15:55 03.12.2024
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եզրափակիչ ելույթ է ունեցել «ՀՀ 2025 թվականի պետական բյուջեի մասին» օրինագծի քննարկմանը:
«Շնորհակալ եմ ՀՀ պետական բյուջեի շահագրգիռ և հետաքրքիր քննարկումների համար: Եվ ուզում եմ բյուջեին մի այլ տեսակետից կրկին նայել, որի առաջարկն արել եմ նաև հանձնաժողովների մակարդակում քննարկումների ժամանակ:
Ըստ էության, գաղափարը հետևյալն է, որ մենք պետական բյուջեն քննարկելիս ևս մեկ անգամ արձանագրենք, որ բյուջեն պետականության, ինքնիշխանության շատ կարևոր հատկանիշ է: Չեմ հոգնի կրկնել՝ բերելով հետևյալ զուգահեռը և համեմատությունը: Կառավարությունը բաղկացած է 14 անդամից: Ինչո՞վ են ՀՀ Կառավարության անդամ հանդիսացող 14 անդամները տարբերվում ՀՀ քաղաքացի հանդիսացող ուրիշ ցանկացած 14 մարդուց, որովհետև Հայաստանում կարելի է տասնյակ հազարավոր 14 հոգանոց ցուցակ կազմել:
Կառավարությունը տարբերվում է մյուս 14 անձանցից միայն մի բանով, որ այդ 14 անձինք կառավարում են երկրում ամենամեծ ֆինանսական ռեսուրսները և ամենամեծ ֆինանսական միջոցը, որը ՀՀ-ի պետական բյուջեն է: Եվ ես կուզենայի, որ մենք պետական բյուջեին հենց այս տրամաբանությամբ նայենք:
Իհարկե, խոսքիս վերջում կփորձեմ նաև հակառակ տրամաբանության մեջ նայել, որովհետև, այո պետություն, պետականություն, անկախություն, ինքնիշխանություն ասելով՝ առաջիններից մեկը պետք է հասկանալ պետական բյուջե, բայց նաև պետական բյուջեն մեզնից յուրաքանչյուրի ընտանեկան բյուջեի անբաժանելի մաս է: Ուզում եմ դարձյալ կրկնել, որ ՀՀ-ում չկա նույնիսկ մի մարդ, որի անձնական կարիքների համար ՀՀ պետական բյուջեից միջոցներ չեն ծախսվում: Բացարձակապես չկա այդպիսի մարդ, ՀՀ-ում չկա մի մարդ, ընդ որում՝ ՀՀ ոչ միայն քաղաքացի և բնակվող, այլև ՀՀ քաղաքացի չհանդիսացող և ՀՀ-ում բնակվող գեթ մի մարդ չկա, ում անձնական կարիքները հոգալու համար ՀՀ պետական բյուջեից չի ծախսվում կոնկրետ գումար: Հետևաբար, ՀՀ պետական բյուջեն ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու ընտանեկան բյուջեի անբաժանելի մաս է: Եվ, հետևաբար, մենք բոլորս պետք է այս ընկալումն ավելի ու ավելի խորացնենք, որ ՀՀ պետական բյուջեն նաև մյուս կողմից մեր բոլորիս հավաքական ընտանեկան բյուջեն է, և սա պետության և պետականության կարևորագույն ատրիբուտ և հատկանիշ է:
Այս համատեքստում, ես ուզում եմ որոշ տպավորություններ և մտքեր կիսել ձեզ հետ, որը կարող է թվալ, թե կապ չունի պետական բյուջեի հետ, բայց իմ կարծիքով՝ շատ ուղիղ կապ ունի, առնվազն՝ պետության և պետականության հետ: Ես բազմիցս եմ այս հարցը առաջադրել և նաև հրապարակային խոսել եմ այդ մասին, որ շատ կարևոր է մեզ համար, մանավանդ մեր առաջադրած խնդրի համատեքստում, ազգային անվտանգության ռազմավարական խնդրի համատեքստում, ո՞րն է ՀՀ պետականության հարատևությունը, շատ կարևոր է մեզ համար, որպեսզի մենք ընկալենք, թե ինչպես է աշխարհն ընկալում մեզ: Սա կարող է թվալ շատ պարզ հարց, բայց ինքն ունի շատ կարևոր շերտեր և նրբություններ:
Երբ վերջերս փորձում էի ամփոփել վերջին 6,5 տարվա ընթացքում իմ ունեցած տպավորությունները, ես գալիս եմ մի հետևյալ անխուսափելի եզրակացության. մեր միջին վիճակագրական իմիջն աշխարհում կարելի է ձևակերպել հետևյալ կերպ՝ աշխարհը մեզ ընկալում է որպես ազգ-նահատակ: Եվ սա իմ ստացած հիմնավոր տպավորությունների, շատ եմ մտածել այդ մասին, արգասիքն է: Եվ, ընդհանուր առմամբ, այն ուղերձը, որ մենք ուզում ենք հղել աշխարհին, հետևյալն է, որ մեր Կառավարության մեծագույն առաքելությունը մենք համարում ենք այն, որ մենք ազգ-նահատակ լինելու կարգավիճակը հաղթահարենք: Ընդհանրապես պիտի ասեմ, որ մեր իրականության մեջ այս օրակարգը նոր չէ՝ անկախ նրանից ինչքան է դա ձևակերպված եղել և ինչքան ձևակերպված չի եղել: Եվ մեր միջին վիճակագրական արձագանքն այս իրադրությանը եղել է և ինչ-որ առումով որոշ ժամանակ շարունակում է, շարունակել է մնալ հետևյալը, որ ազգ-նահատակ բանաձևը հաղթահարելու լավագույն ձևն ազգ-բանակն է: Բայց պիտի նաև արձանագրեմ, որ համոզված չեմ առնվազն, որ սա առաջին բանաձևի ճիշտ արձագանքն է, որովհետև իմ մտորումները և մտածումները բերում են այն եզրակացության, որ ազգ բանակն ազգ-նահատակ բանաձևի տրամաբանության և շարունակության մեջ է:
Մենք ընդհանրապես շատ ենք խոսել և շարունակում ենք խոսել այն մասին, թե ինչպիսին պետք լինի բանակի կամ ազգ-բանակի, կամ պետության-բանակի մեր ընկալումը, բայց էլի ուզում եմ ընդգծել, որ ազգ-բանակ ընկալումը ազգ-նահատակ ընկալման շարունակությունն է և բխում է նրանից, որովհետև եթե դու դիրքավորվում ես որպես ազգ-բանակ, անխուսափելիորեն քո դեմ գեներացնում ես այլ բանակներ:
Մենք շատ խոսում ենք նրա մասին, որ մենք պետք է ունենանք ուժեղ բանակ, և սա ճիշտ օրակարգ է, և մենք պետք է շարունակենք այս օրակարգի իրագործումը: Բայց նորից ուզում եմ մենք մեզ հարց տանք՝ իսկ մենք ինչքա՞ն և ո՞ւմից ուժեղ բանակ ենք ուզում ունենալ, որովհետև ինչպես այս ամբիոնից առիթ ունեցել եմ ասելու, պիտի այս հարցում մենք շատ հստակ կողմնորոշվենք և ուղիղ և անկեղծ ուղերձներ փոխանակենք ու կիսենք մեր ժողովրդի հետ:
Ուժեղ ո՞ւմից: Ես չեմ ուզում հիմա կոնկրետ երկրների օրինակներ բերել, բայց այդ հարցին մենք պետք է պատասխանենք, իսկ քանի՞ համադրված բանակներից մենք պետք է ավելի ուժեղ լինենք: Լավ, մենք կարող ենք խնդիր դնել, որ կարող ենք և պիտի ունենանք մի երկրի բանակից ավելի ուժեղ բանակ, իսկ եթե երկու երկրների հետ է մեր խնդիրը, շատ լավ, կարող ենք խնդիր դնել, որ երկու երկրների, այդպես կոչված՝ թշնամի երկրների բանակներից ավելի ուժեղ բանակ ունենանք: Շատ լավ, իսկ եթե պարզվի, որ երեք երկրի հետ է մեր խնդիրը, իսկ եթե պարզվի, որ չորս երկրի հետ է մեր խնդիրը, իսկ եթե պարզվի, որ հինգ երկրի հետ է մեր խնդիրը, իսկ եթե պարզվի մեր խնդիրը ոչ միայն մեր թշնամիների հետ է, այլ նաև մեր բարեկամների հետ է, մենք ումի՞ց ինչքա՞ն ուժեղ բանակ պետք է ունենանք: Այսինքն՝ սա մի խնդիր է, որին մենք պետք է արձագանքենք և պետք է պատասխանենք, բայց ես ինչի՞ համար եմ սա ասում, ես սա ասում եմ, այդ թվում՝ վերլուծելով մեր մոտեցումները, այդ թվում՝ մեր սխալները, որոնց ես ավելի ուշ կանդրադառնամ, բայց ես չեմ ուզում մենք փակուղի մտնենք, ես ուզում եմ նաև լուծում առաջարկել:
Ես ասում եմ, որ ազգ-նահատակ, ազգ-բանակ բանաձևերը հաղթահարելու համար մեզ պետք է որդեգրել մեկ այլ՝ բոլորովին ուրիշ տրամաբանություն, պարզապես պետության տրամաբանությունը, որը գործում է միայն ու միայն, բացառապես սեփական շահերին համապատասխան: Այսինքն՝ պետությունն ունի կոնկրետ տարածք, պատասխանատվության կոնկրետ գոտի, միջազգայնորեն ճանաչված կոնկրետ տարածք և գործում է միայն ու միայն այդ տարածքի, միայն ու միայն, հասկանո՞ւմ եք, միայն ու միայն, այդ սեփական պատասխանատվության տարածքի շահերին համապատասխան:
Իսկ որո՞նք են այդ շահերը. նախկինում ես սրան անդրադառնալու առիթ ունեցել եմ՝ կիսելու համար իմ համոզմունքը, որ այդ շահը տնտեսական զարգացումն է կամ զարգացումը: Հետևաբար, Հայաստանի Հանրապետությունը պետք է գործի միայն ու միայն սեփական տնտեսական զարգացման շահերին համապատասխան, որն, իմիջիայլոց պարզ թեմա չէ, տասնյակ շերտեր ունի՝ արտաքին քաղաքական, ներքաղաքական, աշխարհաքաղաքական, սոցիալ-տնտեսական և այլն, որովհետև ինչո՞ւ եմ սա ասում, որովհետև եթե ոմանց կթվա այս հարցը ես պրիմիտիվացնում եմ, ընդհակառակը, ես հարցն ավելի բարդացնում եմ, որովհետև սա շատ բարդ մոտեցում է, և երկրորդը՝ պետք է պետությունն ինքն իրեն սահմանափակի միջազգային հարաբերությունների հռչակված և ընդունված կանոններով և օրենքներով:
Ես սա ասում եմ, հատկապես հիմա, երբ թվում է, թե միջազգային հաստատված բոլոր օրենքները և կանոններն ամեն տեղ ոտնահարում են, ով, որտեղ և ինչպես ուզի: Մենք շատ ենք խոսում այն մասին, որ մենք մեր պրոբլեմներին պետք է ասիմետրիկ ռեակցիա տանք: Իմ կարծիքով՝ հենց սա է ասիմետրիկ ռեակցիան, երբ բոլորը բոլոր հնարավոր տեղերում խախտում են միջազգային հարաբերությունների ընդունված կանոնները, մենք պետք է դիրքավորվենք՝ որպես մի պետություն, որն ինքն իրեն հռչակում է և ինքն իրեն սահմանափակում է միջազգային հանրահռչակված, ընդունված կանոններով գործելուն համապատասխան:
Բայց ես չեմ ուզում այստեղ միտքը կիսատ թողնել և ուզում եմ վերադառնալ բանակին: Այս պայմանների առկայությամբ է, որ բանակը, մեր մտածած ուժեղ և մարտունակ բանակը կարող է լինել էֆեկտիվ: Սա նշանակում է՝ ստեղծել անվտանգային մի համակարգ, որի, ինչպես ասել եմ, առաջին գծում բանակը չէ: Բանակից առաջ կան բուֆերներ, որո՞նք են այդ բուֆերները, օրինակ՝ տնտեսական փոխկախվածությունները, որից առաջ կա ուրիշ բուֆեր, ո՞րն է այդ բուֆերը՝ միջազգային կանոնները, որի ոտնահարումներից այսօր բողոքում են բոլորը և ամենուր, բայց եթե բոլորը և ամենուր բողոքում են դրա ոտնահարումներից, նշանակում է՝ այդ կանոններին հավատարիմ լինելը, այդ հավատարիմ պահպանելը դրական գործելակերպ է, և այդ դրական գործելակերպը ձևավորում է ևս մի բուֆեր բանակից առաջ, հիշում եք, ես խոսում էի մեր այն զինվորից առաջ, որի ուսերին մենք ինչ բեռ ասես դնում ենք:
Եվ այս պայմաններում է, որ ուժեղ բանակ ունենալու օրակարգը կարող է լինել լեգիտիմ, ուժեղ բանակ ունենալու օրակարգը կարող է լինել արդարացված և ուժեղ բանակ ունենալու օրակարգը կարող է ապահովել անվտանգություն անվտանգության շղթայի մեջ որպես մի և հերթական օղակ:
Ընդհանրապես, այս դահլիճում և մեր հասարակության մեջ արդարացիորեն շատ է քննարկվում արտագաղթի թեման: Կարծում եմ, որ մենք այս հարցով էլ պետք է առերեսվենք մի շատ պարզ ճշմարտության: Գիտեք, 90-ականների սկզբից մենք անընդհատ խոսում ենք՝ արտագաղթ, արտագաղթ, արտագաղթ և արտագաղթի համար բերում ենք ամենատարբեր պատճառներ՝ սկսած անարդարություններից, վերջացրած սոցիալական անարդարությունները, իրավական անարդարությունները, ենթակառուցվածքների վատ վիճակը, բիզնես միջավայրը և այդպես շարունակ, և բոլորը ճշմարիտ են: Բայց նաև թույլ տվեք կիսել ձեզ հետ իմ տպավորությունը, որ մինչև հիմա մեր թվարկած պատճառները, բոլորը լինելով ճշմարիտ, որոնց մասին ընդունված է հրապարակայնորեն խոսել, և ոչ մի սահմանափակում չկա, այդ բոլորը, այո, պատճառներ են, բայց դրանք պատճառների 10, 15, մաքսիմում՝ 20 տոկոսն են:
Հարգելի ներկաներ,
Սիրելի ժողովուրդ,
Եկեք խոստովանենք ի վերջո, որ արտագաղթի պատճառներն 90 տոկոսով կապված են մեր վարած տարածաշրջանային քաղաքականության հետ: Արտագաղթի առաջին, երկրորդ, երրորդ, չորրորդ, հինգերորդ, վեցերորդ, յոթերորդ, ութերորդ, իններորդ, տասներորդ և տասնմեկերորդ պատճառները մեր կոնֆլիկտային հարաբերություններն են մեր միջավայրի հետ: Այո, տասներկուսը կարող է լինել սոցիալական բարդությունը, բայց եկեք ասենք, որ այդ սոցիալական բարդությունների մի մեծ մասը կապված է կոնֆլիկտային միջավայրի հետ, տասներեքերորդը կարող է լինել արդարության պակասը: Բայց եկեք խոստովանենք, որ այդ արդարության պակասը նույնպես որոշ տեղերում և որոշակի չափով կապված է կոնֆլիկտային միջավայրի հետ, որովհետև դրա մասին խոսելն ընդունված չէ:
Մենք չենք խոսել այդ կոնֆլիկտային միջավայրում իրենց վրա շատ մեծ պատասխանատվություն վերցրած մարդկանց ներհասարակական, ներհայաստանյան պահվածքի, կարգավիճակի, քաղաքացիական կարգավիճակի մասին: Չենք խոսել դրա մասին: Օբյեկտիվորեն: Ես ուզում եմ ճիշտ հասկանաք, ես հիմա չեմ թիրախավորում ոչ մեկին: Բայց մենք պետք է իրար աչքերի մեջ նայենք և ասենք, որ, այո, այդ մեր հարգարժան… Ես նախորդ նիստում անդրադարձա, երբ մեր գործընկերներն ասում էին, թե հերոսներին վարկաբեկում էիք: Ես էլ ասում էի՝ ո՞ր հերոսներին, որ ավտոմատով մտնում էին, ասում էին՝ գնա այստեղից, սա այլևս քոնը չէ:
Մենք պետք է խոստովանենք, թե այս իրադրության պատճառով Հայաստանի Հանրապետության քանի քաղաքացի է թողել գնացել՝ ասելով, որ այս երկրում արդարություն չկա, այս երկրում ապագա չկա և այլն: Ես կարծում եմ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքական մտավոր էլիտայի ամենաշատ մեջբերվող վերնագիրն առնվազն Հովհաննես Թումանյանի հոդվածն է, որը վերնագրված է «Անկեղծ չեք»:
30 տարի, ով ինչ ասի, ինչ խոսի, մի «իքս» պահի գալիս ենք, ասում ենք՝ գիտե՞ք Հովհաննես Թումանյանը ժամանակին ի՞նչ է գրել. գրել է, որ մենք անկեղծ չենք և շարունակում ենք անկեղծ չլինել: Ես էլ միանամ այդ հոծ քաղաքական, մշակութային և մտավորական բանակին՝ ասելով, հղում անելով Հովհաննես Թումանյանի «Անկեղծ չենք» հոդվածին: Բայց ես նաև պիտի անկեղծ լինեմ ինչքան վերնագիրը մեջբերելուց առաջ, այնքան էլ վերնագիրը մեջբերելուց հետո:
Ընդդիմության հարգարժան մեր գործընկերները ժամանակ առ ժամանակ այս դահլիճում, դահլիճից դուրս, սոցիալական ցանցերում անընդհատ վերադառնում են իմ այդ հայտնի նախադասությանը՝ «Արցախը Հայաստան է և վերջ», և անընդհատ բերում են հարթակ: Ես այսօր պետք է դրան անդրադառնամ: 2018 թվական կամ 2017 թվական, կամ 2016 թվական, Ղարաբաղն ի՞նչ է, Ղարաբաղն անկախ պետությո՞ւն է, չէ, որովհետև անկախ պետությունն ունի իր ատրիբուտը: Մինչև հիմա մեր բարեկամներն էլ, ոչ բարեկամներն էլ ասում են՝ եթե այդպես է՝ ճանաչեիք:
Ընդ որում, որ մեզ վերագրվում է դավաճանական բան, դրանից առաջ ես պատգամավոր եմ եղել, այս դահլիճում ընդդիմության կողմից մի քանի անգամ նախաձեռնություններ է եղել, որ ճանաչենք: Մենք ասել ենք՝ չէ, Ղարաբաղն անկախ պետություն չէ: Շատ լավ, Ղարաբաղն Ադրբեջա՞ն է, չէ, Ղարաբաղն Ադրբեջան չէ, որովհետև ով ասեր, որ Ղարաբաղն Ադրբեջան է՝ պարզ է, թե ինչ բանի կարձագանքեր: Ղարաբաղը Հայաստա՞ն է, չէ, Ղարաբաղը Հայաստան չէ:
Լավ, ժողովուրդ, Ղարաբաղն անկախ չէ, Հայաստան չէ, Ադրբեջան չէ, ի՞նչ է: Իսկ ի՞նչ է Ղարաբաղը: Ինչո՞վ է սա կարևոր, սա կարևոր է հետևյալ տրամաբանությամբ: Հարգելի գործընկերներ, որևէ մեկը կարող է հղի լինել 9 ամիս, մաքսիմում 9 ամիս անց պետք է մի բան տեղի ունենա, պետք է կամ ծնվի երեխան կամ պետք է չծնվի՝ մեծ հավանականությամբ կրողի մահը պատճառելով, կամ սրանից բխող, կամ կեսարյան հատումով պետք է ծնվի, կամ բնական ճանապարհով պետք է ծնվի, կամ կենդանածին պետք է լինի, կամ մեռելածին պետք է լինի, կամ տղա պետք է լինի, կամ աղջիկ պետք է լինի:
Խնդիրը հետևյալն է, պատահական չէ, որ տասնյակ անգամ այս ամբիոնից Սերժ Սարգսյանի 2018 թվականի ապրիլյան խոսքերն եմ մեջբերել: Այն բանը, որ մենք այս հղիությունը պետք է ևս 9 ամսով երկարացնենք, դա, կներեք, աբսուրդ մոտեցում է: Եվ այնուամենայնիվ, շատ կարևոր է արձանագրել մի հարցի, այնուամենայնիվ, այն ինչ տեղի է ունեցել ի՞նչ է, տեղի ունեցածը ի՞նչ է և ի՞նչ է նշանակում, ինչքանո՞վ է ճիշտ և ինչքանո՞վ է սխալ:
Վերջերս բոլորովին ուրիշ առիթով արձանագրեցի, որ այս վերջին առնվազն 4 տարում ամեն օր ինքս ինձ հարցեր եմ տվել և այդ հարցերին փորձել եմ պատասխանել: Եվ ես ուզում եմ ինչ-որ առումով այդ պատասխանի մի հատվածը կիսել նախ խորհրդարանի և հանրության հետ: Այնուամենայնիվ, ի՞նչ է տեղի ունեցել 2019 թվականին և ինչքանով է դա ճիշտ, և ընդհանրապես այն քաղաքականությունը, որ մենք վարել ենք կամ լավ, որը ես վարել եմ, ինչքանո՞վ է ճիշտ եղել այդ քաղաքականությունը և ինչքանով սխալ: Ես ուզում եմ ձեզ էլի իմ տպավորությունն ասել՝ հասկանալիորեն չհավակնելով բացարձակ ճշմարտություններ կրողի դերին:
Եթե մեր քաղաքականությունը գնահատում ենք Լեռնային Ղարաբաղի հարցը կամ ինչպես ես պատկերավոր ասացի՝ այդ իրավիճակը, կամ մեր պայմանական հղիությունը ևս 9 ամիս ձգելու տրամաբանությամբ, ապա մեր վարած քաղաքականությունը կարելի է համարել սխալ: Եթե մոռանանք, որ խնդրի ձևակերպումն ի սկզբանե արդեն սխալ էր։
Եթե հարցը ձևակերպում ենք պետությունը պահելու, շանս ստանալու առումով, ես պետք է ասեմ, որ այն քաղաքականությունը, որ մենք վարել ենք և վարում ենք, ոչ թե ճիշտ է կամ սխալ է, այլ միակ հնարավոր տարբերակն էր և միակ հնարավոր տարբերակն է այսօր, որ մեզ պետություն ունենալու շանս է տալիս։ Կրկին ուզում եմ բառերը ճիշտ գնահատենք, ես ասում եմ պետություն ունենալու շանս է տալիս, հետևաբար շատ բան կախված է նրանից, թե մենք ինչպես կօգտագործենք այդ շանսը և հնարավորությունը։
Եթե չեմ սխալվում, երկու տարի առաջ այս ամբիոնից հայտարարել եմ, ասել եմ՝ եթե մեզ հաջողվի մեկ-երկու տարի պահել մեր պետականությունը, դա նշանակում է, որ մենք առաջիկա հարյուրամյակում պետություն ունենալու իրական հնարավորություն ենք ստեղծել և ստեղծում։ Ահա երկու տարի անց ես կանգնած եմ Հայաստանի Հանրապետության խորհրդարանի ամբիոնին՝ որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ։ Պետք է այսպիսով արձանագրեմ, որ միջնաժամկետում մեր դարավոր և ռազմավարական խնդիրը լուծված է, բայց մեզ չի կարելի ոչ մի վայրկյան թուլացնել մեր զգոնությունը, որովհետև այն մարտահրավերները, որոնք մենք ունեինք երկու տարի առաջ, այդ մարտահրավերների մի մասը, մի զգալի մասը դարձել են էականորեն ավելի կառավարելի։ Բայց նաև ի հայտ են եկել նոր մարտահրավերներ, որոնք որոշակիորեն կառավարելու համար անհրաժեշտ է, որ մենք հաղթահարենք ազգ-նահատակ, ազգ-բանակ բանաձևերը և ավելի ու ավելի ամուր կանգնենք՝ պարզապես պետություն, ուղղակի պետություն, որի միակ խնդիրը սեփական տարածքում, սեփական քաղաքացիների անվտանգությունը և բարեկեցությունն ապահովելն է։
Մեզ պետք է ամուր կանգնել այդ հիմքերի վրա, այս տեսլականի, այս հայեցակարգի վրա և քայլ-քայլ, զգուշորեն, ինքներս մեզ հաշիվ տալով, որ դեռևս շարունակում ենք քայլել ականապատ դաշտի միջով, կարողանանք հաղթահարել այս ականապատ դաշտը և միջավայրը ու հասնել այն հանգրվանին, որը հնարավորություն կտա ասել, որ մենք, ահա երաշխավորեցինք մեր պետության լինելիությունն առաջիկա հարյուրամյակի ընթացքում։ Ես չեմ ուզում տպավորություն ստեղծվի, թե հերթական տեսլականն եմ ձևավորում ապագա սերունդների համար։
Ազգային ժողովի հարգելի նախագահ,
Հարգելի փոխնախագահ,
Կառավարության հարգելի անդամներ,
Ազգային ժողովի հարգելի պատգամավորներ,
Սիրելի ժողովուրդ,
Ես համոզված եմ, որ հենց մենք ենք այն Կառավարությունը, հենց մենք ենք այն խորհրդարանը, հենց մենք ենք այն ժամանակը, որը հնարավորություն է ունենալու ասելու՝ ահա մենք երաշխավորեցինք Հայաստանի պետականության գոյությունն առաջիկա հարյուրամյակի ընթացքում։
Շնորհակալ եմ և խնդրում եմ բոլորիդ, կողմ քվեարկել 2025թ պետական բյուջեին»,-ասել է Փաշինյանը։
12:03 04.12.2024
Reuters. Կիևը զիջումների կգնա Մոսկվային Թրամփի ծրագրով10:15 04.12.2024
Տարադրամի փոխարժեքները դեկտեմբերի 4-ին09:36 04.12.2024
Մասկը կարծում է, որ ԱՄՆ-ը շուտով կսնանկանա19:35 03.12.2024
Ամերիկյան զինուժը ավիահարվածներ է հասցրել Սիրիայի արևելքում․ SANA19:18 03.12.2024
Լիբանանի հետ պատերազմն ավարտված չէ․ Նեթանյահու19:10 03.12.2024
Ինչ է հայտնի Հարավային Կորեայում ռազմական դրություն մտցնելու մասին18:45 03.12.2024
Ջեյհուն Բայրամովը հանդիպել է իրանցի գործընկերոջ հետ17:38 03.12.2024
ՆԳ նախարարությունը հայտարարում է մրցույթ11:49 04.12.2024
Հիմնանորոգվում է Երևան-Էջմիածին հատվածում գոյություն ունեցող թունելային տեղամասըՀիմնանորոգվում է Մ-5, Երևան-Արմավիր-ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի վրա՝ Երևան-Էջմիածին հատվածում գոյություն ունեցող թունելային տեղամասը (մոտ 650մ)։ Կատարվում է պատերի ամրացում, փոխվել են մայթերի եզրաքարերը, հեղեղատար խողովակները՝ ապահովելու համար ջրահեռացման համակարգի անխափան աշխատանքը։ Թունելի երթևեկելի մասում տեղադրվում է ավազակոպճային շերտը, այնուհետև կտեղադրվի խճային հիմք և երկշերտ ասֆալտբետոնե ծածկ։ Շինարարությունը կատարում է «Եվրոբուդ Պլյուս» ՍՊԸ-ն։ Նույն […] ...
11:44 04.12.2024
Համայնքային ոստիկանները թմրանյութ պահելու հերթական դեպքերն են բացահայտելՀամայնքային ոստիկանության Արտաշատի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Ոստան բնակավայրի 60-ամյա բնակիչը տնակում պահում և օգտագործում է թմրանյութ: Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում նոյեմբերի 22-ին կատարված զննությամբ նշված տնակում հայտնաբերվել է կանեփանման զանգված: Ոստանցի տղամարդը հայտնել է, որ զանգվածը թմրանյութ է՝ անձնական օգտագործման համար: Համայնքային ոստիկանները նույնաբովանդակ տեղեկություն էին ստացել նաև Արտաշատ քաղաքի բնակիչ 33-ամյա […] ...
11:40 04.12.2024
Ազգային ժողովն ընդունեց 2025 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագիծըԱզգային ժողովն ընդունեց Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախագիծն ընդունվեց 66 կողմ, 30 դեմ ձայներով: Խորհրդարանին ներկայացված նախնական տարբերակից հետո բյուջեի մասին օրենքի նախագիծը վերանայվել էր, կատարվել էին եկամուտների, ծախսերի որոշ փոփոխություններ:2025 թվականի պետական բյուջեի նախագծի հիմքում դրված է 5.1 տոկոս տնտեսական աճի կանխատեսում: Պետական բյուջեի եկամուտները պլանավորված են […] ...
11:35 04.12.2024
Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության ոսկե մեդալակիրներ, ժամկետային զինծառայողներ Սուրեն Աղաջանյանի և Գասպար Տերտերյանի հաջողության բանաձևըԸմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության ոսկե մեդալակիրներ, ժամկետային զինծառայողներ Սուրեն Աղաջանյանի և Գասպար Տերտերյանի հաջողության բանաձևը․ ՀՀ պաշտպանության նախարարությունն այս մասին պատմող տեսանյութ է հրապարակել։ ...
11:30 04.12.2024
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ին անհրաժեշտ են «Դ» կարգի վարորդական իրավունք ունեցող վարորդներ«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ին անհրաժեշտ են «Դ» կարգի վարորդական իրավունք ունեցող վարորդներ՝ շարժակազմերը համալրելու համար։ Հարկված (մաքուր) աշխատավարձերը՝ «ՄԱՆ» – 401 500 ՀՀ դրամ, «Ժոնգ Տոնգ» – 309 500 ՀՀ դրամ, «Գազել Սիթի» – 219 500 ՀՀ դրամ։ Աշխատանքային պայմաններին ծանոթանալու համար՝ դիմել «Երևանի ավտոբուս» ՓԲԸ, ք. Երևան, Թևոսյան 9 հասցեով՝ աշխատանքային օրերին, ժամը, 10:00 – […] ...
11:26 04.12.2024
Բերբոքը չի բացառել Ուկրաինա գերմանական խաղաղապահ ուժեր ուղարկելըԳերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը չի բացառել, որ զինադադարի դեպքում գերմանական խաղաղապահ ուժեր կուղարկվեն Ուկրաինա։ Այս մասին հայտնում է DPA գործակալությունը ՝ հղում անելով նախարարի հայտարարությունները Բրյուսելում ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հանդիպման ժամանակ։ Ըստ Բերբոքի՝ գերմանացի զինվորները կարող են օգտակար լինել խաղաղության ապահովման համար։ Նախարարը նաև կարծում է, որ ՆԱՏՕ-ին անդամակցության տեսքով անվտանգության երաշխիքների հետ մեկտեղ […] ...