Պետական պահպանության ծառայությունը՝ որպես պետության և հանրության անվտանգությունն ապահովող հատուկ ծառայություն, պետք է շարունակաբար զարգանա և ուժեղանա. վարչապետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 07 2024
  • $
    388.24
  • RUBLE
    4.41
  • 417.71
WEATHER
+25.09 oC

Պետական պահպանության ծառայությունը՝ որպես պետության և հանրության անվտանգությունն ապահովող հատուկ ծառայություն, պետք է շարունակաբար զարգանա և ուժեղանա. վարչապետ

19:27 01.07.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Պետական պահպանության ծառայության կազմավորման օրվան նվիրված հանդիսավոր նիստին:

Վարչապետը նախ շնորհավորել է ծառայության աշխատակիցներին տոնական օրվա առիթով, շնորհակալություն հայտնել կատարած աշխատանքի համար ու հաջողություն մաղթել հետագա գործունեության ընթացքում:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Պետական պահպանության ծառայությունն արդեն շուրջ մեկ տարի գործում է որպես Վարչապետին ենթակա մարմին և ընդգծել, որ դա կարևոր և սկզբունքային որոշում է, քանի որ այդ որոշմամբ՝ ի դեմս Պետական պահպանության ծառայության, ստեղծվել է պետության անվտանգությունն ապահովող ևս մեկ գործունակ հատուկ ծառայություն:

«Իհարկե, մենք այն տրամադրվածությունը կամ մոլորությունը չունենք, թե դա հնարավոր է անել մեկ-երկու գործողության արդյունքում: Մենք այս ուղղությամբ պետք է հետևողականորեն աշխատենք, որպեսզի Պետական պահպանության ծառայության կարողությունները, հմտությունները, պրոֆեսիոնալ մակարդակը շարունակական և հետևողականորեն բարձրացնենք»,- ասել է վարչապետը և հավելել, որ Պետական պահպանության ծառայությունը Վարչապետին ենթակա մարմին դարձնելու և Ազգային անվտանգության ծառայության կազմից դուրս բերելու որոշման կարևորագույն նպատակներից և ենթատեքստերից մեկն այն էր, որ Ազգային անվտանգության ծառայությունն իր հիմնական և առանցքային գործառույթների վրա կենտրոնանալու ավելի շատ հնարավորություն ու ժամանակ ունենա:

Նիկոլ Փաշինյանի դիտարկմամբ, հասկանալիորեն այսքան արագ Պետական պահպանության ծառայությունը չի կարող գործել առանց Ազգային անվտանգության ծառայության հետ սերտ գործակցության և աջակցության, բայց ընդհանուր առմամբ, միանշանակ աներկբա է, որ դրանով Ազգային անվտանգության ծառայությունն ուժեղանում է, որովհետև հնարավորություն է տրվում, որ Ազգային անվտանգության ծառայությունը կենտրոնանա իր առանցքային գործառույթների վրա:

«Իհարկե, այն կանխավարկածով, որ պետական մարմիններն ընդհանրապես մեկուսի չեն գործում: Այսօր նույն Պետական պահպանության ծառայությունը կամ Ազգային անվտանգության ծառայությունը, Ոստիկանությունը, քննչական մարմինները չեն կարող գործել առանց մեկը մյուսի: Ընդհանրապես՝ պետական համակարգը չի կարող գործել փոխգործակցությունից դուրս ռեժիմում: Բայց շատ կարևոր է, որ նրանցից յուրաքանչյուրն առանձին-առանձին հնարավորություն ունենա կենտրոնանալ իր առանցքային և հիմնական գործառույթների վրա: Եվ այս առումով, իհարկե, նաև Պետական պահպանության ծառայությունը, որպես պետության և հանրության անվտանգությունն ապահովող հատուկ ծառայություն, պետք է շարունակաբար զարգանա և ուժեղանա»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետն անդրադարձել է հանրության մեջ կամ որոշակի շրջանակում տարածված մոլորությանը, թե Պետական պահպանության ծառայությունն ապահովում է միայն բարձրաստիճան պաշտոնյաների անվտանգությունը:

«Իրականում դա ամբողջ ճշմարտությունը չէ, այլ ճշմարտության մի մասն է, որովհետև ՊՊԾ-ն ապահովում է ինչպես պետական ինստիտուտների, այնպես էլ հանրության և քաղաքացիների անվտանգությունը, որովհետև այն միջոցառումները, որտեղ մասնակցում են պետական բարձրաստիճան պաշտոնյաները, այդ միջոցառումներին մասնակցում են քաղաքացիներ, այդ միջոցառումների մոտակայքում գտնվում են քաղաքացիներ և այլն»,-նշել է Նիկոլ Փաշինյանը և ընդգծել, որ այս առումով ՊՊԾ-ն ապահովում է նաև քաղաքացիների և հանրության անվտանգությունը, իսկ ավելի լայն համատեքստում՝ պետական մարմինների աշխատանքի խաթարումն անվտանգային սպառնալիքներ կարող է ունենալ հանրության, պետության և յուրաքանչյուր անհատի անվտանգության համար:

Նիկոլ Փաշինյանն իր խոսքում նաև անդրադարձել է ՊՊԾ-ում բարեփոխումների օրակարգին և ընդգծել, որ այդ բարեփոխումների օրակարգը պետք է հետևողականորեն շարունակել:

«Այդ բարեփոխումների մեջ ամենևին էլ երկրորդական տեղ չի զբաղեցնում ծառայության աշխատողների սոցիալական երաշխիքների համակարգը: Նաև ՊՊԾ-ում մենք իրականացնում ենք կամավոր ատեստավորման գործընթաց: Եվ ուրախ եմ արձանագրել, որ ընդհանուր առմամբ, հաջող է ընթանում այդ գործընթացը, որտեղ մենք զուգահեռաբար երկու խնդիր ենք լուծում: Այդ խնդիրներից առաջինը՝ ես ասացի, որպեսզի նման կարևոր ծառայության մեջ գտնվող մարդիկ ունենան պատշաճ վարձատրություն, բայց նաև այդ վարձատրությունն ունենան պատշաճ պրոֆեսիոնալ պատրաստվածության դիմաց: Սա, կարծում եմ, մի սկզբունք է, որը պետք է լինի ընդհանրապես ոչ միայն Պետական պահպանության ծառայության, այլ ամբողջ պետական համակարգի գործունեության հիմքում»,- ընդգծել է վարչապետը և հավելել, որ Պետական պահպանության ծառայությունում իրականացվող կամավոր ատեստավորման գործընթացը դրական է նաև այն առումով, որ շատ ծառայողներ հենց իրենց ատեստավորման գործընթացում ի վերջո վերահաստատել են, որ մինչև ատեստավորումն էլ այդ բոլոր անհրաժեշտ հատկանիշներն ունեցել են, ինչը ծառայության կարևոր գնահատական է: «Անկախ այդ գործընթացից՝ պրոֆեսիոնալիզմի շարունակական զարգացումը միշտ էլ եղել է օրակարգում, միշտ էլ իրագործվել է, ինչը շատ կարևոր է և գնահատանքի արժանի է այն ըմբռնմամբ, որ ժամանակները փոխվում են, մարտահրավերները և պահանջները փոխվում են, և, իհարկե, այս բնականոն զարգացումը պետք է անընդհատ շարունակվի: Սրա համար մենք պետք է և՛ օրենսդրական, և՛ իրավական, և՛ ինստիտուցիոնալ նախադրյալներ ստեղծենք»,-ընդգծել է կառավարության ղեկավարը:

Ամփոփելով իր խոսքը՝ վարչապետը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել կատարած դժվար, բայց կարևոր ու արդյունավետ աշխատանքի համար, հաջողություն և անվտանգ ծառայություն մաղթել բոլորին և հավելել, որ Պետական պահպանության ծառայության տեխնիկական և կադրային համալրվածության հարցը ևս մի գործողությամբ և միանգամից չի լուծվի, բայց, իհարկե, կա հստակ պատկերացում, թե ինչ քայլերի հաջորդականությամբ պետք է այդ հարցը լուծել։

Ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած նվիրումի, բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար Պետական պահպանության ծառայության մի խումբ աշխատակիցներ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից պարգևատրվել են Վարչապետի հուշամեդալով, Վարչապետի շնորհակալագրով ու արժեքավոր նվերներով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ոլորտային փոխգործակցության ընդլայնման նպատակով Հայաստանում է Վրաստանի պատվիրակությունը

19:25 03.07.2024

Ոլորտային փոխգործակցության ընդլայնման նպատակով Հայաստանում է Վրաստանի պատվիրակությունը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը հուլիսի 3-ին ընդունել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարի տեղակալ Իրակլի Նադարեիշվիլիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են ոլորտային համագործակցության օրակարգին առնչվող մի շարք հարցեր, այդ թվում՝ տարածաշրջանային համատեղ ծրագրերի իրականացման հնարավորություններ։ Անդրադարձ է կատարվել նաև տեղական և միջազգային ցուցահանդեսներին ոլորտային ընկերությունների փոխադարձ մասնակցությանը։ Ներկայացուցչական պատվիրակության […] ...

Դեսպան Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի պետքարտուղարի հետ

19:16 03.07.2024

Դեսպան Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի պետքարտուղարի հետ

Հուլիսի 2-ին տեղի է ունեցել Ռումինիայում ՀՀ դեսպան Տիգրան Գալստյանի հանդիպումը Ռումինիայի պետքարտուղար, Կանանց և տղամարդկանց միջև հավասար հնարավորությունների գործակալության ղեկավար Լյումինիցա Պոպեսկուի հետ։ Այս մասին հայտնում են Ռումինիայում Հայաստանի դեսպանությունից: Հանդիպմանը քննարկվել են մարդու իրավունքների և մասնավորապես կանանց իրավունքների պաշտպանության ոլորտում հայ-ռումինական համագործակցության հեռանկարները, անդրադարձ է կատարել իրավահավասարության երաշխավորման և խտրականության բացառման ոլորտում երկու […] ...

Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Վրաստանի խորհրդարանի նախագահի հետ

19:07 03.07.2024

Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Վրաստանի խորհրդարանի նախագահի հետ

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Վրաստան պաշտոնական այցի շրջանակներում հանդիպում է ունեցել Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև խորհրդարանի առաջին փոխնախագահ, Հայաստանի հետ խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Գեորգի Վոլսկին։ Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգի և տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր։ ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է. «Հայ-վրացական բարեկամությունը դարերի պատմություն ունի, բայց […] ...

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Եգիպտոսի նորանշանակ ԱԳ նախարարին

18:57 03.07.2024

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Եգիպտոսի նորանշանակ ԱԳ նախարարին

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Բադր Աբդել Աթիին՝ Եգիպտոսի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնելու առթիվ և արդյունավետ համագործակցության համար շնորհակալություն է հայտնել մինչ այդ նշված ոլորտը ղեկավարած Սամեհ Շուքրիին: Այս մասին Արարատ Միրզոյանը գրառում է կատարել «X»-ի իր միկրոբլոգում: Նորանշանակ նախարարին ուղղված ուղերձում Արարատ Միրզոյանը նշել է. «Ջերմորեն շնորհավորում եմ պարոն Բադր Աբդել […] ...

Հայ-վրացական հարաբերությունները շարունակում են ապրել սրընթաց զարգացում. Արարատ Միրզոյան

18:48 03.07.2024

Հայ-վրացական հարաբերությունները շարունակում են ապրել սրընթաց զարգացում. Արարատ Միրզոյան

Հայաստանի ու Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության հաստատումից հետո առաջին պաշտոնական այցով Վրաստան է այցելել Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և հանդիպել հարևան երկրի իր գործընկերոջ՝ Իլյա Դարչիաշվիլիի հետ: Երկուստեք ընդգծվել է, որ հայ-վրացական հարաբերությունները շարունակում են ապրել սրընթաց զարգացում: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...

Անահիտ Մանասյանը հանդիպել է Եվրոպայի խորհրդի Ժողովրդավարության և մարդկային արժանապատվության հարցերով գլխավոր տնօրենի հետ

18:42 03.07.2024

Անահիտ Մանասյանը հանդիպել է Եվրոպայի խորհրդի Ժողովրդավարության և մարդկային արժանապատվության հարցերով գլխավոր տնօրենի հետ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Ստրասբուրգ կատարած աշխատանքային այցի շրջանակներում հուլիսի 3-ին հանդիպել է Եվրոպայի խորհրդի Ժողովրդավարության և մարդկային արժանապատվության հարցերով գլխավոր տնօրեն Մարյա Ռուտանենի հետ։ Պաշտպանը ներկայացրել է մարդու իրավունքների մի շարք բնագավառներում առկա խնդիրները, անդրադարձ կատարել իրավահավասարության երաշխավորման և հակախտրականության ոլորտում առկա մարտահրավերներին։ Այս համատեքստում Պաշտպանն ընդգծել է ատելության խոսքի, խտրականության, անհանդուրժողականության մթնոլորտի […] ...

BACK_TO_TOP