Հայաստանն աշխատում է Հունգարիայի հետ ուղիղ չվերթ բացելու ուղղությամբ․ դեսպանն ամփոփում է նախագահի այցը Բուդապեշտ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 11 2024
  • $
    390.88
  • RUBLE
    3.71
  • 411.09
WEATHER
+9.09 oC

Հայաստանն աշխատում է Հունգարիայի հետ ուղիղ չվերթ բացելու ուղղությամբ․ դեսպանն ամփոփում է նախագահի այցը Բուդապեշտ

11:05 09.02.2024

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի պաշտոնական այցը Հունգարիա կարևորագույն դեր ու նշանակություն կունենա հայ-հունգարական հարաբերությունների համար։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Հունգարիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը՝ ամփոփելով Հայաստանի նախագահի՝ Հունգարիա պաշտոնական այցի արդյունքները։

Դեսպան Սմբատյանը հիշեցրեց, որ Հունգարիայի հետ տասնմեկ տարուց ավել տևած դիվանագիտական հարաբերությունների դադարից հետո 2022 թվականին երկու երկրների ԱԳ նախարարները ազդարարեցին դիվանագիտական հարաբերությունների վերականգման մասին, որից հետո 2023 թվականին նշանակվեցին դեսպաններ երկու երկրներում։

«Փորձեցինք այն բացը, որը 11 տարվա ընթացքում ձևավորվել է, հնարավորինս արագ լրացնել։ 2023 թվականին Հայաստան էր այցելել Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոն և Հունգարիայի փոխվարչապետ Ժոլտ Շեյմենը, Հունգարիա պաշտոնական այց է ունեցել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

Եվ այս առումով նախագահ Վահագն Խաչատուրյանի պաշտոնական այցը երկու երկրների հարաբերությունների համար կունենա իր կարևորագույն դերը և նշանակությունը։ Կարծում եմ՝ Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնական այցով հունգարական կողմն ազդարարեց, որ երկու երկրների միջև հարաբերությունները պետք է ավելի սերտանան։ Ինչպես տեսանք՝ թե՛ Հունգարիայի նախագահի, թե՛ Հունգարիայի վարչապետի, և թե՛ Հունգարիայի ազգային ժողովի նախագահի մակարդակով ընդունեցին Հայաստանի Հանրապետության նախագահին»,- ասաց Սմբատյանը՝ հավելելով, որ հանդիպումները եղել են շատ բովանդակային, որոնց ընթացքում ստորագրվել է կրթական և մշակութային ոլորտին վերաբերվող երկու համաձայնագիր։

Այս առումով դեսպանը կարևորեց Երևանի պետական մանկավարժական համալսարանի և Պետեր Պազմանի անվան կաթոլիկ համալսարանի միջև համաձայնագրի ստորագրումը։

«Պատահական չէր, որ ընտրվել էին հենց այդ բուհերը, քանի որ Պետեր Պազմանի անվան կաթոլիկ համալսարանում գործում է հայագիտական կենտրոնը։

Ափսոսանքով պետք է հայտնեմ, որ վերջին տարիներին նկատվում է հայագիտական կենտրոնների փակման միտում, իսկ այս առումով հետաքրքիր է, որ Հունգարիայի պետական այս բուհում գործում է հայագիտական կենտրոնը և բավականին ակտիվ գործունեություն է ծավալում։

Դրանից զատ՝ հունգարական կողմը հակված է Երևանի պետական մանկավարժական համալսարանում բացել հունգարագիտության կենտրոն, ինչը ողջունվել է Երևանի պետական մանկավարժական համալսարանի կողմից։ Կարծում եմ, որ սա նույնպես քայլ կլինի երկու երկրների միջև կրթության, գիտության և մշակույթի ոլորտում հարաբերություններն ավելի սերտացնելու առումով»,- ընդգծեց դեսպանը։

Սմբատյանը նաև առանձնացրեց Հանրապետության նախագահի հանդիպումը Հունգարիայում հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

«Հունգարահայ համայնքը իրավական առումով ունի հատուկ դեր և կարգավիճակ Հունգարիայում։ Եվ նմանօրինակ դեր և կարգավիճակ հայ համայնքների առումով ունեն երկու երկիր ողջ Եվրոպայում՝ Հունգարիան և Ռումինիան, որոնց խորհրդարաններում հայ համայնքը ունի իր խոսնակը։ Եվ այս առումով Հունգարիայի սահմանադրությունը օրինակելի է՝ Հունգարիայում պաշտոնապես գրանցված 13 փոքրամասնություններից մեկը հենց հայկական ինքնավարությունն է։

Կարծում եմ՝ երկու երկրների պատմական առնչությունները շատ խորն են, և այդ իմաստով Տրանսիլվանիայի հայերն ունեն բացառիկ դեր Հունգարիայի պատմության մեջ, ինչը Հունգարիայի կողմից գնահատվում է։ Ինչպես Հանրապետության նախագահը նշեց հայ համայնքի հետ հանդիպմանը և այլ պաշտոնական հանդիպումների ժամանակ, այստեղ բնակվող հայերը պետք է առաջին հերթին լինեն Հունգարիայի օրինակելի քաղաքացիներ և այս առումով յուրովի կամուրջի դեր ունենան երկու երկրների միջև»,- շեշտեց Սմբատյանը։

Դեսպանը նշեց, որ հունգարական Wizz Air ավիաընկերությունն արդեն Հայաստանում ունի բավականին ակտիվ չվացուցակ։ Նա կարծիք հայտնեց, որ այս տարվա ընթացքում կկարողանան հասնել նրան, որ Բուդապեշտից ուղիղ թռիչքներ լինեն Հայաստան։ Դեսպանը ցանկալի է համարում, որ թռիչքներ Բուդապեշտից ուղիղ թռիչքներ լինեն ոչ միայն Երևան, այլ նաև Գյումրի։ «Այս ուղղությամբ հայկական կողմն աշխատանքներ է իրականացնում։ Դա, իհարկե, կախված է նրանից, թե ինչպիսի որոշում կկայացնի ավիաընկերությունը»,- նշեց Սմբատյանը՝ ընդգծելով, որ ուղիղ չվերթի բացումը յուրովի խթան կհանդիսանա զբոսաշրջության բնագավառում։

Դեսպանը նաև առանձնացրեց Հունգարիայի նախագահ Կատալին Նովակի այն հայտարարությունը, որ այս տարվա ընթացքում պաշտոնական Բուդապեշտը մտադրություն ունի հյուպատոսություն բացել Հայաստանում։

«Կարծում եմ և հուսով եմ, որ համապատասխան քայլը հայկական կողմից ևս կլինի։ Ինչպես Հունգարիայի նախագահը նշեց, դա նաև Հայաստանի քաղաքացիների համար ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման առումով քայլ կլինի»,- ասաց Սմբատյանը։

Դիվանագետը նախագահ Վահագն Խաչատուրյանի պաշտոնական այցը կարևորեց նաև Հայաստան-ԵՄ հարաբերությունները զարգացնելու առումով, քանի որ Հունգարիան 2024 թվականի հուլիսի 1-ից կստանձնի ԵՄ-ի նախագահությունը։

«Կարծում եմ՝ այդ նախագահության մեկնարկից առաջ շատ կարևոր էր նախագահի պաշտոնական այցը Հունգարիա։ Այսինքն՝ Հունգարիայի հետ հարաբերությունները կարևորվեցին ոչ միայն երկկողմ, այլ նաև բազմակողմ՝ Հայաստան-ԵՄ մակարդակով»,- շեշտեց դեսպանը։

Ընդհանուր առմամբ, ըստ դեսպանի, նախագահի այցը անցավ շատ ջերմ մթնոլորտում, և հունգարական կողմը այդ ամենը կազմակերպել էր ամենաբարձր մակարդակով։

«Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մամուլի ասուլիսի ժամանակ Հունգարիայի նախագահին հրավիրեց Հայաստան, և հունգարական կողմից այդ հրավերն ընդունվեց։

Կարծում եմ, որ այս տարի ականատես կլինենք նաև Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցին Հունգարիա։ Բացի այդ, Հունգարիայի խորհրդարանում հանդիպման ժամանակ Հունգարիայի Ազգային ժողովի նախագահը Հայաստանի Ազգային ժողովի նախագահին հրավիրեց Հունգարիա։

Այս բարձր երկկողմ մակարդակի այցերը անպայման իրենց դերը և նշանակությունը կունենան երկու երկրների հարաբերությունների խորացման հարցում»,- եզրափակեց Սմբատյանը։

Հայաստանի և Հունգարիայի միջև դիվանագիտական հարաբերությունները, որոնք հաստատվել էին 1992թ. փետրվարի 26-ին, կասեցվել էին 2012թ. օգոստոսի 31-ին Հունգարիայի կողմից ադրբեջանցի ոճրագործ Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելուց հետո` ՀՀ ԱԱԽ որոշմամբ։

2022թ․ դեկտեմբերի 1-ին Լոձում ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում տեղի է ունեցել Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Պետեր Սիյարտոյի հանդիպումը, որի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերել վերականգնել լիարժեք դիվանագիտական հարաբերությունները։ 2023թ. կայացել է Սիյարտոյի այցը Հայաստան։

Փետրվարի 5-7-ը պաշտոնական այցով Հունգարիայում էր ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կարմիր ծովում նավի խորտակումից հետո 3 անձի դի են հայտնաբերել

16:27 26.11.2024

Կարմիր ծովում նավի խորտակումից հետո 3 անձի դի են հայտնաբերել

Եգիպտոսի Մարսա Ալամ առողջարանային քաղաքի ափերի մոտ Sea Story զբոսանավի վթարից հետո երեք զոհերի մարմիններ են հայտնաբերվել, հայտնում է Al Masry Al Youm թերթը՝ վկայակոչելով Կարմիր ծովի նահանգապետ Ամր Հանաֆին։ Ավելի վաղ Հանաֆին հայտնել էր, որ Կարմիր ծովի Մարսա Ալամ ափերի մոտ խորտակված Sea Story զբոսանավից քսանութ մարդ է փրկվել, 17-ը համարվում են անհետ կորած։ […] ...

Լամին Յամալը բաց կթողնի Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրի հանդիպումը

16:20 26.11.2024

Լամին Յամալը բաց կթողնի Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրի հանդիպումը

Լամին Յամալը բաց կթողնի Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրի հանդիպումը ֆրանսիական «Բրեստի» դեմ։ Այդ մասին հայտնել է «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը։ «Յամալն իրեն անհամեմատ լավ է զգում։ Նա լավ աշխատանք է կատարել մարզմանը, սակայն բաց կթողնի «Բրեստի» դեմ խաղը։ Մենք պետք է զգույշ լինենք նրա ապաքինման հարցում և հուսով ենք` նա խաղադաշտ կվերադառնա շաբաթ օր։ […] ...

Տիգրան Պետրոսյանը նշանակվել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ

16:13 26.11.2024

Տիգրան Պետրոսյանը նշանակվել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ` Տիգրան Պետրոսյանը նշանակվել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով և «Տեսչական մարմինների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Տիգրան Պետրոսյանին նշանակել սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ»,-նշված է որոշման տեքստում: ...

Հանրապետության մի շարք շրջաններում ձյուն է տեղում

16:07 26.11.2024

Հանրապետության մի շարք շրջաններում ձյուն է տեղում

Նոյեմբերի 26-ին՝ ժամը 16։00-ի դրությամբ, Անիի, Ախուրյանի, Աշոցքի տարածաշրջաններում, Սպիտակի և Դիլիջանի ոլորաններում ձյուն է տեղում, իսկ Տաշիրի, Ստեփանավանի, Արթիկի տարածաշրջաններում՝ ձնախառն անձրև։ Գորիսի, Կապանի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-60 մետր։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար […] ...

Գտնվել է Վիլնյուսում կործանված DHL ինքնաթիռի սև արկղը

16:02 26.11.2024

Գտնվել է Վիլնյուսում կործանված DHL ինքնաթիռի սև արկղը

Փորձագետները հայտնաբերել են DHL բեռնատար ինքնաթիռի սև արկղը, որը վթարի էր ենթարկվել երկուշաբթի օրը Վիլնյուսի միջազգային օդանավակայանին մոտենալիս։ Այս մասին հայտնել է Լիտվայի արդարադատության նախարարությունը։ «Ինքնաթիռի բեկորների ապամոնտաժման ժամանակ հայտնաբերվել է սև արկղը»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Վթարի ենթարկված Boeing 737-ը պատկանել է իսպանական Swift Air ընկերությանը և օգտագործվել է DHL ծանրոցների տեղափոխման համար։ ...

Կոմպանիի կարծիքով Մեսսիի, Նեյմարի և Մբապեի հեռանալուց հետո ՊՍԺ-ն չի թուլացել

15:55 26.11.2024

Կոմպանիի կարծիքով Մեսսիի, Նեյմարի և Մբապեի հեռանալուց հետո ՊՍԺ-ն չի թուլացել

Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Վենսան Կոմպանին ՊՍԺ-ի դեմ ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի 5-րդ տնային հանդիպման նախախաղային ասուլիսին չի ընդունել լրագրողներից մեկի կարծիքը, թե վերջին ֆրանսիական ակումբի կազմն այժմ ամենաթույլն է` հաշվի առնելով Նեյմարի, Լիոնել Մեսսիի և Կիլիան Մբապեի հեռանալու փաստը: «Սա միանշանակ ՊՍԺ-ի վերջին տարիների ամենաթույլ կազմը չէ։ Սա անհավանական տաղանդավոր թիմ է: Այս […] ...

BACK_TO_TOP