17:38 17.12.2024
Հանրակրթության բովանդակային բարեփոխումներն առաջին հերթին ուղղված են ուսումնառության արդյունքների բարելավմանը: Հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրման շնորհիվ՝ կրթության որակի բարելավման դրական դինամիկա է արձանագրվել: Տավուշի մարզում չափորոշչի փորձարկման արտաքին գնահատման արդյունքներով 2 տարում գրանցվել է կրթական արդյունքի 6-ամսյա ավելացում: Այս մասին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հայտնել է «Պետական ֆինանսների II ուսումնասիրություն (PFR II), հարկաբյուջետային քաղաքականության արդյունավետության բարելավում» խորագրով Համաշխարհային բանկի զեկույցի ներկայացման շրջանակում կազմակերպված պանելային քննարկմանը:
4-րդ դասարանի աշակերտները մաթեմատիկայից միջինից բարձր արդյունքներ են գրանցել
«Չափորոշչի ներդրմամբ, իհարկե, զգալի առաջընթաց արձանագրել ենք, բայց նաև պետք է հետևողական աշխատանքը շարունակենք՝ դրական միտումները կայուն արդյունք դարձնելու համար: Վերջերս նաև «TIMSS»-ի նոր արդյունքները հրապարակվեցին, որոնք ցույց են տալիս՝ 4-րդ դասարանում սովորող աշակերտներն արդեն իսկ մաթեմատիկայից միջինից բարձր արդյունքներ են գրանցում: 2019 թվականին մեր երեխաները գրանցել են միջինում 498 միավոր, իսկ այժմ՝ 513, ինչը նույնպես լավ նորություն է: Բնագիտական առարկաների առումով դեռևս չենք տեսնում ցանկալի առաջընթացը, բայց դա նաև այն պատճառով, որ ունեինք ենթակառուցվածքների լուրջ խնդիր: Պետության կողմից բոլոր դպրոցներում ԲՏՃՄ լաբորատորիաների ներդրման մեծածավալ ծրագիր է իրականացնում: «TIMSS»-ի արդյունքները նաև ցույց են տալիս, որ բնագիտության ուղղությամբ կրճատվում է նվազագույն շեմը չհաղթահարող երեխաների թիվը 4-րդ դասարանում, որը ևս դրական նորություն է»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:
Բարձրացնել բարձրագույն կրթության մրցունակությունը
Անդրադառնալով մասնագիտական կրթության հասանելիության և ներգրավվածության խնդրին՝ Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է «Ակադեմիական քաղաք» ծրագրին, որը բարձրագույն կրթության ոլորտում ՀՀ կառավարության ամենախոշոր ծրագիրն է: Ծրագրի գլխավոր թիրախային նպատակը բարձրագույն կրթության մրցունակության բարձրացումն է:
«Բուհերի խոշորացման և գիտական կազմակերպությունների հետ միավորման գործընթացը շատ կարևոր նպատակ է հետապնդում՝ բարձրացնել բարձրագույն կրթության մրցունակությունը և ուսանողներին հնարավորություն տալ իսկապես լինելու մրցունակ իրենց ընտրած մասնագիտության մեջ: Ամենակարևոր հարցերից մեկը մատչելիության խնդիրն է, և բոլորովին պատահական չէ, որ ՀՀ կրթության զարգացման մինչև 2030 թվականի պետական ծրագիրը հստակ ամրագրում է նաև կրթության մատչելիության հարցը: Ունենք հստակ թիրախներ և միասնական սկզբունք. բոլոր այն ուսանողները, որոնք ապահովում են առնվազն առաջադիմության որոշակի շեմ, պետք է հնարավորություն ունենան օգտվելու կրթաթոշակային համակարգից, և որևէ մեկն ուսման վարձի և սոցիալական խնդիրների պատճառով չպետք է դուրս մնա համակարգից»:
Ճիշտ մասնագիտական կողմնորոշման համակարգ ձևավորելը կարևոր է
ԿԳՄՍ նախարարի խոսքով՝ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նոր նախագծով ամրագրված են նաև բարձրագույն կրթության ֆինանսավորման նոր մոդելները, որոնք մատչելիության և հասանելիության ապահովման անհրաժեշտ պայմաններ են ապահովում: Այդուհանդերձ, ըստ նախարար Ժաննա Անդրեասյանի, բարձրագույն կրթության մատչելիության խնդիրն ի հայտ է գալիս դեռևս դպրոցից. «Ունենք լրջագույն խնդիր՝ հանրակրթության մակարդակում պետք է ձևավորել ճիշտ մասնագիտական կողմնորոշման համակարգ և անհրաժեշտ աջակցություն ցույց տալ, որպեսզի բոլոր այն շրջանավարտները, որոնք իրենց հետագա կյանքը պատկերացնում են որպես բարձրագույն կրթություն ունեցող և այդ կերպ ինքնադրսևորվող քաղաքացիներ, ունենան այդ հնարավորությունը»:
Քոլեջների և ուսումնարանների որոշ մասնագիտությամբ սովորողները մինչև 50 հազար դրամ կրթաթոշակ կստանան. նոր քաղաքականություն
Նախարարի խոսքով՝ մեծ կարևորություն է տրվում մասնագիտական կրթության և ուսուցման համակարգի զարգացանը: Նախորդ տարվա համեմատ այս տարի քոլեջներ և ուսումնարաններ դիմողների 11,4 % աճ է գրանցվել:
«Այս պահին ՄԿՈՒ համակարգում ունենք ավելի քան 45 հազար սովորողներ, այս տարի նաև շուրջ 15 հազար առաջին կուրսեցիների ընդունելություն ենք գրանցել, ինչը շատ լավ ցուցանիշ է: Հատկապես կարևորում եմ, որ ակտիվություն ունենք արդյունաբերության, գյուղատնտեսության, շինարարության ոլորտներում, որտեղ տարիներ շարունակ խնդիրներ էին արձանագրվում: Այս արդյունքները գրանցել ենք նաև ՀՀ կառավարության սահմանած կրթաթոշակային նոր քաղաքականության շնորհիվ, որը մեկնարկել է նախորդ տարվանից և հնարավորություն է տվել կրթաթոշակներ սահմանելու այս ուղղություններով սովորողների համար՝ ամսական 50 հազար դրամի չափով»:
ԿԳՄՍ նախարարի խոսքով՝ կրթաթոշակային նույն քաղաքականությունը շարունակվում է նաև բուհական մակարդակում, որտեղ ԲՏՃՄ ուղղությամբ մասնագիտությունների համար սահմանվել է բաձր կրթաթոշակ և արդեն նկատելի է դրական արձագանքը: Այդուհանդերձ, ըստ Ժաննա Անդրեասյանի, ուսումնառության արդյունքների որակի բարելավման ուղղությամբ դեռևս մեծ աշխատանքներ կան իրականացնելու:
Առնվազն մեկ տարվա նախադպրոցական կրթությունը պետք է դառնա պարտադիր
Պանելային քննարկմանը ԿԳՄՍ նախարարն անդրադարձել է նաև նախադպրոցական կրթությանը՝ նշելով, որ այս համակարգը կրթական շղթայի ամենակարևոր օղակներից մեկն է. «Ամբողջ աշխարհում նախադպրոցական կրթության զարգացման ուղղությամբ մեծ շեշտադրում է արվում, քանի որ բոլոր հետազոտությունները ցույց են տալիս՝ որքան վաղ ենք սկսում երեխայի կրթությունը, այնքան ավելի լավ արդյունքներ ենք գրանցում հետագա փուլերում: Կառավարության համար սա շատ կարևոր առաջնահերթություն է, որն ամրագրված է նաև ՀՀ կրթության զարգացման մինչև 2030 թվականի պետական ծրագրում: Ունենք շատ հավակնոտ նպատակ. 2030 թ. դրությամբ առնվազն մեկ տարվա նախադպրոցական կրթությունը պետք է դառնա պարտադիր: Սա նշանակում է՝ երեխաները մինչև առաջին դասարան գնալը պետք է առնվազն մեկ տարի ընդգրկված լինեն նախադպրոցական կրթության համակարգում: Շատ լուրջ խնդիրներ ունենք նաև մսուրի ծառայությունների զարգացման առումով: Սա թե՛ երեխաների կրթության, թե՛ կանանց տնտեսական հզորացման ու նրանց աշխատանքային հնարավորությունների ընդլայնմանն ուղղված քաղաքականություն է: Այժմ փորձարկում ենք նոր ծառայություններ, որոնք նախատեսված են 6 ամսականից 1 տարեկանների համար՝ այս պահին դեռևս ընտրված հաստատություններում»:
500 մանկապարտեզի նորոգման, կառուցման և վերակառուցման ծրագիր
Անդրադառնալով ՀՀ կառավարության մյուս կարևոր ծրագրին՝ Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է մինչև 2026 թվականը 300 դպրոցի ու 500 մանկապարտեզի նորոգման, կառուցման և վերակառուցման ՀՀ կառավարության ծրագրին: Նախարարը տեղեկացրել է, որ 195 մանկապարտեզում և նախակրթարաններում աշխատանքներն ավարտվել են. «Առաջիկա երկու տարում պետք է կարողանանք ավարտել աշխատանքները մնացած հաստատություններում, ինչը թույլ կտա էապես մեծացնել նախադպրոցական կրթության համակարգում ընդգրկված երեխաների թիվը: Մեր կարևոր շեշտադրումն է՝ նախադպրոցական ծառայություններ ստեղծել բոլոր այն բնակավայրերում, որտեղ դրանք այս պահին չկան»:
Աջակցել նախադպրոցական ծառայությունների զարգացմանը՝ չխաթարելով դրանց համայնքային բնույթը
ԿԳՄՍ նախարարի խոսքով՝ նախադպրոցական կրթական հաստատությունների հետ կապված հիմնական խնդիրն այն է, որ համայնքների կարողությունները խիստ տարբերվում են ինչպես ֆինանսական, այնպես էլ ենթակառուցվածքների առումով:
Մասնավորապես, կան համայնքներ, որտեղ նախադպրոցական հաստատությունները և դրանց համար պահանջվող ռեսուրսը համայնքի համար տանելի բեռ է, բայց կան նաև համայնքներ, որտեղ դա շատ լուրջ մարտահրավեր է: Ըստ այդմ՝ պետությունը պետք է ճիշտ և բալանսավորված քաղաքականություն մշակի՝ աջակցելով նախադպրոցական ծառայությունների զարգացմանը, միևնույն ժամանակ չխաթարելով դրանց համայնքային բնույթը:
Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների նախադպրոցական կրթությունը ֆինանսավորում է պետությունը
«Այդ քաղաքականությունը մենք իրականացնում ենք՝ ֆինանսավորում հատկացնելով տարբեր խմբերի: Մասնավորապես, խոսքը կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների մասին է, որոնց կրթությունն արդեն 2 տարի է՝ ֆինանսավորվում է պետության կողմից՝ երեխայի թվով ֆինանսավորում տրամադրելու ձևաչափով: Երբ սկսեցինք այս քաղաքականությունը, մեր մանկապարտեզներում ԿԱՊԿՈՒ երեխաների թիվը 90-ից մի փոքր ավելի էր, իսկ հիմա խոսում ենք շուրջ 2 հազար երեխաների մասին: Պետության այս քաղաքականությունն էապես մեծացրել է նախադպրոցական կրթության մատչելիությունն այն խմբերի համար, որոնք դրա կարիքն ունեն: Մեր թիրախում է նաև սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների նախադպրոցական կրթության ֆինանսավորումը, որը փուլային տրամաբանությամբ պլանավորված է: Տրամաբանությունը հետևյալն է՝ պետությունը պետք է աջակցի այն խմբերի կրթության կազմակերպմանը, որոնք կարող են ֆինանսական և սոցիալական դժվարություններ ունենալ այդ կրթության հասանելիության հետ կապված»,- ներկայացրել է Ժաննա Անդրեասյանը:
Բոլոր երեխաները, անկախ բնակության վայրից, պետք է ընդգրկվեն նախադպրոցական կրթության համակարգում
Որպես ոլորտի հիմնական խնդիր՝ ԿԳՄՍ նախարարը նշել է այն բնակավայրերը, որտեղ երեխաների փոքր թվով պայմանավորված՝ առանձին մանկապարտեզների հիմնումը ծախսարդյունավետ չէ. «Բոլոր երեխաների հետ այդ երեխաները նույնպես պետք է կրթության համակարգում ընդգրկվելու հնարավորություն ունենան: Որոշել ենք սկսել պիլոտային ծրագիր՝ մասնավորի հետ համագործակցությամբ նախադպրոցական ծառայություններ իրականացնելով: Այժմ մշակում ենք մոդելը, ըստ որի՝ նախատեսում ենք երեխաների թվով ֆինանսավորում հատկացնել, որպեսզի համապատասխան ցանկություն և նախաձեռնողական ունեցող անձինք կկարողանան կազմակերպել այդ ծառայության մատուցումը՝ հետևելով լիցենզավորման պայմաններին ու պահանջներին: Այս պահին աշխատում ենք լիցենզավորման պայմանների վերանայման ուղղությամբ»:
ՀԲ զեկույցի առաջարկներն ու եզրակացությունները համահունչ են ՀՀ կառավարության բարեփոխումներին
Ըստ Համաշխարհային բանկի նոր ուսումնասիրության՝ ավելի արդար հարկերն ու կրթության որակի և ուսումնառության վերջնարդյունքների ուղղությամբ ներդրումները կարող են օգնել Հայաստանին հասնել կրթական ու եկամտային կայուն զարգացման թիրախների ապահովմանը: Ըստ զեկույցի՝ Հայաստանը կարող է նշանակալի բարելավումներ կատարել՝ ընդլայնելով նախադպրոցական կրթության ծածկույթը, բարելավելով դասավանդման որակը, օպտիմալացնելով դպրոցների մեծությունը, ներդրում կատարելով միջին մասնագիտական կրթության ոլորտում և ավելացնելով հասցեական ֆինանսական օգնությունը ցածր եկամուտ ունեցող սովորողների բարձրագույն կրթության ուղղությամբ: Բացի դրանից՝ ուսումնական հաստատությունների կառավարման օպտիմալացումը և դպրոցների ֆինանսավորման մեխանիզմների վերանայումը, շեշտադրելով ուսումնառության վերջնարդյունքները, ըստ զեկույցի, չափազանց կարևոր է Հայաստանի ապագա աշխատուժի զարգացման համար:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, կարևորելով Համաշխարհային բանկի կողմից արված ուսումնասիրությունն ու վերջինիս օգտակարությունը, ընդգծել է՝ զեկույցում առկա առաջարկներն ու եզրակացությունները համահունչ են ՀՀ կառավարության՝ արդեն իսկ ամրագրված առաջնահերթություններին ու ներկայիս բարեփոխումների առանցքային ուղղություններին:
ՀԲ նոր զեկույցը վերաբերում է Հայաստանի հարկային համակարգի և կրթության ոլորտում պետական ծախսերի արդյունավետությանը, արդարացիությանն ու օպտիմալացմանը:
00:00 18.12.2024
SpaceX հրթիռը ուղեծիր է ուղարկել ԱՄՆ հետախուզական արբանյակների խումբFalcon 9-ը ուղեծիր է արձակել ԱՄՆ-ի Տիեզերական հետախուզության ազգային գրասենյակի (NRO) հետախուզական արբանյակների խումբ, հաղորդում է ավիափոխադրող նախագծող SpaceX ընկերությունը: Հրթիռն արձակվել է Կալիֆոռնիայում գտնվող ԱՄՆ Վանդենբերգ տիեզերական ուժերի բազայի SLC-4E արձակման հարթակից՝ ԱՄՆ Խաղաղօվկիանոսյան ափի ժամանակով 05:19-ին: Մոտ մեկ ժամ անց արբանյակները մտել են ուղեծիր։ NROL-149 առաքելության շրջանակներում այս տարի ուղեծիր է արձակվել օպտիկա-էլեկտրոնային […] ...
23:56 17.12.2024
Վաշինգտոնը հայտարարել է, որ դա կապ չունի գեներալ Կիրիլովի սպանության հետՎաշինգտոնը չգիտեր Ռուսաստանի զինված ուժերի ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության ուժերի ղեկավար, գեներալ-լեյտենանտ Իգոր Կիրիլովի վրա սպասվող հարձակման մասին և առնչություն չունի նրա սպանությանը, երեքշաբթի ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլերը։ «Միացյալ Նահանգները նախօրոք չգիտեր պայթյունի նախապատրաստման մասին և կապ չունի դրա հետ», – ասել է Միլերը ճեպազրույցում։ Երեքշաբթի առավոտյան Մոսկվայի Ռյազանսկի պողոտայի բնակելի […] ...
23:52 17.12.2024
Ինդոնեզիան հարկային արտոնություններ կտրամադրի էլեկտրոմոբիլների արտասահմանյան արտադրողներինԻնդոնեզիան հարկային արտոնություններ կտրամադրի արտասահմանյան ընկերություններին, որոնք պլանավորում են երկրում էլեկտրոմոբիլներ արտադրել, հայտարարել է երկրի արդյունաբերության նախարար Ագուս Գումիվանգ Կարտասասմիտան։ Հաջորդ տարվա սկզբին նրանք կազատվեն ներմուծման տուրքերից, իսկ շքեղության ապրանքների վաճառքի հարկի դրույքաչափը կսահմանվի 15 տոկոս, գրում է South China Morning Post-ը։ Հարկային արտոնություններ կստանան նաև չինական BYD-ը և Guangzhou Automobile Group-ը (GAC): Ինդոնեզիայի կառավարությունը […] ...
23:46 17.12.2024
Անապայում լցանավերի վթարից հետո մեկ օրում մոտ չորս տոննա նավթամթերք է հավաքվելՓրկարարներն ու կամավորները Անապայում մեկ օրում մոտ չորս տոննա մազութ են հավաքել Կերչի նեղուցի տարածքում լցանավերի վթարից հետո։ Այս մասին հաղորդվում է Անապայի վարչակազմի Telegram ալիքում։ Ավելի վաղ Կուբանի օպերատիվ շտաբը հայտնել էր, որ ափին հավաքվել է նաև մազութով աղտոտված ավելի քան 12 տոննա ավազ։ «Աշխատել են քաղաքային փրկարար ծառայության ուժերն ու ռեսուրսները, շրջանային Կուբան-ՍՊԱՍ […] ...
23:40 17.12.2024
ԱՄՆ-ին հաջողվել է Սիրիայում մինչև շաբաթվա վերջ երկարացնել թուրքամետ ուժերի և քրդերի միջև հրադադարըԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլերը երեքշաբթի օրը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները երկարաձգել է հրադադարը թուրքամետ ուժերի և քուրդ զինյալների միջև Սիրիայի հյուսիսում գտնվող Մանբիջ քաղաքի շրջանում մինչև շաբաթվա վերջ։ «Զինադադարը կտևի մինչև շաբաթվա վերջ, ակնհայտ է, որ մենք կփորձենք այնպես անել, որ զինադադարը հնարավորինս երկար տևի»,-ասել է Միլերը: Երեքշաբթի ավելի վաղ Սիրիայի հարցով ՄԱԿ-ի […] ...
23:32 17.12.2024
Հոլանդի գործակալը նոր ակումբ է ընտրել նրա համար«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդի գործակալ Ռաֆայելա Պիմենտան դիտարկում է ֆուտբոլիստի՝ ակումբից հեռանալու տարբերակը։ Այս մասին հայտնում է Defensa Central-ը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ նորվեգացու պայմանագիրը պարունակում է ազատման կետ, որն ուժի մեջ կմտնի 2025 թվականին։ Մադրիդի «Ռեալը» հետևում է իրավիճակին և դիտարկում է հարձակվողին գնելու տարբերակը։ Նշվում է, որ խաղացողի գործակալը շատ է ցանկանում, որ ֆուտբոլիստը […] ...