Հունաստանը և իր կառավարությունը կանի ամեն ինչ, որպեսզի կանգնի Հայաստանի կողքին․ Հունաստանի առողջապահության նախարար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 09 2024
  • $
    387.32
  • RUBLE
    4.17
  • 432.44
WEATHER
+20.09 oC

Հունաստանը և իր կառավարությունը կանի ամեն ինչ, որպեսզի կանգնի Հայաստանի կողքին․ Հունաստանի առողջապահության նախարար

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speach արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

19:08 28.09.2024

Հայաստանի Հանրապետության անկախության 33-րդ տարեդարձի կապակցությամբ Հունաստանում ՀՀ դեսպանությունը կազմակերպել էր ընդունելություն-համերգ, որի ընթացքում համերգային հատուկ ծրագրով հանդես եկավ «Կադանս» համույթը: Այս մասին հայտնում են Հունաստանում Հայաստանի դեսպանությունից:

«Միջոցառմանը ներկա էին Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլայոս Դենդիասը, առողջապահության նախարար Ադոնիս Գեորգիադիսը, Հունաստանի ազգային պաշտպանության գլխավոր շտաբի պետ, գեներալ Դիմիտրիոս Խուպիսը, Հունաստանի բանակի բարձրաստիճան սպայակազմի ներկայացուցիչներ, Աթենքում հավատարմագրված երկու տասնյակից ավել դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, դիվանագետներ, ռազմական կցորդներ, Հունաստանի խորհրդարանի պատգամավորներ, պետական կառույցների ներկայացուցիչներ, հունական եկեղեցու և հայ հոգևոր դասի, համայնքային կառույցների ներկայացուցիչներ, լրագրողներ և այլ հյուրեր։

Բացման խոսքով հանդես եկավ Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը, ով իր ելույթում անդրադարձավ Հայաստանի Հանրապետության անկախության գործընթացին, 2020թ․ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ագրեսիային և ԼՂ հայերի բռնի տեղահանությանը, տարածաշրջանում առկա իրավիճակին, Հայաստան-Հունաստան հարաբերությունների խորացման ուղղությամբ վերջին մեկ տարվա ընթացքում նախաձեռնված քայլերին։
ՀՀ դեսպանը մասնավորապես նշեց․

«33 տարի առաջ՝ 1991 թվականի սեպտեմբերի 21-ին, մեր երկրում տեղի ունեցավ Անկախության հանրաքվե, որի ընթացքում Հայաստանի բնակչության 95 տոկոսն իր վճռական «Այո»-ն ասաց ԽՍՀՄ կազմից դուրս անկախ, ժողովրդավարական պետություն կառուցելու գործընթացին: Գործընթաց, որը մարմնավորում էր հայ ժողովրդի եկար փայփայած իղձերը և ձգտումները, որոնք նախ արտահայտվել էին 1990 թ․ օգոստոսի 23-ին Անկախության հռչակագրի միջոցով։ Սակայն սա մի գործընթաց էր՝ լի բազում մարտահրավերներով․ անկախ և ազատ պետության կառուցումը պայքար էր, որին Հայաստանը բախվում է անգամ այսօր՝ ջանալով ամրապնդել իր ինքնիշխանությունը և խաղաղ ճանապարհով վերականգնել իր տարածքային ամբողջականությունը:

Սեպտեմբերի 21-ը, ինչպես նշեցի, ուրախության պահ է, բայց սեպտեմբերը հիշեցնում է նաև կորուստների և ողբերգությունների մասին։ Ուղիղ չորս տարի առաջ այս օրը Ադրբեջանի կողմից լայնամասշտաբ պատերազմ սանձազերծվեց Լեռնային Ղարաբաղի դեմ։ Եվ ընդամենը մեկ տարի առաջ ավարտվեց Լեռնային Ղարաբաղի հայերի էթնիկ զտումը՝ 9-ամսյա պաշարումից, սովից, պարբերական ահաբեկումներից և կրակոցներից հետո մի տարածքում, որը արձանագրված պատմության 3 հազարամյակների ընթացքում մինչև վերջերս հայաբնակ է եղել։ Ադրբեջանը, խախտելով Մարդու իրավունքների միջազգային դատարանի որոշումները և 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի մասին հայտարարության բոլոր հոդվածները, այսօր էլ շարունակում է անտեսել մի շարք երկրի և միջազգային կազմակերպությունների կոչերը։ Եվ քանի դեռ անպատիժ են հայերի էթնիկ զտումները, հայկական մշակութային ժառանգության և տեղի բնակչության ունեցվածքի ոչնչացումը, Բաքվում ապօրինի պահվող 23 հայ գերիների դեմ կեղծ դատավարությունները և անողոք ատելության խոսքը, Հայաստանի նկատմամբ ագրեսիվ ահաբեկումը կրում է շարունակական բնույթ։ Հայաստանը բազմիցս կրկնել է, որ պատրաստ է համապարփակ խաղաղության համաձայնագիր ստորագրել Ադրբեջանի հետ, սակայն դա հնարավոր չէ անել ցանկացած գնով՝ կասկածի տակ դնելով Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ Այնուամենայնիվ, չնայած բոլոր դժվարություններին, մենք չենք կարող մեզ թույլ տալ հուսահատվել։ Հայաստանը միշտ ունեցել է և հիրավի ունի լավ բարեկամներ։

Հայ և հույն ժողովուրդների միջև դարեր ի վեր ձևավորված փոխվստահությունը, ամուր բարեկամական կապերը, միանշանակ, իրենց ազդեցությունն են ունեցել նաև ժամանակակից պայմաններում մեր երկու պետությունների փոխհարաբերությունների կայացման և զարգացման վրա: Հայաստանի երրորդ Հանրապետությունը մշտապես վայելել է Հունաստանի աջակցությունը՝ թե՛ երկկողմ արդյունավետ համագործակցության, թե՛ միջազգային հարթակներում Հայաստանին ցուցաբերվող աջակցության առումով։

Խոսելով հույն-հայկական հարաբերությունների մասին՝ անհնար է չհիշատակել, թե ինչ վիթխարի դեր են խաղում այդ հարաբերությունների ամրապնդման գործում մեր սիրելի հայրենակիցները՝ հունահայերը։ Նրանց ընդունել են Հունաստանում անհիշելի ժամանակներից, Հայոց ցեղասպանության, ապա նաև Մեծ աղետից հետո։ Նրանք անջնջելի ներդրում ունեցան Հունաստանում, մեր հույն եղբայրների և քույրերի հետ միասին մասնակցեցին Հունաստանի նորագույն պատմության կերտմանը` փայփայելով պատմական հայրենիքի հիշողությունները, որտեղ իրենց, մեր նախնիները հիմնել են հնագույն մեծ քաղաքակրթություններից մեկը:

Անդրադառնալով վերջին շրջանի զարգացումներին՝ պետք է գոհունակությամբ նշեմ, որ այս տարին ևս ակտիվ քաղաքական երկխոսության և Հունաստանի հետ բազմոլորտ համագործակցության ամրապնդման տարի էր: Դեռևս հունվարին Երևան այցելեց Հունաստանի արտաքին գործերի նախարարը: Մեր արտգործնախարարները պարբերական շփման մեջ են գտնվում, որոնցից վերջինը տեղի ունեցավ երեկ՝ Նյու Յորքում։ Փետրվարին Հունաստանի վարչապետի հրավերով տեղի ունեցավ ՀՀ վարչապետի այցն Աթենք։ Երկու առաջնորդները կրկին վերահաստատեցին երկու երկրների համերաշխությունը և ընդհանուր մոտեցումները միջազգային զարգացումների համատեքստում:

Երկկողմ օրակարգից բացի քննարկվեցին նաև Եվրամիության հետ Հայաստանի հարաբերությունների խորացմանն ուղղված քայլերը, և այս գործընթացում ևս վայելում ենք մեր հույն գործընկերների ակտիվ աջակցությունը, ինչի համար թույլ տվեք կրկին հայտնել հայկական կողմի երախտագիտությունը: Այս թեմաները կրկին քննարկվել են հուլիսին Մեծ Բրիտանիայում կայացած վարչապետների հանդիպման ժամանակ՝ Եվրոպական քաղաքական համայնքի 4-րդ գագաթնաժողովի ընթացքում, և ընդամենը երկու օր առաջ՝ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում հանդիման ընթացքում։

Քաղաքական երկխոսությանը զուգահեռ ակտիվ համագործակցությունը շարունակվել է նաև պաշտպանական բնագավառում: Դեռևս նախորդ տարվա դեկտեմբերին՝ ՀՀ պաշտպանության նախարարի՝ Աթենք կատարած պաշտոնական այցի ընթացքում ստորագրվեց երկու կառավարությունների միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագիրը։ Այնուհետև մարտի 4-ին պատասխան պաշտոնական այցով Հայաստան է մեկնել Հայաստանի մեծ բարեկամ, Հունաստանի ազգային պաշտպանության նախարարը, ինչը ևս մեկ ուղենիշ էր Հայաստանի և Հունաստանի միջև ռազմավարական համագործակցության ամրապնդման գործում։
Ուրախ եմ, որ այսօր այստեղ ներկա են նաև Հունաստանի Էվելպիդոնի ռազմական ակադեմիայի հայազգի սաները, և ուզում եմ կրկին շնորհակալություն հայտնել մեծարգո նախարարին հայազգի ուսանողների թիվն ավելացնելու համար։

Տնտեսական ոլորտում ևս քայլեր են ձեռնարկվել համագործակցությունն ակտիվացնելու ուղղությամբ։ Այս առումով Enterprise Greece-ի և Enterprise Armenia-ի միջև հուշագրի ստորագրումը շատ կարևոր էր և վաղուց սպասված: Վերջին երկու տարվա ընթացքում ապրանքաշրջանառությունը երկու երկրների միջև կրկնապատկվել է։

Ակադեմիական ոլորտում համագործակցությունը նույնպես զարգանում է. այս տարեսկզբին մենք Թրակիայի Դեմոկրիտ համալսարանում հիմնեցինք Հայագիտության կենտրոն, որը, հուսով ենք, ամբողջությամբ կսկսի գործել շուտով: Նաև Հայաստանի գիտությունների ակադեմիան և Աթենքի ակադեմիան ստորագրեցին համագործակցության համաձայնագիր, որը կրկին շատ սպասված էր։

Եզրափակելով խոսքս՝ ուզում եմ ընդգծել, որ այսօր Հայաստանից հրավիրել ենք «Կադանս» երաժշտական համույթին, որը բարձր գնահատականի արժանացած պրոֆեսիոնալ երաժիշտների խումբ է։ Մշակույթը միավորում է, և այն երաժշտությունը, որը մենք վայելելու ենք այսօր, դրա վկայությունն է: Կլսենք հայկական երաժշտություն, մեծն Շառլ Ազնավուրի մի քանի ստեղծագործություն, որի 100-ամյակը նշում ենք հիմա։ Կլսենք նաև արգենտինական, հունական և ֆրանսիական երաժշտություն։ Այդ բոլոր մեղեդիները բավականին տարբեր են, բայց բոլորը հավասարապես գեղեցիկ են: Ես միշտ հավատացել եմ, որ դիվանագիտությունը պետք է մեծ տեղ վերապահի մշակույթին և միշտ հավատարիմ եմ եղել մշակութային դիվանագիտության զարգացմանը, և ուրախ եմ փաստել ակնհայտը. այսօր մենք հենց դա ենք անում»։

ՀՀ դեսպանի ելույթին հաջորդեց Հունաստանի առողջապահության նախարար Ադոնիս Գեորգիադիսի ողջույնի խոսքը, ով իր գոհունակությունը արտահայտեց Հայաստանի հետ համագործակցության տարբեր ոլորտներում արձանագրված հաջողությունների համար և նշեց․ «Ուզում եմ, որ բոլորն արձագանքեն, որ մեզ համար այստեղ՝ Հունաստանում, Հայաստանը մեր երկրորդ հայրենիքն է: Մեծացել ենք ընդհանուր հիշողություններով, ընդհանուր պատմական արմատներով, ընդհանուր մշակութային արժեքներով և այստեղ պետք է համարենք, պարոն դեսպան, որ Հունաստանը մի երկիր է, որտեղ հայերը ոչ միայն պարզապես բարեհաճորեն ընդունված են, այլ կարող են իրենց զգալ ինչպես իրենց հայրենիքում: Հունաստանը և իհարկե իր կառավարությունը կանի ամեն ինչ, որպեսզի կանգնի Հայաստանի կողքին», նշեց Ադոնիս Գիորգիադիսը։

Միջոցառման պաշտոնական մասին հաջորդեցին «Կադանս» համույթի կատարումները, որոնց մեջ ներառված էին նաև Շառլ Ազնավուրի ստեղծագործություններից։ Համերգից հետո տեղի ունեցավ ընդունելություն։»,-ասված է հաղորդագրության մեջ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀԱՄԱՍ-ը «Հըզբոլլահի» առաջնորդին ոչնչացնելու գործողությունն անվանել է Լիբանանի ինքնիշխանության խախտում

21:05 28.09.2024

ՀԱՄԱՍ-ը «Հըզբոլլահի» առաջնորդին ոչնչացնելու գործողությունն անվանել է Լիբանանի ինքնիշխանության խախտում

Իսրայելի կողմից Բեյրութի հարավային արվարձանների ռմբակոծությունը, որը հանգեցրեց շիական «Հըզբոլլահ» շարժման առաջնորդ Հասան Նասրալլահի մահվանը, Լիբանանի ինքնիշխանության խախտում է: Նման կարծիք է հայտնել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի անդամ Խալիլ Ալ-Հեյան։ «Հանցագործությունը, որը կատարել են իսրայելական ուժերը, ահաբեկչական գործողություն է և լիբանանյան ինքնիշխանության ակնհայտ խախտում», – ասել է Ալ-Հեյան, որի ելույթը հրապարակվել է ՀԱՄԱՍ-ի Telegram ալիքում: ...

Հրդեհ անասնագոմում

20:56 28.09.2024

Հրդեհ անասնագոմում

Սեպտեմբերի 28-ին, ժամը 16:37-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լուկաշին գյուղի 6-րդ փողոցի վերջնամասում գտնվող անասնագոմում հրդեհ է բռկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:56-ին, մարվել՝ 17:28-ին: Այրվել են անասնագոմի տանիքի (մոտ 70 քմ) փայտե կառուցատարրերը՝ […] ...

Հոսանքանջատումներ՝ Երևանի և մարզերի որոշ հասցեներում

20:37 28.09.2024

Հոսանքանջատումներ՝ Երևանի և մարզերի որոշ հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 11:00-17:00 Գյուլբենկյան փ. 42-46 շենքեր, Իսրայելյան փ. 30-43 շենքեր, Պարոնյան փ. 7-13 շենքեր, Ձորագյուղ թաղ. 7-13 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արագածոտնի մարզ՝ 11:00-17:00 Աշտարակ քաղաք՝ Ս.Սարգսի, Պ.Սևակի, Խորենացի, Ն.Աշտարակեցի, Աբովյան, Րաֆֆու, […] ...

ՄԱԿ-ը մտահոգված է Լիբանանում էսկալացիայով

20:29 28.09.2024

ՄԱԿ-ը մտահոգված է Լիբանանում էսկալացիայով

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը լրջորեն անհանգստացած է Բեյրութում վերջին 24 ժամվա ընթացքում իրադարձությունների կտրուկ սրմամբ և կոչ է անում դադարեցնել ռազմական գործողությունները։ Այս մասին լրագրողներին հայտնել է կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։ «Գլխավոր քարտուղարը խորապես մտահոգված է Բեյրութում վերջին 24 ժամվա ընթացքում իրադարձությունների կտրուկ սրմամբ: Բռնության այս ցիկլը պետք է անհապաղ ավարտվի, […] ...

Հերքվել են ութ ժամ քնի առավելությունները

20:20 28.09.2024

Հերքվել են ութ ժամ քնի առավելությունները

Օրական ութ ժամ քնելու խորհուրդը համընդհանուր և օգտակար չէ բոլորի համար, համոզված է քնի փորձագետ և Լաֆբորո համալսարանի ( Մեծ Բրիտանիա ) պրոֆեսոր Քևին Մորգանը։ Նրա կարծիքը մեջբերում է Daily Mirror-ը։ Ըստ Մորգանի՝ վերջին հետազոտությունները հերքել են ութժամյա քնի առավելությունների մասին առասպելը: Նա պարզաբանել է, որ մարդկանց մեծամասնությանը անհրաժեշտ է քնել օրական յոթից ինը ժամ, […] ...

Բժիշկը գնահատել է առավոտյան սուրճի ազդեցությունը արյան հետազոտթյունների վրա

20:11 28.09.2024

Բժիշկը գնահատել է առավոտյան սուրճի ազդեցությունը արյան հետազոտթյունների վրա

Վարակաբան Վերա Սերեժինան «Բժիշկ Փիթերի» հետ զրույցում գնահատել է սուրճի ազդեցությունը արյան հետազոտությունների վրա։ Նրա խոսքով՝ ընդհանուր առմամբ, բժիշկները խորհուրդ չեն տալիս անալիզներ անելուց առաջ սուրճ խմել, հատկապես եթե դրանք առավոտյան թեստեր են, և թույլ են տալիս խմել միայն չգազավոված ջուր, այն էլ՝ փոքր քանակությամբ։ «Սա պայմանավորված է այն հանգամանքով, որ սուրճը կարող է ակտիվացնել […] ...

BACK_TO_TOP