Մայր Աթոռում կատարվեց միասնական աղոթք գերեվարված հայորդիների ազատության համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 04 2025
  • $
    391.16
  • RUBLE
    4.65
  • 422.18
WEATHER
+19.09 oC

Մայր Աթոռում կատարվեց միասնական աղոթք գերեվարված հայորդիների ազատության համար

17:14 10.11.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Նոյեմբերի 10-ին Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Աﬔնայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ Միածնաէջ Մայր Տաճարում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ։ Պատարագիչն էր Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը:

Սրբազան արարողությանը ներկա էին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը, ԱՀ իշխանության ներկայացուցիչներ, Բաքվի բանտում ապօրինի պահվող հայ պատանդների ու գերիների ընտանիքների անդամներ։

Սուրբ Պատարագի ավարտին, նախագահությամբ Վեհափառ Հայրապետի, կատարվեց միասնական աղոթք, որը Նորին Սրբության տնօրինությամբ նույն օրը տեղի կունենա նաև Հայաստանի և սփյուռքի թեմերի բոլոր եկեղեցիներում։

Այս առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր հայրապետական ուղերձը հղեց համայն հայ ժողովրդին։

Այնուհետև Հայոց Հովվապետը, Մայր Աթոռի միաբաններն ու ներկա հավատացյալ ժողովուրդը աղոթք վերառաքեցին առ Աստված բռնի տեղահանված արցախահայերի իրավունքների պաշտպանության, մասնավորապես գերեվարված հայորդիների ազատության համար։

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՒՂԵՐՁԸ
ԳԵՐԵՎԱՐՎԱԾ ՀԱՅՈՐԴԻՆԵՐԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՂՈԹՔԻ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆԸ

Սիրելի հավատավոր ժողովուրդ,
Այս պահին համախմբվել ենք այս սուրբ Տաճարի օրհնյալ կամարների ներքո միասնաբար աղոթելու Արցախից բռնի տեղահանված և գաղթական դարձած մեր քույրերի ու եղբայրների և նրանց իրավունքների վերականգնման, հատկապես գերեվարված հայորդիների ազատության և իրենց ընտանիքներ վերադարձի համար։ Մեր հայցն է, որ Երկնավոր Տերը զորացնի հայրենազուրկ ու տնազուրկ դարձած արցախցիներին, նվաստացումների ենթարկվող, ցավ ու տառապանք կրող մեր գերյալ զավակներին ու նրանց հարազատներին, որոնք նույնպես աղոթակից են մեզ Միածնաէջ այս սուրբ տաճարում։

Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով բռնազավթվեց և հայաթափվեց Արցախը, ավելի քան հարյուր քսան հազար հայեր բռնությամբ տեղահանվեցին իրենց հինավուրց բնօրրանից, զավթվեցին Հայաստանի Հանրապետության ինքնիշխան սահմանամերձ տարածքներ, պղծման ու ոչնչացման են ենթարկվում Արցախի հայկական հոգևոր-մշակութային ժառանգությունը, հայկական գյուղեր, գերեզմանատներ ու հուշակոթողներ։

Այսօր միասնական մեր աղոթքը հնչեցնում ենք որպես կոչ արդարության ու արդարադատության՝ ընդդեմ մարդկության հանդեպ կատարվող ոճրագործությունների, ընդդեմ արցախահայության նկատմամբ իրականացված ցեղասպան գործողությունների, այլև ընդդեմ Արցախի հոգևոր-մշակութային արժեքների բարբարոսական ոչնչացման և Բաքվի բանտերում անօրինաբար արգելափակված մեր զավակների։ Արդի աշխարհում, ուր մեծապես կարևորվում է մարդկային ազատությունների ու իրավունքների գերակայությունը, անհանդուրժելի են նման երևույթները և պետք է արժանանան խստագույն դատապարտման։

Վաղը Ադրբեջանի մայրաքաղաքում նախատեսվում է անցկացնել ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի մասնակիցների գագաթնաժողովի 29-րդ նստաշրջանը։ Հավատում ենք, որ Միավորված ազգերի կազմակերպության առաքելության հիմքում դրված մարդկային կյանքի և արժանապատվության պաշտպանության, արդարադատության գործադրման անփոփոխելի ու անզիջելի արժեքները ազդու միջոցներով պիտի իրենց արտահայտությունը գտնեն նաև մեր գերյալ զավակների ազատ արձակման և արցախահայության իրավունքների պաշտպանության գործում։ Այս առումով Մենք պաշտոնապես դիմել ենք ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար տիար Անտոնիու Գուտեռեշին, որպեսզի ՄԱԿ-ի բարձր ատյանից զորակցություն ցուցաբերվի գերյալների հրատապ ազատ արձակման կարևոր գործին։

Սիրելիներ, այսօր խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ են ընթանում Հայաստանի և հայ ժողովրդի դեմ Ադրբեջանի շարունակական պարտադրանքների ու սպառնալիքների ներքո։ Սակայն քաջ հայտնի է՝ խաղաղությունը հարատև և հաստատուն է, երբ կառուցվում է արդարության և ճշմարտության ամուր հիմքերի վրա։ Այդպիսի խաղաղությունն է, որ բարի արգասիքներ է բերում մարդկության կյանքում, կանխարգելում ազգամիջյան ատելությունն ու թշնամանքը և դրանցից բխող աղետներն ու արհավիրքները։ Աստվածաշնորհ ազատության, խաղաղության ու արդարության համընդհանուր ձգտումով է, որ աշխարհում կլռեն ռազմի ձայները, ցավի ու տառապանքի փոխարեն կսփռվեն սերն ու բարիքը։ Լիահույս ենք, որ Միջազգային մարդասիրական իրավունքի ընդհանուր դրույթներին հավատարիմ միջազգային հանրության և իրավապաշտպան կառույցների կողմից քայլեր կձեռնարկվեն արցախահայության բնականոն կյանքի վերականգնման համար իրենց հայրենի բնօրրանում։ Հիրավի, ճշմարտության ու արդարության հաստատումով է, որ պիտի ամրապնդվի խաղաղ գոյակցության ու համագործակցության ոգին՝ ի խնդիր հասարակությունների և ժողովուրդների առաջընթացի ու լուսավոր գալիքի։ «Արդարության պտուղը խաղաղությամբ է սերմանվում»,- ուսուցանում է Սուրբ Գիրքը (Հակ. 3.18):

Սիրելիներ, գոհունակությամբ ցանկանում ենք անդրադառնալ, որ այսօր Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի և միջեկեղեցական կառույցների ջանքերով աշխարհի տարբեր կողմերում քրիստոնյա մեր քույրերն ու եղբայրները նույնպես աղոթք են բարձրացնելու հանուն գերիների ազատ արձակման և գաղթական դարձած հայորդիների իրավունքների պաշտպանության։ Այս առիթով Մեր շնորհակալությունն ենք բերում մեր քույր Եկեղեցիներին, միջեկեղեցական կազմակերպություններին՝ դժվարին իրավիճակներում մեր ժողովրդին ցուցաբերած իրենց անկեղծ ու սրտակից սատարումի, ինչպես նաև, ընդառաջ Մեր դիմումին, այս արարողությանը միանալու ազնիվ հանձնառության համար։

Ի խորոց սրտի հայց ենք վերառաքում առ Բազումողորմ Աստված, որ խաղաղության մեջ պահի մեր հայրենիքն ու համայն աշխարհը, մերօրյա փորձությունների հաղթահարման համար հավատի ամրություն պարգևի աշխարհասփյուռ մեր ժողովրդին և շուտափույթ ազատություն շնորհի գերեվարված մեր բոլոր զավակներին։

Թող Տիրոջ սերը, շնորհն ու ողորմությունը լինեն ամենքիս հետ․ ամեն։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

44-ամյա տղամարդը փորձել էր հրկիզել տնակն ու դանակահարվել էր

16:31 02.04.2025

44-ամյա տղամարդը փորձել էր հրկիզել տնակն ու դանակահարվել էր

Համայնքային ոստիկանության Դավիթաշենի բաժնի ծառայողներն, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, մարտի 31-ին՝ ժամը 22.30-ին, գույքը ոչնչացնելու կամ վնասելու կասկածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխել 44-ամյա մի տղամարդու: Պարզվել է, որ նա կենցաղային հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ փորձել է հրկիզել տնակը, ինչը կանխվել է քրոջ կողմից: Պարզվել է նաև, որ վիճաբանության ժամանակ 42-ամյա քույրը խոհանոցային դանակով հարվածել է […] ...

Իրանում հայտարարել են, որ Վաշինգտոնը չի կարողանա պայմաններ թելադրել Թեհրանին

16:22 02.04.2025

Իրանում հայտարարել են, որ Վաշինգտոնը չի կարողանա պայմաններ թելադրել Թեհրանին

ԱՄՆ-ը սխալ հաշվարկներ արեց՝ մտածելով, որ կարող է Իրանին թելադրել իր պայմանները այնպես, ինչպես դա տեղի է ունենում Ուկրաինայի հետ: Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի Ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Աբոլֆազլ Զոհրավանդը։ «Ամերիկացիներն օգտագործում են հոգեբանական գործողություններ՝ Իրանը որպես թույլ երկիր ներկայացնելու համար, որպեսզի տպավորություն ստեղծվի, որ Իսլամական Հանրապետությունն իր թուլության պատճառով […] ...

Լոռու մարզի ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերք են առգրավել

16:10 02.04.2025

Լոռու մարզի ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերք են առգրավել

Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչությունում ապրիլի 1-ին օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Վանաձոր քաղաքի Շինարարների փողոցի բնակիչներից մեկի տանն ապօրինի պահվում է զենք-զինամթերք: Տեղեկությունը ստուգելու նպատակով նշված հասցե օպերատիվ խումբ է մեկնել: Բացատրական աշխատանքի արդյունքում 77-ամյա տանտիրուհին ննջասենյակի պահարանից ներկայացրել է տարբեր տրամաչափի 27 փամփուշտ, սվին-դանակ, գնդացիրի էլեկտրական նշանոց, ինքնաձիգի պահեստատուփեր, զինվորական հեռադիտակ, ինքնաձիգի սվին-դանակ, […] ...

Աբխազիայի նախագահը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ համագործակցությունն ապահովում է երկրի անվտանգությունը

15:59 02.04.2025

Աբխազիայի նախագահը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ համագործակցությունն ապահովում է երկրի անվտանգությունը

Ռուսաստանի հետ համագործակցությունը նպաստում է Աբխազիայի անվտանգությանը և պայմանների ստեղծմանը հանրապետության բարգավաճման աճի համար, չորեքշաբթի հայտարարել է Աբխազիայի նախագահ Բադրա Գունբան։ «Ռազմական, տնտեսական, քաղաքական և հումանիտար համագործակցությունը Ռուսաստանի հետ ապահովում է Աբխազիայի անվտանգությունը, պայմաններ է ստեղծում մարդկային կապիտալի զարգացման, բարգավաճման և կրթության մակարդակի աճի համար»,- ասել է նա Սուխումում երդմնակալության արարողության ժամանակ։ Գունբան երախտագիտություն է […] ...

Երևանի քրեական ոստիկանները երիտասարդի խուզարկությամբ սինթետիկ թմրամիջոց են հայտնաբերել

15:40 02.04.2025

Երևանի քրեական ոստիկանները երիտասարդի խուզարկությամբ սինթետիկ թմրամիջոց են հայտնաբերել

Մարտի 31-ին Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով մայրաքաղաքի Արմենակյան փողոցում ձերբակալել և վարչություն են տեղափոխել 25-ամյա մի երիտասարդի։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են դեղնականաչավուն և բյուրեղանման զանգվածներով փաթեթներ։ 25-ամյա երիտասարդը հայտնել է, որ հայտնաբերվածը մարիխուանա և մեթամֆետամին է, գնել է «Տելեգրամի» միջոցով։ Ձերբակալվածն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են […] ...

Կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռաֆայել Գրիգորյանը

15:28 02.04.2025

Կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռաֆայել Գրիգորյանը

Կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռաֆայել Գրիգորյանը: Այս մասին տեղեկանում ենք Գոյ թատրոնի ֆեյսբուքյան հաղորդագրությունից։ «Խոր ցավով տեղեկացնում ենք, որ կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռաֆայել Գրիգորյանը։ Ռաֆայել Գրիգորյանը ոչ միայն մեծանուն ռեժիսոր և դերասան էր, այլև Գոյ թատրոնի մեծ բարեկամը։ Նա մեր բեմում կերտել է անմոռանալի կերպարներ՝ իր բացառիկ տաղանդով […] ...

BACK_TO_TOP