Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Փարիզ-2024-ին մասնակցած մարզիկներին և նրանց մարզիչներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+11.09 oC

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Փարիզ-2024-ին մասնակցած մարզիկներին և նրանց մարզիչներին

12:06 06.09.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Փարիզի Օլիմպիական խաղերին մասնակցած Հայաստանի հավաքականի մարզիկներին, նրանց մարզիչներին և ֆեդերացիաների ղեկավարներին, հայտնում է ՀՀ կառավարությունը:

Գործադիրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել նրանց՝ Հայաստանը 33-րդ ամառային Օլիմպիական խաղերին պատվով ներկայացնելու համար:

«Իհարկե, բոլորս հույս ունեինք, որ մենք նաև օլիմպիական ոսկիներ կունենանք, բայց սպորտը սպորտ է, և միշտ չէ, որ ցանկություններն իրականություն են դառնում: Մենք պետք է ճիշտ վերաբերմունք ձևավորենք այս իրադրության նկատմամբ, վերլուծենք նախորդ շրջանում մեր կատարած աշխատանքը, հասկանանք՝ ի՞նչն է արդյունավետ, ի՞նչն է պակաս արդյունավետ, ի՞նչն ենք ճիշտ արել, ի՞նչը սխալ և պատրաստվենք հաջորդ Օլիմպիական խաղերին»,- նշել է վարչապետը՝ հավելելով, որ առաջիկայում կկատարվի վերլուծական աշխատանք՝ հետագա անելիքները ավելի կոնկրետացնելու նպատակով: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Կառավարության քաղաքականությունը շարունակում է մնալ նույնը: Վարչապետը նշել է, որ հայկական սպորտի ֆունդամենտալ խնդիրներից մեկն ակնհայտորեն մարզական ենթակառուցվածքների բացակայությունն է կամ ցածր որակը: «Ուրախությամբ պիտի ասեմ, որ այսօր մեծ մասշտաբի մարզական ենթակառուցվածքներ են ստեղծվում Հանրապետությունում, այդ թվում՝ ոլորտի հայտնի մարզիկների հետ համագործակցված: Մեր հանձնառությունը՝ Օլիմպիական չեմպիոնի անունով ունենալ մարզադպրոց՝ շարունակում է մնալ տեղում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը տեղեկացրել է, որ առաջիկայում մասնավոր-պետություն գործակցությամբ մարզերում ստեղծվելու են մարզական ենթակառուցվածքներ: Փաշինյանի խոսքով՝ Կառավարությունը մարզերում կկառուցի մարզական կենտրոններ, և կառավարումը կհանձնի պրոֆեսիոնալ ընկերությունների:

«Նաև այդ կենտրոններում երեխաների այցելությունները կֆինանսավորենք՝ ինչպես դպրոցն ենք ֆինանսավորում երեխայի թվով: Ամեն կենտրոնի որոշակի քվոտա կհատկացվի, որպեսզի երեխաների մասնակցությունը ֆինանսավորենք»,- ասել է Կառավարության ղեկավարը՝ հավելելով, որ սպորտին պետք է վերաբերվել որպես տնտեսության ճյուղի:

Վարչապետի համոզմամբ՝ ամենակարևոր տնտեսական բաղադրիչը հետևյալն է՝ կա ներդրում, կա ճիշտ կառավարում՝ կա արդյունք, չկա ներդրում, չկա ճիշտ կառավարում՝ չկա արդյունք:

Միաժամանակ, Հայաստանի ղեկավարը կարևորել է կառավարության և մարզական ֆեդերացիաների արդյունավետ աշխատանքը: Վարչապետը նկատել է, որ Հայաստանի հավաքականից Փարիզի Օլիմպիական խաղերում նոր սերնդի բավականին թվով մարզիկներ են եղել, որոնց հետ հույսեր ենք կապում: Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ աջակցության ծրագրերն ինչպես նախանշված են՝ կշարունակվեն:

«Եվ ամփոփելով՝ կրկին ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորիդ՝ ձեր նվիրումի, ձեր ելույթների, ձեր ջանքի համար: Կարծում եմ՝ գիտեք և պատկերացնում եք, թե մենք բոլորս ինչպիսի մեծ հուզումով ենք սպասել լուրերի»,- ասել է Կառավարության ղեկավարը:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ևս շնորհակալություն է հայտնել Հայաստանի օլիմպիական հավաքականի մարզիկներին, ֆեդերացիաներին և մարզիչներին՝ մեծ ջանքի և նվիրումի համար՝ հավելելով, որ Օլիմպիական խաղերին երկրպագուները հնարավորություն են ունեցել մարզիկների մրցելույթներին հետևել Փարիզում «Հայաստանի տանը»:

«Սա էլ հրաշալի միջավայր ձևավորեց խաղերի շուրջ, որտեղ նաև մեր մարզիկները կարողանում էին իրենց մրցելույթներից հետո այցելել, շփվել երկրպագուների հետ, հարցուպատասխան ունենալ, կիսվել իրենց տպավորություններով։ Նաև մի միջավայր էր ձևավորված, որտեղ հնարավորություն էին ընձեռնվում ավելի միասնական դիտել մրցելույթները և ցավել հաջողության ու հաղթանակի համար»,- ասել է նախարարը։

Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ 2024 թվականի Հայաստանի մարզիկները միջազգային մրցաշարերում արդեն նվաճել են 224 մեդալ, ու դեռևս մինչև տարեվերջ սպասվում են բազմաթիվ մրցաշարեր։

ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանն էլ նշել է, որ Հայաստանն Օլիմպիական խաղերին մասնակցել է 15 մարզիկով, որոնցից երեքն ունեցել են թույլտվություն կամ սպիտակ քարտ։

«Դա նշանակում է, որ երեք մարզիկներից մենք լուրջ ակնկալիքներ չէինք կարող ունենալ, այդ մարզաձևերում մենք բարձր արդյունքներ առայժմ չունենք, բայց գնում ենք այդ ուղղությամբ։ Մնացած 12 մարզիկներից երեքը զբաղեցրել է երկրորդ տեղը՝ նվաճել է արծաթե մեդալ, մեկը՝ երրորդ տեղը՝ բրոնզե մեդալ, մեկը՝ չորրորդ տեղը, երկու մարզիկ՝ հինգերորդ, մեկ մարզիկ՝ վեցերորդ, երեք մարզիկ՝ յոթերորդ և մեկ մարզիկ՝ իններորդ տեղը։ Այսինքն՝ 12 մարզիկներն էլ եղել են տասնյակում։ Ծանրամարտի Հայաստանի հավաքականն Օլիմպիական խաղերում, թիմային հաշվարկում, ոչ պաշտոնական, եղել է երկրորդը՝ զիջելով միայն Վրաստանի հավաքականին։ Հունահռոմեական ոճի Հայաստանի հավաքականն ընդհանուր թիմային հաշվարկում եղել է հինգերորդը։ Ընդհանուր առմամբ, այս ամառային Օլիմպիական խաղերին մասնակցել է 206 երկիր, մեդալ են նվաճել 91 հավաքական, Հայաստանի հավաքականը 66-րդն է ընդհանուր մեդալային հաշվարկում։ Որակական առումով, սա անկախ Հայաստանի հավաքականների երրորդ ելույթն էր: Ավելի լավ ելույթ ունեցել ենք 2016 թվականին և 1996 թվականին, երբ ունեցել ենք չեմպիոն, իսկ մյուս որակական խաղերից սա երրորդն էր»,- տեղեկացրել է Գիլոյանը՝ ավելացնելով, որ մինչ Օլիմպիական խաղերին գնալը կառավարությունը հանձինս նախարարության՝ իր բոլոր պարտականությունները կատարել է:

Քննարկվել են նաև Հայաստանում մարզական ենթակառուցվածքների բարելավմանը, հաջորդ Օլիմպիական խաղերին նախապատրաստվելուն, սպորտի զարգացման ուղղությամբ քայլերին վերաբերող հարցեր:

Հիշեցնենք, որ Հայաստանը Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում նվաճել էր 3 արծաթե և մեկ բրոնզե մեդալ ու ընդհանուր հաշվարկում 66-67-րդ տեղերը բաժանել Կոլումբիայի հետ:

Հայաստանի թիմի առաջին մեդալը նվաճել էր Արթուր Դավթյանը, որն օգոստոսի 4-ին երկրորդ տեղն էր գրավել սպորտային մարմնամարզության հենացատկի վարժությունում։ Հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարում Արթուր Ալեքսանյանն (97 կգ) օգոստոսի 7-ին դարձել է կրկնակի օլիմպիական փոխչեմպիոն, իսկ Մալխաս Ամոյանն (77 կգ) Օլիմպիական խաղերում նորամուտը նշել էր բրոնզե մեդալով։ Ծանրամարտի մրցաշարի գերծանր քաշային կարգում էլ օգոստոսի 10-ին օլիմպիական փոխչեմպիոն էր դարձել Վարազդատ Լալայանը (+102 կգ):

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դելֆինը խոսում է ինքն իր հետ, քանի որ ընկերներ չունի

20:20 24.11.2024

Դելֆինը խոսում է ինքն իր հետ, քանի որ ընկերներ չունի

Բալթիկ ծովում միայնակ, ընկեր չունեցող աֆալին տեսակի դելֆինը, ամենայն հավանականությամբ, սկսել է խոսել ինքն իր հետ, պարզվել է նոր ուսումնասիրության արդյունքում: Այս մասին գրում է Daily Star-ը։ Արու դելֆինը, որին տեղացիներն անվանել են Դելլե, տարակուսանքի մեջ է գցել գիտնականներին։ Մասնագետները նկատել են, որ այն լողում է Դանիայի Սվենդբորգսունդ ջրանցքում, որը գտնվում է այս տեսակի բնակության […] ...

«Հըզբոլլահի» զինյալները օրվա սկզբից ավելի քան 100 հրթիռ են արձակել Իսրայելի ուղղությամբ

20:00 24.11.2024

«Հըզբոլլահի» զինյալները օրվա սկզբից ավելի քան 100 հրթիռ են արձակել Իսրայելի ուղղությամբ

Օրվա սկզբից իսրայելական զինվորականներն արձանագրել են լիբանանյան շիա «Հըզբոլլահ» շարժման զինյալների կողմից Իսրայելի ուղղությամբ 160 հրթիռի արձակում։ Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ այս տվյալները ժամը 17։00-ի դրությամբ են։ Բանակը վստահեցրել է, որ «կշարունակի պաշտպանել Իսրայելին և նրա ժողովրդին ահաբեկչական «Հըզբոլլահ» կազմակերպության սպառնալիքներից։ ...

Ռումինիայում նախագահական ընտրություններին մասնակցությունը ավելի ակտիվ է, քան 5 տարի առաջ

19:40 24.11.2024

Ռումինիայում նախագահական ընտրություններին մասնակցությունը ավելի ակտիվ է, քան 5 տարի առաջ

Այսօր Ռումինիայում նախագահական ընտրություններ են, որոնք անցկացվում են հինգ տարին մեկ։ Ռումինիայի քաղաքացիներն ավելի ակտիվ են քվեարկում նախագահական ընտրություններին, քան 5 տարի առաջ՝ ժամը 18.00-ին, ընտրություններին մասնակցել է ընտրողների 36,76%-ը։ 2019 թվականին՝ այդ ժամի դրությամբ, ընտրողների մասնակցությունը կազմել է 33,44 տոկոս։ Երկրում ընտրողների մասնակցության շեմ չկա, ընտրությունները վավեր կճանաչվեն ցանկացած թվով մասնակիցների դեպքում: Նախագահի պաշտոնին […] ...

Իրանը Ժնևում ծրագրում է միջուկային համաձայնագրի շուրջ բանակցություններ․ Kyodo

19:20 24.11.2024

Իրանը Ժնևում ծրագրում է միջուկային համաձայնագրի շուրջ բանակցություններ․ Kyodo

Իրանը մտադիր է նոյեմբերի վերջին բանակցություններ վարել Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի և ԵՄ ներկայացուցիչների հետ միջուկային համաձայնագրի երկարաձգման հարցի շուրջ, կիրակի հայտնել է Kyodo-ն՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրները։ Գործակալության զրուցակիցների խոսքով՝ բանակցությունները Ժնևում տեղի կունենան նոյեմբերի 29-ին։ Իրանի պատվիրակությունը կգլխավորի փոխարտգործնախարար Մաջիդ Թախտ-Ռավանչին։ Ակնկալվում է, որ քննարկման մասնակիցները կքննարկեն Իրանի միջուկային ծրագիրը և ԵՄ-ի կողմից վերջերս […] ...

ՄԿՈՒ-ներում 361 մասնագետ կարողությունների զարգացման դասընթացներն արդեն անցել են․ կառավարություն

19:00 24.11.2024

ՄԿՈՒ-ներում 361 մասնագետ կարողությունների զարգացման դասընթացներն արդեն անցել են․ կառավարություն

ՄԿՈՒ-ներում ոսկերչություն, խոհարարություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, գյուղատնտեսություն դասավանդող 361 մասնագետ կարողությունների զարգացման դասընթացներն արդեն անցել են, այժմ պատրաստվում են ստուգատեսի, հայտնում է ՀՀ կառավարությունը։ Առնվազն 60 տոկոս արդյունք ցույց տվածների դրույքային աշխատավարձը կբարձրանա: Մանրամասները՝ տեսանյութում։ ...

Կատարվել է քահանայական  ձեռնադրություն

18:40 24.11.2024

Կատարվել է քահանայական ձեռնադրություն

Նոյեմբերի 24-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Միածնաէջ Մայր Տաճարում հընթացս Սուրբ Պատարագի կատարվեց քահանայական ձեռնադրություն, հայտնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը։ Պատարագիչն էր Արթիկի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Նարեկ եպիսկոպոս Ավագյանը, որի ձեռամբ քահանայական ձեռնադրության և օծման արժանացան Մայր Աթոռի տարբեր կառույցներում և թեմերում սպասավորող վեց սարկավագներ: Սուրբ Պատարագի […] ...

BACK_TO_TOP