Եվրախորհրդարանի լիագումար նիստում կքննարկվի Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի խախտումների, Հայաստանի հետ հարաբերությունների մասին բանաձև – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 10 2024
  • $
    387.16
  • RUBLE
    4.03
  • 419.99
WEATHER
+12.09 oC

Եվրախորհրդարանի լիագումար նիստում կքննարկվի Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի խախտումների, Հայաստանի հետ հարաբերությունների մասին բանաձև

11:09 22.10.2024

Եվրոպական խորհրդարանի առաջիկա լիագումար նիստում քննարկվելու և քվեարկվելու է բանաձև Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների, միջազգային իրավունքի խախտումների և Հայաստանի հետ այդ երկրի հարաբերությունների վերաբերյալ։

«Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցին տված հարցազրույցում այս մասին հայտնել է Եվրոպական խորհրդարանի կիպրացի պատգամավոր Կոստաս Մավրիդեսը։ Եվրախորհրդարանի պատգամավորը հարցազրույցում անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին, այդ համատեքստում Ադրբեջանի ապակառուցողական և ագրեսիվ պահվածքին, ՀՀ-ում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության հասցեին Բաքվից հնչող կեղծ մեղադրանքներին և այլ թեմաների։

-ԼԵռնային Ղարաբաղի հայության էթնիկ զտում, ռազմական ագրեսիա, պատերազմական հանցագործություններ։ Թվում է, թե Ադրբեջանն ամեն ինչ մարսել է և այսօր հենց ինքն է համարձակվում քննադատել ԵՄ-ին, վերջինիս օժանդակությունը Հայաստանին։ ԵՄ-ն լսում է այդ քննադատությունները, երբեմն նույնիսկ սպառնալիքները ու ի պատասխան նշում է, որ պատրաստ է աջակցել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին։ Ինչպիսի՞ աջակցություն եք Դուք պատկերացնում, որն իսկապես շոշափելի արդյունք կտա։

-Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին արդյունավետ կերպով աջակցելու համար ԵՄ-ն պետք է առավել լուրջ քննադատության ենթարկի Ադրբեջանին՝  էթնիկ զտումների և Հայաստանի դեմ ռազմական ագրեսիայի համար։ Իրադարձությունները, որոնք Ալիևի վարչակարգի կողմից հստակ մշակված ռազմավարությամբ իրականացվեցին Լեռնային Ղարաբաղում, նպատակաուղղված էին էթնիկ հայ բնակչության տեղահանմանը։ Դա հանցագործություն է մարդկության դեմ և արտահայտում է ներկայիս մոտեցումների ձախողումը։ Ինչ վերաբերում է ներկա իրավիճակին, ԵՄ-ն ոչ միայն միջնորդությամբ պիտի արձագանքի, այլ նաև պետք է  հանդես գա Հայաստանի ինքնիշխանության լիարժեք հարգանքի պահանջով, նաև միաժամանակ պատասխանատվության ենթարկի Ադրբեջանին, եթե այն չդադարեցնի ագրեսիվ գործունեությունը։

Հայերի էթնիկ զտումները դատապարտող Եվրախորհրդարանի բանաձևը ճիշտ ուղղությամբ արված քայլ է, սակայն ավելին է պահանջվում։ ԵՄ-ի կիրառած պատժամիջոցները, որոնք ուղղված են ընդդեմ Պուտինի, չպետք է նպաստեն Ալիևի՝ որպես մեկ այլ հանցագործի գործունեության ծավալմանը։ ԵՄ-ն պետք է վերագնահատի իր հարաբերությունները Ադրբեջանի հետ՝ մասնավորապես հաշվի առնելով մարդու իրավունքների շարունակական խախտումները: Այն կարող է ներառել առևտրային համաձայնագրերի կամ գործընկերության վերանայումը, հատկապես Ադրբեջանի համար կարևոր նշանակություն ունեցող էներգետիկ համագործակցությունը։ Եթե ​​ԵՄ-ն իրականում արժևորում է մարդու իրավունքները, ժողովրդավարությունը և օրենքի գերակայությունը, ապա պիտի կարողանա ապացուցել, որ կարճաժամկետ տնտեսական շահերը չեն կարող գերազանցել սկզբունքային մոտեցումներին։

Ակտիվների սառեցման, ճամփորդությունների սահմանափակման և որոշ տնտեսական համաձայնագրերի կասեցմանն ուղղված պատժամիջոցների սահմանումն Ադրբեջանի դեմ հստակ ուղերձ կլինի, որ Եվրոպան չի հանդուրժում նման գործողություններ: Ավելին, ԵՄ-ն Հայաստանին տնտեսապես աջակցելով և երկրի համար անվտանգության երաշխիքներ ապահովելով, կարող է տարածաշրջանում հավասարակշռել ուժային դինամիկան և իրականում նպաստել խաղաղության շուրջ երկխոսությանը:

-Հայաստանը վերջին շրջանում պարբերաբար հայտարարում է, որ պատրաստ է հենց հիմա ստորագրել խաղաղության պայմանագիրը, իսկ Ադրբեջանը դրան զուգահեռ նորանոր պահանջներ է ներկայացնում խաղաղության պայմանագիրը ստորագրելու համար։ Արդյոք սա չի՞ վկայում այն մասին, որ այդ երկիրը չի ցանկանում խաղաղության հասնել, ու ի՞նչ անելիք ունի ԵՄ-֊ն Ադրբեջանին կառուցողական դաշտ բերելու առումով։

-Ես անմիջական փորձ ունեմ, թե ինչ է նշանակում բռնությամբ արմատախիլ լինել սեփական հայրենիքից: Ես հասկանում եմ նաև այն մարտահրավերները, որոնց բախվում են այն ժողովուրդները, որոնք հանդուրժում և ընդունում են նահանջի դիրքորոշում, ինչն ակնհայտ է Կիպրոսի և Հունաստանի դեպքում՝ Թուրքիայի հետ կապված:

Ճիշտ այնպես, ինչպես մենք Կիպրոսում և Հունաստանում մշտապես բախվում ենք Էրդողանի նեո-օսմանյան ռեժիմի աճող պահանջներին և անօրինական խախտումներին, նույն կերպ Ադրբեջանը շարունակում է նոր պահանջներ ներկայացնել։ Ինչպես արդեն նշել եմ, նպատակային պատժամիջոցներն են, որ իրականում անհրաժեշտ է կիրառել թե՛ Ադրբեջանի, թե՛ Թուրքիայի նկատմամբ՝ նրանց կառուցողական հարթություն բերելու համար։ Սա է այն նպատակը, որի համար մենք պետք է ձգտենք և աշխատենք։

Նման պատժամիջոցներով ոչ միայն կպատժվի վարչակարգն իր գործողությունների համար, այլ նաև կկանխվեն հետագա սրացումները, որով և պարզ կլինի, որ Եվրոպան հանձնառու է միջազգային իրավունքի արժեքներին՝ խաղաղությանը, այլ ոչ թե ագրեսիային։ Սակայն խաղաղության համար երկու կողմերի համաձայնությունն է պետք, և այստեղ էլ ակնհայտ է դառնում, թե որ կողմը խաղաղության նպատակ չունի։

-Ադրբեջանը Հայաստանում տեղակայված ԵՄ քաղաքացիական առաքելությունը որպես անօրինական և խաղաղության գործընթացին վնաս հասցնող գործոն է որակում։ Ինչպե՞ս կմեկնաբանեք ադրբեջանական ռեժիմի նման հայտարարությունները։ -Ես բազմիցս քննադատել եմ Ադրբեջանի կառավարությանը վերջին մի քանի տարիների ընթացքում իր ագրեսիվ և երբեմն հանցավոր գործողությունների համար, և ԵՄ-ի առաքելության օրինականության մասին նման հայտարարությունները մեկնաբանում եմ որպես տարածաշրջանում նրանց կողմից առավել լայն աշխարհաքաղաքական հավակնությունների արտացոլում։ Ավելի կոնկրետ՝ նման հայտարարություններով, որոնք չեն համապատասխանում իրենց շահերին, նրանք փորձում են ապալեգիտիմացնել և խաթարել միջազգային ջանքերը։ Սակայն ԵՄ-ն ձգտում է նպաստել տարածաշրջանի դեէսկալացիային, կայունությանը, խաղաղությանը և օրենքի գերակայությանը: Ավելին, նման հայտարարությունները կարող են ամրապնդել ներքին նարատիվներն Ադրբեջանի ներքին գործերին արտաքին միջամտության վերաբերյալ, կարող են ամրապնդել Ադրբեջանի՝ զոհ լինելու քարոզչությունը և այդպիսով նպաստել այդ երկրում ազգայնական տրամադրությունների ձևավորմանը։

Չնայած Ադրբեջանի պնդումներին՝ Հայաստանում ԵՄ-ի առաքելությունը միանգամայն լեգիտիմ է, քանի որ այն գործում է Հայաստանի կառավարության համաձայնությամբ՝ միջազգային նորմերին և օրենքներին համապատասխան։

Ավելին, չնայած ներկայիս միջազգային դժվարություններին՝ ԵՄ-ի համար շատ կարևոր է հավատարիմ մնալ տարածաշրջանում խաղաղության, կայունության և համագործակցության սկզբունքներին, այլապես այն կկորցնի իր արժեքները, ինչն էլ ցավալի հարված կհասցնի ԵՄ-ի հանդեպ վստահությանը համաշխարհային ասպարեզում:

-Մեկ ամիս հետո Բաքուն կհյուրընկալի COP29-ը, որին ընդառաջ բազմաթիվ միջազգային, մարդու իրավունքների պաշտպանության հարցերով զբաղվող կազմակերպություններ ահազանգում են երկրում առկա բնապահպանական, օրենքի գերակայության, մարդու իրավունքների վերաբերյալ խնդիրների մասին։ Ադրբեջանն այս մտահոգությունները որակում է որպես սև քարոզչություն հայկական լոբբիի կողմից։ Որքանո՞վ են ԵԽ-ում ականջալուր այս հարցերին։

-Եվրոպական խորհրդարանը լրջորեն է արձագանքում  միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների կողմից բարձրացված մտահոգություններին։ Թեև հնարավոր է, որ խորհրդարանը ուշ է պատասխանում, և թեև խորհրդարանի տարբեր քաղաքական խմբերի միջև միշտ կան տարաձայնություններ Ադրբեջանին վերաբերող քննարկումների շուրջ, ամեն դեպքում, շրջակա միջավայրի դեգրադացիայի, օրենքի գերակայության բացակայության և մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ կարևորագույն հարցերը Եվրախորհրդարանը հետևողականորեն վերահսկում և լուծումներ է առաջարկում իր տարբեր հանձնաժողովների և բանաձևերի միջոցով:

Փաստացի 2021 թվականից ի վեր Եվրախորհրդարանն ութ բանաձև է ընդունել ընդդեմ Ադրբեջանի։ Իսկ վերջերս ադրբեջանցի այլախոհ և ներկայում քաղբանտարկյալ Գուբադ Իբադօղլուն առաջադրվել է Սախարովի անվան մրցանակի՝ կոռուպցիայի դեմ պայքարում իր գործունեության համար: Ես՝ ի թիվս այլ համախոհ գործընկերների, հնարավորության դեպքում բարձրաձայնում եմ վերոհիշյալ խնդիրները խմբային հանդիպումների ընթացքում, ինչպես նաև գրավոր հարցերի և հայտարարությունների տեսքով՝ լիագումար նիստերի և հանձնաժողովի նիստերի ժամանակ:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից հնչող մեղադրանքներին հայկական լոբբիի հասցեին, դա ցինիկ փորձ է օրինական քննադատություններից ուշադրությունը շեղելու և բոլոր նրանց վստահությունը խաթարելու համար, որոնք բարձրացնում են այդ խնդիրները։

Խորհրդարանը միշտ ապահովում է երկրում տիրող իրավիճակի վերաբերյալ համապարփակ ընկալում՝ իրականացնելով իր սեփական հետազոտությունները, ինչպես նաև հաշվի առնելով իր փոխգործակցությունը շահագրգիռ կողմերի հետ, ինչպիսիք են քաղաքացիական հասարակության կազմակերպությունները, իրավապաշտպանները և տարբեր միջազգային կառույցներ:

Վերոնշյալ բոլոր զարգացումների լույսի ներքո Եվրախորհրդարանն այս շաբաթ Ստրասբուրգում կայանալիք լիագումար նիստում կքննարկի և կքվեարկի «Ադրբեջանում իրավիճակի, մարդու իրավունքների և միջազգային իրավունքի խախտումների և Հայաստանի հետ հարաբերությունների մասին» բանաձևը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 22-ին

13:15 22.10.2024

Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 22-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386․5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 389 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 417 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 422 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․98 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.05 դրամ: ...

Դոնարուման ամուսնության առաջարկ է արել ընկերուհուն

13:10 22.10.2024

Դոնարուման ամուսնության առաջարկ է արել ընկերուհուն

Ֆրանսիական ՊՍԺ-ի և Իտալիայի ազգային հավաքականի դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման ամուսնության առաջարկ է արել ընկերուհուն` Ալեսիա Էլեֆանտեին։ Այդ մասին հայտնել է Էլեֆանտեն` սոցցանցերում հրապարելով տեսանյութ 25-ամյա դարպասապահը դրական պատասխան է ստացել։ Զույգը ընկերություն է անում 2016 թվականից։ Նրանք այս տարվա սեպտեմբերի 13-ին որդի են ունեցել, որին անվանակոչել են Լեո։   View this post on Instagram   […] ...

«ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղավազքի մրցաշար. հաղթողների տասնյակը

13:05 22.10.2024

«ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղավազքի մրցաշար. հաղթողների տասնյակը

Փարաքար-Էջմիածին մայրուղում, ինչպես ավելի վաղ հայտնել էինք, չորրորդ անգամ անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղավազքի մրցաշարը, որին 3 տարիքային խմբով և առանձին գործող աթլետ մարզիկների խմբով ավելի քան 2400 հոգի է մասնակցել, այդ թվում՝ օտարերկրացիներ: 13-17 տարեկան դպրոցականների պայքարում տղաների լավագույն եռյակում են Գառնիկ Սարգսյանը, Տիգրան Սարգսյանը, Նարեկ Իսավերդյանը, իսկ աղջիկների պայքարում՝ Ռոզա Սիմոնյանը, […] ...

Ճամբարակ հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածում կատարվում են միջին նորոգման աշխատանքներ

13:00 22.10.2024

Ճամբարակ հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածում կատարվում են միջին նորոգման աշխատանքներ

Հ-30, /Մ-4/ – Ճամբարակ- /Հ-7/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ41+158-կմ55+200 հատվածում կատարվում են միջին նորոգման աշխատանքներ, հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։ Մոտ 14կմ երկարությամբ ավտոճանապարհին նախատեսված են փոսային նորոգման, հարթեցնող և վերին շերտերի տեղադրման աշխատանքներ, կողնակների լրացում, գծանշում և այլն։ Արդեն մոտ 3կմ հատվածում ասֆալտբետոնե շերտը տեղադրվել է։ Շինարարությունը շարունակվում է։ Ի դեպ, միջին նորոգման աշխատանքներ […] ...

Մհեր Գրիգորյանը ներկայացրել է սահմանազատման կանոնակարգը վավերացնելու մասին օրենքի նախագիծը

12:55 22.10.2024

Մհեր Գրիգորյանը ներկայացրել է սահմանազատման կանոնակարգը վավերացնելու մասին օրենքի նախագիծը

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ներկայացրել է կանոնակարգը վավերացնելու մասին օրենքի նախագիծը: Փաստաթուղթը 2024 թվականի օգոստոսի 30-ին ստորագրել են երկու երկրների փոխվարչապետները: 2021 թվականի նոյեմբերի 26-ին Սոչիում, 2022 թվականի ապրիլի 6-ին Բրյուսելում, 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ հանդիպումների ընթացքում կողմերը պայմանավորվածություններ են ձեռք բերել քայլեր ձեռնարկել Հայաստան-Ադրբեջան սահմանային կայունության եւ անվտանգության […] ...

ՊԵԿ-ը շարունակում է պարզեցնել մաքսային գործընթացները

12:50 22.10.2024

ՊԵԿ-ը շարունակում է պարզեցնել մաքսային գործընթացները

Մաքսային բարեփոխումների շրջանակում ՊԵԿ-ը շարունակում է պարզեցնել մաքսային գործընթացները. «Կարգո» բեռնային համալիր այցելելու անհրաժեշտություն այլևս չկա։ Նախկինում մաքսային հսկողության նպատակով պահվող առաքանիներն ստանալու համար պարտադիր էր այցելել կարգո։ Հիմա հարցերի դեպքում մաքսային մարմնի հետ կապը հաստատվում է առցանց՝ հեռախոսազանգի կամ նամակի միջոցով։ Նախկինում առաքանին ոչ անձնական օգտագործման ապրանք դիտարկվելու դեպքում, այցելում էին կարգո, և հայտարարագիրը […] ...

BACK_TO_TOP