատեքստում Ադրբեջանին առաջարկել ենք սպառազինությունների փոխադարձ վերահսկման երկկողմ մեխանիզմ ստեղծել: Բայց Ադրբեջանն առայժմ չի արձագանքում, իսկ Հայաստանի և Ադրբեջանի ռազմական բյուջեների տարբերությունն արդեն 3 անգամ է՝ հօգուտ Ադրբեջանի: Այս ֆոնին մեզ մեղադրել սպառազինվելու մեջ, առնվազն արդար չէ:

-Իսկ որքանո՞վ եք բարձր գնահատում նոր էսկալացիայի ռիսկը տարածաշրջանում:

-Ես կարող եմ երաշխավորել, որ Հայաստանը Ադրբեջանի վրա հարձակվելու, սադրիչ գործողություններ ծավալելու ոչ մի մտադրություն, նպատակ կամ ծրագիր չունի ու չի գնալու այդ ճանապարհով: Եթե Ադրբեջանն էլ Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, ուրեմն տարածաշրջանում էսկալացիայի հավանականությունը զրո է:

-Պարոն վարչապետ, իսկ սահմանազատման գործընթացը կշարունակվի՞, եթե այո՝ ո՞ր տեղամասում:

-Թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգերը վավերացված են, ինչը նշանակում է, որ սահմանազատման գործընթացը պետք է շարունակվի: Կարծում եմ առաջիկայում սահմանազատման հանձնաժողովները կհանդիպեն՝ քննարկելու, թե ո՞ր հատվածում շարունակեն սահմանազատումը: Մենք այստեղ էլ տրամադրված ենք կոնկրետ, կառուցողական աշխատանքի:

-Իսկ տարածաշրջանային կոմունիկացիաների՞ հարցը. Ադրբեջանը շարունակում է զարգացնել իր հեղինակած միջանցքային տրամաբանությունը:

-Մեր գնահատմամբ՝ մենք գտել ենք լուծում, թե ինչպես վերաբացել երկաթուղային հաղորդակցությունը, որ լիարժեք ընդունելի լինի թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի համար: Եվ այդ լուծման առաջարկը գրավոր ձևով փոխանցել ենք Ադրբեջանին ու սպասում ենք նրանց դրական արձագանքին: Երբ այդ արձագանքը լինի, անհրաժեշտ կլինի արագ պայմանագիր ստորագրել և անցնել երկաթուղու կառուցմանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ հերթական բողոքի ցույցն է տեղի ունենում

21:42 19.12.2024

Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ հերթական բողոքի ցույցն է տեղի ունենում

Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ կրկին հակակառավարական բողոքի ակցիա է տեղի ունենում, Ռուսթավելի պողոտան արգելափակված է։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ Խորհրդարանի շենքի մոտ ցուցարարներին միացել են տարբեր խմբեր, որոնք երթով անցել են քաղաքի կենտրոնական փողոցներով: Ինչպես նախորդ օրերին, հինգշաբթի օրը բողոքի ցույցերը սկսվել են ցերեկը սոցիալական տարբեր խմբերի և մասնագիտությունների ներկայացուցիչների երթերով։ Խորհրդարանից դուրս […] ...

Չեմպիոնական պայքարում «Ատալանտան» բադերն են, մենք` որսորդները. «Ինտերի» նախագահ

21:36 19.12.2024

Չեմպիոնական պայքարում «Ատալանտան» բադերն են, մենք` որսորդները. «Ինտերի» նախագահ

Միլանի «Ինտերի» նախագահ Ջուզեպե Մարոտան կարծում է, որ «Ատալանտան» Իտալիայի Ա սերիայի չեմպիոնության գլխավոր հավակնորդներից է։ «Կան տարբեր բնավորություն ունեցող թիմեր, բայց «Ատալանտան» այժմ հաղթողի հոգեբանություն է ձեռք բերել, իսկ դա շատ բարդ գործընթաց է։ Նրանք, միանշանակ, կարող են դիմանալ ճնշմանը, որին բախվելու են մրցաշրջանի ընթացքում։ Չեմպիոնական պայքարում «Ատալանտան» բադերն են, մենք` որսորդները։ Համոզված եմ, […] ...

Սիրիայի նոր իշխանություններն պնդում են, որ երաշխավորել են կրոնական փոքրամասնությունների անվտանգությունը

21:28 19.12.2024

Սիրիայի նոր իշխանություններն պնդում են, որ երաշխավորել են կրոնական փոքրամասնությունների անվտանգությունը

Սիրիայի նոր իշխանությունները անվտանգության երաշխիքներ են տրամադրել երկրում բնակվող կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչներին։ Այս մասին հայտարարել է Սիրիայի անցումային կառավարությունում տեղեկատվության նախարար Մուհամեդ Յակուբ ալ-Օմարը, հայտնում է Al Watan թերթը։ «Ռազմական գործողությունների դեպարտամենտը հանդիպում է անցկացրել սիրիական տարածքում բնակվող տարբեր դավանանքների ներկայացուցիչների հետ և նրանց անվտանգության երաշխիքներ է տրամադրել»,-ասել է ալ-Օմարը։ Նրա խոսքով, կրոնական բազմազանությունը հնագույն […] ...

340 000 քաղաքացի ՀՀ-ում ունի անհուսալի վարկեր, ի՞նչ լուծում է առաջարկում գործադիրը. զրույց ԱՍՀ փոխնախարարի հետ

21:20 19.12.2024

340 000 քաղաքացի ՀՀ-ում ունի անհուսալի վարկեր, ի՞նչ լուծում է առաջարկում գործադիրը. զրույց ԱՍՀ փոխնախարարի հետ

2025թ. փետրվարի 1-ից կգործարկվի մի ծրագիր, որից կարող են օգտվել վարկային պարտավորություն ունեցող անձինք, ում վարկերի մայր գումարների հանրագումարը փոքր է 1 մլն դրամից, և այդ վարկերը առնվազն 3 տարի դասակարգված են որպես անհուսալի։ Ի՞նչ ծրագիր է սա, ի՞նչ նպատակով է իրականացվում, և ի՞նչ հարցեր է առաջացրել հանրության շրջանում: Այս ամենի մասին «Հեռանկարն» այսօր զրուցել […] ...

Սիրում եմ դեկտեմբերն ու սուրբծննդյան օրերը. Մեսսի

21:12 19.12.2024

Սիրում եմ դեկտեմբերն ու սուրբծննդյան օրերը. Մեսսի

MLS-ը ներկայացնող ամերիկյան «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին սոցցանցերում հրապարակում է արել և անդրադարձել Արգենտինայի ազգային հավաքականի կազմում երկու տարի առաջ աշխարհի չեմպիոն դառնալուն։ «Սիրում եմ դեկտեմբերն ու սուրբծննդյան օրերը։ Երկու տարի առաջ վերջին ամիսը կարող էր շատ դառն ավարտվել, բայց այն դարձավ իմ կարիերայի ամենաքաղցր պահը։ Այժմ յուրաքանչյուր դեկտեմբերին այդ հիշողությունները վերապրում եմ։ Շնորհավորում […] ...

Փրկարարներն ավտոմեքենաները դուրս են բերել արգելափակումից

21:04 19.12.2024

Փրկարարներն ավտոմեքենաները դուրս են բերել արգելափակումից

Դեկտեմբերի 19-ին, ժամը 08։51-ից 11:12-ն ընկած ժամանակահատվածում ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ 5 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Մասնավորապես՝ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում, Արագածոտնի մարզի Բերքառատ, Ծաղկահովիտ, Ջամշլու գյուղերում, Քաղսի-Սոլակ և Մեծ Մասրիկ-Կախակն ավտոճանապարհներին։ Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 14 ավտոմեքենա և 30 քաղաքացու ցուցաբերել […] ...

BACK_TO_TOP