Կառավարությունը պետբյուջեից սուբվենցիոն ծրագրերի համար 2024 թվականին հատկացրել է 31,8 մլրդ դրամ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 12 2024
  • $
    394.91
  • RUBLE
    3.83
  • 410.98
WEATHER
+3.09 oC

Կառավարությունը պետբյուջեից սուբվենցիոն ծրագրերի համար 2024 թվականին հատկացրել է 31,8 մլրդ դրամ

16:58 19.12.2024

Կառավարությունն ընդունել է որոշում՝ համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերը 2 մլրդ 954 մլն դրամով համաֆինանսավորելու վերաբերյալ: Ըստ այդմ՝ նախատեսվում է համաֆինանսավորել 28 համայնքի 46 ծրագիր: Արագածոտնի մարզին կհատկացվի 133,2 մլն դրամ, Արմավիրի մարզ՝ 237 մլն դրամ, Գեղարքունիքի մարզին՝ 519,7 մլն դրամ, Լոռին՝ 515 մլն դրամ, Կոտայքին՝ 71,9 մլն դրամ, Շիրակին՝ 204,9 մլն դրամ, Սյունիքին՝ 699,2 մլն դրամ, Վայոց ձորին՝ 224,1 մլն դրամ, Տավուշի մարզին՝ 349,5 մլն դրամ:

ՏԿԵ նախարար Դավիթ Խութադյանը նշել է.

«Այս որոշումով արդեն 2024 թվականի պետբյուջեից կունենանք 31,8 մլրդ դրամի չափով համաֆինանսավորում սուբվենցիոն ծրագրերի համար, որը նախորդ տարվա ցուցանիշից 1,5 մլրդ դրամով ավելի է»:

Անդրադառնալով որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է.

«Ստացվում է, որ մարզերում միայն սուբվենցիոն ծրագրերով մոտավորապես 130-140 մլն դոլարի ներդրում ենք անում 1 տարվա ընթացքում: Ըստ էության, կարող ենք ասել, որ այս ներդրումներն արվում են առաջին հերթին Կառավարության և նաև համայնքների կողմից, բայց եկեք չմոռանանք, որ համայնքների բյուջեների մի զգալի մասը նույնպես ձևավորվում է պետական բյուջեից հատկացված միջոցներով: Սա ամենաարդյունավետ գործիքներից մեկն է, որ տարածքային համաչափ զարգացման ուղղությամբ կոնկրետ քայլեր ենք անում»:

Վարչապետն անդրադարձել է նաև ծառայողական մեքենաներին՝ ուղերձ հղելով բոլոր համայնքների ղեկավարներին.

«Մեր բոլոր համայնքների ղեկավարներին այդ ուղերձները պետք է հստակ տալ, որ, մասնավորապես, ծառայողական ավտոմեքենաների գծով այն որոշումը, որ կայացրել ենք, շարունակում է մնալ ուժի մեջ: Եվ այն սկզբունքը, որը ես առաջադրել եմ՝ բոլոր համայնքներում պետք է կիրառվի. բոլոր համայնքներում՝ առանց բացառության: Իհարկե, այն համայնքները, որոնք չեն ուզենա կիրառել, դրան համապատասխան հետևանք կհետևի: Այսինքն՝ սուբվենցիոն ծրագրերի և այլ ծրագրերի սահմանափակումներ կլինեն: Այդ պարագայում համայնքները և ղեկավարները թող բնակիչների հետ պարզաբանեն այդ հարցը, թե որն է ավելի մեծ և կարևոր առաջնահերթություն: Իհարկե, հույս ունեմ, համոզված եմ, որ համայնքների և ղեկավարների առնվազն մեծամասնությունն այդ ճանապարհով կգնա, և շնորհակալ կլինեմ դրա համար»:

Երկրի ղեկավարը բարերար-գործարարների ուշադրությունը հրավիրել է նաև այն փաստի վրա, որ նրանք սուբվենցիոն ծրագրերին մասնակցելու հնարավորություն ունեն։

«Այսինքն՝ շատ դեպքերում կարող են ֆինանսական աջակցություն տրամադրել համայնքին, և համայնքն իր բյուջեով մասնակցի երկկողմ սուբվենցիային՝ Կառավարություն և համայնք։ Բայց կարող է լինել նաև եռակողմ սուբվենցիա՝ մասնակցի համայնքը, անհատը կամ այլ կազմակերպություն և Կառավարությունը։ Սա շատ կարևոր է: Սա էլ է կուլտուրայի հարց, երբ տեսնում ենք, որ մարդիկ ուզում են համայնքի համար ինչ-որ բան անել»,- ասել է վարչապետը՝ հավելելով, որ երբեմն անարդյունավետ ծախսեր են արվում, որի արդյունքում համայնքի կյանքում ոչ մի բան չի փոխվում։

Նիկոլ Փաշինյանը կարևորել է այդ ներուժը բովանդակային առումով փոփոխելու անհրաժեշտությունը.

«Այն ուղղությամբ պետք է տանենք, որ այդ թվում անհատների միջոցներն ուղղվեն երկրի, համայնքի զարգացմանը, բարեգործության տրամաբանությունից պետք է դուրս գալ»:

Վարչապետի դիտարկմամբ՝ պետք է այնպիսի օրենք ընդունել, որ ՀՀ-ն դադարի second hand ապրանքների արտահանման հիմնական ուղղություն դառնալ, ինչն անթույլատրելի է և ուղիղ հակասում է այն տրամաբանությանը և գաղափարախոսությանը, որն իրագործվում է:

«Ես դեմ եմ բոլոր նման դեպքերում որևէ կարգի օգնություն, աջակցություն ստանալուն: Նույնիսկ, եթե եկել է ՀՀ, մաքսատանը կանգնած է, ոչինչ, թող մաքսատնից հետ տան: Աշխարհում այնքան երկրներ կան, որ դրա կարիքն ունեն, և իրենց համար խնդիր չէ այդ օգտագործած, մաշած, կիսափչացած ապրանքներն ընդունել: Ով դրա կարիքն ունի, թող ուղարկեն այնտեղ: ՀՀ չմտնի՛, ընդհանրապես չմտնի՛ որևէ այդպիսի ապրանք: ՊԵԿ-ին, այդ թվում հրապարակային ասում եմ, նման դեպքեր չլինեն, կամ եթե առանձնահատուկ դեպքեր կան, ինձ անպայման դրա մասին պետք է զեկուցել», – ասել է Նիկոլ Փաշինյանը:

Թեմայի առնչությամբ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը նշել է, որ վարչապետի հանձնարարականից հետո այդ հարցում հետևողական են եղել, և դրանից հետո մարդասիրական հանձնաժողովը նման որոշումներ չի կայացնում:

«Եղել են տարբեր համայնքներից դիմումներ, որ փաստն արդեն կայացած է եկել, բեռն արդեն հասել է, բայց խնդրել ենք վերադարձնել, որովհետև մենք նման ձևով որոշում տարուց ավելի է, որ չունենք»,- ասել է փոխվարչապետը:

Վարչապետ Փաշինյանը նշել է, որ հարցը պետք է ճիշտ հասկանալ՝ բարեգործությանը դեմ չէ ասվածը, այլ բարեգործության այն ընկալմանն է դեմ, որը երկար ժամանակ նաև օբյեկտիվ պատճառներով գործել է Հայաստանում:

«Եղել են ժամանակներ, որ ՀՀ-ի համար դա կարևոր է եղել: Եվ ես ուզում եմ Կառավարության ու ժողովրդի անունից շնորհակալություն հայտնել այն մարդկանց, որոնք պահանջված ապրանքները, սնունդն ուղարկել են Հայաստան: Բայց, կարծում եմ, որ մենք այդ էջը պետք է փակված համարենք: Բարեգործության մասին նոր օրենք պետք է ընդունենք, որտեղ շատ հստակ և խիստ տրամաբանություն կլինի, և բարեգործություն ասածը մեր երկրում պետք է ունենա այն իմաստը, ինչ առաջավոր և զարգացած երկրներում է»:

Հաջորդիվ վարչապետը թվարկել է այն սուբվենցիոն ծրագրերը, որոնց համաֆինանսավորման համար Կառավարությունը գումար է հատկացրել: Այդ ծրագրերն են՝ Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Աշտարակ, Ավան, Բյուրական, Լեռնարոտ, Ոսկեվազ և Ուջան բնակավայրերի փողոցների հիմնանորոգում, տուֆ քարով սալապատում (ավարտված), Արմավիրի մարզի Արաքս համայնքի Արաքս բնակավայրի մշակույթի տան 2-րդ հարկի վերանորոգում (ավարտված), Արաքս և Մեծամոր բնակավայրերը սնուցող գազատար խողովակի կառուցման, Արաքս բնակավայրի Դեմիրճյան և Դրոյի փողոցների, Մեծամոր բնակավայրի Սարյան և Աբովյան փողոցների գազիֆիկացում (կատարված է շինարարական աշխատանքների 75 %), Խոյ համայնքի Արագած բնակավայրի մշակույթի տան 2-րդ և 3-րդ հարկերի վերանորոգում և ջեռուցում (կատարված է շինարարական աշխատանքների 97 %-ը), Հովտամեջ բնակավայրի ներտնտեսային ոռոգման ջրագծերի վերակառուցում (ավարտված), Մեծամոր համայնքի Նոր Արմավիր բնակավայրի խմելու ջրամատակարարման ցանցի կառուցում (աշխատանքների՝ 75 %), Տարոնիկ բնակավայրի մանկապարտեզի շենքի հարակից տարածքի բարեկարգում (ավարտված), Նորապատ բնակավայրի 2-րդ, 9-րդ փողոցների և 9-րդ փողոցի 1-ին նրբանցքի ջրագծերի փոխարինում (ավարտված):

Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Զովաբեր, Գագարին, Գեղամավան, Չկալովկա և Նորաշեն բնակավայրերի փողոցների հիմնանորոգում (ավարտված), Վարդենիս համայնքի Փոքր Մասրիկ և Նորաբակ բնակավայրերում ոռոգման ջրագծերի կառուցում կամ վերակառուցում (ավարտված), Մարտունի համայնքի Արծվանիստ, Վարդենիկ, Զոլաքար, Վաղաշեն, Երանոս և Վարդաձոր բնակավայրերում ոռոգման ջրատարների կառուցում (90%), Ճամբարակ համայնքի 3-րդ մանկապարտեզի մասնաշենքի հիմնանորոգման աշխատանքներ (97 %):

Լոռու մարզ՝ Վանաձոր համայնքի Վանաձոր բնակավայրի թիվ 8 տնակային մանկապարտեզի շենքի կառուցում /2-րդ փուլ/ (85 %), Ալավերդի համայնքի Նեղոց և Ախթալա բնակավայրերի կենտրոնական խաղահրապարակների, Ճոճկան բնակավայրում Հայրենական Մեծ պատերազմի զոհերի հուշարձանի տարածքի վերակառուցում (ավարտված), Ճոճկան բնակավայրի «Բժշկական ամբուլատորիա» ՀՈԱԿ-ի շենքի հիմնանորոգում (ավարտված), Օձուն և Հագվի բնակավայրերի ճանապարհների կապիտալ վերանորոգում ասֆալտապատմամբ (ավարտված), Տաշիր համայնքի Մեծավան բնակավայրի զբոսայգու բարեկարգում, կանաչապատում, մանկական խաղահրապարակի ստեղծում (ավարտված), Գյուլագարակ համայնքի Գարգառ բնակավայրի ՕԿՋ-ի և ներքին ցանցի կառուցում (80%), Սպիտակ համայնքի Լուսաղբյուր բնակավայրի ճանապարհների ասֆալտապատում և սելավատարների գաբիոնով կառուցում (ավարտված), Մեծ Պարնի բնակավայրի մշակույթի տան ներքին հարդարում (ավարտված), Լերմոնտովո համայնքի Անտառաշեն բնակավայրի գազիֆիկացում (ավարտված:

Կոտայքի մարզ՝ Ծաղկաձոր համայնքի Ծաղկաձոր բնակավայրի Մհեր Մկրտչյան և Չարենցի փողոցների հենապատերի վերակառուցման աշխատանքներ (ավարտված), Հրազդան համայնքի տարածքում մայթերի նոր եզրաքարերի կառուցման աշխատանքներ (ավարտված):

Շիրակի մարզ՝ Գյումրի համայնքի թվով 9 մանկապարտեզների վերանորոգում /Փարոս, Ձյունիկ, Լապտերիկ, Անի պարտեզ, Կարմիր գլխարկ, Հենզել-Գրետել, Երազանք, Արձագանք և Հուսո Առագաստ մանկապարտեզներ/ (ավարտական փուլ), Ախուրյան համայնքի Հովիտ բնակավայրի ոռոգման ցանցի հիմնանորոգման աշխատանքներ (ավարտված), Աշոցք համայնքի Թավշուտ բնակավայրում ոռոգման համակարգի կառուցման աշխատանքներ (ավարտված), Աշոցք համայնքի Բավրա, Զույգաղբյուր, Ղազանչի և Կարմրավան բնակավայրերի բնական գազի ներքին ցանցի կառուցում (ավարտված), Ամասիա համայնքի Բերդաշեն բնակավայրի խմելու ջրագծի վերանորոգման և վերակառուցման աշխատանքներ (ավարտված):

Սյունիքի մարզ՝ Տեղ համայնքի Տեղ բնակավայրի ոռոգման ներտնտեսային ցանցի կառուցում (ավարտված), Կապան համայնքի Դավիթ Բեկ բնակավայրի ջրամատակարարում (ավարտված), Կապան համայնքի «Կապանի թիվ 2 ՆՈՒՀ» ՀՈԱԿ-ի շենքի հիմնանորոգում և տարածքի բարեկարգում (65 %), Կապանի համայնքապետարանի մասնաշենքի ուժեղացում, վերակառուցում և նոր մասնաշենքի կառուցում (70 %), Սզնակ բնակավայրի ջրամատակարարման համակարգի բարելավում ( 75 %):

Վայոց ձորի մարզ՝ Ջերմուկ համայնքի Գնդեվազ համայնքի խմելու ջրի ակունքի և խմելու ջրի ջրագծերի հիմնանորոգում (ավարտված), Գնդեվազ գյուղի ոռոգման ցանցի ընդլայնում (ավարտական փուլ), Արենի համայնքի Ագարակաձոր, Խաչիկ և Ռինդ բնակավայրերում ոռոգման արտաքին և ներքին ցանցերի կառուցում (ավարտված), Չիվա բնակավայրում ջրաղբյուրի կապտաժի ու ջրագծի հիմնանորոգում և կոյուղու մաքրման կայանի կառուցում (ավարտված), Ագարակաձոր, Ելփին, Չիվա բնակավայրերում փողոցների լուսավորման համակարգերի կառուցում (ավարտված):

Տավուշի մարզ՝ Նոյեմբերյան համայնքի Կողբ, Պտղավան, Դեղձավան բնակավայրերի փողոցների ասֆալտապատում (90 %), Նոյեմբերյան համայնքի Բերդավան բնակավայրի մանկապարտեզի բակի բարեկարգում (95 %), Դիլիջան համայնքի Դիլիջան բնակավայրի Մյասնիկյան- Սայաթ Նովա- Աղստև հատվածի սելավատարի կառուցում (70%), Դիլիջան բնակավայրի Մյասնիկյան 84, Գետափնյա 74, Օրջոնոկիձե 77 բազմաբնակարան շենքերի տանիքների հիմնանորոգում (ավարտված), Իջևան համայնքի Աչաջուր բնակավայրի ճանապարհների հիմնանորոգում, ասֆալտապատում (95 %), Իջևան բնակավայրի Մետաղագործների փողոցի 9 հարկանիներից դեպի սեփական տներ տանող ճանապարհի հիմնանորոգում և սալարկում տուֆ քարով (99 %), Բերդ համայնքի Բերդ բնակավայրի թիվ 2, Տավուշ, Չորաթան, Պառավաքար, Չինչին, Վ․Կ․Աղբյուր, Արծվաբերդ, Այգեձոր, Այգեպար, Մովսես բնակավայրերի մանկապարտեզների շենքերի վերանորոգում (98%), Նոյեմբերյան համայնքի Ոսկեպար բնակավայրի փողոցի տուֆապատում (70 %):

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մոսկվայում անցկացվում է մշակույթի ոլորտում Ռուսաստան-Հայաստան երկրորդ կրթական համաժողովը

19:55 19.12.2024

Մոսկվայում անցկացվում է մշակույթի ոլորտում Ռուսաստան-Հայաստան երկրորդ կրթական համաժողովը

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 22-րդ նիստի արձանագրությունը՝ դեկտեմբերի 19-ին Մոսկվայում՝ Գնեսինների անվան ռուսական երաժշտական ակադեմիայում, ընթանում է Մշակույթի ոլորտում Ռուսաստան-Հայաստան երկրորդ կրթական համաժողովը, որին մասնակցում է արվեստի բնագավառի ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների ներկայացուցիչների պատվիրակությունը։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից, համաժողովի շրջանակում նախատեսվում են զեկույցներ և քննարկումներ […] ...

Դոնարումայի դեմքին 10 կար են դրել

19:51 19.12.2024

Դոնարումայի դեմքին 10 կար են դրել

ՊՍԺ-ի դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման վնասվածքի պատճառով չի կարողացել շարունակել «Մոնակոյի» դեմ Ֆրանսիայի Լիգա 1-ի 16-րդ տուրի հանդիպումը։ Խաղի 17-րդ րոպեին նա դեմքի վնասվածք է ստացել «Մոնակոյի» կոտդիվուարցի պաշտպան Ուիլֆրեդ Սինգոյի հետ բախման հետևանքով։ Դարպասապահի դեմքին 10 կար են դրել, հաղորդում է RMC-ն։ Այդ խաղում ՊՍԺ-ն արտագնա հաղթանակ էր տարել 4-2 հաշվով։ Le visage marqué de […] ...

Առողջապահության նախարարի տեղակալն աշխատանքային այցով եղել է Արարատի մարզում

19:47 19.12.2024

Առողջապահության նախարարի տեղակալն աշխատանքային այցով եղել է Արարատի մարզում

Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանն աշխատանքային այցով եղել է Արարատի մարզում: Փոխնախարարը հանդիպել է մարզպետի և համայնքապետերի հետ` քննարկելու համայնքային ամբուլատորիաների խոշորացման ծրագրի մանրամասները, ներկայացրել բարեփոխման բովանդակությունը: Արարատի մարզում ամբուլատորիաների մի մասը համայնքային, ոչ առևտրային կազմակերպություններ են, մյուս մասը՝ պետական ոչ առևտրային կազմակերպություններ, ուստի ամբուլատորիաների խոշորացումից առաջ առաջանում է կազմակերպաիրավական ձևի փոփոխություն, որի ընթացքն էլ […] ...

Պետական աջակցություն՝ սահմանամերձ համայնքների բնակիչներին բնական գազի, էլեկտրաէներգիայի և ոռոգման ջրի սակագների մասնակի փոխհատուցում տրամադրելու համար

19:43 19.12.2024

Պետական աջակցություն՝ սահմանամերձ համայնքների բնակիչներին բնական գազի, էլեկտրաէներգիայի և ոռոգման ջրի սակագների մասնակի փոխհատուցում տրամադրելու համար

ՀՀ սահմանամերձ համայնքների բնակիչների կենսապայմանների բարելավման նպատակով ՀՀ կառավարության կողմից 2014 թ. դեկտեմբերի 18-ին ընդունված որոշման կիրառումն ապահովելու և Արարատի, Գեղարքունիքի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզերի սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ բնակավայրերի բնակիչ-բաժանորդների կողմից սպառած էլեկտրաէներգիայի, բնական գազի և ջրօգտագործողների կողմից օգտագործած ոռոգման ջրի սակագնի մասնակի փոխհատուցման, ինչպես նաև անշարժ գույքի հարկի փոխհատուցման նպատակով գործադիրն […] ...

Երիտասարդը զբաղվում էր ապօրինի թմրաշրջանառությամբ․ Նոր Նորքի ոստիկանների բացահայտումը

19:39 19.12.2024

Երիտասարդը զբաղվում էր ապօրինի թմրաշրջանառությամբ․ Նոր Նորքի ոստիկանների բացահայտումը

Ապօրինի թմրամիջոց պահելու, իրացնելու և օգտագործելու հիմնավոր կասկածանքով դեկտեմբերի 16-ին Նոր Նորքի համայնքային ոստիկանները ձերբակալել և բաժին են տեղափոխել 26-ամյա մի երիտասարդի։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է ընդհանուր 58 գրամից ավելի դեղնականաչավուն զանգվածով 26 փաթեթ: Երիտասարդը հայտել է, որ հայտնաբերվածը մարիխուանա է, իրացնելու նպատակով ձեռք է բերել համացանցի միջոցով։ Հայտնել է նաև, որ 10 […] ...

Առողջապահության նախարարին կից հասարակական խորհուրդը գումարել է իր հերթական նիստը

19:35 19.12.2024

Առողջապահության նախարարին կից հասարակական խորհուրդը գումարել է իր հերթական նիստը

Առողջապահության նախարարին կից հասարակական խորհուրդը գումարել է իր հերթական նիստը, որը վարել է Խորհրդի նախագահ, նախարար Անահիտ Ավանեսյանը: Նիստի օրակարգում ընդգրկված թեմաներն էին` Հանրապետական շտապօգնության ծառայության ներդրումն ու ընթացիկ աշխատանքները և Առողջության առաջնային պահպանման բարեփոխումները, մասնավորապես գյուղական ամբուլատորիաների միավորման գործընթացը: Ողջունելով խորհրդի անդամներին` նախարարը կարևորել է առողջապահական բարեփոխումների ընդհանուր ուղղվածության մասին հասարակական հատվածի հետ քննարկումները, […] ...

BACK_TO_TOP