Հայաստանի Հանրապետությունը սեփական քաղաքացիների բարեկեցությունն ապահովելու գործիք է. վարչապետը տիկնոջ հետ այցելել է նորակառույց դպրոցներ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 11 2024
  • $
    390.88
  • RUBLE
    3.71
  • 411.09
WEATHER
+4.09 oC

Հայաստանի Հանրապետությունը սեփական քաղաքացիների բարեկեցությունն ապահովելու գործիք է. վարչապետը տիկնոջ հետ այցելել է նորակառույց դպրոցներ

22:02 02.09.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի, հետ շրջայց է կատարել հանրապետությունում նոր կառուցված որոշ դպրոցներում, ծանոթացել կատարված աշխատանքներին և ստեղծված պայմաններին:

Վարչապետի առաջին կանգառը եղել է Երևանի «Հերացի» ավագ դպրոցը: Ուսումնական հաստատության 2019 թ. մեկնարկած շինարարական աշխատանքների համար Կառավարությունը հատկացրել է ավելի քան 1 մլրդ դրամ: Կառուցված ավագ դպրոցը նախատեսված է 520 աշակերտի համար: Դպրոցն ապահովված է ամբողջական գույքով:

Վարչապետը շնորհավորել է ներկաներին ուսումնական տարվա մեկնարկի և դպրոցի բացման առիթով: Նիկոլ Փաշինյանն իր խոսքում ընդգծել է դպրոցը՝ որպես տուն ընկալելու անհրաժեշտությունն ու կարևորությունը, այն չկոթողացնելու տրամաբանությունը, որը մեզանում շատ է տարածված: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Կառավարության կողմից իրականացվող դպոցաշինության այս ծրագիրը պետք է նպաստի ոչ թե դպրոցների, գիտելիքի կոթողացմանը, այլ դրանց մարդկայնացմանը, առօրեականացմանը, որպեսզի ավելի հասանելի լինեն մարդկանց:

Վարչապետը գիտելիքի և դպրոցի առօրեականացումը կարևորել է նաև երեխաներին լավ ու բարեկեցիկ ապրել սովորեցնելու համատեքստում: Ըստ նրա՝ պետք է օգնել երեխաներին, որ նրանք լավ ապրելը դարձնեն իրենց խնդիրը՝ և՛ անձնական, և՛ հանրային, և՛ պետական առումով:

Կառավարության ղեկավարը նշել է նաև, որ, մասնավորապես՝ դպրոցներում պետք է աշխատանքներ տարվեն պաթոսի աստիճանի նվազեցման ուղղությամբ. «Մեր դպրոցների այսօր առանցքային մեծագույն պրոբլեմներից մեկն այդ պաթոսի գերադրական աստիճանն է: Պաթոսը նաև գործիք է, որի տակ հաճախ մենք մեր չիմացությունն ենք թաքցնում: Սա շատ կարևոր նրբություն է: Եվ այստեղ պրոբլեմն այն է, որ բոլորս պետք է հասկանանք՝ մեր չիմացությունն ամենահզոր զենքն է մեր թշնամիների համար, որ օգտագործվում է մեր դեմ»:

Վարչապետի խոսքով՝ դպրոցը չպետք է լինի հարցերը թաքցնելու տեղ, դպրոցը պետք է լինի հարցերը բարձրաձայնելու, հարցերի պատասխանները հնչելու, դրանք քննարկելու տեղ: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ որպես պետություն, ժողովուրդ պետք է պատասխանել մի պարզ հարցի՝ ինչի՞ համար է Հայաստանի Հանրապետությունը: Կառավարության ղեկավարն ընդգծել է՝ Հայաստանի Հանրապետությունը սեփական քաղաքացիների բարեկեցությունն ապահովելու համար է՝ այն տրամաբանությամբ, որ բարեկեցության մեջ է մտնում նաև անվտանգությունը, արդարությունը, օրինականությունը: «Այդ անվտանգության մեջ մտնում է նաև քաղաքացիների երջանիկ լինելու իրավունքը, որը մենք՝ որպես պետություն, պետք է ապահովենք: Եվ ես՝ որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ, որպես Հայաստանի Հանրապետության ժողովրդի կողմից ընտրված պաշտոնյա, ասում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը սեփական քաղաքացիների բարեկեցությունն ապահովելու գործիք է», – ասել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը հավելել է նաև, որ բոլորը, առավել ևս պետական ինստիտուտները, պետք է իրենց դիրքը կարգաբերեն ըստ այս տրամաբանության, որովհետև դա է ժողովրդի պահանջը, ակնկալիքը: Ըստ վարչապետի՝ ժողովուրդը չի ուզում տեսնել Հայաստանի Հանրապետությունը որպես իր զոհասեղան, ժողովուրդն ուզում է տեսնել Հայաստանի Հանրապետությունը որպես իր բարեկեցիկ, անվտանգ ազատ ապրելու տեղ և միջավայր, որը Կառավարությունը պարտավոր է ապահովել և ապահովելու է:

Ամփոփելով խոսքը՝ Նիկոլ Փաշինյանը մեկ անգամ ևս շնորհավորել է ներկաներին
նոր դպրոցի առիթով և նշել. «Այս շենքը ընդամենն անշունչ մի առարկա է, այն պետք է ապրեցնեք դուք: Եվ ես համոզված եմ, որ դուք այն կապրեցնեք և կապրեցնեք՝ հանուն ապրելու, հանուն ապագայի, հանուն Հայաստանի Հանրապետության:

Փա՛ռք նահատակներին
Եվ կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»:

Հաջորդիվ վարչապետն այցելել է Սյունիքի մարզի Վաղատինի միջնակարգ դպրոց: 2020 թ. մեկնարկած շինարարական ծրագրի արդյունքում կառուցվել է մոդուլային դպրոց, որի համար հատկացվել է ավելի քան 752 մլն 800 հազար դրամ: Դպրոցն ապահովված է ամբողջական գույքով՝ բացառությամբ լաբորատոր գույքից: Այս պահին այնտեղ սովորում է 48 աշակերտ: Վաղատինի միջնակարգ նորակառույց դպրոցը նախատեսված է 100 երեխայի համար, ունի նաև նախակրթարան՝ նախատեսված 20 երեխայի համար:

Վաղատինի դպրոցում Նիկոլ Փաշինյանը կարևորել է ուսումնական հաստատություններում արժեքային համակարգի դասավանդումը: Վարչապետն արձանագրել է՝ այն պետք է լինի պետականակենտրոն արժեքային համակարգ, որի առանցքում դրված է Հայաստանի Հանրապետությունը՝ իր ինքնիշխանությամբ, պետականությամբ, պետական սիմվոլներով, ՀՀ պետական օրերի, ՀՀ աշխարհագրության և տարածքի մասին իմացությամբ: Կառավարության ղեկավարն այդ համատեքստում կարևորել է «Հայրենիքը պետություն է» հայեցակարգի պարզաբանումը և այդ թեմայի շուրջ քննարկումները կրթական հաստատություններում:

Վարչապետը նաև նշել է, որ դպրոցը, Հայաստանի Հանրապետության ամեն քառակուսի, ամեն անկյուն յուրաքանչյուրի հոգածության առարկա պետք է լինի. «Իհարկե, ամեն ինչի համար կա պաշտոնյա, որը պատասխանատու է, բայց միայն պաշտոնյաներով խնդիրներ լուծել չի լինի: Հենց քաղաքացի լինելն է ամենաբարձր և ամենակարևոր պաշտոնը, որ մեզնից յուրաքանչյուրն ունի»:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև գյուղում ենթակառուցվածքների զարգացմանը, այդ թվում՝ դեպի դպրոց տանող ճանապարհների բարելավմանը:

Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանն այցելել են նաև Տավուշի մարզի Կիրանցի Գագիկ Վարդանյանի անվան հիմնական դպրոց: Կիրանցում կառուցվել է մոդուլային դպրոց: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է ավելի քան 737 մլն դրամ: Նորակառույց դպրոցը նախատեսված է 100 երեխայի համար, այս պահին այնտեղ սովորում է 36 աշակերտ: Այն ունի նաև նախակրթարան՝ նախատեսված 20 երեխայի համար: Դպրոցն ապահովված է ամբողջական գույքով:

Վարչապետը Կիրանցի նորակառույց դպրոցում անդրադարձել է անվտանգային հարցերին, մասնավորապես՝ դպրոց հաճախելու վերաբերյալ. «Ես ուզում եմ պատասխանատու կերպով ասել, որ Հայաստանի անկախության պատմության մեջ երբեք Կիրանցում դպրոց գնալն ավելի անվտանգ չի եղել, քան այսօր, երբեք Կիրանցում ապրելն ավելի անվտանգ չի եղել, քան այսօր: Եվ սա շատ կարևոր արձանագրում է»: Նիկոլ Փաշինյանը հավելել է՝ երբ ասում են, որ Կիրանցում դպրոց գնալն անվտանգ է, դա ինքնին պետք է նշանակի, որ ադրբեջանական Խեյրիմլի գյուղում էլ դպրոց գնալը նույնքան և նույնպես անվտանգ է:

Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ այն ինչ տեղի է ունեցել Կիրանցում՝ սահմանազատման գործընթացը, ահռելի հաջողություն է մեր պետության համար: «Սա մեծ հաջողություն է, որովհետև երբ դու չգիտես որտեղ է սկսվում և ավարտվում քո պետությունը, հարց է առաջանում՝ դու պետություն ունե՞ս, թե՞ չունես: Մենք Հայաստանի անկախ, ինքնիշխան, սուվերեն, ուժեղ, խաղաղ պետության առաջին լրջագույն անկյունաքարը դրել ենք Կիրանցում», -ասել է վարչապետ Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ նորակառույց դպրոցը Կիրանցի վերածննդի ամենակարևոր խորհրդանիշն է, բայց նաև մեր ընկած բոլոր եղբայրների ամենախոսուն և ամենակարևոր հուշարձանն է:

«Փա՛ռք նահատակներին,
Եվ կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը,
Կեցցե՛ Կիրանցը և կեցցե՛ն մեր երեխաները, որոնք այսօր մուտք գործեցին Կիրանցի նորակառույց դպրոց»,- ամփոփել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը Կիրանցում ծանոթացել է նաև 19-րդ դարի Սուրբ Երրորդություն եկեղեցու վերականգնման աշխատանքներին:

Վարչապետի վերջին կանգառը եղել է Շիրակի մարզի Կապսի միջնակարգ դպրոցը: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է ավելի քան 747 մլն դրամ: Նորակառույց դպրոցը նախատեսված է 100, իսկ նախակրթարանը՝ 20 երեխայի համար: Այն ապահովված է ամբողջական գույքով: Այս պահին այնտեղ սովորում է 52 աշակերտ:

Անդրադառնալով դպրոցաշինության ծրագրին՝ Նիկոլ Փաշինյանը կարևորել է դրա շարունակականության ապահովումը և նշել, որ այն գյուղին, երեխաներին, կյանքին նոր որակ է բերում:

Վարչապետը վերահաստատել է այն միտքը, որ դպրոցն առաջին հերթին աշակերտներին, երեխաներին պետք է պատրաստի բարեկեցիկ, հարուստ կյանքի. «Մենք մեր երեխաներին պետք է սովորեցնենք դառնալ հարուստ: Օրինական, ստեղծարար աշխատանքով հարստանալ և հարստացնել գյուղը, բնակավայրը, մարզը, պետությունը: Սա ամենակարևոր հմտությունն է, որ մենք մեր երեխաներին պետք է սովորեցնենք»:

Կառավարության ղեկավարը կարևորել է՝ կրթական բոլոր ծրագրերը պետք է լինեն պետականակենտրոն, որովհետև պետությունն այն ամենակարևոր արժեքն է, որն ունենք: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ չկա ավելի կարևոր արժեք, քան պետությունն ու պետականությունը, որովհետև դրանք մեր ինքնության պահպանման ամենակարևոր գրավական են: Վարչապետն ընդգծել է, որ նաև պետական մակարդակով են արձանագրել, թե որոնք են մեր ազգային արժեքները, որոնք պետք է ուսուցանեն նաև դպրոցում: Վարչապետը մեկ անգամ ևս շնորհավորել է ներկաներին նորակառույց դպրոց ունենալու առիթով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Շվեդիան կոչ է արել չինական նավի անձնակազմին ներկայանալ մալուխային միջադեպերի հետաքննությանը

23:38 26.11.2024

Շվեդիան կոչ է արել չինական նավի անձնակազմին ներկայանալ մալուխային միջադեպերի հետաքննությանը

Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիսթերսոնը պահանջել է, որ չինական Yi Peng 3 բեռնանավը, որը նավարկելիս է եղել Բալթիկ ծովում երկու ստորջրյա մալուխների մոտով, երբ դրանք խզվել են, այս միջադեպերի հետաքննության շրջանակներում մեկնի Շվեդիա։ Այս մասին երեքշաբթի հայտնել է Bloomberg-ը։ «Մենք կապի մեջ ենք նավի և Չինաստանի հետ: Մենք մեր ցանկությունն ենք հայտնել, որ այս նավը նավարկվի […] ...

ՆԱՏՕ-ն և Ուկրաինան կքննարկեն Ռուսաստանի կողմից «Օրեշնիկ» հրթիռի կիրառման հետևանքները

23:32 26.11.2024

ՆԱՏՕ-ն և Ուկրաինան կքննարկեն Ռուսաստանի կողմից «Օրեշնիկ» հրթիռի կիրառման հետևանքները

ՆԱՏՕ-ի երկրների մշտական ներկայացուցիչները Բրյուսելում դաշինքի կենտրոնակայանում Ուկրաինայի ներկայացուցչի հետ կքննարկեն ռուսական նոր միջին հեռահարության «Օրեշնիկ» հրթիռի կիրառման հետևանքները, հաղորդում է RTBF հեռուստաալիքը։ Դեսպանների մակարդակով ՆԱՏՕ-Ուկրաինա խորհուրդը հանդիպում է Կիևի նախաձեռնությամբ, պարզաբանում է հեռուստաալիքը։ Զեկույցում նշվում է, որ Ուկրաինան խնդրել է իր արևմտյան գործընկերներին մատակարարել իրեն հակաօդային պաշտպանության վերջին սերնդի համակարգեր։ RTBF-ն ընդգծել է, որ […] ...

Ռոնալդուի դուբլն ու «Ալ Նասրի» հաղթանակը․ Ասիայի ՉԼ

23:25 26.11.2024

Ռոնալդուի դուբլն ու «Ալ Նասրի» հաղթանակը․ Ասիայի ՉԼ

«Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիր, պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրի» կազմում դուբլի հեղինակ է դարձել։ Կատարական «Ալ Ղարաֆայի» դեմ Ասիայի Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի 5-րդ տուրի արտագնա խաղում Ռոնալդուի թիմը հաղթել է 3-1 հաշվով: «Ալ Նասրը» 13 միավորով երկրորդն է, «Ալ Ղարաֆան»` չորս միավորով 7-րդը: ...

Սպիտակի ոլորաններում այս պահին ձյան տեղումներ են

23:20 26.11.2024

Սպիտակի ոլորաններում այս պահին ձյան տեղումներ են

Սպիտակի ոլորաններում այս պահին ձյան տեղումներ են։ Ճանապարհին կատարվում են ձմեռային սպասարկման աշխատանքներ, հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։ ...

Լիբանանի վարչապետ. ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է անհապաղ հրադադար ապահովի

23:15 26.11.2024

Լիբանանի վարչապետ. ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է անհապաղ հրադադար ապահովի

Լիբանանի վարչապետ Նաջիբ Միքակին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կոչ է արել անհապաղ դադարեցնել Իսրայելի ագրեսիան Լիբանանի դեմ և ապահովել հրադադարի ռեժիմը: «Իսրայելական օդուժի ուխտադրուժ հարձակումը Բեյրութի կենտրոնի վրա պահանջում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից անհապաղ դադարեցնել այս ագրեսիան և ապահովել հրադադարի համաձայնագրի իրականացումը», – ասվում է կառավարության ղեկավարի հայտարարության մեջ, որը հրապարակվել է X-ում: ...

Սպերցյանի նկատմամբ հետաքրքրության մասին տեղեկությունը ճիշտ չէ․  «Ատալանտայի» մարզական տնօրեն

23:10 26.11.2024

Սպերցյանի նկատմամբ հետաքրքրության մասին տեղեկությունը ճիշտ չէ․ «Ատալանտայի» մարզական տնօրեն

«Ատալանտայի» մարզական տնօրեն Տոնի Դամիկոն մեկնաբանել է այն տեղեկությունը, թե Իտալիայի Ա սերիան ներկայացնող թիմը հետաքրքրված է Էդուարդ Սպերցյանի ծառայություններով: «Սպերցյանի նկատմամբ հետաքրքրության մասին տեղեկությունը ճիշտ չէ»,- ասել է Դամիկոն «ВсеПроСпорт»-ին: Ավելի վաղ հաղորդվում էր, որ 24-ամյա ֆուտբոլիստի գործակալ Ռաֆաելա Պիմենտան վերջերս հանդիպել էր իտալական ակումբի ղեկավարների հետ և կողմերը բանակցել էին Սպերցյանի հնարավոր տեղափոխության […] ...

BACK_TO_TOP